Ապրիլ 15, 2024 13:13 Asia/Yerevan

Ողջույն Ձեզ թանկագին բարեկամներ: Ամփոփելով շաբաթը անդրադառնալու ենք Միջին Ասիայի և Կովկասի անցած շաբաթվա կարևորագույն իրադարձություններին,որոնց խորագրերը ներկայացրեցինք Ձեր ուշադրությանը։ Ընկերակցեք մեզ։

 

Արտաքին երկրների միջամտությամբ Ադրբեջանի և Հայաստանի միջև խաղաղության համաձայնագրի ստորագրումը ձգձգվում է. Այդուհանդերձ, վերջին շաբաթներին Բաքվի և Երևանի ղեկավարները զբաղված էին տարածաշրջանում և աշխարհում իրենց այսպես կոչված դաշնակիցների հետ խորհրդակցություններով։

Ղարաբաղի հակամարտության կողմերից յուրաքանչյուրը, այն մտայնությամբ, որ մյուս կողմի դեմ օգտագործելու է հզոր դաշնակցի, այդ դաշնակցի հետ համագործակցությունն իր արտաքին քաղաքականության առաջնահերթություն է դարձրել։

Կարծես թե Ադրբեջանի ղեկավարները փորձում են օրակարգում ունենալ Ռուսաստանի, Թուրքիայի և Սիոնիստական ​​ռեժիմի ցուցումները։ Մյուս կողմից, Երևանի գործող իշխանության արևմտամետ պաշտոնյաները, մտածելով, որ արևմտյան կառավարությունները կարող են պաշտպանել Հայաստանի ազգային շահերը՝ այս երկրի թշնամի ներկայացվող երկրների դեմ, աննախադեպ համագործակցություն են ծավալում Եվրամիության և Ամերիկայի հետ։

Արևմտյան կառավարություններին մերձենալուն զուգահեռ, պաշտոնական  Երևանին խրախուսել են հեռանալ Ռուսաստանից, ինչը, անկասկած, կարող է սրել այս երկրի տարածաշրջանային խնդիրները։

Տարածաշրջանային հարցերով փորձագետ Արմեն Պետրոսյանը գտնում է. «Արևմտյան կառավարությունները փորձում են Հայաստանի ներսում և տարածաշրջանում ուժեղացնել իրենց ներկայությունն ու ազդեցությունը՝ որպես հավասարակշռություն աշխարհաքաղաքական մրցակից համարվող Ռուսաստանի դեմ։ Հաճախ արեւմտյան կառավարությունները պահանջներ են ունենում պաշտոնական Երեւանից։ Բայց այլընտրանք չեն առաջարկում։ Այդ իսկ պատճառով մենք պետք է շատ պարկեշտ վարվենք Իրանի հետ հարաբերություններում, քանի որ մեզ համար շատ կարևոր է թույլ չտալ մեր քաղաքական ճանապարհի հակառակորդներին խնդիրներ ստեղծել Հայաստանի և Իրանի միջև հարաբերություններում»:

Հայտնի հայ փորձագետի այս նախազգուշական հայտարարությունները ցույց են տալիս, որ Հայաստանի իշխանությունները շարժվում են այն սրի եզրով, որը կոչվում է «Արևմուտքի հետ մերձեցում», և ամենափոքր սխալը կարող է ահավոր կերպով ավարտվել ի վնաս Հայաստանի ժողովրդի և կառավարության Հարավային Կովկասի տարածաշրջանում։ Մյուս կողմից, Իլհամ Ալիևի կառավարության պաշտոնյաները, հատկապես Ռուսաստանի դեմ պատժամիջոցների խստացումից հետո, փորձում են բնական գազի ոլորտում որքան կարող են բավարարել եվրոպական երկրների կարիքները՝ Ադրբեջանի գազի արտահանմամբ, իսկ դրա դիմաց Եվրոպայից ստանալ դիվիդենտներ և աջակցություն:

Սա այն դեպքում, երբ Ադրբեջանը և Հայաստանը պնդում են ռուս զինվորականներին Հարավային Կովկասից վտարելու և այս տարածաշրջանում ռուս զինվորականների ներկայությունը դադարեցնելու մասին։ Սակայն հակամարտող կողմերից յուրաքանչյուրն իր միջնաժամկետ նպատակներին հասնելու համար որդեգրել է հակասական մեթոդ։

Ընդհանուր առմամբ, նկատի ունենալով Բաքվի և Երևանի ղեկավարների հակասական քաղաքականության իրականացման ներկա գործընթացը, պետք է ասել, որ քիչ հավանական է, որ ղարաբաղյան խաղաղության վերջնական համաձայնագրի ստորագրումն իրականացվի Հայաստանի շահերից  ելնելով։ Որովհետև Ռուսաստանը, աջակցելով Հայաստանին, շուրջ երեք տասնամյակ շարունակ Հարավային Կովկասում իրականացնում էր հայերի երազանքները, բայց կարծես թե այս միտումը փոխվում է։

 

Կրակոցներին զուգահեռ  հայկական ու ադրբեջանական կողմերը Խաղաղության պայմանագրի նախագծի շուրջ առաջարկներ են փոխանցում ։ Նախագիծն արդեն 8-րդ խմբագրության փուլում է։

Հայաստանի ու Ադրբեջանի միջև մոտ ապագայում Խաղաղության պայմանագրի կնքման հավանականությունը փոքր է՝ ասում է քաղաքագետ Արմեն Վարդանյանը՝ «Ռադիոլուրի» հետ զրույցում վերլուծելով իրավիճակը, երբ մի կողմից Բաքուն առաջարկեր է փոխանցում Երևանին, մյուս կողմից՝ կրակում հայկական դիրքերի ուղղությամբ։

ԱԳՆ-ն նախօրեին է տեղեկացրել, որ Հայաստանը պատասխանել է Խաղաղության պայմանագրի նախագծի 8-րդ խմբագրության վերաբերյալ ադրբեջանական կողմի առաջարկներին։

Խոսելով փաստաթղթի նախագծի հարցում Հայաստանի ու Ադրբեջանի միջև առկա տարաձայնությունների մասին արտգործնախարար Արարատ Միրզոյանն ասել էր, որ Երևանն ու Բաքուն խաղաղության պայմանագրի կնքման շուրջ բանակցություններում մի շարք կետերով փոխադարձ համաձայնություններ ունեն, բայց երկու հիմնական հարցերում կողմերի պատկերացումները դեռ հեռու են իրարից։ Խոսքն, ըստ արտգործնախարարի,  տարածքային ամբողջականության փոխադարձ ճանաչման ու հետագա սահմանազատման գործընթացի և ենթակառուցվածքների ապաշրջափակման մասին է։

Տարածաշրջանային այցով Հայաստանում գտնվող ԵՄ խորհրդի քաղաքական և անվտանգային հարցերով կոմիտեի պատվիրակության հետ հանդիպման ընթացքում էլ Արարատ Միրզոյանը հստակեցրել է, որ խաղաղության հասնելու հնարավորությունը ենթադրում է խաղաղության պայմանագրում առանցքային հարցերի շուրջ փոխհամաձայնության արձանագրում՝ մասնավորապես 1991թ. Ալմա-Աթայի հռչակագրի հիման վրա տարածքային ամբողջականության ճանաչման փոխադարձ վերահաստատում և սահմանազատում:

Տարածաշրջանում տնտեսական զարգացման ապահովման համատեքստում նախարար Միրզոյանն ընդգծել է տրանսպորտային և տնտեսական կապուղիների ապաշրջափակման կարևորությունը՝ որպես այդ հարցում շահագրգռվածության դրսևորում հիշատակելով ՀՀ կառավարության կողմից մշակված «Խաղաղության խաչմերուկ» ծրագիրը։

Քաղաքագետ Արմեն Վարդանյանը համոզված է, որ  գործընթացն առաջ գնալ չի կարող և դրա համար մատնանշում է երկու պատճառ՝

«Հենց սկզբից էլ վստահ եմ եղել, որ այդ «Խաղաղության պայմանագիրը» չի ստորագրվելու, քանի որ ակնհայտ է, որ Բաքուն չի ուզում ստորագրել «Խաղաղության պայմանագիր» երկու պատճառով։ Առաջին՝ Ալիևը խոսք է տվել Պուտինին, որ արևմտյան հարթակներում չի ստորագրելու այդ պայմանագիրը, այլ ստորագրելու է միայն ռուսական հարթակնում, իսկ հայկական կողմն էլ ցանկանում է, որ «Խաղաղության պայմանագիրը» ստորագրվի արևմտյան հարթակում և որ այդ պայանագիրը ունենա միջազգային երաշխավորողներ։ Քանի որ Ռուսաստանը չկարողացավ իր դերը կատարել որպես միջնորդ նոյեմբերի 9-ի համաձայնագրով՝ հայկական կողմը բացառում է, որ ռուսական հարթակում կարող է կնքվել այդ «Խաղաղության պայմանագիրը» և հարցը մտել է փակուղի։ Երկորդ պատճառն էլ այն է, որ Ալիևը կարծում է, որ Հայաստանը թույլ է և քանի դեռ թույլ է շատ ավելին կարող է կորզել Հայաստանից, դրա համար էլ չի գնում պայմանագրի ստորագրման։ Իհարկե փոխադարձ առաջարկներ կուղարկվեն միմյանց, շտրիխներ կմտցվեն, բայց չի ստորագրվի պայմանագիրը»։

Բաքուն, մի կողմից, խաղաղության առաջարկներ է ուղարկում, մյուս կողմից կրակում հայկական դիրքերի ու բնակելի գյուղերի ուղղությամբ ու զորավարժություններ անցկացնում։ Հայաստանի պաշտպանության նախարարության վերջին հաղորդագրությունը  երեկ  ուշերեկոյան հրադադարի խախտման մասին է։  Ադրբեջանի ԶՈՒ ստորաբաժանումներն Սյունիքի մարզի Արավուսի և Խոզնավարի հատվածում կրակ են բացել հայկական դիրքերի ուղղությամբ: ՀՀ ՊՆ–ն նույն հաղորդագրությամբ հերքել  է Բաքվի մեղադրանքը, թե հայկական կողմն է կրակ բացել ադրբեջանական դիրքերի ուղղությամբ։

ՀՀ ներքին գործերի նախարարությունն էլ հայտնում է, որ ապրիլի 8-ին ադրբեջանական կողմից հրաձգային անկանոն և ոչ նպատակային կրակի հետևանքով վնասվել են Սյունիքի մարզի Տեղ գյուղի տներից մեկի տանիքը և պատուհանը։ Ոստիկանությունը ձեռնարկում է օրենքով նախատեսված գործողություններ, ինչից հետո փաստաթղթերը կներկայացվեն Քննչական կոմիտե:

Ադրբեջանական կրակոցներն ու սադրանքներն ակտիվացել են  ապրիլի 5-ին Բրյուսելում ԱՄՆ-ՀՀ-ԵՄ հանդիպմանը նախորդող շրջանից ու շարունակվում են։

Ապատեղակատվությանը զուգահեռ Ադրբեջանի պաշտպանության նախարարության ռազմաօդային ուժերի ուղղաթիռային ստորաբաժանումներն ուսումնավարժական թռիչքներ են իրականացնում ցերեկային և գիշերային ժամերին՝ կատարելով  նաև օդային հետախուզական աշխատանքներ։

Քաղաքագետ Արմեն Վարդանյանը կարծում է, որ բախումներն անխուսափելի են։

«Կարծում եմ՝ էսկալացիա կլինի ռազմական, քանի որ դրա համար պարարտ հող կա, և իրենք դրա համար հիմքեր են փորձում ստեղծել Նոյեմբերյանի չորս գյուղերի հետ կապված և այդ մասերում ռազմական էսկալացիայի վտանգը շատ մեծ է։ Չեմ ասում, թե 44-օրյայի նման, բայց սահմանային բախումները շատ հնարավոր են։ Տեսնում ենք իրենց վերջին օրերի հաղորդագրությունները, թե իբր հայկական կողմը անընդհատ փորձում է ռմբակոծել իրենց դիրքերը»։

ԱՄՆ պետդեպարտամենտի խոսնակ Մեթյու Միլլերը, անդրադառնալով վերջին օրերին սահմանին ու հայկական բնակավայրերի ուղղությամբ հնչած կրակոցներին,  դարձյալ կրկնել է, որ  Հայաստանի և Ադրբեջանի միջև հակամարտության կարգավորման ուղին բանակցություններն են, որ Միացյալ Նահանգները մշտապես ողջունել է երկխոսությունը և պատրաստ է ցանկացած հնարավոր դերակատարման՝ երկխոսությանը նպաստելու համար։

«Մի քիչ բարդ է Ադրբեջանին բերել արևմտյան հարթակներ, Ալիևը իրեն այդքան էլ լավ չի զգում արևմտյան հարթակներում, այստեղ նրա վրա ճնշումներ կան, դրա համար նա հրաժարվեց գնալ Գրանադա, հրաժարվեց վաշինգտոնյան հարթակից և իրեն ավելի կոմֆորտ է զգում ռուսական ձևաչափերում։ Եվ ընդհանրապես, Ալիևին բարդ կլինի բերել բանակցությունների դաշտ»։

Քաղաքական վերլուծաբան Հակոբ Բադալյանը, անդրադառնալով  ԱՄՆ պետդեպի խոսնակի հայտարարությունը,  նկատել է՝ բազմիցս ենք լսել նման հավաստիացումներ ու միամտաբար եզրակացություններ արել, թե «ղարաբաղյան հակամարտության կարգավորումը չունի ռազմական լուծում»: Այդ մասին վստահեցնում էին ԵԱՀԿ ՄԽ խմբի համանախագահներն ու միջազգային կառույցների ներկայացուցիչները՝ գրել է Բադալյանը։

«Գործնականում, հակամարտություններն իրականում չունեն քաղաքական լուծում: Բոլոր հակամարտությունների լուծման աղբյուրը ուժն է: Այլ հարց է, որ մի տեղ ուժի գործադրման բանը կարող է չհասնել, մեկ այլ տեղ՝ անհրաժեշտ լինի ուժի անմիջական գործադրում: Բայց, որևէ հակամարտություն չունի քաղաքական կարգավորում: Քաղաքական կարգավորում նշանակում է հակամարտության կողմերի փոխհամաձայնություն՝ խորքային փոխհամաձայնություն, երբ երկու կողմն էլ կունենան ավելի շատ բավարարության, քան անբավարարության զգացում»:

Վերլուծաբանի եզրահանգմամբ՝ հակամարտությունները ոչ թե քաղաքական կարգավորման, այլ քաղաքական կառավարման են ենթարկվում։ Բադալյանի գնահատմամբ՝ Հայաստան-Ադրբեջան հակամարտությունն այսօր  մնացել է առանց կառավարման: Մինսկի խմբի համանախագահության ձևաչափը կառավարման վերջին ձևաչափն էր, որի դե ֆակտո սառեցումը, ըստ նրա, բերեց իրավիճակի թեժացման: