Ապրիլ 21, 2024 12:04 Asia/Yerevan

Ողջույն Ձեզ թանկագին բարեկամներ: Ամփոփելով շաբաթը անդրադառնալու ենք Միջին Ասիայի և Կովկասի անցած շաբաթվա կարևորագույն իրադարձություններին,որոնց խորագրերը ներկայացրեցինք Ձեր ուշադրությանը։ Ընկերակցեք մեզ։

Ադրբեջանի և Ֆրանսիայի քայլերի հետևանքով Բաքվի և Փարիզի հարաբերությունները լուրջ ճգնաժամի եզրին են։

Ֆրանսիայի արտաքին գործերի նախարարությունը հաղորդագրության միջոցով հայտարարեց, որ հետ է կանչել Բաքվում Ֆրանսիայի դեսպան Անն Բուայոնին, և նա Ելիսեյան պալատում հանդիպել է Էմանուել Մակրոնի հետ։ Այս հաղորդագրության մեջ ասված է, որ այս հանդիպմանը Մակրոնն իր ափսոսանքն է հայտնել երկկողմ հարաբերություններին վնասող Ադրբեջանի գործողությունների համար և ասել, որ հուսով է, որ Բաքուն կբացատրի երկկողմ հարաբերությունների դեմ իր գործողությունների նպատակները։ Հարկ է նշել, որ այն բանից հետո, երբ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը մեղադրեց Ֆրանսիայի կառավարությանը ղարաբաղյան հարցի շուրջ Երևանի և Բաքվի միջև տարածաշրջանային հակամարտությունում Հայաստանին աջակցելու մեջ, մթագնեցին երկու երկրների հարաբերությունները։

Վերջին ամիսներին երկու երկրները վտարել են միմյանց դիվանագետներից մի քանիսին: Ֆրանսիական կառավարությունն ավանդաբար համարվում է աշխարհում Հայաստանի դաշնակիցներից մեկը և այդ  երկրում հայերի մեծ բնակչություն կա։ Այդ իսկ պատճառով Թուրքիայի և Ադրբեջանի կառավարություններին կից քաղաքական շրջանակները շեշտում են, որ ֆրանսիական կառավարությունում հայկական լոբբին շատ հզոր և ազդեցիկ է։

Նշենք, որ Փարիզի և Բաքվի հարաբերություններն ավելի են սրվել ղարաբաղյան հակամարտության և այս տարածաշրջանից հայերի տեղահանման պատճառով։

Այս առնչությամբ, Ադրբեջանի նախկին դիվանագետ, քաղաքական հարցերի փորձագետ Ամին Իբրահիմովը կարծում է. «Ադրբեջանի և Ֆրանսիայի միջև հարաբերություններում լարվածությունը պետք է վերլուծել Ռուսաստանի և Արևմուտքի միջև հակամարտության ֆոնին։ Քանի դեռ մեծանում է Արևմուտքի և Ռուսաստանի միջև լարվածությունը և սրվում է այս մրցակցությունը, Իլհամ Ալիևի իշխանությունը ստիպված կլինի ապավինել  Ռուսաստանին, և միևնույն ժամանակ կվատթարանան հարաբերություններն Արևմուտքի հետ»։

Ադրբեջանի և Ֆրանսիայի միջև հարաբերություններում լարվածության ամենակարևոր պատճառներից մեկը նշվում է Հայաստանին ֆրանսիական արտադրության զենքի վաճառքը։ Ղարաբաղից հայերի տեղահանումից հետո Հայաստանի կառավարությունը պայմանագրեր է կնքել Ֆրանսիայի կառավարության սպառազինության վարչության հետ երեք «Ground Master 200» (GM200) ռադիոտեղորոշիչ համակարգերի և գիշերային տեսողության տեսախցիկների գնման համար։ Ֆրանսիայի այս քայլը զայրացրել է Բաքվի կառավարության ղեկավարներին։ Փաստորեն, անցյալ տարվա հոկտեմբերին Ֆրանսիայի և Հայաստանի միջև ռազմական համագործակցության համաձայնագրի ստորագրումն առաջացրեց Բաքվի իշխանությունների մեծ դժգոհությունը, և Իլհամ Ալիևի կառավարությունը Փարիզի քայլը գնահատեց որպես «կործանարար արարք» տարածաշրջանում։

Պաշտոնական Բաքվի մեղադրանքներին ի պատասխան՝ պաշտոնական Փարիզը հայտարարեց, որ Հայաստանին տրված զենքը զուտ «պաշտպանական» բնույթ է կրում։ Այս համատեքստում Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հայտարարեց, որ այսուհետ Ֆրանսիան է մեղավոր Ադրբեջանի և Հայաստանի միջև ցանկացած նոր լարվածության և հակամարտության համար։

Ամփոփելով վերը նշվածը, պետք է ասել, որ անկախ նրանից, թե երկու երկրների մեղադրանքները ճիշտ են, թե սխալ, Բաքվի և Փարիզի միջև հարաբերություններում լարվածության աճը հիմնականում ի վնաս Ադրբեջանի է, քանի որ Իլհամ Ալիևի իշխանությունը Ֆրանսիային միայն բնական հումք է վաճառում, բայց այդ երկրից ներկրում է ադրբեջանական ընտանիքներին անհրաժեշտ սպառողական ապրանքներ։ Նաև, Ադրբեջանի արդյունաբերության ոլորտում առաջադեմ տեխնոլոգիաների մի մասը մատակարարվում է ֆրանսիական կառավարության և ընկերությունների կողմից։ Հաշվի առնելով, որ Բաքուն Փարիզի խիստ կարիքն ունի, դժվար թե երկու երկրների միջև լարվածությունն երկարաժամկետ միտում ունենա։

*

Հայաստանում Իրանի դեսպանը հայտարարել է. «Մենք կտրականապես դեմ ենք տարածաշրջանի աշխարհաքաղաքական սահմանների ցանկացած փոփոխության»։

Մեհդի Սոբհանին ընդգծել է. «Մենք դեմ ենք միջազգայնորեն ճանաչված սահմանների փոփոխությանը։ Մեր կարմիր գծերը չեն փոխվել, և եթե սահմաններին կան խնդիրներ, ապա այդ խնդիրները պետք է լուծվեն երկխոսության, փոխըմբռնման և երկրների ինքնիշխանության և տարածքային ամբողջականության հարգման միջոցով։ Մենք աջակցում ենք միջազգային սահմանների ճանաչման խաղաղ ճանապարհին»:

Թեհրանը կոչ է անում Երևանին ու Բաքվին զսպվածություն ցուցաբերել և շարունակել երկխոսությունը խաղաղության օրակարգի շուրջ, ասուլիսի ժամանակ հայտարարել է Հայաստանում Իրանի դեսպան Մեհդի Սոբհանին։

«Երբեք պատերազմը խնդիրները չի լուծել։ Անգամ պատերազմները լուծվում են երկխոսության և դիվանագիտության միջոցով։ Իսրայելը Հարավային Կովկասում անկայունության հիմնական աղբյուրներից մեկն է, իսկ Լեռնային Ղարաբաղում հայ զինվորներին սպանել են իսրայելական զենքով»։ - հայտարարեց դեսպան Սոբհանին։

Նրա խոսքով՝ սիոնիստական ռեժիմը նպաստում է Հարավային Կովկասի ռազմականացմանը և Իրանի հետ տարածաշրջանի առանձին երկրների հարաբերություններում լարվածության աճին: Դիվանագետն ակնկալում է տարածաշրջանի ժողովուրդների իմաստնությունը, նրանց աջակցությունն Իսրայելի սադրանքներին չտրվելու հարցում։

Ինչ վերաբերում է հաղորդակցությունների ոլորտում համագործակցությանը, դա մեր և Հայաստանի միջև համագործակցության կարևորագույն հատվածներից է։ Հայաստանն Իրանի համար դեպի հյուսիս և Սև ծով շնչուղի է։ Իսկ Իրանը Հայաստանի համար շնչուղի է դեպի հարավ՝ դեպի Պարսից և Օմանի ծոցեր։ Մոտ ժամանակներս լավ պայմանավորվածություններ ձեռք կբերենք բեռնափոխադրումների և տարանցման ոլորտում։

Հայաստանը շահագրգռված է «Չաբահար» նավահանգստում ներկայացուցչություն բացելու հարցում։ Դա կնպաստի Հնդկաստանի, Իրանի և հարավային երկրների հետ առևտրի զարգացմանը։  Այս մասին ասուլիսի ժամանակ ասել է ՀՀ–ում Իրանի դեսպան Մեհդի Սոբհանին։«Այժմ նախապատրաստվում է իրանական նավահանգիստների աշխատանքը վերահսկող կազմակերպության ղեկավարի այցը Հայաստան։ Մշակվում է նաև որոշ հայ պաշտոնյաների այցը «Չաբահար»»,– ասել է Սոբհանին։

Մենք դեմ ենք տարածաշրջանում լարվածության հնարավոր աճին, դա վնաս է տարածաշրջանին, նաև Հայաստանին ու Ադրբեջանին, երկու կողմին կոչ ենք անում հանգստություն, զսպվածություն ցուցաբերել և շարունակել խաղաղության մասին երկխոսությունը։

Դեսպանը նշեց. «Մենք գտնում ենք, որ լարվածությունը նվազեցնելու կարևորագույն գործոններից է երկխոսությունը և դիվանագիտությունը, ինչպես նաև ազգային ինքնիշխանությունը հարգելը և միջազգայնորեն ճանաչված սահմանների անխախտելիությունը և միջազգային իրավունքների հարգումը»,- ասաց նա։

Մեհդի Սոբհանին շեշտելով Իրանի կարմիր գծերը հավելեց. «Մեր կարմիր գծերը չեն փոխվել, և , մեր երկրի ամենաբարձրաստիճան ղեկավարը  որպես կարմիր գիծ միջազգայնորեն ճանաչված սահմանների փոփոխության նկատմամբ դեմ է արտահայտվել, և հնարավոր չէ անտեսել այն։ Մենք կտրականապես դեմ ենք ցանկացած գեոպոլիտիկ փոփոխությանը և միջազգայնորեն ճանաչված սահմանների փոփոխությանը»։

Նա նշեց, որ Իրանը գտնում է, եթե սահմանին կան խնդիրներ, ապա այդ խնդիրները պետք է լուծվեն երկխոսության, փոխադարձ ընկալման հիման վրա, ինչպես նաև երկրների ինքնիշխանությունն ու տարածքային ամբողջականությունը հարգելով։

*

Միջազգային իրավական հարցերով Հայաստանի ներկայացուցիչ Եղիշե Կիրակոսյանը ցինիկ ու անլուրջ է որակել ադրբեջանական կողմի քայլերը, որը փորձում է Արդարադատության միջազգային դատարանում «Հայաստանն ընդդեմ Ադրբեջանի» գործով լսումների ընթացքում հավասարության նշան դնել Հայաստանի ու Ադրբեջանի միջև։

Արդարադատության միջազգային դատարանում լսումների ընթացքում ունեցած ելույթում Եղիշե Կիրակոսյանը հիշեցրեց, որ 2021 թվականի սեպտեմբերի 16-ին Հայաստանը վարույթ է հարուցել Ադրբեջանի դեմ, քանի որ այդ պետության կողմից ռասսայական խտրականության աղաղակող քաղաքականություն է իրականացվում ազգությամբ հայերի նկատմամբ։

«Ադրբեջանի երեխաներին դպրոցական դասագրքերում սովորեցնում են ատել և սպանել հայերին։ Պետական լրատվամիջոցները ատելության խոսք են տարածում, պետական պաշտոնյաները կոչ են անում իսպառ վերացնել հայերին։ Դա պետության կողմից թույլատրված համատարած ռասիզմ է»,- ընդգծեց Կիրակոսյանը։

Նա ընդգծեց, որ ռասսայական խտրականության այս երկարաժամկետ պետական քաղաքականությունն իր գագաթնակետին է հասել, երբ Ադրբեջանն ագրեսիվ պատերազմ է սանձազերծել Լեռնային Ղարաբաղի էթնիկ հայերի դեմ, որի  հայտարարված նպատակն էր վերացնել և վտարել հայերին իրենց հայրենիքից։

Եղիշե Կիրակոսյանը մեջբերում կատարեց նաև Ադրբեջանի նախագահ Ալիևի՝ հետագայում ասված խոսքերից, որտեղ վերջինս նշել էր, որ թշնամու (հայերի) նկատմամբ ատելությունն է ադրբեջանցիներին առաջ շարժում։

«44 օր շարունակ ադրբեջանցի զինվորները սպանում, խոշտանգում էին էթնիկ հայերին և հպարտորեն նկարահանվում էին իրենց զոհերի առաջ․․․»,- դատարանին հիշեցրեց Կիրակոսյանը՝ հավելելով, որ այս բռնությունը և ահաբեկումն Ադրբեջանի կողմից օգտագործվեց ԼՂ-ի հայերին էթնիկ զտման ենթարկելու և  առնվազն 30 հազար հայերի իրենց հայրենիքից վտարելու համար։

ՀՀ ներկայացուցիչը պարզաբանեց, որ այս ամենից հետո Հայաստանը պատասխան պահանջեց սույն կոնվենցիայի ներքո և դիմեց դատարանին, որպեսզի վերջինս հրատապ պաշտպանի այն խոցելի էթնիկ հայերին, որոնք դեռևս չէին սպանվել և չէին վտարվել իրենց հայրենիքից։

Միևնույն ժամանակ, նա հավելեց․ «Նույնիսկ Արդարադատության միջազգային դատարանը չկարողացավ կանգնեցնել Ադրբեջանի ռասսայական քարոզարշավը, որի շրջանակում էթնիկ զտում իրականացվեց»։

Եղիշե Կիրակոսյանը հայտարարեց, որ 2023 թվականի սեպտեմբերին Ադրբեջանը հարձակում նախաձեռնեց՝ հարյուր հազարավոր հայերի ստիպելով հեռանալ իրենց հայրենիքից։ Նա հիշեցրեց, որ մինչ այդ Ադրբեջանն արգելափակել էր Լաչինի միջանցքը, շրջափակել էր Լեռնային Ղարաբաղը՝ զրկելով ԼՂ-ի բնակչությանը կենսական անհրաժեշտության մատակարարումներից։ Կիրակոսյանը հիշեցրեց նաև, որ Արդարադատության միջազգային դատարանն Ադրբեջանից պահանջել էր բացել Լաչինի միջանցքը, բայց Ադրբեջանն այդպես էլ չկատարեց դատարանի որոշումը։

«Ադրբեջանը ոչինչ չի արել, որ այս իրադարձություններից հետո ցանկացողները կարողանան ապահով իրենց հայրեինք վերադառնալ»,- նշեց Կիրակոսյանը՝ խոսելով ԼՂ-ից բռնի տեղահանված հայերի վերադարձի հնարավորության մասին։

Նա դատարանին հիշեցրեց, որ Ադրբեջանը ջնջում է Լեռնային Ղարաբաղի հայկական մշակութային ժառանգությունը՝ ընդգծելով, որ այս բոլոր հանգամանքներն են պատճառ հանդիսացել, որպեսզի Հայաստանը դիմի դատարան։

Անդրադառնալով Ադրբեջանի ներկայացուցչի կողմից նախօրեին արված հայտարարություններին՝ որոնցով վերջինս փորձել էր հավասարության նշան դնել Ադրբեջանի և Հայաստանի միջև՝ Կիրակոսյանը դա անընդունելի համարեց՝ հայտարարելով, որ այդ փորձերը անլուրջ են և ցինիկ։

Նա նաև հավելեց, որ Ադրբեջանի համար դժվար է ապացույցներ ներկայացնել դատարանին, քանի որ դրանք ուղղակի գոյություն չունեն՝ անվանելով դրանք հավասարություն դնելու հուսահատ փորձ Ադրբեջանի կողմից։