Հունիս 19, 2016 11:40 Asia/Yerevan
  • Ճանաչենք իսլամը (89)

Ողջույն Ձեզ թանկագին բարեկամներ: Մեր այս հաղորդման ընթացքում կշարունակենք իսլամի մեծ մարգարեի կյանքի վերջին տարիների որոշ դրվագների քննարկումը:

«Հոդայբիա»-ի խաղաղության պայմանագրի համաձայն մուսուլմաններին թույլատրվեց հաջորդ տարի, այսինքն լուսնային հիջրեթի 7-րդ տարում Մեքքա ուղևորվել և երեք օր մնալով Մեքքայում ու Հաջի արարողությունը կատարելուց հետո հեռանալ քաղաքից: Հիմա արդեն մեկ տարի անցել էր և ժամանակն էր, որ մուսուլմանները պատրաստվեին Աստծո տունն ուխտի գնալու և Հաջի արարողությունը կատարելու համար: Երբ իսլամի մեծ մարգարեն հայտարարեց, որ նրանք ովքեր անցած տարի զրկվել են Աստծո տան ուխտագնացությունից պատրաստվեն ուղևորության համար, մուսուլմանների մոտ հատուկ եռուզեռ առաջացավ ու նրանց աչքերում հուզումի արցունքներ երևացին: Եթե նախորդ տարի մարգարեն Մեքքա էր ուղևորվել 1400 հոգու ընկերակցությամբ, այս տարի նրա ուղեկիցների թիվը հասավ 2000-ի, որոնց մեջ էին գաղթականների ու աջակիցների հայտնի դեմքեր: Մարգարեն Մեդինայի մերձակայքում գտնվող «Շաջարա» մզկիթում Հաջի ուխտագնացության հատուկ հագուստը հագավ: Մյուս մուսուլմաններն էլ հետևելով մարգարեին նույնը կատարեցին ու ողջույններ ուղարկելով ուղևորվեցին Մեքքա:

Մուսուլմանները մի քանի օրից հասան Մեքքայի մերձակայքը: Այդուհանդերձ Մարգարեն նկատի առնելով Ղորայշի խորամանկությունը շարունակում է մտահոգված մնալ: Նա մտահոգ էր այն բանի համար, որ Ղորայշը չհարգի պայմանագիրը և իրեն ու ուղեկիցներին Մեքքայում թակարդը գցելով սպանի: Ուստի նախաձեռնության է դիմում: Փարատելու համար ամեն տեսակ մտահոգություն իր սպաներից մեկին 200 հոգու ուղեկցությամբ պարտականություն է տալիս անհրաժեշտ զենքերով, այդ թվում զրահներով ու նիզակներով զինված հարյուր հեծյալների հետ միասին առաջ անցնեն և տեղավորվեն Մեքքային նայող տարածքում ու սպասեն մարգարեի ժամանմանը:

Ղորայշի ղեկավարները տեղեկանալով այդ մասին պատվիրակ են ուղարկում մարգարեի մոտ և դրա համար բողոքում են: Ղորայշի ներկայացուցիչն ասում է, թե դուք զենքով եք Աստծո տունը եկել, մինչդեռ մեր պայմանն էր Մեքքա ժամանել պատյանը դրված սրերով: Մարգարեն պատասխանելով Ղորայշի ներկայացուցչին ասում է. «Ես ու իմ աջակիցները պայմանի հակառակ քայլ չենք վերցրել ու մենք առանց զենքի կմտնենք Մեքքա: Այս հրամանատարն ու իր 200 զինվորներն իրենց զենքերով կմնան այստեղ ու առաջ չեն շարժվի»:

Մարգարեն այս խոհեմ նախաձեռնությամբ ցանկացավ Ղորայշին հասկացնել, որ եթե նրանք թաքուն նպատակ ունենան չարաշահել մուսուլմանների առանց զենքի Մեքքա մտնելու հանգամանքն ու նրանց վրա անակնկալ հարձակում իրականացնեն, այս պահեստային ու օժանդակ ուժերը անմիջապես օգնության կհասնեն մուսուլմաններին և նրանց անհրաժեշտ զենք կտրամադրեն:

Այսպիսով Ղորայշն իմացավ, որ մարգարեն հավատարիմ է իր կնքած պայմանին և զենք ու զրահով Մեքքա չի մտնելու: Ապա նրանք Մեքքայի դարպասները բացեցին մուսուլմանների առջև: Ղորայշը, հավատուրացներն ու նրանց պաշտոնյաները հեռացան քաղաքից: Նրանք մեկնեցին մերձակա լեռներն ու բլուրները և այնտեղ վրաններ կանգնեցրին, որպեսզի մարգարեի ու նրա աջակիցների հետ դեմ դիմաց դուրս չգան ու միևնույն ժամանակ հեռվից վերահսկեն մուսուլմանների քայլերը:

---

Մարգարեն ուղտը հեծած և իրեն շրջապատած 2000 ուղեկիցների ընկերակցությամբ ժամանեց Մեքքա: Այս բազմության ողջույնի կանչերն այնքան գրավիչ էին, որ դրանից ազդվեցին Մեքքայի բոլոր բնակիչները և նրանց մոտ մուսուլմանների հանդեպ համակրանք առաջացավ: Միևնույն ժամանակ մուսուլմանների միասնական ու միատարր շարքերը վախ ու սարսափ տարածեցին հավատուրացների պարագլուխների մոտ: Երբ մուսուլմանների ողջույնի կանչերը հանդարտվեցին, մարգարեի ուղտի սանձը բռնած Աբդոլլահ Իբն Ռավահեն բարձր ու հնչեղ ձայնով սկսեց կարդալ բանաստեղծություններ, որոնց բովանդակությունը հետևյալն էր. «Ով հավատուրացների որդիներ, ճանապարհ բացեք Աստծո մարգարեի առջև: Ճանապարհ տվեք, քանզի բոլոր շնորհները նրա մոտ են: Տեր Արարիչ, ես հավատում եմ նրա խոսքին ու նրա խոսքի ընդունումը համարում եմ Աստծո հրամանը»:

Մարգարեն մյուս մուսուլմանների ընկերակցությամբ պտտվում է Աստծո տան շուրջը: Մարգարեն այս անգամ Աբդոլլահ Իբն Ռավահեին հրահանգում է կարդալ հատուկ աղոթքը և ժողովրդին կոչ է անում ձայնակցել նրան: Այդ աղոթքը հետևյալն էր. «Նրանից բացի ուրիշ Աստված չկա: Նա եզակի ու աննման է: Նա կատարեց իր խոստումը: Օգնեց իր ծառաներին: Նրանց զորքին փառք ու հզորություն պարգևեց: Միայնակորեն պարտության մատնեց հավատուրացների ու անհավատների խմբերին»:

Այդ օրը ուխտագնացության և Հաջի արարողության համար անհրաժեշտ բոլոր վայրերը, այդ թվում «Մասջեդ-ալ-հարամ»-ը, Քյաբեն, Սաֆան ու Մարվեն գտնվում էին մուսուլմանների տրամադրության տակ: Հավաքական կերպով և գեղեցիկ ու հանգավորված ձայնով միաստվածության մասին խոսող բանաստեղծությունների արտասանումն այն կետում, որը տարիներ շարունակ վերածվել էր անհավատության ու կռապաշտության կենտրոնի, հոգեկան ծանր հարված հասցրեց անհավատների պարագլուխներին և ավետեց ողջ Արաբիայում Մոհամմեդի հաղթանակի մասին:

Օրը ճաշ դառավ: Մարգարեն ու մուսուլմանները պատրաստվում էին հավաքական աղոթքի համար: Բալալը՝ մուսուլմանների ազան ասողը, մարգարեի հրամանով բարձրանում է Քյաբեի կտուրը, որ աղոթք ասի: Նա բարձր ձայնով ազան է ասում: Դա ի տես այն բանի, որ մինչ այդ հավատուրացների դիտանկյունից Աստծո եզակի լինելու և Մոհամմեդի առաքելության մասին վկայություն տալը համարվում էր հանցագործություն: Նա միաստվածային կրոնն ընդունելու պատճառով այդ քաղաքում ենթարկվել էր ամենախիստ կտտանքների: Նրա ազանի ձայնն ու դրան հաջորդող մուսուլմանների հաստատումը արձագանքում էին հավատուրացների ականջներում ու ազդում էին նրանց վրա: Աղոթքից հետո մարգարեն սկսեց կտրել Սաֆա և Մարվե լեռների միջև ընկած տարածությունը: Ճանապարհի մի հատվածում մարգարեն ուրախության կանչեր արձակելով սկսեց շարժվել ավելի մեծ արագությամբ և մուսուլմաններն էլ հետևեցին նրան: Այդ արարողությունն ավարտելով մուսուլմանները զենեցին իրենց հետ բերած ուղտերը և սափրելով իրենց գլխի մազերը, հանեցին Հաջի հատուկ հագուստը:

Մարգարեն հրահանգեց 200 մուսուլմաններ գնան այն վայրը որտեղ ավելի վաղ հաստատվել էին զորայինները: Որոշվեց նրանք խնամք տանեն զենք ու զրահի մասին, որպեսզի այդ զորայիններն էլ կարողանան քաղաք մտնելով Հաջի արարողությունը կատարել: Այսպիսով Հաջի ուխտագնացությունն ավարտվեց:

Հավատուրացների բռնությունների պատճառով գաղթականները պարտավորվել էին լքել Մեքքան ու իրենց հայրենիքը և հիմա տարիներ անց վերադառնալով իրենց տները ազգականներին հանդիպելու հնարավորություն ունեին: Նրանք իրենց ազգականների տունը հյուր էին տանում նաև աջակիցներին: Մեդինայի բնակիչ աջակիցների համար էլ բացառիկ հնարավորություն էր ստեղծվել ուխտի գալու Աստծո տունը: Աստծո տան ուխտագնացությունը և Հաջի արարողության կատարումը հատուկ հուզում էր առաջացրել գաղթականների ու աջակիցների մոտ:

---

Մուսուլմանները երեք օր մնացին Մեքքայում: Այդ օրերին Մեքքայի բնակիչները հատուկ հետաքրքրությամբ խոշորացույցի տակ էին առել մուսուլմանների քայլերն ու պահվածքը: «Մասջեդ-ալ-հարամ»-ում հավաքական շքեղ աղոթքները և մուսուլմանների անկեղծ ու եղբայրական վերաբերմունքը միմյանց հանդեպ, հետաքրքիր տեսարաններ էին ստեղծում: Դրանք արտակարգ ազդեցություն էին գործում Մեքքայի ժողովրդի վրա: Նրանց մի մասը տեսնելով միատարր ու միասնական այս հավաքականությունը հաստատեցին իսլամի իրավացիությունը: Այս ուղևորությունը վերջ տվեց իսլամի ու մուսուլմանների մասին Մեքքայի ժողովրդի որոշ սխալ կանխադատումներին: Այդ պատճառով էլ հավատուրացների պարագլուխները սկսեցին վտանգ զգալ: Նրանք նկատեցին, որ Մեքքայում մարգարեի ու նրա աջակիցների կեցությունը պատճառ է դարձել, որ Մեքքայի բնակիչների մոտ նվազի կռապաշտության հանդեպ հակումը և նրանց ու մուսուլմանների միջև բարեկամության կապեր հաստատվեն: Այդ պատճառով երեք օրվա ավարտին Ղորայշի պատվիրակը ներկայացավ մարգարեին ու ասաց. «Ավարտվել է Մեքքայում ձեր կեցության համար պայմանագրում նշված ժամկետը: Ինչքան շուտ հեռացեք մեր քաղաքից»: Մարգարեի որոշ աջակիցներ դժգոհեցին Ղորայշի ներկայացուցչի արտահայտության ոճի համար, սակայն մարգարեն նպատակ չուներ անտեսել իր կնքած պայմանը: Հետևաբար մուսուլմաններին շարժվելու հրաման է տրվում ու նրանք անմիջապես հեռանում են Մեքքայից:

Կարելի է ասել, որ այս ուղևորությունը քարոզչական տեսակետից չափազանց մեծ ազդեցություն է ունենում և դրա բարոյական ազդեցությունները երևան են գալիս շատ շուտ: Որոշ վկայությունների համաձայն Ղորայշի մի քանի հայտնի դեմքեր, այդ թվում Խալեդ Իբն Վալիդը և Ամրո Իբն Աըսն այդ շքեղ տեսարանների ականատեսը լինելով հակվում են իսլամի կողմն ու կարճ ժամանակ անց մուսուլման են դառնում:

Մարգարեն լուսնային հիջրեթի 6-րդ տարում երազ էր տեսել այն մասին, որ մուսուլմանները հանգիստ մտքով մուտք են գործում «Մասջեդ-ալ-հարամ» ու սափրելով գլուխներն ու կտրելով եղունգները, կատարում են Հաջի ուխտագնացության արարողությունը: Այդպիսով իրականանում են մարգարեի տեսած երազն ու նաև մուսուլմաններին տրված խոստումը: «Ֆաթհ» սուրայի 27-րդ այան ակնարկում է այս դեպքին: Այայում ասված է. «Իրապես որ Աստված իրականացնում է իր մարգարեի տեսած երազը, որտեղ դուք, Աստծո ցանկությամբ, անվտանգ պայմաններում և սափրած գլուխներով ու կարճացված եղունգներով, առանց մտավախության, մուտք եք գործում «Մասջեդ-ալ-հարամ»: Աստված տեղյակ էր այն բանի մասին, որ դուք չգիտեիք և բացի այդ ձեզ համար մոտալուտ հաղթանակ է սահմանել»: