Հուլիս 25, 2016 03:14 Asia/Yerevan

Ողջույն ձեզ թանկագին բարեկամներ: Ինչպես միշտ մեր հաղորդման ընթացքում կանդրադառնանք մի շարք գեղարվեստական լուրերի: Իսկ եթերում մեզ կընկերակցի մեր թղթակիցը: Ընկերակցեք մեզ: ----------------------

Սաադի հետազոտական և ուսումնասիրական հաստատության և Հայաստանում ԻԻՀ դեսպանության մշակութային կցորդի համագործակցությամբ՝ Հայաստանում Պարսկերեն լեզվի և գրականության բարեկամների «Հաֆեզ»միութեան անդամները ժամանել են Թեհրան:

«ԻՍՆԱ»-ի հաղորդմամբ, Հայաստանում Պարսկերեն լեզվի և գրականության բարեկամների «Հաֆեզ» միութեան անդամների հետ հանդիպման ժամանակ «Սաադի» հետազոտական և ուսումնասիրական հաստատության տնօրեն Դոկտ. Ռեզա Մորադ Սահրային ասել է.-«Հաֆեզ»-ի նման միութեան ձևակերպումը որտեղ բոլորը խոսում են պարսկերեն ամենահարմար առիթն է պարսկերեն լեզուն սովորելու համար և ձեր ներկայությունը Իրանում կարող է խթանել պարսից լեզվին, գրականության ու մշակույթին առավել  ծանոթանալու գործին»:

Հանդիպման ընթացքում «Հաֆեզ» միութեան հիմնադիր կազմի անդամ Ժորժ Աբրահամյանն ասել է.-«Հաֆեզ» միությունը ձևակերպվել է 2015 թվականին, որին անդամակցում են իրանագիտության, միջազգային հարաբերության և իրավագիտության և գրականության ճյուղի ուսանողներ և մասնագետներ՝ առանց տարիքային սահմանափակության»:

«Հայաստանում Պարսկերեն լեզվի և գրականության բարեկամների «Հաֆեզ»միութեան անդամները համալսարանում պարսկերեն լեզուն ընտրել են որպես երրորդ սիրողական լեզու և այդ կարճ ժամանակահատվածում հասցրել են սովորել պարսկերեն լեզուն և այն կիրառել միջազգային հարաբերության և հանրության հետ կապի տեքստերի թարգմանության համար»:

-------------------------------

 

Անցած շաբաթ 71 տարեկանում վախճանվեց բանաստեղծ Դավիթ Հովհաննեսը:

Դավիթ Հովհաննեսը ծնվել էր 1945-ի փետրվարի 17-ին: Ավարտել էր Երեւանի պետական համալսարանի բանասիրական ֆակուլտետը: Աշխատել էր Հայաստանի պարբերական մամուլում, «Հայֆիլմ» կինոստուդիայում, անտիկ եւ արտասահմանյան գրականության պատմություն էր դասախոսել Հայաստանի մի շարք բուհերում: 1975 թվականից Հայաստանի Գրողների միության անդամ էր: 1980-1990 թթ. հայկական հեռուստատեսությունում վարել է «Նորք» ամենամսյա գրական հանդեսը:

Եղել է «Արեւիկ» հրատարակչության տնօրենների խորհրդի նախագահը, 1999-2003 թթ.՝ ՀՀ Ազգային Ժողովի 2-րդ գումարման պատգամավոր:

Գրել սկսել է վաղ պատանեկան տարիքից, 1965 թվականից տպագրվել է: Հեղինակել է շուրջ 25 բանաստեղծական, մանկական եւ թարգմանական ժողովածուներ, հրապարակախոսական եւ քննադատական հոդվածներ, էսսեներ, ռադիոպիես (ռուսերեն), թարգմանական գրքեր (ռուսերենից եւ անգլերենից): Հայտնի են «Մեզանից հետո ուժեղ ու հաղթանդամ», «Քաղաքային ձմեռ», «Հավերժական հայը» եւ այլ բանաստեղծություններ:

Թարգմանել է աֆրո-ասիական, մերձբալթյան, ռուս, ուկրաինացի, ամերիկյան դասական բանաստեղծներից: Ռուսերենով եւ անգլերենով թարգմանաբար լույս են տեսել նրա բանաստեղծական երեք ժողովածուները, ծավալուն շարքերով մշտապես ներկայացվել է հայ պոեզիայի օտարալեզու անթոլոգիաներում:

-----------------------

 

Նշանավոր ծովանկարիչ Հովհաննես Այվազովսկու 200-ամյա հոբելյանը ընդգրկվել է ՅՈՒՆԵՍԿՕ-ի 2017 թվականի հիշարժան տարեթվերի շարքում: «Արմենպրես»-ի փոխանցմամբ` այս մասին լրագրողներին տեղեկացրեց ՀՀ մշակույթի նախարարի տեղակալ Ներսես Տեր-Վարդանյանը: Նրա խոսքով` այդ կապակցությամբ տարբեր երկրներ ևս, այդ թվում` Ռուսաստանը և Լեհաստանը միջոցառումներ ու ցուցահանդեսներ կազմակերպելու նախաձեռնություններով են հանդես եկել:

«Հայաստանը որպես նախաձեռնող կողմ ունի իր ծրագրերը. նախատեսվում է մեծ ցուցահանդես: Համատեղ ծրագրեր ունենք Ռուսաստանի հետ, ներկայում քննարկումներ են ընթանում նաև Լեհաստանի հետ»,-հայտնեց փոխնախարարը:

Ներսես Տեր-Վարդանյանը, խոսելով ՅՈՒՆԵՍԿՕ-ի պատմամշակութային ժառանգության ցանկերում հայկական հուշարձանների ներկայացմանը, նկատեց, որ ներկայում աշխատանքներ են տանում այլ երկրների հետ համատեղ հայտեր կազմելու հնարավորություններն իրացնելու ուղղությամբ: «Համատեղ հայտերով դիմելու ուղղությունը հատկապես վերջին շրջանում մեծ թափ է ստանում, ՅՈՒՆԵՍԿՕ-ի կողմից էլ մեծ հետաքրքրություն կա այդ առնչությամբ: Համատեղ հայտերի տարբերակներ քննարկվում են և հարևան երկրների` Իրանի ու Վրաստանի հետ, և Հունսաստանի ու Կիպրոսի հետ»,-ավելացրեց Տեր-Վարդանյանը:

ՀՀ արտաքին գործերի նախարարի տեղակալ Աշոտ Հովակիմյանը նշեց, որ Քոչարի ավանդական խմբապարը` լրամշակված տարբերակով, քննարկվելու է ՅՈՒՆԵՍՕ-ի ոչ նյութական ժառանգության պաշտպանության կոմիտեում 2017-ի շրջափուլում: Փոխնախարարի խոսքով` ներկայում հայկական կողմի հիմնական ուշադրությունը այդ հայտի շուրջ է:

ՀՀ-ում ՅՈՒՆԵՍԿՕ-ի ազգային հանձնաժողովի գլխավոր քարտուղար Վահան Կաժոյանը, անդրադառնալով նշյալ կառույցում մշակութային ժառանգությունը գրանցելու հայտերի ներկայացման ընթացակարգին, նշեց, որ դա կարող է անել միայն ՅՈՒՆԵՍԿՕ-ի հարցերով ՀՀ Ազգային հանձնաժողովը: «Ոչ մի կազմակերպություն, գերատեսչություն, թանգարան չի կարող հայտ ներկայացնել: Նրանք կարող են առաջարկ, գաղափար ներկայացնել նախարարությանը, հանձնաժողովին, բայց հայտ ներկայացնել չեն կարող»,-ասաց Վահան Կաժոյանը` անդրադառնալով Որդան կարմիրը ՅՈՒՆԵՍԿՕ-ի ցանկում ներառելու մասին մամուլի հրապարակումներին:

ՅՈՒՆԵՍԿՕ-ն, Կաժոյանի խոսքով, երեք հանձնաժողով ունի` համաշխարհային ժառանգության, ոչ նյութական մշակութային ժառանգության և մարդկության հիշողության ցանկերը: Նրա տեղեկացմամբ` առաջինում Հայաստանից 3 գրանցված հայտ կա, երկրորդում` 4 և մարդկության հիշողության ցանկում` 3: «Ներկայում գաղափար կա կենտրոնանալ համաշխարհային ժառանգության ցանկի համալրման ուղղությամբ, քանի որ սա նյութական է, շոշափելի և դա միանշանակ նպաստում է զբոսաշրջության աճին: ՅՈՒՆԵՍԿՕ-ն մարդկության հիշողության ցանկը իրավականացնելու և կոնվենցիայի ենթարկելու աշխատանքներ է սկսել: Սա մի ցանկ է, ուր ներգրավվում են արխիվներ, պատմական փաստաթղթեր: Մատենադարանի ամբողջ հավաքածուն, Արամ Խաչատրյանի ֆիլմերի համար գրված երաժշտությունը և Բենիամին Մարգարյանի աստղագիտական ուսումնասիրությունների Բյուրականի հավաքածուն ևս այս ցանկի մաս են կազմում»,-հայտնեց ՀՀ-ում ՅՈՒՆԵՍԿՕ-ի ազգային հանձնաժողովի գլխավոր քարտուղարը:

---------------------------

 

Շվեյցարիայի, Գերմանիայի և Հայաստանի միջև արվեստագետների փոխանակման միջազգային նոր ծրագրի առաջին փուլը հաջողված է: Այս մասին «Արմենպրես»-ում հրավիրված մամուլի ասուլիսին նշեց «Մշակույթների երկխոսություն» կազմակերպության նախագահ Սոնա Հարությունյանը:

«Ծրագրի առաջին մասնակից` նկարիչ Արման Վահանյանը այնպես հաջողությամբ է հանդես եկել, որ Գերմանիայից, Շվեյցարիայից դրական արձագանքներ են եկել»,-ասաց Սոնա Հարությունյանը:

Արվեստագետների փոխանակման միջազգային ծրագիրը մեկնարկել է 2016 թվականի հունվարի 15-ին գերմանական Ֆրայբուրգ քաղաքում: Ծրագրի առաջին մասնակից ընտրված նկարիչ Արման Վահանյանը 6 ամիս Ֆրայբուրգ քաղաքի հյուրն է եղել: Ապրել և ստեղծագործել է  «L6» արվեստանոց-կացարանում: Նկարիչն աշխատել է Ֆրայբուրգ քաղաքի ինչպես գեղարվեստական տպագրության, այնպես էլ գեղանկարչական մասնագիտացված արվեստանոցներում:

«Այդ վեց ամսվա ընթացքում Արման Վահանյանը նախապատրաստեց իր նկարների անհատական ցուցահանդեսը, որը բացվեց Ֆրայբուրգ քաղաքի Նկարիչների միությունում:  Ի ուրախություն մեզ, այդ ցուցահանդեսն այնքան արդյունավետ էր, որ նա երկրորդ ցուցահանդեսի առաջարկ ստացավ, որը տեղի ունեցավ շվեյցարական Արլեսհայմ քաղաքում: Մենք կարող ենք արձանագրել այն փաստը, որ հայ արվեստագետը ,դրսում գտնվելով կարողացավ երկու շատ հաջողակ ցուցահանդես, անցկացնել: Այդ ընթացքում հայ արվեստագետը հնարավորություն ունեցավ մի շարք կապեր հաստատել ինչպես օտարազգի արվեստագետների, այնպես էլ մասնավոր հավաքածուներ ունեցող մի շարք անձանց հետ, որոնք հետաքրքրվեցին Արման Վահանյանի աշխատանքներով»,-ասաց Սոնա Հարությունյանը:  

Նկարիչ Արման Վահանյանը նշեց, որ այցը Գերմանիա ստացվեց բավական արդյունավետ: «Սկզբում, երբ մեկնում էի, կարծում էի, որ պարզապես լավ հնարավորություն է առանց առօրյա հոգսերի աշխատելու, բայց, ի զարմանս ինձ, այնտեղ այնպիսի ինֆորմացիոն մեծ հոսք կար, որը նպաստեց այս նախագծի հաջող ընթացքին: Ինձ համար այս ամենը նորություն էր, կատարել եմ յուղաներկով 6 գեղանկարչական աշխատանք, հիմնականում վերացական ոճի մեջ: Ես Հայաստանում նույնպես աշխատել եմ այդ ոճում, սակայն այստեղ արված առաջին երկու աշխատանքները, կարծես, հայաստանյան իրականության իներցիան էին, բայց հետո հասկացա, որ այն նշանային համակարգը, որ ստեղծել էի ինձ համար, այնտեղ չէր գործում և կարիք կար թարմացման: Ահա աշխատանքային ընթացքի երկրորդ հատվածում փորձեցի գտնել նոր նշաններ, ի զարմանս ինձ, շատ հետաքրքիր թվաց գերմանացի հանդիսատեսին»,-ասաց Արման Վահանյանը:

Արվեստագետների փոխանակման միջազգային ծրագրի երկրորդ մասնակիցը շվեյցարացի արվեստագետ Սիլաս Հայցմանն է, ով արդեն Երևանում է: Նա 6 ամիս այստեղ է ապրելու և ստեղծագործելու:  Նա նախապատրաստում է  երևանյան նախագիծ, որը հայ հանդիսատեսին կներկայացվի աշնանը: Սոնա Հարությունյանը տեղեկացրեց, որ ծրագիրը շարունակական է լինելու, հաջորդ հայ արվեստագետի անունը պարզ կլինի առաջիկայում: Ավելին` ծրագրի ինչ-որ մի փուլում նպատակ կա կազմակերպել մասնակիցների արվեստագետների ստեղծագործությունների համատեղ ցուցադրություն:

-------------------------------

 

«Հիշիր այս պահը» միջազգային փառատոնը, որը նվիրված Է կոմպոզիտոր Միքայել Թարիվերդիեւի ծննդյան 85-ամյակին, հուլիսի 19-ին բացվեց Մոսկվայի Մեծ թատրոնի Նոր բեմում՝ «Երկարատեւ դարձրեք պահը, մաեստրո» օպերային գալա-համերգով, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:   

Բեմադրող ռեժիսորն Էր Իգոր Ուշակովը: Համերգին կմասնակցեն Մեծ թատրոնի սիմֆոնիկ նվագախումբը՝ Ալեքսանդր Պոլյանիչկոյի ղեկավարությամբ եւ Պետական ակադեմիական Մեծ թատրոնի Երիտասարդական օպերային ծրագրի մենակատարները: Նրանց կատարմամբ հնչեցին հատվածներ «Ո՞վ ես դու», «Կոմս Կալիոստրո», «Ֆիգարենկոյի ամուսնությունը», «Սպասում» օպերաներից, ինչպես նաեւ «Եղջերու արքան» կինո-օպերայից:  

Փառատոնը նաեւ տեղի կունենա Ֆրանսիայում, Գերմանիայում, Էստոնիայում, Վրաստանում, Հայաստանում եւ Մեծ Բրիտանիայում: Փառատոնի շրջանակներում, մասնավորապես, կբացվեն կոմպոզիտորին նվիրված երկու ցուցահանդեսներ: Մեկը՝ Լոնդոնում, երկրորդին, որն անվանվել Է «Առաջին պահից մինչեւ վերջինը», սեպտեմբերի 2-ից հրավիրում Է Մոսկվայի՝ Գլինկայի անվան երաժշտական մշակույթի կենտրոնական թանգարանը, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:

-----------------------------------

 

Ռումինիայի ժողովրդական դերասան Ռադու Բելիգանը մահացել է սրտի կաթվածից՝ 97 տարեկան հասակում, հաղորդում է The Daily Mail-ը՝ հղում անելով AP գործակալությանը։

Նշվում է, որ ընդամենը երեք ամիս առաջ Բելիգանը դեռ դուրս էր գալիս բեմ։

Աղբյուրը մանրամասնում է, որ դերասանը խաղացել է 30 բեմադրությունում, 30 ֆիլմում, ինչպես նաև մասնակցել է բազմաթիվ հեռուստա և ռադիոհաղորդումների։

2013 թվականի դեկտեմբերին Բելիգանը Գինեսի ռեկորդների գիրք է ընկել որպես «գործող ամենատարեց թատրոնի դերասան»։ 

--------------------

 

Բրիտանացի երաժիշտ Էրիկ Քլեփթոնին պատկանող Fender Stratocaster կիթառը շաբաթ աճուրդի ժամանակ վաճառվել է 45 հզ դոլարով: Աճուրդն անց է կացվել Դալասում Heritage Auctions աճուրդային տան կողմից:

Կազմակերպիչները մանրամասնել են, որ Քլեփթոնը այդ կիթառով նվագել է անցած տարի Լոնդոնում կայացած համերգի ժամանակ:

Երաժշտական գործիքը պատրաստվել է 2014թ-ին Թոդդ Քրուս անունով վարպետի կողմից:

Կիթառն ամբողջությամբ կարծես նոր լինի, նրա հակառակ կողմը մի քիչ քերծվել է, երբ Էրիկը նվագում էր դրանով՝ մանրամասնել է Heritage-ը: Երաժիշտ անգամ իր ստորագրությունն է թողել դրա վրա:

Գնորդի անունը չի հրապարակվում, գործարքն արվել է հեռախոսով: