Գեղարվեստական հաղորդում (21)
Ողջույն ձեզ թանկագին բարեկամներ: Ինչպես միշտ մեր հաղորդման ընթացքում կանդրադառնանք մի շարք գեղարվեստական լուրերի: Իսկ եթերում մեզ կընկերակցի մեր թղթակիցը: Մնացեք մեզ հետ:
«Հովհաննես Այվազովսկի: Ծննդյան 200-ամյակի առթիվ» ցուցահանդեսը, որը հուլիսի 29-ին բացվել Է Մոսկվայի Տրետյակովյան պատկերասրահում, պետք Է ցույց տա նկարչի այժմեականությունը եւ օգնի հաղթահարելու նրա նկատմամբ հանդիսականների կանխակալ կարծիքը նրա ստեղծագործության մեջ կրկնվող միատիպ սյուժեների պատճառով: Ցուցահանդեսում լրագրողներին այս մասին ասել Է Տրետյակովյան պատկերասրահի տնօրեն Զելֆիրա Տրեգուլովան, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:
«Նրա նկարներում կան լուրջ խորը շատ իմաստներ, որոնք մարդիկ տարիների ընթացքում դադարել են ուշադրության առնել. նրանք չեն տեսնում բովանդակությունն ու իմաստը, նրանք տեսնում են տպավորիչ գեղանկարչությունը մշակութային կոդի կորստից հետո: Մենք ջանացել ենք ամեն ինչ անել, որպեսզի ապակոդավորենք (վերծանենք) այդ ուղերձները, որպեսզի պարզապես մարդկանց հարկադրենք բացեն աչքերը եւ Այվազովսկուն նայեն առանց կանխակարծության: Այդ ժամանակ ի հայտ Է գալիս թե՛ փիլիսոփան եւ թե՛ մտածողը»,- նշել Է նա:
Ընդհանուր առմամբ ծավալուն ցուցահանդեսում կարելի Է տեսնել Այվազովսկու 120 նկարներ եւ 55 գծանկարչական ստեղծագործություններ, որոնք լրացվել են նրա անձնական իրերով եւ ծովային ատրիբուտիկայով՝ նավերի մանրակերտերով, դիտափողերով, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:
Ցուցահանդեսը կգործի մինչև նոյեմբերի 20-ը:
---
Հայաստանի ազգային պատկերասրահում տեղի ունեցել Սարգիս Խաչատուրյանի ստեղծագործությունների ցուցահանդեսի բացումը: Ինչպես նշել է Հայաստանի ազգային պատկերասրահի ավագ գիտաշխատող Գոհար Չեմենյանը, այս ցուցահանդեսում առաջին անգամ ներկայացվել են նկարչի գեղանկարչական և գրաֆիկական աշխատանքներ, ինչպես նաև հնդկական և պարսկական ընդօրինակություններ:
«Մեր նպատակն է սփյուռքահայ նկարիչների աշխատանքները պարբերաբար ցուցադրել, որպեսզի մեր երիտասարդ սերունդը ծանոթանա արտասահմանում ապրած և ստեղծագործած հայ նկարիչներին: Սարգիս Խաչատուրյանի ստեղծագործությունները իրենց արժանի տեղն են գտել Եվրոպայի, Ամերիկայի և Հնդկաստանի զանազան թանգարաններում»,- ասաց Չեմենյանը: Նրա խոսքով՝ Խաչատուրյանի ստեղծագործությունները յուրահատուկ ոճ ունեն:
«Սարգիս Խաչատուրյանի նկարներին հատուկ է լույսով ողողված լինելը: Այդ լույսը ստեղծում է նրբերանգներ և գույներին տալիս է պայծառություն, որը բնորոշ է նրա ստեղծագործություններին»,-եզրափակեց Չեմենյանը:
Սարգիս Խաչատուրյանը ծնվել է 1886 թվականին: 1908-1911 թվականներին նկարիչը սովորել է Հռոմի Գեղարվեստի ակադեմիայում: 1916-1920 թվականներին նկարիչը ստեղծում է ավելի քան 500 բնանկար և գաղթականության թեմայով նկարներ: Դրանք ցուցադրվում են եվրոպական քաղաքներում՝ նպատակ ունենալով ներկայացնել հայ ժողովրդի ճակատագիրը:
1930-1933 թվականներին հայ նկարիչը ընդօրինակում է մոտ 150 որմնանկար, որոնք վկայում են Սեֆևյան դարաշրջանի արվեստում հայ նկարիչների վրձնի պատվավոր տեղի մասին:
1937-1940 թվականներին Հնդկաստանում նկարիչը ընդօրինակում է հնդկական որմնանկարներից ավելի քան 100, դրանցից մի քանի տասնյակ գտնվում է աշխարհի տարբեր թանգարաններում, իսկ զգալի մասը՝ Հայաստանի ազգային պատկերասրահում:
---
Հայաստանում առաջին անգամ այս տարվա սեպտեմբերի 21-ին` Խաղաղության միջազգային, ինչպես ՀՀ անկախության օրը, Գյումրիում կանցկացվի «Նելսոն Մանդելա» միջազգային մրցանակաբաշխությունը, որի նախաձեռնողը և հեղինակը MasterPeace միջազգային կազմակերպությունն է:
Կազմակերպության կենտրոնական գրասենյակները գտնվում են Եգիպտոսում եւ Նիդերլանդներում, իսկ մասնաճյուղերը` 45 երկրներում, որտեղ նույնպես միաժամանակ կանցկացվի մրցանակաբաշխությունը:
MasterPeace միջազգային կազմակերպության հայաստանյան գրասենյակի տնօրեն Արմինե Սերոբյանի խոսքով` մրցանակաբաշխության նպատակն է գտնել հայ հասարակության շրջանում ապրող «մանդելաներին», քաջալերել իրենց շրջապատում, համայնքներում, դպրոցներում եւ համալսարաններում դրական փոփոխությունների իրականացումը անկախ բնագավառից:
«Շատ հաճախ այդ մարդիկ մեծ գործեր են անում հանրության համար, սակայն մնում են ստվերում, հանրությունը չի իմանում նրանց արածների մասին: Եվ մեր նպատակն է խրախուսել այդ մարդկանց ու ներկայացնել հանրությանը, ինչպես նաեւ երիտասարդներին վարակել իրենց երկրում, համայնքներում դրական փոփոխություններ կատարելու ցանկությամբ»,- «Արմենպրես»-ի հետ զրույցում նշեց նա:
Կազմակերպության տնօրենը տեղեկացրեց, որ 1-4 տեղերը զբաղեցրած մասնակիցները կընտրվեն հանրային քվեարկությամբ, իսկ հաղթողին կընտրի ժյուրիի կազմը, որը դեռ ձեւավորման փուլում է: 1-4 տեղերը զբաղեցնողները կպարգևատրվեն միջազգային վկայագրերով, իսկ հաղթողը` հատուկ միջազգային վկայագրով և Նիդերլանդներից բերված բրոնզե արձանիկով: Արմինե Սերոբյանը նշեց, որ այժմ բանակցում են գործընկերների հետ հաղթողին նաեւ դրամական պարգեւ շնորհելու ուղղությամբ:
Կազմակերպության տնօրենը կարեւորում է մրցանակաբաշխությունը՝ նաեւ միջազգային արձագանք գտնելու համատեքստում:
«Լավ մարդիկ պետք է գնահատված լինեն եւ շնորհակալության արժանանան հանրության կողմից: Մրցանակաբաշխությունը կարեւոր է նրանով, որ ցույց է տալիս, որ մեր կողքին կան նման մարդիկ, որ ցանկացած փոփոխություն սկսվում է հենց մեզանից. ինչու՞ չէ, նաեւ միջազգային հարթակում եւս մեկ անգամ կհնչի Հայաստանի անունը»,-ասաց Արմինե Սերոբյանը:
Հայտադիմումները կարող են ներկայացվել մինչեւ սեպտեմբերի 15-ը առանց տարիքային սահմանափակման:
«Masterpeace» խաղաղության միջազգային շարժումը ձեւավորվել է 2011 թվականին: Հիմնական նպատակն է բազմաբնույթ սեմինարների և մշակութային միջոցառումների միջոցով տարածել խաղաղության գաղափարը: 2013 թվականին MasterPeace-ը պարգեւատրվել է «Նորամուծություն խաղաղասիրության ոլորտում» մրցանակով ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Բան Կի Մունի կողմից:
---
Հոլիվուդյան հայտնի դերասանուհի Մեգ Ռայանն առաջին անգամ հանդես է եկել ռեժիսորի դերում` էկրանավորելով ամերիկահայ գրող Վիլյամ Սարոյանի «Մարդկային կատակերգություն» վեպը:
14-ամյա փոստատար Հոմեր Մաքոլիի ու պատերազմի ծանր հետևանքների մասին պատմող ֆիլմը, որում գործողությունները ծավալվում են Երկրորդ աշխարհամարտի տարիներին, կոչվում է Ithaca: Հայտնի է , որ ֆիլմում նկարահանվել են Մեգ Ռայանը, Թոմ Հենքսն ու Ալեքս Նյուսթեդտերը, ով, ի դեպ, մարմնավորում է դեռահաս հերոսին:
Նշվում է, որ Momentum Pictures կինոստուդիան հրապարակել է ֆիլմի առաջին թրեյլերը: Ithaca-ի պերմիերան կայանալու է սեպտեմբերի 9-ին:
---
Հուլիսի 30-ի կեսգիշերին լույս է տեսել Հարրի Փոթերի մասին նոր գիրքը՝ Harry Potter and the Cursed Child («Հարրի Փոթերն ու անիծված երեխան», սերիայի 8-րդ մասը)։
Ողջ աշխարհի գրախանութներն այս առթիվ անցել են գիշերային ռեժիմի։ Սպասվում է, որ սերիայի 8-րդ մասը կդառնա տարվա ամենաշատ վաճառվող գիրքը։
Waterstones բրիտանական հայտնի ցանցը, որը ներառում է 140 գրախանութ, նախատեսում է անցկացնել հատուկ երեկոներ՝ նվիրված Հարրի Փոթերի մասին գրքին։ Այդ ընթացքում կանցկացվեն տարբեր մրցույթներ, այդ թվում սագայի հերոսների լավագույն հանդերձանքի համար։
---
Իտալացի գիտնական Մարիո Թադեյը խոսել է այն քողարկված ուղերձի մասին, որը Լեոնարդո դա Վինչին իր «Խորհրդավոր ընթրիք» կտավում ցանկացել է փոխանցել իր արվեստը գնահատողներին: Կտավի այսպիսի մեկնաբանությունը ներկայացնում է Daily Mail-ը:
Դա Վինչիի կտավում մարդիկ պատկերված են առանց լուսապսակի: Դա ցույց է տալիս, որ նրանք, մասնավորապես, Հիսուս Քրիստոսը «սրբեր» չեն, այլ «սովորական մարդիկ»: Թադեյի ենթադրությամբ՝ դա Վինչին հենց այդ գաղափարն է ցանկացել հասցնել իր արվեստը գնահատողներին:
«Ես կարծում եմ, որ Լեոնարդոն լուսապսակ չի պատկերել, քանի որ պատկերված մարդկանց սովորական մահկանացու է համարել, եւ դա է Լեոնարդոյի իրական գաղտնիքը»,- ասել է գիտնականը: Նա նշել է, որ «նկարի վրա չկան արտերկրային կամ գերբնական օբյեկտներ»:
---
Թագուհի Եղիսաբեթ Առաջինի ամենահայտնի դիմանկարը՝ նվիրված «Անպարտելի Արմադայի» կործանմանը, արդեն պատկանում է Մեծ Բրիտանիային եւ առաջին անգամ հասանելի կլինի լայն հասարակությանը, հայտնում է Guardian–ը։
Դիմանկարն պատկերել է անհայտ գեղանկարիչը մոտավորապես 1590–ին ենթադրաբար նավաստի Ֆրենսիս Դրեյքի պատվերով եւ ժառանգաբար փոխանցվում էր նրա սերունդներին։
Զանգվածային դրամահամավաքի արդյունքում հանրային ակտիվիստները հավաքել են անհրաժեշտ 10.3 մլն ֆունտ ստերլինգը կտավը գնելու համար։ Այն կցուցադրվի Քվինս հաուս շենքում, որտեղ ծնվել է Եղիսաբեթ 1-ինը։ Հոկտեմբերին, երբ թանգարանում ավարտվի ռեստավրացիան, կտավը հասանելի կլինի հանրությանը։
---
Անգլիական Էսեքս կոմսությունում աճուրդի կհանվեն Մեծ Բրիտանիայի վարչապետ Ուինսթոն Չերչիլի հեղինակած նկարները: Այս մասին հաղորդում է BBC-ն:
«Քեոփսի բուրգը Կահիրեում» եւ «Տեսարան Վենետիկի ամբարտակից» նկարները՝ Մայամի-բիչի տեսարաններով, յուղաներկով են արված: Առաջինը գնահատվում է 711 հազար եվրո, երկրորդը՝ 237 հազար: Սակայն սպասվում է, որ դրանք կվաճառվեն ավելի մեծ գումարով:
Իր կյանքի ընթացքում Չերչիլը 500 նկար է ստեղծել: Ամենաթանկ կտավը՝ «Ոսկե ձկնիկներով լճակը Չարթվելում», 2014 թվականին վաճառվել է 2.1 մլն եվրոյով:
Չարթվելը Քենթ կոմսությունում գտնվող Չերչիլների ընտանիքի կալվածքն է: Այնտեղ արվեստանոցում մինչեւ հիմա պահպանվում է ժամանակակից մեծագույն քաղաքական գործիչներից մեկի աշխատանքների մեծ մասը:
---
«Ավատար» ֆիլմի ռեժիսոր Ջեյմս Քեմերոնն առաջին մասին թողարկումից տարիներ անց վերջապես կողմնորոշվել է, թե որքան շարունակություն է ունենալու ֆիլմաշարը:
Ինչպես տեղեկացնում է The Independent-ը, ռեժիսորը հայտնել է, որ ֆիլմաշարի շարունակությունը բաղկացած կլինի 4 մասից: Երկրորդ, երրորդ, չորրորդ և հինգերորդ մասերը կինոթատրոնների էկրաններին կհայտնվեն առաջիկա տասնամյակում:
Օսկարակիր ռեժիսոր և սցենարիստ Քեմերոնը, ով նկարահանել է նաև «Տիտանիկ» ու «Տերմինատոր» ֆիլմերը, խոստովանել է, որ ըստ նախնական ծրագրի` «Ավատարը» եռերգություն պետք է լիներ, սակայն նա գրել է շարունակություն, որը բավականին երկար է ստացվել:
«Ավատարի» երկրորդ մասը նախատեսվում է թողարկել 2018-ի դեկտեմբերին, որին կհաջորդեն «Ավատար 3»-ը` 2020-ի դեկտեմբերին, «Ավատար 4»-ը` 2022-ի դեկտեմբերին և «Ավատար 5»-ը` 2023-ի դեկտեմբերին: