Իրանցի հանրահայտ գործիչներ՝ համաշխարհային պարծանքներ (100)
Ողջույն թանկագին բարեկամներ:Մեր այսօրվա հաղորդման ընթացքում ձեզ կծանոթացնենք Ամիր Ալիշիր Նավայիի որոշ ծառայություններին:
Նախորդ հաղորդման ժամանակ ձեզ հետ զրուցեցինք լուսնային հիջրեթի 9-րդ դարի հայտնի բանաստեղծ, մտավորական, գրականագետ, գրող ու քաղաքական գործիչ՝ Ամիր Ալիշիր Նավայիի մասին: Նա համաշխարհային ճանաչում ձեռք բերած գործիչ է, ով տարբեր բնագավառներում արժեքավոր ու հիշարժան ծառայություններ է մատուցել:
Ասացինք, որ Թեյմուրյանների իշխանության շրջանը Իրանում իշխանական տոհմերի տիրապետության ամենափառավոր շրջաններից է և նկատի առնելով մշակույթի ու արվեստի հանդեպ այս հարստության ցուցաբերած հովանավորությունն, Իրանի մշակույթի ու քաղաքակրթության մեջ ձևավորվել է փայլուն մի շրջան: Իշխանական դիրքերում մշակութային էլիտայի ներկայությունն այս ժամանակաշրջանի գլխավոր յուրահատկություններից է: Այս շրջանի ականավոր դեմքերից է Սուլթան Հոսեյն Բայղարայի գիտնական ու արվեստասեր նախարար Ամիր Նեզամեդդին Ալիշիր Նավային: Նա ծնվել է լուսնային հիջրեթի 844 թվականի ռամազան ամսվա 17-ին՝ 1441 թվականի փետրվարի 9-ին Հարաթում, գիտությամբ հետաքրքրված մի ընտանիքում: Ուսման տարբեր փուլերն անց կացնելով Սուլթան Հոսեյն Բայղարայի իշխանության շրջանում ավագ դիվանապետի պաշտոնին է նշանակվում ու արժեքավոր ծառայություններ է մատուցում ժողովրդին: Այդ օրերին արվեստի գործիչները տարբեր քաղաքներից մեկնում էին Սուլթան Հոսեյն Բայղարայի արքունիքն ու վայելում էին Ամիրի հովանավորությունը՝ հարստացնելով Իրանի արվեստի ու գրականության գանձարանը:Որոշ ժամանակ անց պալատականների նախանձի ու թշնամությունների պատճառով Ամիր Ալիշիր Նավային հրաժարվում է նախարարի պաշտոնից և Սուլթան Հոսեյն Բայղորայի հրամանով երկու տարի վարում է Ասթարաբադի նահանգի կառավարչի պաշտոնը և լուսնային հիջրեթի 906 թվականին վախճանվում է այդտեղ: Ասացինք, որ Ամիր Ալիշիր Նավային Թեյմուրյանների շրջանում արվեստի հովանավորներից է եղել ու այս բնագավառում արժեքավոր ծառայություններ է մատուցել: Նա իր ամբողջ ջանքն ի գործ է դրել Իրանում մշակույթն ու արվեստը տարածելու և իրանցի արվեստագետներին հովանավորելու ուղղությամբ:
Թեյմուրյանների շրջանի արվեստի պատմության մեջ նրա նշանակությունն այն աստիճանի է, որ կարելի է ասել, որ եթե Թեյմուրյանների ամբողջ շրջանում որևէ մեկն արվեստի հանդեպ ուշադրություն ցուցաբերած չլիներ միայն նրա ներկայությունը բավարար կլիներ այդ ժամանակաշրջանն Իրանի արվեստի պատմության փայլուն էջը համարելու համար: Արվեստի ու արվեստագետների հանդեպ Ամիր Ալիշիրի անհոգնում հոգատարությունը նրան եզակի դեմք է դարձրել:
Ասացինք, որ Թեյմուրյանների արքունիքը տարբեր արվեստների, այդ թվում գեղանկարչության, ճարտարապետության, ոսկեպատման, գրքերի ծաղկման ու երաժշտության կենտրոն էր ու այդ շրջանի արվեստների մեջ առանձնանում է գեղագրությունն ու վայելչագրությունը: Այդ պատճառով էլ հիշյալ ժամանակաշրջանից հիշատակ են մնացել գրքեր ու արձանագրություններ, որոնք տարբեր ոճերում գեղագիրների ստեղծագործության արդյունքն են: Այս շրջանում գեղագրությունն այնքան տարածում է ունեցել, որ Թեյմուրյան սուլթաններն ու իշխանները նույնպես մուտք են գործել այդ ասպարեզ: Շահրոխ Թեյմուրիի որդիներ ՝ Բայսոնղոր Միրզան և Էբրահիմ Սուլթանը գեղագրության ոլորտում այնպիսի հմտության ու վարպետության են տիրացել, որ դասվել են ժամանակի գերազանցիկ գեղագիրների շարքը: Նրանք նաև մեծ դերակատարություն են ունեցել այլ գեղագիրների խրախուսման և գեղագրության տարածման գործում: Բայսոնղոր Միրզան հմուտ է եղել «Սոլս» ոճում ու հետաքրքրված է եղել այդ ոճի գրքերը հավաքելով ու դրանցից օրինակներ արտագրելով:
Ասվում է, որ նրա գրադարանում ու արհեստանոցում 40 ականավոր գեղագիրներ Ջաաֆար Բայսոնղորիի գլխավորությամբ արտագրում էին կրոնական, գիտական, պատմական ու գրական մատյանները: Այս խմբի գլխավոր աշխատանքներից է եղել Ֆերդոսիի «Շահնամե»-ի արտագրումը: Էբրահիմ Սուլթանն էլ գրչության արվեստում վարպետ է եղել ու գրել է լուսնային հիջրեթի 7-րդ դարի բաղդադցի գեղագիր Յաղութ Մոսթաասամիի ոճով, այնպես որ դժվար կարելի է առանձնացնել Յաղութի ձեռագիրը:
Ամիր Ալիշիր Նավային Թեյմուրյանների շրջանում գեղագրության արվեստի ծաղկման ու զարգացման ուղղությամբ դերակատար եղած ամենագլխավոր ու ազդեցիկ անձն է: Նա ոսկեպատման, ծաղկման ու գրչության արվեստներում վարպետ լինելով տարբեր դիտանկյուններից ազդել է իր ժամանակաշրջանի գեղարվեստական ու մշակութային հոսանքների վրա: Նա Հարաթը վերածում է պոեզիայի, գրականության, երաժշտության, ոսկեպատման ու գեղագրության արվեստի կենտրոնի, որի հետևանքով արվեստագետներն ամեն կողմից մեկնում են Հարաթ: Հարաթի դպրոցի համբավն այնքան է տարածվում, որ արվեստի ճյուղի աշակերտները միմյանց հետ մրցում են այդ դպրոցի վարպետների արվեստից ու նաև հնարավորություններից օգտվելու հարցում ու Հարաթի դպրոցից շրջանավարտ դառնալը համարում էին պարծանք: Այս արվեստագետ ու արվեստասեր նախարարի հովանավորությունների արդյունքում տարբեր արվեստներ, այդ թվում գեղագրությունը մեծ ծաղկում են ապրում և Հարաթի դպրոցի արվեստները սկսվում են տարածվել այլ քաղաքներում ու տարածքներում:
Ամիրը կրթական տարբեր կենտրոններ է կառուցում, որոնցից են Հարաթում «Էխլասիե», «Շաֆայիե» և «Նեզամիե», իսկ Մարվում »Խոսրավիե» դպրոցները, որոնք այլ գիտությունների ու արվեստների կողքին գեղագրության ուսուցման ու տարածման հող են պատրաստում: Նաև նրա գրադարանը համարվել է ժամանակի գլխավոր գրադարաններից մեկը, որտեղ աշխատել են գեղագիրներ, ծաղկողներ ու այլ արվեստագետներ: Նա մեծ գումարներ է ծախսել արժեքավոր գրքերի ստեղծման ո մշակման համար, որոնք զարդարվել են ժամանակի հայտնի վարպետների գրերով ու ոսկեպատումներով: Ամիր Ալիշիր Նավայիի այս մոտեցումը գիտական, պատմական ու կրոնական բնագավառներում տարբեր գրքերի, հատկապես Ղուրանի օրինակների տարածման պատճառ է դառնում, որոնք պահպանվել են մինչև այսօր: Նա նաև մեծ ջանք է գործադրել գեղագիրներ ու գրիչներ դաստիարակելու ուղղությամբ ու նրանց համար հանգստավետ պայմաններ է ստեղծել: Այդ պատճառով էլ այդ շրջանում գեղագիրների ծառայությունն օգտագործվել է նաև վարչական ու գործադիր բաժիններում ու նաև գեղարվեստական ստեղծագործություն կատարելու համար:
Այս ժամանակաշրջանի հայտնի գեղագիրները, որոնք Շահրոխի շրջանում դաստիարակված վարպետներ էին, այդ թվում Միր Ալի Թաբրիզին, Ջաաֆար Բայսոնղորին և Ազհար Թաբրիզին Ամիր Ալիշիրի խրախուսանքներով կարողացան ուշագրավ թվով ստեղծագործություններ կատարել: Ամիր Ալիշիրի գրադարանում Մոլանա Սոլթանալի Մաշհադիի, Խաջե Մոհամմեդ Հաֆեզի ու Մոլանա Սոլթանալի Ղաենիի նման հայտնի գեղագիրներ զբաղված են եղել գրչության ու գեղագրության արվեստով: Նրանք ընդհանրապես գիրք գրելու համար օգտագործվող «Նաըսաթլիղ» գրերում վարպետ լինելուց բացի բավարար չափով վարպետ են եղել ««Սոլս», «Ռեյհան», «Մոհաղեղ», «Նասխ», «Ռաղաա» և «Քուֆի» գրերում: Այս գեղագիրներն ստեղծել են արվեստի արժեքավոր գործեր, որոնք այսօր էլ զարդարում են Իրանի ու աշխարհի հավաքածուներն ու թանգարանները:
Սոլթանալի Մաշհադին «Նաըսթալիղ» գրի վարպետներից էր, որը հայտնի էր «Սոլթան-ալ-խաթաթին» անունով: Նա երիտասարդ տարիքում մեկնում է Հարաթ և արժանանում է Սոլթան Հոսեյն Բայղորայի ու Ամիր Ալիշիրի ուշադրությանը: Նա աշխատել է արքայական գրադարանում ու մատյաններում իրեն հիշել է, որպես «Քաթեբ-ալ-սոլթան»: Ամիր Ալիշիրն իր «Մաջալես-ալ-նաֆաես» գրքում արժանավորությամբ է հիշում նրա անունը: Այս մեծ արվեստագետն Ամիր Ալիշիր Նավայիի «Մաջալես-ալ-նաֆաես» գիրքը արտագրել է Ամիրի տան ավազանի մարմարե քարի վրա: Թեյմուրյան շրջանի վերջին տարիների արքայազններից ու պալատականներից շատերի գերեզմանաքարերի վրայի գրությունները Սոլթանալի Մաշհադիի աշխատանքն են: Պատմում են, որ մի օր Սոլթան Հոսեյնը նրան խնդրում է գերեզմանաքար պատրաստել իր համար, բայց Սոլթանալին հրաժարվում է: Սոլթանի պնդումով ի վերջո Սոլթանալին համաձայնում է ու նրա համար պատրաստում եզակի մի գերեզմանաքար, որը բոլորին հիացմունք է պատճառում:
Սոլթանալին այնպիսի հռչակի է տիրանում, որ նրա ստեղծագործությունները հավաքում են արվեստի շատ սիրահարներ: Դրանցից կարելի է հիշել Յաաղուբ Աղ Ղոյունլուին, ով ինքը լինելով գեղագիր հավաքել է Սոլթանալիի ձեռագրով մատյանները: Սոլթանալին Սուլթան Հոսեյն Բայղարայից ու Ամիր Ալիշիրից բացի նաև ստեղծագործել է ուրիշների համար, որոնցից կարելի է հիշել Գոլխանի Ասթարաբադիի երկերի ժողովածուն ու Խալիլ Նեյզեչիի բաղնիսի արձանագրությունը: Սուլթան Հոսեյն Բայղարայի և Ամիր Նեզամեդդին Ալիշիր Նավայիի հոգատարության շնորհիվ պահպանված Սոլթանալիի ստեղծագործությունները կարելի դասակարգել արձանագրությունների, մատյանների և արվեստի առանձին գործերի խմբերում:
Այդ արձանագրություններից են Հարաթից դուրս գտնվող Մոհամմեդ Իբն Բայղորայի գերեզմանաքարի, ինչպես նաև Խաջե Աբդոլլահ Անսարիի գերեզմանաքարի արձանագրությունները:
«Գույ-օ-չոգան»-ը, Խայամի քառյակները, Ջամիի «Թոհֆաթ-ալ-ահրար»-ը, Նեզամիի «Մախզան-ալ-ասրար»-ը, Հաֆեզի երկերի ժողովածուն, Խաջե Աբդոլլահ Անսարիի «Մոնաջաթնամե»-ն, Սաադիի «Բուսթան»-ն ու տասնյակ այլ գրքեր Ամիր Ալիշիրի հովանավորությամբ արտագրվել են Սոլթանալիի միջոցով:
Սոլթանալիի ստեղծագործությունների շարանից պահպանվում են Բահրամ Միրզային, Շահ Էսմայիլին, Շահ Թահմասբին, Շահ Աբբաս Սաֆավիին պատկանող շուրջ 470 արվեստի առանձին գործեր, որոնք զարդարում են Իրանի ու աշխարհի թանգարաններն ու արվեստի հավաքածուները: