Օգոստոս 15, 2016 05:11 Asia/Yerevan

Ողջույն ձեզ թանկագին բարեկամներ: Ինչպես միշտ մեր հաղորդման ընթացքում կանդրադառնանք մի շարք գեղարվեստական իրադարձությունների: Իսկ եթերում մեզ կընկերակցի մեր թղթակիցը: Մնացեք մեզ հետ:

Իրանից ժամանած խմբի մասնակցությամբ, Հայաստանում մեկնարկել է մնջախաղի միջազգային փառատոնը:

Իրանի Ռադիոհեռուստատեսության լրատվական ծառայության հաղորդման համաձայն, Հայաստանի Ծաղկաձոր քաղաքում մնջախաղի փառատոնին մասնակցած իրանցի ռեժիսոր Նազանին Վալաջամն ասել է.-«Մեր ներկայացումը հիմնված է մարմնի շարժումների վրա: Այն իրանական մշակութային ակունքներ ունի և  ներկայացնում է կենդանի էակների ձգտումը` կատարելության հասնելու նպատակով»:

Իրանի և Հայաստանի մշակութային համագործակցությունների ընդլայնման շրջանակներում ավելացել է իրանական թատերական խմբերի մասնակցությունը Հայաստանի փառատոներին  և սա արդեն երկրորդ  տարին է, որ իրանական խումբը մասնակցում է Հայաստանի մնջախաղի միջազգային փառատոնին:

Հայաստանի մնջախաղի հինգերորդ միջազգային փառատոնին մասնակցում էին ԻԻՀ, Հայաստանի, Ռուսաստանի, Վրաստանի, Ֆրանսիայի, Ուկրաինայի, Սերբիայի և Հարավային Աֆրիկայի խմբերը: Փառատոնը շարունակվեց մինչև օգոստոսի 15-ը:

 

 

 

 

 

 «Մանկական եվրատեսիլ» երգի միջազգային հեղինակավոր մրցույթին այս տարի Հայաստանը կներկայացնեն Մերի Վարդանյանն ու Անահիտ Ադամյանը:

Հանրային հեռուստաընկերության ստեղծագործական խմբի որոշմամբ, ներքին ընտրության արդյունքում՝ հենց նրանք կլինեն հայաստանյան պատվիրակները ճանաչված և սիրված մրցույթում և ելույթ կունենան դուետով:

13-ամյա Անահիտ Ադամյանը թեև ծնվել է Սոչի քաղաքում, այնուամենայնիվ, հայրենիքի հետ կապը շատ ամուր է: Մանկուց սիրում է երգել, իսկ երաժշտական առաջին պրոֆեսիոնալ քայլերը սկսել է 2013 թ-ից, ուսանել նաև Հայաստանում:

«Մանկական եվրատեսիլ»-ին մասնակցելը Անահիտի երազանքներից մեկն է եղել: «Շատ երջանիկ եմ, որ այս տարի հնարավորություն ունեմ ներկայացնելու Հայաստանը իմ ամենասիրելի մրցույթում: Իսկապես մեծ հույսեր ունեմ, որ լավագույնս կներկայանանք մրցույթին»,- նշում է Անահիտ Ադամյանը:

 Իսկ ահա 13-ամյա Մերի Վարդանյանը ծնվել է Գեղարքունիքի մարզի Վարդենիս քաղաքում: Երաժշտական պրոֆեսիոնալ առաջին քայլերն արել է 2011 թվականից և սկսել է ուսանել «ԷՄԻ-ԲԻ» պրոդյուսերական ընկերության «Դո-Ռե-Մի» վոկալ դպրոցում:

Մերին ևս մասնակցել է տարբեր միջազգային մրցույթների: 2015 թ-ին մասնակցել է երաժիշտ-կատարողների «Վերածնունդ» միջազգային մրցույթ -փառատոնին և արժանացել գլխավոր մրցանակի: 2016 թ-ին «Ազգերի բարեկամություն» առաջին միջազգային մրցույթում արժանացել է առաջին մրցանակի: «Շատ անգամներ եմ երազել և պատկերացրել, թե ինչպես եմ մի օր կանգնելու եվրատեսիլյան բեմում և երգելու: Դա իսկական հրաշք է, այդ օրը շատ մոտ է: Մենք ամեն ինչ կանենք, որ վառ ու գունեղ ելույթ ունենանք»,- նշում է Մերի Վարդանյանը:

 «Մանկական եվրատեսիլ»-ն այս տարի կանցկացվի 14-րդ անգամ և կկայանա նոյեմբերի 20-ին Մալթայի մայրաքաղաք Վալետտայում, որը 2-րդ անգամ է հյուրընկալում մրցույթը:

Ի դեպ, մրցույթի կանոններում այս տարի մի քանի փոփոխություններ են մտցվել: Մրցույթին հնարավորություն ունեն մասնակցելու 9-14 տարեկան երեխաները՝ նախկինում 10-15-ի փոխարեն: Այս տարի հանվել է հեռուստադիտողի քվեարկությունը: Հաղթողը կորոշվի պրոֆեսիոնալ և մանկական ժյուրիների քվեարկության արդյունքում: Վերջնական փոփոխվել են նաև մրցույթի հեռարձակման ժամերը. եվրատեսիլյան երկրպագուները հնարավորություն կունենան դիտելու այն ոչ թե գիշերը, այլ երեկոյան:

 Մրցույթին իրենց մասնակցությունն արդեն հաստատել են Ալբանիան, Հայաստանը, Բելառուսը, Բուլղարիան, Կիպրոսը, Իռլանդիան, Իտալիան, Մակեդոնիան, Մալթան, Մոնտենեգրոն, Նիդերլանդները, Լեհաստանը, Ռուսաստանը, Ուկրաինան:

 

 

ՀՀ մշակույթի նախարարության աջակցությամբ՝ հուլիսի 29-ից օգոստոսի 2-ը կայացել են Հայաստանի պետական կամերային նվագախմբի եվրոպական հյուրախաղերը՝ նվիրված Հայաստանի Հանրապետության անկախության 25-ամյակին:

Նվագախումբը, գեղարվեստական ղեկավար և գլխավոր դիրիժոր Վահան Մարտիրոսյանի ղեկավարությամբ, հինգ փառատոնի շրջանակում համերգներով հանդես է եկել Ֆրանսիայում և Շվեյցարիայում` ցուցաբերելով կատարողական բարձր վարպետություն և արժանանալով հանդիսատեսի ու երաժշտասերների ջերմ ընդունելությանը:

Համերգների ընթացքում նվագախմբի, ինչպես նաև երիտասարդ տաղանդավոր ջութակահար Դիանա Ադամյանի կատարմամբ հնչել են հայ և արտասահմանյան կոմպոզիտորների, այդ թվում՝ Կոմիտասի ստեղծագործությունները:

 

Տրետյակովյան պատկերասրահում Հովհաննես Այվազովսկու 200-ամյակին նվիրված ցուցահանդեսն այցելուների քանակով գերազանցում է Սերովի ցուցահանդեսը, հայտնել է ՌԴ մշակույթի նախարար Վլադիմիր Մեդինսկին:

«Երկու շաբաթ առաջ բացված Այվազովսկու ընթացիկ ցուցահանդեսի միջին հաճախելիությունն արդեն գերազանցել է Սերովի ցուցահանդեսի հաճախելիությունը»,- ասել է Մեդինսկին լրագրողներին:

Նա նշել է, որ նախօրեին վաճառվել է հարյուրհազարերորդ տոմսը:

Տրետյակովյան պատկերասրահի տնօրեն Զելֆիրա Իսմաիլովան լրագրողներին հայտնել է, որ ցուցահանդեսն ամեն օր մոտ հինգ հազար մարդ է այցելում:

«Ներկա պահի դրությամբ 11 օրվա ընթացքում ցուցահանդեսը 54719 մարդ է այցելել, միջինում` օրը հինգ հազար մարդ: Վալենտին Սերովի ցուցահանդեսի առաջին երկու շաբաթվա հաճախելիությունը կազմել է օրական 4,5 հազար մարդ»,- ասել է տնօրենը:

Ինչպես նշում է Interfax-ը` հղում անելով թանգարանի մամուլի ծառայությանը, ներկա դրությամբ վաճառվել է ցուցահանդեսի 108917 տոմս:

 

 

Ուկրաինան հնարավորություն է ստացել կրկին պայքարել «Օսկար» մրցանակի համար. ԱՄՆ-ի գիտությունների և կինեմատոգրաֆիկ արվեստների ակադեմիան ընդունել է ուկրաինական օսկարյան հանձնաժողովի լիազորությունները, հայտնել է Ուկրաինայի Պետկինոյի նախագահ Ֆիլիպ Իլյենկոն:

Նա նշել է, որ այս տարի երկիրը կրկին կարող է մասնակցել կինոմրցանակի համար պայքարին:

2015-ին ոչ մի ուկրաինական ֆիլմ չի ներկայացվել «Օսկար»-ի` Ուկրաինայի կինոգործիչների ազգային միության և Ուկրաինայի պրոդյուսերների միության հակասությունների պատճառով:

2016-ի թեկնածուների թվում է Եվգենի Աֆինեևսկու «Ձմեռը կրակի մեջ. Ուկրաինայի պայքարը հանուն ազատության» փաստագրական ֆիլմը:

 

 

Ջոան Ռոուլինգի «Հարի Փոթերն ու անիծված երեխան» պիեսը իր պահանջարկով անցել է Շեքսպիրի «Ռոմեո և Ջուլիետ» պիեսին, որը երկար տարիներ Բրիտանիայում ամենամեծ պահանջարկ ունեցող գիրքն է եղել, հաղորդում է  Daily Mail-ը:

Վաճառքի սկսվելուց մեկ շաբաթ անց արդեն վաճառվել է 847.886 գիրք:

Նշվում է, որ անկախ նրանից, որ Ռոուլինգի վերջին գիրքը մեծ պահանջարկ ունի, սակայն Հարի Փոթերի մասին նախորդ գրքերն ավելի արագ էին վաճառվում:

 

 

Բելգիացի ռեժիսորներ Ժան Պիեռ եւ Լյուկ Դարդենները պատմել են ժամանակակից Եվրոպայում ահաբեկչության բռնկմանը նվիրված դրամա նկարահանելու պլանների մասին: Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, նրանց հայտարարությունը օգոստոսի 11-ին փոխանցել է Variety-ն:

«Ներկայում մենք գրում ենք սցենարը: Նկարահանելու ենք Բելգիայում, իսկ հույս ունենք այն ավարտել մինչեւ եկող տարվա աշուն»,- հայտնել է Լյուկ Դարդենը:

Ռեժիսորը նաեւ պատմել է այն նախագծերի մասին, որոնցում ինքն ու իր եղբայրը հանդես են գալիս որպես պրոդյուսերներ: Խոսքը վերաբերում է Ամելի Վանելբդի «Ծիծաղելի հայրիկը» տրագիկոմեդիային եւ դերասան Ժերեմի Ռենիեի ու նրա եղբոր՝ Յանիկի «Գիշատիչը» ռեժիսորական աշխատանքին, որի նկարահանումները նույնպես արդեն մեկնարկել են:

Դարդենների առայժմ վերջին «Անհայտ աղջիկը» ֆիլմը մայիսին մասնակցել է Կաննի փառատոնի հիմնական մրցույթին, բայց մնացել է առանց մրցանակների: Ավելի վաղ եղբայրները երկու անգամ շահել են կինոստուգատեսի «Ոսկե արմավենու ճյուղը» «Ռոզետա» եւ «Մանկիկը» ֆիլմերի համար: