Գեղարվեստական հաղորդում (24)
Ողջույն ձեզ թանկագին բարեկամներ: Ինչպես միշտ մեր հաղորդման ընթացքում կանդրադառնանք մի շարք գեղարվեստական իրադարձությունների: Իսկ եթերում մեզ կընկերակցի մեր թղթակիցը: Մնացեք մեզ հետ:
Ծաղկաձոր քաղաքի Ծաղկունյաց հրապարակում տեղի ունեցավ Լ.Ենգիբարյանի անվան մնջախաղի միջազգային 5-րդ փառատոնի փակման հանդիսավոր արարողությունը: Միջոցառման փակմանը ելույթ ունեցավ Երևանի մնջախաղի պետական թատրոնը, և իր սպասված բեմադրությամբ հանդես եկավ ֆրանսահայ մնջախաղաց Վահրամ Զարյանը: Նրա ներկայացումը ծափահարությունների բուռն ալիք առաջացրեց:
«Ահա և ավարտին մոտեցավ այս գեղեցիկ տոնը: Շնորհակալություն եմ հայտնում ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանին, ՀՀ մշակույթի նախարարությանը, Ծաղկաձորի քաղաքապետարանին, բոլոր մասնակիցներին: Ամենաջերմ շնորհակալությունն եմ հայտնում հանդիսատեսին և Ծաղկաձորի ոստիկանությանը, որոնք այս վառ օրերի ընթացքում մեր կողքին էին»,-«Արմենպրես»-ի փոխանցմամբ ասաց Երևանի մնջախաղի պետական թատրոնի գեղարվեստական ղեկավար Ժիրայր Դադասյանը:
Միջոցառմանը ներկա էր նաև ՀՀ մշակույթի նախարարության ժամանակակից արվեստի բաժնի թատրոնների գծով մասնագետ Նաիրա Սևունցը: «ՀՀ մշակույթի նախարարության անունից շնորհավորում եմ մնջախաղի միջազգային 5-րդ փառատոնի իրականացման և ամփոփման առթիվ: Սա հրաշալի տոն է: Փառատոնը ոչ միայն մնջախաղացներին փորձ ձեռք բերելու հնարավորություն է տալիս, այլև բարձր ճաշակ է ձևավորում»,-նշեց Նաիրա Սևունցը:
Ծաղկաձոր քաղաքի մշակույթի բաժնի պետ Գերասիմ Մկրտչյանի խոսքով՝ հանրապետության յուրաքանչյուր քաղաքի համար մեծ պատիվ է նման փառատոն հյուրընկալելը:
«Լեոնիդ Ենգիբարյան» ոսկե մեդալներ, մասնակցության հավաստագրեր և հուշանվերներ շնորհվեցին Ուկրաինայի, Հայաստանի, Հարավային Աֆրիկայի, Ռուսաստանի ու Վրաստանի մասնակիցներին: Իրանի ներկայացուցիչները փակման արարողությանը Ծաղկաձորում չէին, սակայն նրանց նույնպես փոխանցվել են իրենց մրցանակները:
Իր ավարտական ելույթում Ժիրայր Դադասյանը Թատերական գործիչների միության նախագահ Հակոբ Ղազանչյանին շնորհակալություն հայտնեց մնջախաղի թատրոնին ելույթների համար տարածք տրամադրելու համար: «Հույս ունեմ, որ ոչ հեռավոր ապագայում Երևանի մնջախաղի պետական թատրոնն իր սեփական շենքը կունենա»,-ասաց մնջախաղի թատրոնի գեղարվեստական ղեկավարը:
Փառատոնն անցկացվում է 2008թ-ից՝ 2 տարին մեկ անգամ: Սակայն ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանի բարձր հովանու ներքո այս տարվանից սկսած այն կդառնա ամենամյա: Ներկայացումներ կցուցադրվեն ոչ միայն Ծաղկաձորում, այլև Դիլիջանում:
---
Քըրք Քըրքորյանի նախաձեռնությամբ նկարահանված և Հայոց ցեղասպանության մասին պատմող «Խոստումը» ֆիլմի պրեմիերան կկայանա Տորոնտոյի Միջազգային կինոփառատոնի շրջանակներում:
Ինչպես տեղեկացնում է Hollywood Reporter-ը` օսկարակիր դերասան Քրիստիան Բեյլի և Օսկար Այզեքի մասնակցությամբ ֆիլմն առաջին անգամ կցուցադրվի սեպտեմբերի 11-ին:
Հիշեցնենք, որ ֆիլմի ռեժիսորն է «Ռուանդա հյուրանոց» ֆիլմը նկարահանած օսկարակիր ռեժիսոր Թերի Ջորջը: Ֆիլմում նկարահանվել է նաև Շառլոտ Լը Բոնը: Հայտնի է, որ նկարահանումների մեծ մասն անցկացվել է Իսպանիայում և Պորտուգալիայում:
Ըստ սյուժեի` «Խոստումը» ֆիլմը ներկայացնելու է սիրային եռանկյունի՝ 1922-ին ծավալվող դեպքեր Փարիզում աշխատող ամերիկացի լրագրողի ու տեղացի գեղեցկուհու և ուսանողի միջև:
---
Սիրիացի նշանավոր ռեժիսոր Նեջդեթ Անզորը, չնայած պատերազմին եւ տնտեսական շրջափակմանը, չի թուլացնում աշխատանքի տեմպերը: Ազգային կինեմատոգրաֆի ֆավորիտն այս տարի նոր ֆիլմ է նկարահանել «Դատարանը կտա պատասխանը» անվանմամբ: Պրեմիերային ցուցադրմանը ներկա եղած Սիրիայի մշակույթի նախարար Մուհամեդ ալ Ահմեդն այն որակել է «մեծագույն գլուխգործոց», տեղեկացնում է «Արմենպրես»-ը:
Ինչպես պատմել Է «Ալ Վաթան» թերթը, ֆիլմում գլխավոր իրադարձությունները ծավալվում են Հալեպի կենտրոնական բանտում զինված ընդդիմության կազմավորումների կողմից երկրի այս խոշորագույն պատժիչ հաստատության պաշարման պահին: Առավելագույնս ճշմարտացի վերարտադրված մթնոլորտի եւ դերասանական հզոր կերպարների օգնությամբ Անզորը ցույց է տալիս, թե ինչպես են իրենց պահում մարդիկ այդ օրհասական պայմաններում:
«Ըստ իս, սա ամենաբարձր մակարդակի հոգեբանական կինոնկար է: Սա լավագույնն է, ինչը նկարահանվել է սիրիական կինոարվեստի ողջ պատմության ընթացքում»,-ֆիլմին այս գնահատականն է տվել մշակույթի նախարարը:
«Ազգային մշակույթը պետք է հակազդի կրոնական ատելությանը, որը տարածվում է նրանց կողմից, ովքեր ահաբեկիչներին են ուղարկում Սիրիա»,-ընդգծել է ալ Ահմեդը:
Պատասխան խոսքում Անզորը կոչ է արել իր գործընկերներին՝ «կինոխցիկը որպես զենք օգտագործել եւ թշնամուն ջախջախել գեղարվեստական միջոցներով»: Նա հայտնել է, որ նկարահանումներին բազմաթիվ երիտասարդների է ներգրավել թատերական ինստիտուտի շրջանավարտներից:
«Ֆիլմը նկարահանվել է 300 կենդանի վկայությունների՝ մարդկանց հիշողությունների հիման վրա, որոնք վերապրել են բանտի 13-ամսյա պաշարումը»,-նշել Է ռեժիսորը, հաղորդել է ՏԱՍՍ-ը:
---
Ուիլյամ Շեքսպիրի «Ամառային գիշերվա քունը» կատակերգությունը կվերածվի «Ամառային գիշերվա մղձավանջը» հոգեբանական թրիլլերի: Այն ցուցադրվելու է Lifetime կաբելային հեռուստաալիքով: Փորձնական սերիայի նկարահանումներն արդեն սկսվել են:
Թրիլլերի սյուժեն շեշտադրելու է խաբեությունը, վախն ու սիրո մութ կողմերը: Պատմությունը կառուցված է Ելենա անունով երիտասարդ կնոջ շուրջ, որն ամառային գիշերահավասարի նախօրեին սիրելի տղամարդու հետ անտառ է գնում, որտեղ երեւակայության գիրկն է ընկնում:
Հեռուստաալիքի ներկայացուցիչ Լիզ Գեյթլին խոստովանել է մտահղացման արկածախնդրությունը. մինչեւ հիմա ոչ ոք չի փորձել Շեքսպիրի այս ստեղծագործությունը ներկայացնել սերիալի տեսքով:
Ըստ «Ռոսբալտ»-ի՝ հայտնի է, որ սցենարի հեղինակը Էնթոնի Ջազվինսկին է, իսկ պրոդյուսերներն են Ջեֆ Քվադինեթցը եւ Ջոշ Բերրին:
---
Իսպանական Siloe հրատարակչությունը 10 տարի տևած անհաջող փորձերից հետո ստացել է աշխարհի ամենախորհրդավոր ձեռագրերից մեկի, այսպես կոչված՝ Վոյնիչի ձեռագիրը հանրայնացնելու իրավունք:
Ինչպես նշում է The Guardian-ը, Siloe-ն կարող է անել և հրապարակել ձեռագրի 898 պատճեն: Հրատարակությունը միշտ անում է պատճենների 898 նմուշ, որն առաջին հաջողակ նախագծից հետո անփոփոխ թիվ է դարձել նաև հետագա հրատարակությունների համար:
Աղբյուրը մանրամասնում է, որ ավելի քան 200 էջից և մի քանի խոշոր հավելվածից բաղկացած ձեռագրի պատճենների ստեղծման աշխատանքները կտևեն մոտ 18 ամիս և կարժենան մոտ 7-8 հազար եվրո: Արդեն մոտ 300 մարդ նախապատվեր է արել:
The Guardian-ը գրում է, որ այժմ գիրքը գտնվում է Յելի համալսարանի Բեյմեկի հազվագյուտ գրքերի և ձեռագրերի գրադարանում
Նշենք, որ Վոյնիչի ձեռագիրն անհայտ հեղինակի գիրք է, որը գրվել է մոտ 600 տարի առաջ` անծանոթ լեզվով:
---
Հոկտեմբերի 15-ին Վերոնա «կժամանի» Պաբլո Պիկասոյի աշխատանքների Picasso. Figure զանգվածային ցուցահանդեսը, որն իրենից ներկայացնում է Պիկասոյի փարիզյան թանգարանի միջազգային նոր նախագծի առաջին փուլը:
Ինչպես նշում է italia-ru.com կայքը, Museo Amo - Arena Museo Opera թանգարանի տարածքում ցուցադրվելու են վարպետի կտավներն ու էսքիզները` յուրաքանչյուր ստեղծագործական շրջանից (1895- 1970-ականներ) մեկ խորհրդանշական գործ:
Ցուցահանդեսի այցելուները կտեսնեն այնպիսի հայտնի աշխատանքներ, ինչպիսիք են «Ավինյոնի աղջիկները», «Արտասվող կինը», «Մարի-Թերեզի դիմանկարը» և այլն:
Նշվում է, որ ցուցահանդեսը բաց կլինի մինչև 2017 թվականի մարտի 12-ը:
---
Օգոստոսի 17-ին Լոս-Անջելեսում մահացել է Արթուր Հիլլերը, հաղորդում է Associated Press-ը: Նա մահացել է 92 տարեկան հասակում «բնական պատճառների» հետևանքով, հաղորդում է The Los Angeles Times-ը:
Արթուր Հիլլերը ծնվել է 1923թ-ի նոյեմբերի 22-ին կանադական Էդմոնթոն քաղաքում: Իր կարիերան նա սկսել է CBC հեռուստաալիքում: 1955թ-ին ռեժիսորը տեղափոխվել է ԱՄՆ, որտեղ մի քանի տարի անց նկարահանել է «Անհոգ օրեր» ֆիլմը:
Նրա ֆիլմադարանում ընդհանուր առմամբ առկա է ավելի քան 30 աշխատանք:
---
Հոլիվուդյան ֆիլմերի հասույթները փոքր-ինչ ավելի են 2015-ի ռեկորդային ցուցանիշներից, սակայն դրա հետ մեկտեղ 2016-ի ամառը դարձել է Հոլիվուդի ամենաձախողված շրջանը, հայտնում է The Wall Street Journal-ը:
Ներկայումս նույն քանակի հիթ է թողարկվել, ինչ անցյալ տարի: Սակայն շատ ավելի մեծ թվով ձախողումներ եւ «չափավոր հիասթափություններ» են եղել: Օրինակ՝ կինոստուդիաների մեծ ակնկալիքները չեն արդարացրել այնպիսի ֆիլմեր, ինչպիսին են՝ «Սպիտակաձյունիկը եւ որսորդը-2», «Նինձյա կրիաներ-2», «Անկախության օր. Վերակենդանացում», «Տարզան: Լեգենդ» եւ «Ուրվականների որսորդները» ֆիլմերը:
Այդ ֆիլմերից մեծ մասի արտադրության վրա ծախսվել է 100 մլն դոլարից ավելի, դրանցից որոշների՝ գրեթե 200 մլն դոլար:
---
Արգենտինայում դատարանն իսպանացի բանաստեղծ Ֆեդերիկո Գարսիա Լորկայի մահվան հետաքննություն է սկսել: Դատավոր Մարիա Սերվինին նման որոշում է կայացրել ի պատասխան իսպանական Պատմական հիշողության վերականգնման ասոցիացիայի հարցմանը: Այդ մասին հայտնել են հենց կազմակերպությունից:
Դատավոր Սերվինին արդեն հետաքննում է Իսպանիայում Քաղաքացիական պատերազմի մի շարք հանցագործություններ եւ Լորկայի գործը դարձել է նրա հետաքննության թղթապանակներից մեկը: Իսպանացի բանաստեղծը եւ դրամատուրգը ձախ գաղափարների կողմնակից էր եւ աջակցում էր իսպանական հանրապետությանը: Նա իր հակառակորդների` ֆրանկիստների կողմից ձերբակալվել է Գրանադայում Քաղաքացիական պատերազմի սկսվելուց անմիջապես հետո:
Ենթադրաբար, Լորկան գնդակահարվել է իր ձերբակալության հաջորդ օրը: Նրա մնացորդներն այդպես էլ չեն հայտնաբերվել, հայտնում է BBC-ի ռուսական ծառայությունը:
Պատմաբաններն Իսպանիայում Քաղաքացիական պատերազմում երկու կողմից զոհվածների թիվը գնահատում են 500 հազար մարդ: