Իրանցի հանրահայտ գործիչներ՝ համաշխարհային պարծանքներ (103)
Ողջույն Ձեզ թանկագին բարեկամներ: Նախորդ հաղորդման ընթացքում ձեզ հետ զրուցեցինք լուսնային հիջրեթի 9-րդ դարի հայտնի բանաստեղծ, մտավորական, գրականագետ, գրող ու քաղաքական գործիչ Ամիր Ալիշիր Նավայիի մասին: Նա համաշխարհային ճանաչում ձեռք բերած գործիչ է, ով տարբեր բնագավառներում արժեքավոր ու հիշարժան ծառայություններ է մատուցել: Մեր այսօրվա հաղորդման ընթացքում ձեզ կծանոթացնենք Ամիր Ալիշիր Նավայիի ստեղծագործություններին:
Լիդիա Եգանյանսի կարծիքով «Ամիր Ալիշիրի ստեղծագործություններից զգացվող մշակույթի ու քաղաքակրթության բույրն, այն էլ այնպիսի ժամանակաշրջանում, երբ մոնղոլների միջոցով արյունալի պատերազմներ էին մղվում, ցանկացած պատմագրի ու գրականագետի համար անապատի մեջ ծաղկաստանի նման է, որին հասել է երկար ճանապարհ կտրելուց և չոր ու կիզիչ անապատներից անցնելուց հետո»:
Ամիր Ալիշիր Նավայիի ստեղծագործությունների մեծ մասը գրված են ջողաթայի թուրքերենով, որին այսօր հին ուզբեկերեն են անվանում: Նա իր ուզբեկերեն բանաստեղծություններն ի մի է հավաքել «Խազայեն-ալ-մաանի» կոչվող դիվանում և այդ դիվանը բաժանել է չորս գլուխների: Այդ պատճառով էլ Ամիր Ալիշիրի «Խազայեն-ալ-մաանի»-ն տաջիկերենում հայտնի է «Չորս դիվաններ» անունով:
Ամիր Ալիշիրն իր դիվանի յուրաքանչյուր գլուխը անվանակոչել է ներշնչվելով Ամիր Խոսրո Դեհլավիի բանաստեղծություններից: 55000 երկտող պարունակող այս դիվանը բաղկացած է կասիդաներից, գազելներից ու ղեթըեներից, որոնց նա հորինել է իր կյանքի չորս տարբեր ժամանակաշրջաններում: Նավային իր պատանեկության, երիտասարդության, միջին տարիքի ու հասուն շրջանի բանաստեղծությունները համապատասխանաբար կոչել է «Ղարաեբ-ալ-սաղար», «Նավադեր-ալ-շաբաբ», «Բադայե-ալ-վասաթ» և «Ֆավայեդ-ալ-աքբար»:
«Չորս դիվաններ»-ում ամենաշատը աչքի է զարնում և հատուկ նշանակություն ունի գազելը և հայացք նետելով այս հավաքածուին կարելի է ըմբռնել գազելներ հորինելու Ամիր Ալիշիրի հմտությունը:
Նավային դուրս է գալիս գազելի բովանդակության համար որոշված սահմաններից, որը մինչև այդ ժամանակաշրջանը ծառայում էր բանաստեղծի անձնական զգացմունքների ու ապրումների արտահայտմանը և գազելի մեջ ներկայացնում է իր ժամանակաշրջանի հասարակական կյանքն ու կենսափորձը: Նա ուզբեկական թուրքերենով գազելը բարձրացրեց արդիական մակարդակի և նրան հարստացրեց բովանդակության ու ձևի տեսակետից:
Ամիր Ալիշիրը նուրբ բառեր օգտագործելով, նոր եզրույթներ ու բառակապակցություններ ստեղծելով, ինչպես նաև վարպետորեն պարսկերեն ու արաբերեն բառերից օգտվելով կարողացավ մեծացնել բանաստեղծական թանձր զգացմունքների ու ապրումների, ինչպես նաև կյանքի ու բնության երևույթների մեկնաբանման համար լեզվի կարողությունը:
Ամիր Ալիշիրի «Չորս դիվաններ»-ից ու հատկապես նրա գազելներից կարելի է ծանոթանալ նրա մտքերին ու գաղափարներին: Նա բնազդով հումանիստ ու մարդասեր բանաստեղծ է և իր քաղաքական, հասարակական, գրական ու մշակութային ամբողջ գործունեությունը հատկացրել է մարդկանց աշխարհիկ ու հոգևոր կյանքի բարելավմանը: Նա մտահոգվում է մարդկանց համար և մարդ չի համարում նրան, ով չի տառապում մարդկանց ու Աստծո արարածների ցավերով:
Ամիր Ալիշիր Նավային մարդկանց միջև բարեկամության ու համախոհության և թշնամությունների վերացման ջատագով է: Նա դիմելով աշխարհի մարդկանց ասում է, որ միմյանց հետ թշնամությունը մարդուն վայել չէ, և պիտի բարեկամ ու համախոհ լինել միմյանց հետ:
Նավային բարու և արդարության համառ կողմնակից է և հասարակության հանգիստն ու անդորրը տեսնում է արդար համակարգի ու արդար իշխանի գոյության մեջ: Նա այդ գաղափարը գեղեցկորեն արտահայտել է իր տարբեր մասնավիներում, հատկապես «Խամսե»-ում և մասնավորապես «Սադ-ե Սեքանդարի»-ում:
Մարդկային բարի ու գնահատելի հատկանիշներն, այդ թվում գիտության սերտումը, անձնվիրությունը, մարդասիրությունը, ճշտապահությունն ու ազնվությունը, բարությունը, բավարարությունը, առատաձեռնությունը, մեծահոգությունը, համեստությունը և հեռատեսությունը կենսական հարցեր են, որոնց Նավային անդրադարձել է իր բանաստեղծություններում, հատկապես ղեթըեներում ու ռուբայիներում և ընդհակառակը պախարակել է գեշ հատկանիշներն, այդ թվում տգիտությունը, խավարամտությունը, բռնությունն ու անարդարությունը, ընչաքաղցությունը, դավաճանությունը, մարդկանց նեղելն ու այլ գեշ արարքները: Ամիր Ալիշիրը շարունակ գովեստով է արտահայտվել բարի, ջանասեր ու աշխատասեր մարդկանց մասին և նրանց հովանավորելու և խրախուսելու ուղղությամբ որևէ ջանք չի խնայել և ընդհակառակն իր բանաստեղծություններում քննադատել է ծույլ ու անբան մարդկանց, որոնք բեռ են դառնում հասարակության համար:
Ամիր Ալիշիրի գրական մյուս ստեղծագործությունը «Քառասուն ռուբայիներ» են, որոնք համարվում են քառասուն հադիսների պարսկերենից թուրքերենի կատարված թարգմանությունը: Այս գիրքը մշակվել է Աբդոլռահման Ջամիի նույն խորագիրը կրող պարսկերեն գրքի հիման վրա և կարելի է այն Ջամիի գրքի ջողաթայի լեզվով թարգմանությունը համարել:
Ինչպես նախորդ հաղորդումների ընթացքում ասացինք, Ամիր Ալիշիրն իր ուսուցչի՝ իրանցի անվանի բանաստեղծ Աբդոլռահման Ջամիի կողմից միստիցիզմում դառնում է «Նաղշբանդիե»ուղղության հետևորդը ու այդ պատճառով հիշյալ ուղղության հիմնական հարցերը հատուկ տեղ են գրավում նրա ստեղծագործություններում:
Թեև բանասերները Ամիր Ալիշիրի դավանանքի մասին նույն կարծիքը չունեն, սակայն փաստերի ու պատմական աղբյուրների համաձայն ակնհայտ է Հազրաթ Ալիի և Մարգարեի գերդաստանի հանդեպ Ամիր Ալիշիրի սերն ու համակրանքը: «Նազմ-ալ-ջավահեր»-ը Հազրաթ Ալիի հանդեպ նրա համակրանքի գագաթնակետն է համարվում: Թուրքերենով հորինված «Նազմ-ալ-ջավահեր»-ն այս համակրանքի ու սիրո լավագույն ապացույցն է: Գիրքը «Նասր-ալ-լաալի» գրքի չափածո թարգմանությունն է, որը պարունակում է Հազրաթ Ալիին վերագրվող հադիսները և հավաքագրվել է շիա անվանի հոգևորական Շեյխ Թաբրասիի կողմից:
Նավային գրքի նախաբանում բացատրում է. «Իմ հանդեպ Սուլթան Հոսեյն Բայղարայի ցուցաբերած բարությունը հատուցելու համար, ցանկանում էի թագավորավայել պարգև մատուցել նրան ու չգիտեի ինչ անել և հանկարծ անհայտից մի ձայն լսեցի, որ ասում էր «Եթե արժանի մարգարիտ ես ցանկանում դա «վելայեթ»-ի անսահման ծովից պահանջիր»: Նավային ապա շարունակում է. «Իմանալով թե այդ ներքին ձայնն ինչի է ակնարկում սկսեցի Հազրաթ Էմիրի «Նասր-ալ-լաալի»-ի թարգմանությունը, քանզի նրա կերտած ցանկացած մարգարիտն արժանի գտա խրատ ընդունող ունկերի համար»: Գիրքը պարունակում է թուրքերենով գրված 260 ռուբայի: Խաունդ Միրի վկայությամբ մինչև Նավային ուրիշ մեկը դեռ թուրքերեն լեզվով ռուբայի չէր հորինել: