Հոկտեմբեր 03, 2016 21:16 Asia/Yerevan

Ողջույն ձեզ թանկագին բարեկամներ: Ինչպես միշտ մեր հաղորդման ընթացքում կանդրադառնանք մի շարք գեղարվեստական լուրերի: Իսկ եթերում մեզ կընկերակցի մեր թղթակիցը: Ընկերակցեք մեզ:

«Սովորական քաղաքացի» ֆիլմը շահել է Սան Ֆրանցիսկոյի 2016 թվականի իրանական ֆիլմերի փառատոնի երեք գլխավոր մրցանակները:

Մաջիդ Բարզեգարի «Սովորական քաղաքացի» ֆիլմը շահել է Սան Ֆրանցիսկոյի 2016 թվականի իրանական ֆիլմերի փառատոնի լավագույն ֆիլմ  և լավագույն բեմադրիչ ռեժիսոր  անվանակարգերի «Սեփանթա» մրցանակը: Ֆիլմի գլխավոր դերասան Սուրեն Մնացականյանին հանձնվել է լավագույն գլխավոր դերակատարի մրցանակը:

Բարզեգարի նախորդ «Փարվիզ» ֆիլմը երեք շրջան առաջ շահել էր Սան Ֆրանցիսկոյի իրանական ֆիլմերի հինգ «Սեփանթա» մրցանակները: Սան Ֆրանցիսկոյի կինոփառատոնի ժամանակ «Սովորական քաղաքացի» ֆիլմը  ցուցադրվել է 19-րդ անգամ  : Այն ավելի վաղ մասնակցել է տարբեր փառատոների և արժանացել է մրցանակների:

Իրանի «Ֆաջր» միջազգային կինոփառատոնի 34-րդ շրջանի «Արվեստ ու փորձ» բաժնում ցուցադրված «Սովորական քաղաքացի» ֆիլմը պատմում է թոշակի անցած մի ծերունու մասին, ով ապրում է Թեհրանի շրջակա ավաններից մեկում: Նրա միակ որդին բուժման համար նրան հրավիրում է Կանադա: Ուղևորությունից հետո ծերունու  միապաղաղ կյանքն ալեկոծվում է

Թեհրանի կարճամետրաժ ֆիլմերի 33-րդ փառատոն

41 երկրից ներկայացված 100 ֆիլմեր մրցելու են Թեհրանի կարճամետրաժ ֆիլմերի 33-րդ փառատոնի միջազգային բաժնում:

Թեհրանի կարճամետրաժ ֆիլմերի փառատոնի շտաբի հայտարարության համաձայն, աշխարհի 117 երկրից ներկայացված  3668 ֆիլմեր Թեհրանի կարճամետրաժ ֆիլմերի 33-րդ կինոփառատոնին մասնակցելու հայտ են ներկայացրել: Դրանցից 100-ը կներկայացվեն կինոփառատոնի միջազգային, ասիական երկրների և վիդեոարթի ոչ-մրցութային բաժիններում:

Համաձայն  հաղորդման, Թեհրանի կարճամետրաժ ֆիլմերի փառատոնին մասնակցության հայտ ներկայացրած 117 երկրներից Ֆրանսիան 635 հայտերով գրավում է առաջին տեղը, իսկ նրան հաջորդում են Գերմանիան՝ 349 և Իսպանիան՝ 302 ֆիլմերով:

Թեհրանի կարճամետրաժ ֆիլմերի միջազգային 33-րդ կինոփառատոնը տեղի կունենա նոյեմբերի 8-ից 14-ը`  քաղաքի  «Չարսու» կինոթատրոնում:

Հայաստանում արտասահմանյան նկարահանումները պետք է ազատել հարկերից

Հայաստանում արտասահմանյան նկարահանումները պետք է ազատել հարկերից: Այս մասին սեպտեմբերի 29-ին՝ Կառավարության նիստից հետո, լրագրողներին ասել է մշակույթի նոր նախարար Արմեն Ամիրյանը:

Նրա կարծիքով դա կարող է հետաքրքրել եւ գրավել օտարերկրյա պրոդյուսերական կենտրոններին եւ հետաքրքրություն առաջացնել Հայաստանի նկատմամբ:

«Անհրաժեշտ են նոր համատեղ կինոնախագծեր Ռուսաստանի, Չինաստանի, Իրանի հետ: Այս երկրների պրոդյուսերական կենտրոնների հետ հանդիպումներ արդեն պլանավորվում են: Առաջին հերթին՝ Ռուսաստանում, որտեղ կինեմատոգրաֆիայում աշխատում են մեր հայրենակիցներից շատերը»,- ասել է նա:

Հիշեցնենք, որ վերջին տարիների ընթացքում Հայաստանում, ընդորում նաև հայ դերասանների մասնակցությամբ նկարահանվել են իրանական բազմաթիվ ֆիլմեր ու հեռուստասերիաներ:

«Վերջին բնակիչը»

Ռեժիսոր Ջիվան Ավետիսյանի «Վերջին բնակիչը» ֆիլմը շուտով կը ցուցադրվի Երեւանի կինոթատրոններում. ֆիլմը նոյեմբերի 17-ից կը ցուցադրվի «Կինո Պարկ», «Սինեմա Սթար» եւ «Մոսկվա» կինոթատրոններում:

Ֆիլմի սցենարի հեղինակը Մասիս Բաղդասարյանն է, որի հետ համագործակցությունը «Թեւանիկ» ֆիլմից է գալիս: Ֆիլմի երաժշտությունը գրել է հայտնի երաժիշտ Սերժ Թանգյանը, իսկ երաժշտությունը ձայնագրվել է Հայաստանում՝ ֆիլհարմոնիկ նվագախմբի եւ «Հովեր» պետական կամերային երգչախմբի մասնակցությամբ:

Ֆիլմը 70-ամեայ մի մարդու՝ քարտաշ Աբգարի մասին է, ով միայնակ է մնացել հարազատ գյուղում, քանի որ ազգամիջյան հակամարտության արդյունքում մյուսները բռնի տեղահանվել են: Նա մնացել է իր գյուղում՝ որոնելու իր աղջկան, ով, ինչպես պարզվում է հետագայում, հոգեկան խնդիրներ ունի, քանի որ տեսել է այդ բոլոր վայրագությունները: Հոր միակ խնդիրն աղջկան փրկելն է: Տղամարդու շուրջը գնալով նեղանում է օղակը, քանի որ գյուղում հայտնվում են տարբեր խմբավորումներ, թալանչիներ… Աբգարը դստեր հետ փորձում է թշնամու օղակը ճեղքել, որպեսզի փրկի աղջկան՝ չնայած այն հանգամանքին, որ վերջինս այլեւս անհաղորդ է աշխարհին:

Հիշեցնենք, որ ֆիլմի գլխավոր դերում հանդես է եկել իրանցի հանրահայտ դերասան Հոմայուն Էռշադին:

Յուսուֆ Քարշ

Լոնդոնի Beetles + Huxley  պատկերասրահում ընթանում է հայկական ծագմամբ կանադացի հայտնի լուսանկարիչ Յուսուֆ Քարշի ցուցահանդեսը, հայտնում է բրիտանական   The Guardian թերթը:

Հայտնի լուսանկարչի աշխատանքների ցուցահանդեսը կտեւի  սեպտեմբերի 20-ից մինչեւ հոկտեմբերի 22-ը:

1921-ին Քարշի ընտանիքը փրկվել է Հայոց ցեղասպանությունից` Սիրիա փախչելով ավանակով, որը նրա ընտանիքի միակ ունեցվածքն էր:   Քարշի հորեղբայրը, որը Քվեբեկում էր ապրում, ընտանիքին նամակ է գրում` խնդրելով օգնել իրեն լուսանկարչական իր ստուդիայում եւ 16-ամյա Յուսուֆը մեկնում է Կանադա: Հետագայում Քարշը սովորում է Բոստոնում եւ տեղափոխվում Օտտավա, որտեղ սկսում է լուսանկարել հայտնիներին:

Ճակատագրական է դառնում Ուինսթոն Չերչիլի դիմանկարը, որը հայտնվում է Time ամսագրի կազմին: Չերչիլի նույն ֆոտոսեսիայից եւս մի լուսանկար հայտնվել է հինգֆունտանոց թղթադրամի վրա:

Վիլյամ Շեքսպիրի 400-րդ տարելից

Եվս մեկ օր Շեքսպիրի հետ. Երևանի Գրականության և արվեստի թանգարանում Վիլյամ Շեքսպիրի 400-րդ տարելիցի կապակցությամբ օտարերկրացի եւ հայ գրականագետները հանդես եկան Շեքսպիրի եւ շեքսպիրյան բեմադրությունների մասին պատմող հետաքրքիր զեկուցումներով:

«Մենք գտնվում ենք այնպիսի մի թանգարանում, որտեղ պահպանվում է եւ հայ, եւ համաշխարհային շեքսպիրագիտության նշանավոր դեմքերի ժառանգությունը: Այն ամենն, ինչ  կապված է Շեքսպիրի հետ, առաջին հերթին խոսում է բարձր ճաշակի մասին: Եվ դա միայն այսօր չէ այդպես. դա այդպես է եղել 100, 200 տարի առաջ: Վերջին հարյուրամյակների ընթացքում մարդկությունը ավելի վեհ բան, քան Շեքսպիրի ստեղծագործությունները, դեռ չի տեսել»,- «Արմենպրես»-ի հաղորդմամբ` ասաց թանգարանի տնօրեն Կարո Վարդանյանը:

Թանգարանը շեքսպիրագետներին եւ պարզապես Շեքսպիրի սիրահարներին ներկայացրեց «Շեքսպիրը հայ բեմում անցած 150 տարիների ընթացքում» խորագրով ցուցահանդես: Ներկաներին ցուցադրվեցին շեքսպիրյան ներկայացումներից հանդերձանքներ, որոնք կրել են հայ մեծ դերասանները` Պետրոս Ադամյանը, Վահրամ Փափազյանը, Հրաչյա Ներսիսյանը, Սիրանույշը, իրեր, որոնք օգտագործել են կերպարները կերտելիս, շեքսպիրյան գործեր, որոնք թարգմանվել են հայերի կողմից եւ այլն:

Երաժշտության միջազգային օր

Հոկտեմբերի մեկն ամբողջ աշխարհում տոնվում է որպես Երաժշտության միջազգային օր (International Music Day), որը հաստատվել է ՅՈՒՆԵՍԿՈՅԻ Միջազգային երաժշտական խորհրդի կողմից: Նրա նպատակն է` հասարակության բոլոր շերտերում  երաժշտական արվեստի տարածումը, ժողովուրդների միջեւ բարեմակության հաստատումը, մշակույթների զարգացումը  եւ գեղագիտական արժեքների նկատմամաբ փոխադարձ հարգանքի հաստատումը:

Երաժշտության օրն առաջին անգամ տոնվել է 1975-ի հոկտեմբերի 1-ին:

Դարերի եւ հարազարամյակների ընթացքում երաժշտությունը եղել է մարդականց  ստեղծագործական ինքնարտահայտման, նրանց մշակութային ավանդույթների, կրոնական ծեսերի եւ առօրյա գոյության մի մասը:

Երաժշտության ձայնագրման եւ ստեղծագործելու հնարավորությունները այն առավել հասանելի են դարձնում, մուլտիմեդիայի նոր միջոցները հնարավարություն են տալիս  լսել եւ տեսնել երաժիշտների ելույթները առավել կատարյալ կրիչների միջոցով:

Վինսենթ Վան Գոգ

Իտալիայի ոստիկանությունը հայտնաբերել է Վինսենթ Վան Գոգի երկու գողացված նկարները: Գլուխգործոցները գողացել էին 2002 թվականի դեկտեմբերին Ամստերդամում Վան գոգի թանգարանից, հաղորդում է Sky News-ը:

Նեապոլում մաֆիայի դեմ պայքարի շրջանակներում շուրջկալի ժամանակ ոստիկանությունը հայտնաբերել է Վան Գոգի վաղ շրջանի երկու կտավները:

Թանգարանի ներկայացուցչի խոսքով, գողերը կտավները հանել են շրջանակից, բայց դրանք չեն տուժել եւ լավ վիճակում պահպանվել են:

Գրականության բնագավառում Նոբելյան մրցանակ

Գրականության բնագավառում Նոբելյան մրցանակի դափնեկրի անունը կհայտարարվի հոկտեմբերի 13-ին` մեկ շաբաթով ավելի ուշ, քան նախորդ տարիներին, հաղորդում է Associated Press-ը:

Սովորաբար գրական մրցանակակրի անունը հայտնի է դառնում մյուս նոբելյան դափնեկիրների անունների հետ մեկտեղ` նույն շաբաթվա ընթացքում, սակայն այս տարի մրցանակ բաշխող Շվեդական ակադեմիայի ժամանակացույցի պատճառով անհրաժեշտ է եղել փոփոխություններ մտցնել օրակարգում:

Շվեդական ակադեմիայի անդամ Պեր Վաստբերգը պարզաբանել է, որ թեկնածուները որոշվում են աշնանը` սեպտեմբերի նախավերջին հինգշաբթիից սկսած: Հանդիպումները տեղի են ունենում չորս հինգշաբթի անընդմեջ: 2016 թվականին նախավերջին հինգշաբթին սեպտեմբերի 22-ին է եղել, այդ իսկ պատճառով վերջին հանդիպումը տեղի կունենա հոկտեմբերի 13-ին:

Նշվում է, որ ավելի ուշ ամսաթիվ որոշելը կարող է ակադեմիայում տարաձայնությունների մասին խոսակցություններ առաջացնել, սակայն Վաստբերգը հայտնել է, որ հարցը միայն «մաթեմատիկան» է:

Խոան Միրո

Պորտուգալիայի կառավարությունը որոշել է որպես պետական սեփականություն պահպանել իսպանացի նկարիչ և քանդակագործ Խոան Միրոյի 85 աշխատանք՝ այն բանից հետո, երբ դրանք արտերկրին վաճառելու շուրջ սկանդալ է առաջացել:

Ինչպես նշում է RNS-ը, կտավների արժեքը գնահատվում է մոտ 35 միլիոն եվրո: 2008 թվականին դրանք դարձել են Պորտուգալիայի պետական սեփականությունը, երբ երկիրն ազգայնացրել է BPN բանկը, որին պատկանել է այդ հավաքածուն:

Աղբյուրը մանրամասնում է, որ 2014 թվականին երկրի նախորդ կառավարությունը կտավներն աճուրդի է հանել Լոնդոնում, սակայն ավելի ուշ հանել է դրանք աճուրդից՝ ակտիվիստների ու ընդդիմադիրների բազմաթիվ ելույթների պատճառով, որոնք պահանջել են կտավները թողնել Պորտուգալիայում:

Կայքը գրում է, որ Պորտուգալիայի վարչապետ Անտոնիու Կոշտան չի պարզաբանել` արդյոք այդ աշխատանքները կմնան որպես պետական սեփականություն, թե կվաճառվեն երկրի կոլեկցիոներներին: Կառավարության ներկայացուցչի խոսքով` կտավները կարող են վաճառվել անհատներին այն պայմանով, որ դրանք դուրս չեն բերվի Պորտու քաղաքից: