Հոկտեմբեր 04, 2016 16:05 Asia/Yerevan

Ողջույն Ձեզ թանկագին բարեկամներ:  Այսօր մեր հաղորդման ընթացքում կծանոթանաք լուսնային հիջրեթի 9-րդ դարի իրանցի հայտնի գրող, գիտնական, աստղագետ, Ղուրանի մեկնաբան ու մաթեմատիկոս Մոլանա Հոսեյն Վաեզ Քաշեֆիի հետ: Իրանցի այս մտավորականն արժեքավոր ծառայություններ է մատուցել տարբեր բնագավառներում:

Ասացինք, որ Մոլանա Հոսեյն Վաեզ Քաշեֆի անվամբ հայտնի դարձած Քյամալեեդին Հոսեյն Իբն Ալի Սաբզեվարին նախնական կրթությունն ստացել է Սաբզեվար քաղաքում և ապա ուսումը կատարելագործելու նպատակով մեկնել է Մաշհադ ու Հարաթ: Նա տարիներ զբաղվել է քարոզչությամբ և իսլամական ուսուցումների ու բարոյականության տարածմամբ: Սուլթան Հոսեյն Բայղարայի իշխանության հասնելով և արվեստի ու գրականության հանդեպ նրա գիտնական նախարար Ամիր Ալիշիր Նավայիի ցուցաբերած հովանավորությամբ Քաշեֆին մեծ համբավի տեր է դառնում: Այդ պատճառով Հարաթում Քաշեֆիին տրվում է քարոզչի կոչումը, որը հատուկ էր մեծ գիտնականներին ու մոհադեսներին:

Քաշեֆին Ջամիի միջոցով ծանոթանում է «Նաղշբանդիե» ուղղության հետ: Ոմանք Քաշեֆիին դասել են «Նաղշբանդիե» ուղղության հետևող սուֆիների շարքը, սակայն հայացք նետելով նրա ստեղծագործություններին կարելի է նկատել, որ այս ուղղության հանդեպ նրա հակումը միայն միստիկական հակում է եղել: Նա ոչ «Նաղշաբանդիե» ուղղության առաջնորդ Աբդոլլահ Ահրարի աշակերտն է եղել և ոչ էլ աշակերտել է Նուրեդդին Աբդոլռահման Ջամիին: Նրա միստիկական հակումները, որոնք արտացոլվել են նրա ստեղծագործություններում այնքան են ազդված նրա գիտական կարողությունից, որ Վաեզ Քաշեֆիի անհատականության այս կողմը անկարևոր են դարձրել նրա անհատականության մյուս կողմերի համեմատությամբ:

Թեև Քաշեֆիի գրչին պատկանող բազմաթիվ աշխատություններ են մեզ հիշատակ հասել ու նրա կենսագրությանն ակնարկվել է բազմաթիվ աղբյուրներում, սակայն նրա հավատքի ու դավանանքի կապակցությամբ անորոշություններ կան: Ոմանք նրան սուննի են կոչել, իսկ ոմանք էլ՝ շիա: Որոշ բանասերներ այս անորոշությունը կապում են նրա ծննդավայրի ու ապրած քաղաքների, այսինքն Սաբզեվարի ու Հարաթի հետ: Սաբզեվարը որտեղ Քաշեֆին ծնվել ու հասակ է նետել և մի առ ժամանակ էլ Սաբզեվար ու Բեյհաղ քաղաքների դատավորն է եղել, շիաբնակ քաղաք է համարվում: Իսկ Հարաթի ժողովուրդը, որտեղ Քաշեֆին ապրել է կյանքի ավելի քան 50 տարիները, գլխավորապես սուննի են եղել: Այդուհանդերձ մեծ մարգարեի գերդաստանի ու իմամների հանդեպ Քաշեֆիի սիրո և հարգանքի կապակցությամբ որևէ կասկած չկա, որին նա ամեն տեղ ու ամեն առիթով ակնարկել է:

Վաեզ Քաշեֆիի հիշատակի կոթողը Սաբզեվարում

 

Իրանցի ժամանակակից պատմաբան Ռասուլ Ջաըֆարյանն այս կապակցությամբ ուսումնասիրություն կատարելով հանգել է կարևոր արդյունքների: Նա այս ուսումնասիրության մեջ անդրադարձել է Իրանի արևելքում բնակվող մի խումբ սուննիների մոտ մեծ  մարգարեի գերդաստանի հանդեպ նկատվող հակմանը, որոնք հայտնի են «12 իմամանոց սուննիներ» անվամբ: Ջաըֆարյանի համոզմամբ. «Լուսնային 7-րդ և 8-րդ դարերից հետո նման շիա սուննիների մոտ ընդհանրացած կարգ է եղել, որ իրենց խոսքը սկսեն Աստծու փառաբանմամբ ու մարգարեին ողջույն հղելով: Սրանք ապա հիշատակում են չորս խալիֆաների անունները և հետո նշում են մեծ մարգարեի գերդաստանից 12 իմամների անունները: Վաեզ Քաշեֆին իր աշխատություններում և հատկապես «Ֆոթովաթնամե Սոլթանի» և «Ռոզաթ-օլ-շոհադա» գրքերում հետևել է այդ կարգին»:

Վաեզ Քաշեֆիի գրքերը

 

«Ֆոթովաթնամե Սոլթանի» գրքում Վաեզ Քաշեֆին «Ֆոթովաթ»-ի կամ «Ասպետության» շրջանակ մուտք գործելու կարգն ու պայմանները հիշատակելիս ընդգծում է 12 իմամների անվան հիշատակումը: Միայն գրքի նախաբանում հիշատակված են երեք խալիֆաների անունները, մինչդեռ 12 իմամների անունները հիշատակվում են բազմաթիվ անգամներ: Ռասուլ Ջաըֆարյանը համոզված  է. «Գրքի իններորդ գլուխը, որ անդրադառնում է «Գոտին ամրացնելու կարգ»-ին, ինչը «Ֆոթովաթ»-ի հատուկ կարգերից է համարվում, կարող է օգնել ճանաչելու Վաեզ Քաշեֆիի դավանանքը: Նա այս բաժնում անդրադառնում է «Ֆաթյաններ»-ի  կամ ասպետների գոտին ամրացնելու կարգին և ակնարկում է ասպետների առաջնորդի կողմից կարդացվող երկու քարոզներին: Այդ երկու քարոզները վկայում են, որ Քաշեֆիի դավանանքը շիիզմն է եղել»:

Մոլա Հոսեյն Վաեզ Քաշեֆիի ստեղծագործություններից«Ռոզաթ-օլ-շոհադա» խորագրող գիրքն  առավել քան մյուսները շիիզմի երանգ է պարունակում: Այդ գրքում համառոտ կերպով ներկայացված է մարգարեների պատմությունը, որին հաջորդում է իսլամի մեծ մարգարեի ու նաև մյուս իմամների կենսագրությունը:

Այս գրքում Քյարբալային հատկացված բաժինը, որ գրքի հեղինակի հիմնական նպատակն է համարվում, ամենաընդարձակ բաժինն է , որին կանդրադառնանք ժամանակին:

Քաշեֆին բազմաշխատ մարդ է եղել և պարսկերեն ու արաբերեն լեզուներով հեղինակել է չափածո ու արձակ բազմաթիվ ստեղծագործություններ: Նրա ստեղծագործությունները բազմազան, հաճելի և ընթերցողի ու ունկնդրի համար գրավիչ են: Բազմաթիվ ապացույցներ կան այն մասին, որ Քաշեֆիի ստեղծագործություններն իր ապրած շրջանում էլ ժողովրդի մոտ տարածված են եղել: Նրա ստեղծագործություններից շատերը Օսմանյան շրջանում թարգմանվելով թուրքերենի մեծ տարածում են գտել: Բացի այդ նրա ստեղծագործությունների կրոնական բովանդակության պատճառով դրանք նաև տարածվել են պարսկախոս տարածքներում: Լուսնային հիջրեթի 929 թվականին՝ Վաեզ Քաշեֆիի վախճանումից 19 տարի անց նրա կենսագրականը գրած Խանդ Միրը հիշատակելով նրա ստեղծագործությունների անունները, ակնարկում է, որ դրանից որոշները մեծ ճանաչում ունեն ժողովրդի մոտ:

Իրանցի ժամանակակից բանասեր Սաիդ Նաֆիսին նրա «Լաբ Ալ-լաբաբ»-ի համար գրած նախաբանում հիշատակել է նրա գրչին պատկանող 37 գրքի անուն, իսկ դոկտ. Ղոլամհոսեյն Յուսեֆին անգլերեն լեզվով Իսլամի մեծ հանրագիտարանում հիշատակել է նաև թուրքերենի կամ եվրոպական այլ լեզուների թարգմանված նրա 40 աշխատությունների անունները:

Վաեզ Քաշեֆիի աշխատասիրությունների գլխավոր յուրահատկությունը դրանց պարզ ու սահուն լեզուն է: Նրա աշխատասիրություններից են «Ախլաղ Մոհսենի»-ն, «Ռոզաթ-օլ-շոհադա»-ն, «Ֆոթովաթնամե Սոլթանի»-ն, «Ասրար Ղասեմի»-ն, Ղուրանի մեկնաբանությունը և «Ջավահեր-ալ-թաֆսիր»-ը: Կրոնի, միստիցիզմի, աստղագիտության, գերբնական գիտությունների, պատմության ու բարոյականության բնագավառներում աշխատություններից բացի նրանից հիշատակ են մնացել գրականության բնագավառում մի քանի գրքեր: Դրանք վկայում են չափածոյի ու արձակի բնագավառում նրա հմտության մասին: Նա լավապես տիրապետում է պարսկերեն արձակին: Քաշեֆիի «Մախզան-ալ-էնշա» գիրքը նամակագրության մասին է: Այդ գրքում Քաշեֆին ներկայացնում է տարբեր թեմաներով և հասարակության տարբեր խավերին ուղղված նամակների նմուշներ:

Անկասկած ժամանակի մեծ գրականագետների, այդ թվում Մոլա Աբդոլռահման Ջամիի և Ամիր Ալիշիր Նավայիի հետ նիստուկացը մեծ ազդեցություն է գործել Մոլա Հոսեյն Վաեզ Քաշեֆիի գրական ոճի ու հակումների վրա: Նրա ստեղծագործությունները վկայում են, որ նա լայն ուսումնասիրություններ է կատարել այդ բնագավառներում: Նա գրական արվեստի բնագավառում աշխատասիրության հեղինակ է, որը կրում է «Բադայե-ալ-աֆքար ֆի սանայե-ալ-աշըար» խորագիրը: Նա նաև Մոլավիի Մասնավիի երկու ամփոփումների հեղինակ է, որոնցից առավել հայտնի է «Լաբ Ալ-լաբաբ»-ը: Քաշեֆին բացի այդ երկու ամփոփումներից նաև մեկնաբանություն է գրել Մասնավիի համար: Չափածոն ճանաչելուց բացի Քաշեֆին նաև գրել է բանաստեղծություններ, այդուհանդերձ գրական քննադատների համոզմամբ ժամանակի միջակ բանաստեղծների շարքն է դասվել: Դա ի տես այն բանի, որ արձակի բնագավառում համարվում է լուսնային 9-րդ դարի ականավոր արձակագիրներից մեկը: Նրա ստեղծագործություններն իրենց շարադրությամբ, ոչ միայն օրինակ են ծառայել ուրիշների համար, այլ նաև այս բնագավառի ուսուցիչների կողմից որպես չափանիշ են ներկայացվել:

Ժամանակակից հայտնի բանասեր դոկտ. Զաբիոլլահ Սաֆան Վաեզ Քաշեֆիի ոճի մասին համոզված է,-«Քաշեֆիի գրելու ոճը, երբ արաբերեն որևէ նյութի կամ թարգմանության ազդեցության ներքո չի լինում, պարզ ու սահուն է և համարվում է լուսնային 9-րդ դարի և 10-րդ դարի սկզբի լավագույն օրինակներից: Նրա աշխատությունների մեծ թիվը գուցե այն պատճառով է եղել, որ նա քարոզչի ու հռետորի իր պաշտոնի բերումով շարունակ ընթերցանության կարիք է զգացել»: