Հոկտեմբեր 18, 2016 16:32 Asia/Yerevan

Ողջույն Ձեզ թանկագին բարեկամներ: Ներկայացնում ենք «Իրանցի հանրահայտ գործիչներ՝ համաշխարհային պարծանքներ» հաղորդաշարի 109-րդ թողարկումը: Այսօր կշարունակենք մեր զրույցը լուսնային հիջրեթի 9-րդ դարի իրանցի հայտնի գրող, գիտնական, աստղագետ, Ղուրանի մեկնաբան ու մաթեմատիկոս Մոլանա Հոսեյն Վաեզ Քաշեֆիի հետ: Իրանցի այս մտավորականն արժեքավոր ծառայություններ է մատուցել տարբեր բնագավառներում,որոնց քննարկմանը հատկացրել մի քանի թողարկումներ:

Իրանցի հանրահայտ գործիչներ՝ համաշխարհային պարծանքներ

 

Ասացինք, որ Մոլանա Հոսեյն Վաեզ Քաշեֆի անվամբ հայտնի դարձած Քյամալեեդին Հոսեյն Իբն Ալի Սաբզեվարին նախնական կրթությունն ստացել է Սաբզեվար քաղաքում և ապա ուսումը կատարելագործելու նպատակով մեկնել է Մաշհադ ու Հարաթ:

Մոլա Հոսեյն Վաեզ Քաշեֆիի հուշակոթողը՝ Սաբզեվարում

Նա տարիներ զբաղվել է քարոզչությամբ և իսլամական ուսուցումների ու բարոյականության տարածմամբ: Սուլթան Հոսեյն Բայղարայի իշխանության հասնելով և արվեստի ու գրականության հանդեպ նրա գիտնական նախարար Ամիր Ալիշիր Նավայիի ցուցաբերած հովանավորությամբ Քաշեֆին մեծ համբավի տեր է դառնում: Այդ պատճառով Հարաթում Քաշեֆիին տրվում է քարոզչի կոչումը, որը հատուկ էր մեծ գիտնականներին ու մոհադեսներին: Քաշեֆին Ջամիի միջոցով ծանոթանում է «Նաղշբանդիե» ուղղությանը: Նաև ասացինք, որ Վաեզ Քաշեֆիից հիշատակ են մնացել արձակ ու չափածո բազմաթիվ ստեղծագործություններ:

Մոլա Հոսեյն Վաեզ Քաշեֆիի «Ռոզաթ-օլ-շոհադա» գիրքը հատկապես մոհառամ ամսին սգո հանդիսություններում տարածված գրքերից է եղել: Այդ գիրքը ողբասացների միջոցով պահպանել է ժողովրդի մոտ իր ներազդեցությունը և Իմամ Հոսեյնի սգավորների մոտ ձեռքից ձեռք է անցել և  գրագիրները դրանից հազարավոր օրինակներ են արտագրել:

Մոլա Հոսեյն Վաեզ Քաշեֆիի «Ռոզաթ-օլ-շոհադա»-ն Թեյմուրյանների շրջանի ավարտին գրված գրական ու պատմական կարևոր գրքերից է, որն իր համբավն ու ազդեցությունը պահպանել է նաև Սեֆևյանների ու Ղաջարների շրջանում: Այդ գրքում նա ամփոփ կերպով անդրադարձել է մարգարեների պատմությանը և ապա անդրադարձել է իսլամի մեծ մարգարեի ու այնուհետև նաև իմամների կյանքին: Գրքում առավել ընդարձակ տեղ է հատկացված Քյարբալայի դեպքին, որը գրքի ստեղծման համար ներշնչման հիմնական աղբյուրն է ծառայել:

Բանասերները շիաների և մարգարեի գերդաստանի հանդեպ հակում ունեցող սուննիների մոտ «Ռոզաթ-օլ-շոհադա» գրքի տարածման , ինչպես նաև հրաշալի ազդեցության պատճառը համարում են նրա արձակը: Նրանք հավատացած են,որ «Մի կողմ թողած գրքի բովանդակության նշանակությունը, դրա արձակի գրավիչ ոճը շիաների մոտ այդ գրքի հարատևման գաղտնիքն է: Անկասկած եթե դրա արձակն այլ կերպ լիներ ու նյութերն այդքան սահուն ու գեղեցիկ կերպով փոխանցված չլինեին, գիրքն այս աստիճանի հաջողություն չէր ունենա»: Քաշեֆին լուսնային 10-րդ դարի երկրորդ կեսի արձակի ակնառու վարպետներից է:

«Ռոզաթ-օլ-շոհադա»-ի համբավի գլխավոր մասը նրա գեղեցիկ նախադասություններին են վերադառնում: Քաշեֆին այս ստեղծագործությունը հորինելիս թիկունքում է թողել երիտասարդության կենսունակության տարիները և այդ հավերժական գիրքը ստեղծել է ծերության տարիներին: Ռասուլ Ջաըֆարյանի համոզմամբ. «Այս գրքի գեղեցիկ նախադասությունների ծաղկաքաղ անելը բարդ աշխատանք է, քանի որ ինչ ընտրություն էլ որ կատարվի այնպիսի տպավորություն գոյություն ունի, որ դրանից ավելի լավն էլ կարելի է գտնել: Տարբեր առիթներով ամենալավ ու ամենաշատ հուզումը պատճառող բանաստեղծությունների ընտրությունը, առավել հաճելի է դարձնում այդ գիրքը»:

«Ռոզաթ-օլ-շոհադա»

Այս գրքում Քաշեֆին ավելի շատ հետևել է Սաադիի «Գոլեսթան»-ի ոճին և հանգավորված արձակին: Նրա հանգավորված նախադասությունները յուրահատուկ երաժշտություն են հիշեցնում: Այդ պատճառով էլ կարելի է հավակնել, որ «Ռոզաթ-օլ-շոհադա»-ն առավել գրավիչ են դարձրել նրա հանգավորված ու մեղեդի ունեցող նախադասությունները և դրան զուգահեռ պատմության մշակումն ու դրա տարրերի վարպետորեն օգտագործումը: Այսպիսով կարելի է ասել, որ հեղինակը պատմությունից առավել ուշադրություն է ցուցաբերում իր ստեղծագործության գրական ու գեղարվեստական յուրահատկությանը և նպատակին հասնելու համար երբեմն դիմում է առասպելների օգնության և պատմությանն ավելացնում է այնպիսի դրվագներ, որոնք պատմական իրողություն չեն համարվում:

Աշուրայի և այլ պատմական հարցերի ներկայացման համար Քաշեֆին ընտրել է պատմա-առասպելաբանական ոճը: Նա չի սահմանափակվում պատմական վկայություններով, թեև իր գլխավոր նպատակը պատմությունը շարադրելն է: Գրքի տարբեր բաժիններում այնպես է նկարագրում մի տեսարան, ինչը բացահայտորեն գերազանցում է գիտական ու փաստագրական պատմագրությանը: Այդ ոճը հաճելի և ընդունելի է ժողովրդի բոլոր զանգվածների համար: Բանասերների ու քննադատների համոզմամբ այդ նախադասությունները ներթափանցում են   հոգու խորքեր  և ընթերցողի ամբողջ էությունը տանում են իրենց հետևից: Օրինակ բազմաթիվ դրվագներում նկարագրում է մարդկանց դեմքը կամ պատերազմի տեսարանը:

Քաշեֆին Քյարբալայի դեպքի նկարագրման ժամանակ ամենագեղեցիկ կերպով ներշնչվել է դյուցազնական տարրերից: Գրքում նահատակ ու նահատակություն հասկացություններն այնքան ընդարձակ կերպով են օգտագործվել, որ դժվար կարելի է պարսկերեն գրություններում դրա օրինակը գտնել: Գուցե կարելի լինի ասել, որ Քաշեֆին չնայած Քյարբալայի դեպքից իր ոչ-քաղաքական ընկալմանը, ակամայից ամենաշատը տարածելով նահատակության հասկացությունը, պարսկերեն լեզուն հագեցրել է այդ հասկացությամբ:

«Ռոզաթ-օլ-շոհադ»-ում բերված շատ պատմություններ առասպելախառն են ու պատմական վավերականություն չունեն: Հենց դա էլ պատճառ է դարձել, որ գիրքը գիտական արժեք չունենա: Օրինակ Քյարբալայում Հաշեմ Իբն Աըթաբայի նահատակության պես պատմություններ պատմական իրողություններ չեն և այդ անձը տարիներ առաջ նահատակված է եղել «Սաֆֆեյն»-ի պատերազմում: Նման շատ դեպքեր  վկայում են, որ Քաշեֆին հեղինակավոր աղբյուրներին զուգահեռ նաև օգտվել է վավերականություն չունեցող աղբյուրներից: Դա պատճառ է դարձել, որ բանասերներն այդ գիրքն ընդունեն, որպես գրական ստեղծագործություն ու պատմավեպ և ոչ թե պատմագրություն: Պատմավեպի յուրահատկություններից մեկն այն է, որ պատմական իրողությունները միաձուլվում են հորինված դրվագների հետ ու ծնունդ են տալիս գեղեցիկ ստեղծագործության: Նույն յուրահատկությունն ունի նաև «Ռոզաթ-օլ-շոհադա»-ն:

Բանասերները հավատացած են, որ Քաշեֆին տարածել է Աշուրայի դեպքի հոգևոր ընկալումը: Նա սուֆի է, որը զբաղվում է պատմական բանասիրությամբ և անկասկած աշխարհի մասին նրա ընկալումներն ազդել են նրա բանասիրական աշխատանքի վրա: Նրա հեղինակած պատմությունը պիտի սուֆիական դիտանկյունից շարադրված պատմություն համարել: Քաշեֆին թե հռետոր է, թե Նաղշբանդիե ուղղության հետևող սուֆի, թե մարգարեի գերդաստանի սիրահար մուսուլման է, թե արձակագիր է և թե գրականագետ-բանաստեղծ: Նրա անհատականությանը մաս կազմող այս բոլոր տարրերը դերակատար են եղել «Ռոզաթ-օլ-շոհադա»-ի հորինման գործում: Սակայն նրա գրքի գաղափարական կողմը ներշնչված է մարգարեի գերդաստանի բարեկամության և սուֆիական հակումների երկու տարրերից: Սուֆիական բնույթը թելադրում է իրողություններին գերբնական էություն փոխանցել: Այս ընկալմամբ ցանկացած իրադարձություն տեղի է ունենում, որպեսզի հանգեցնի հոգևոր յուրահատուկ ազդեցության: Երբ դա վերաբերում է կրոնական պատմությանն, այս կարգի վերլուծությունն առավել ուժ է ստանում և ստվերի տակ է գնում իրադարձության նյութեղեն կողմը:

«Ռոզաթ-օլ-շոհադա»-ի նախաբանում Քաշեֆին ներկայացրել է իր վերլուծության հիմնավորումը: Սուֆին աշխարհը բարդացնում է իր համար, որպեսզի այդպիսով հոգևոր բարձր աստիճանների տիրանա: Բացի այդ միստիկների դիտանկյունից Աստված էլ մարգարեներին ու սրբերին փորձությունների է մատնում, որպեսզի նրանք առավել սիրելի դառնան: Կրոնական պատմությունը նման փորձությունների հավաքածո է, որոնց մատնվել են մարգարեներն ու սրբերը: Մինչև «Ռոզաթ-օլ-շոհադա» գրքի ավարտը որևէ ակնարկ չի կատարվում Քյարբալայի ընդվզման էությանը ու չի խոսվում այս շարժման քաղաքական նպատակների մասին: Դա միայն Վաեզ Քաշեֆիի միստիկական հայացքների պատճառով է: Վաեզ Քաշեֆիի դիտանկյունից Քյարբալայի նահատակների դիրքն աշխարհում լավ չի եղել ու հիմա նրանք լավ տեղ են փոխադրվել: Ինչո՞ւ պիտի մնային այս աշխարհում: Վաեզ Քաշեֆիի կարծիքով՝ մարգարեի գերդաստանի ու հատկապես Իմամ Հոսեյնի սիրահարները միայն կարող են լաց լինել, որպեսզի  դատաստանի օրը նրանց փրկիչն ու միջնորդը լինեն:

Քյարբալայի նահատակների համար լացող աչքը

Մի օր երջանկության լույսով կողողվի:

Նահատակների արքայի պապակ շուրթերը հիշիր

Նրա համար ողբա, արտասվիր:

Նա ով այսօր լաց է լինում Հոսեյնի համար

Վաղն ուրախ, հզորության դիրքում կանգնած կլինի: