Իրանցի հանրահայտ գործիչներ՝ համաշխարհային պարծանքներ (111)
Մեր այս հաղորդման թեման Մոլա Հոսեյն Վաեզ Քաշեֆիի «Ախլաղ Մոհսենի» ստեղծագործությունն է:
Ողջույն Ձեզ թանկագին բարեկամներ: Ներկայացնում ենք «Իրանցի հանրահայտ գործիչներ՝ համաշխարհային պարծանքներ» հաղորդաշարի հերթական թողարկումը: Այսօր ևս մեր զրույցը կշարունակենք լուսնային հիջրեթի 9-րդ դարի իրանցի հայտնի գրող, գիտնական, աստղագետ, Ղուրանի մեկնաբան ու մաթեմատիկոս Մոլանա Հոսեյն Վաեզ Քաշեֆիի մասին: Իրանցի այս մտավորականն արժեքավոր ծառայություններ է մատուցել տարբեր բնագավառներում:Մի քանի հաղորդումներ նվիրել ենք նրա մի քանի հայտնի ստեղծագործությունների ներկայացմանն ու քննարկմանը:Ընկերակցեք մեզ:
-----------------------------------
Ասացինք, որ Մոլանա Հոսեյն Վաեզ Քաշեֆի անվամբ հայտնի դարձած Քյամալեդդին Հոսեյն Իբն Ալի Սաբզեվարին նախնական կրթությունն ստացել է Սաբզեվար քաղաքում և ապա ուսումը կատարելագործելու նպատակով մեկնել է Մաշհադ ու Հարաթ: Նա տարիներ զբաղվել է քարոզչությամբ և իսլամական ուսուցումների ու բարոյականության տարածմամբ:
Սոլթան Հոսեյն Բայղարայի իշխանության հասնելով և արվեստի ու գրականության հանդեպ նրա գիտնական նախարար Ամիր Ալիշիր Նավայիի ցուցաբերած հովանավորությամբ Քաշեֆին մեծ համբավի տեր է դառնում: Այդ պատճառով Հարաթում Քաշեֆիին տրվում է քարոզչի կոչումը, որը հատուկ էր մեծ գիտնականներին ու մոհադեսներին: Քաշեֆին Ջամիի միջոցով ծանոթանում է «Նաղշբանդիե» ուղղության հետ: Նաև ասացինք, որ Վաեզ Քաշեֆիից հիշատակ են մնացել արձակ ու չափածո բազմաթիվ ստեղծագործություններ և քննարկեցինք նրա գրչին պատկանող «Ռոզաթ-օլ-Շոհադա»-ն և «Ֆոթովվաթնամե»-ն:
«Ախլաղ Մոհսենի»-ն կամ «Ջավահեր-ալ-ասրար»-ը գործնական իմաստասիրության ու քաղաքականության ոլորտում Մոլա Հոսեյն Վաեզ Քաշեֆիի կարևոր ստեղծագործությունն է: Գիրքը գրվել է լուսնային հիջրեթի 900 թվականին: Քաշեֆիի ժամանակակից պատմագիր Խանդ Միրը նշել է, որ այդ գիրքը համարվում է Քաշեֆիի ապրած ժամանակաշրջանի 7 կարևոր ու գլխավոր գրքերից մեկը: Իան Ռիփքան դա պարսկերեն լեզվով բարոյագիտության մասին գրված երրորդ կարևոր արձակ ստեղծագործությունն է համարել: Մյուս երկուսը՝ Խաջե Նասիրեդդին Թուսիի «Ախլաղ Նասերի»-ն և Ջալալեդդին Մոհամմեդ Դավանիի «Ախլաղ Ջալալին» գրվել են երկու փիլիսոփաների ու հռետորների կողմից, սակայն Քաշեֆին փիլիսոփայական հակումներ չի ունեցել ու այդ տեսակետից էլ նրա ստեղծագործությունը տարբերվում է մյուսներից: Թեյմուրյանների շրջանում հանրությունը հակված չի եղել բացարձակ փիլիսոփայությանը և Քաշեֆին էլ իր ժամանակի զավակն է եղել: Հավանաբար այդ պատճառով էլ «Ախլաղ Մոհսենի»-ն տարածում է գտել հասարակ խավին պատկանող ժողովրդի մոտ և ինչպես Զաբիոլլահ Սաֆան է ասում դարձել է վերջին դարերում բարոյագիտության մասին գրված հայտնի գրքերից: Քաշեֆին բարոյագիտությանն է հատկացրել նաև իր «Ալ-Ռեսալա Ալ-Էլիա Ֆել Ահադիս-ալ-Նաբավիա» աշխատասիրության մի քանի գլուխները և արտահայտվել է իշխանավորների, նախարարների ու կառավարիչների պարտականությունների ու էթիկայի մասին: Գործնական իմաստասիրության և քաղաքական բարոյագիտության հանդեպ նրա հակման պատճառը Թեյմուրյան իշխանության և հատկապես Սուլթան Հոսեյն Բայղարայի արքունիքի հետ նրա կապերն են եղել:
Պարսկերեն լեզվով քաղաքական բարոյագիտության մասին գրված գրքերը բաժանվում են երկու խմբերի «Սիասաթնամե»-ներ և «Շարիաթնամե»-ներ: «Սիասաթամե»-ները սոսկ քաղաքական բովանդակությամբ գրքերից սկսած մինչև գրական ստեղծագործությունները, բոլորն էլ քաղաքական առաջադրանքներ են ներկայացնում, որոնց հիմքում ընկած է բարոյական վարքագիծը: Պարսկերեն լեզվով գրված լավագույն «Սիասաթնամե»-ն Խաջե Նեզամեդդին Թուսիի «Սիասաթնամե»-ն, իսկ «Շարիաթնամե»-ների մեջ լավագույնը Մավարիի «Ահքամ-օլ-սոլթանիե»-ն է:
Ի դեպ նաև կարելի է գտնել գրքեր, որոնք երկուսի միատեղումն են, որոնց բանասերները «Կրոնաբույր խրատարան» են կոչում: Նման ստեղծագործությունների թագն ու պսակը կարելի է համարել Վաեզ Քաշեֆիի «Ախլաղ Մոհսենի»-ն: Քաղաքական խրատարաններ գրելը բարոյագիտությունն ու քաղաքականությունն իրար կապող միջոց է եղել, որի հիմքը դրվել է պատմական Իրանում ու դարեր շարունակվել է:
«Ախլաղ Մոհսենի»-ն ավելի շատ խրատարանի է նման քան «Շարիաթնամե»-ի: Ինչպես գործնական իմաստասիրության բոլոր գրքերում, այստեղ էլ խոսքը քաղաքակրթության հանդեպ մարդկային հակման, հասարակությանն ունեցած մարդու կարիքի ու դրա հետևանքով նաև օրենքի անհրաժեշտության մասին է: «Ախլաղ Մոհսենի» գրքում էլ իսլամական շրջանում պարսկերեն լեզվով գրված բոլոր «Շարիաթնամե»-ների նման երբ խոսք է գնում օրենքի մասին նպատակը Շարիաթի կամ կրոնական օրենքն է, իսկ արքաներն էլ համարվում են իսլամի մեծ մարգարեի փոխանորդներն ու շարիաթի պահապանները: Քաշեֆին իր աշխատասիրության սկզբում թագավորի աստիճանը հավասարեցնում է մարգարեի աստիճանին և համոզված է, որ շարիաթի օրենքը պաշտպանելու համար թագավորն առաջինն ինքը պիտի հարգի այդ օրենքը:

Քաշեֆին ապրել է Թեյմուրյանների իշխանության ժամանակաշրջանում: Թեյմուրյանները թուրքական ծագում ունենալով լուսնային 8-րդ դարի վերջերից սկսած ավելի քան մեկ դար իշխեցին Իրանում և իրենց օրինականությունը ձեռք էին բերել մոնղոլներից: Իրականության մեջ թեև Թեյմուրը Չենգիզի սերնդից չէր, սակայն Չենգիզի գերդաստանի հետ ամուսնական կապ հաստատելով և Չենգիզի սերնդից համարվող վարձկան մի խանի կողմից իշխանության հասնելով փորձեց օգտվել մոնղոլական իշխանության ձեռք բերած օրինականությունից և նրան փոխարինողներն էլ իրենց վերագրելով մոնղոլական խմբերին հետևեցին նույն ուղեգծին: Թեյմուրի ժառանգություն թողած պետությունը բաղկացած էր թուրքական-մոնղոլական համակարգից սերող բաղադրիչ տարրերից, որը հարդարվել էր իսլամական մշակույթի տարբեր տարրերի միջոցով ու քանի որ նրանց բաժին էր հասել Մոնղոլական տիրապետությունից մնացած իրանական տարածքները, հետևաբար ընդհանրապես իրանական երանգ էր պարունակում:
Քաշեֆին իր աշխատասիրության մեջ իշխանավորի համար անհրաժեշտ է համարում 40 հատկանիշ: Այդ քառասուն հատկանիշները նա ներկայացնում է գրքի քառասուն գլուխներում: Յուրաքանչյուր գլխի սկզբում նա նախ բերում է այդ կապակցությամբ մի այա կամ մի վկայություն, այնուհետև ներկայացնում է պատմական մի դրվագ ու իր խոսքն ավարտում է բանաստեղծական մի քանի երկտողերով: Որոշ գլուխներում կապված թեմայի կարևորությանը ներկայացված են պատմական մի քանի դրվագներ ու ավելի շատ բանաստեղծական երկտողեր: Գրքում ներկայացված բանաստեղծություններից շատերը Քաշեֆու հորինածներն են, իսկ որոշներն էլ վերցվել են այլ բանաստեղծների ստեղծագործություններից: Պաշտամունքը, անկեղծությունը, համբերատարությունը, ապավինումը, խորհրդակցությունը, հնարամտությունը, քաջությունը, պահի արժևորումը և բարի համբավը թագավորների համար Քաշեֆու կողմից ներկայացված քառասուն հատկանիշների մեջ են:
«Ախլաղ Մոհսեն»-ի բարոյական դրվագներն էլ քաղված են մինչև նրա ժամանակները գրված գրքերից: Նրա դրվագներում ուշագրավ բազմատեսակություն է նկատվում, ինչը հազվագյուտ է նախորդ գրքերում: «Ախլաղ Մոհսենի» գրքում անգամներ հիշատակած են Ալեքսանդր Մակեդոնացու, պատմական Իրանի թագավորների, Թահերյանների ու Սամանյանների իշխանությունների, Աբբասյան Մաըմուն խալիֆայի, ինչպես նաև Ղազնավիների ու Սելջուկների իշխանավորների անունները: «Ախլաղ Մոհսենի» գրքում ներկայացված դրվագների յուրահատկություններից մեկն այն է, որ շատ քիչ պարագաներում են պատմական սխալներ նկատվում:
Թեյմուրյանների թուրք-մոնղոլական իշխանության շրջանում Սուլթան Հոսեյն Բայղարայի արքունիքի մերձավորներից համարվող Վաեզ Քաշեֆու միջոցով գրված «Ախլաղ Մոհսենի»-ն կարելի է քաղաքական խրատարան համարել, որտեղ իրար են շաղկապվել քաղաքականությունն ու բարոյականությունը: Այն ժամանակաշրջանում երբ իշխանավորների արարքները ճգնաժամային պայմաններ էին ստեղծել, Քաշեֆին իր զիջողական ու մտածող անհատականությամբ իրանական մտածողության ավանդույթում առաջարկում է բարոյական քաղաքականություն և իշխանութան օրինականությունն ու գոյատևումը պայմանավորում է բարոյական սկզբունքները հարգելով: Այս հիման վրա կառավարման համակարգը բացատրվում է արդարության ու կրոնի հանդեպ հավատքի սկզբունքները հարգելով: «Ախլաղ Մոհսենի»-ում այս սկզբունքները բարոյականության հիմնական սկզբունքներն են համարվում որոնց համար բարդ մեկնաբանություններ ներկայացնելու կարիք չի զգացվում, տարբեր ժամանակաշրջաններում ու վայրերում ապրած տարբեր գաղափարներով մարդիկ դրանք հաստատել են և վկայում են ընդհանուր բարոյականության մասին, որոնք վկայում են Քաշեֆիի ժամանակներում կրոնական ու ազգային կարծրամտությունից հեռու շինարարությանն ու արդարությանը զգացվող կարիքի մասին:
Որոշ բանասերներ համոզված են, որ Քաշեֆին քաղաքականության բնագավառում սահմանափակվել է խրատներ ներկայացնելով ու բավարարվել է պատմական դրվագներ ու իմաստասիրական կետեր ներկայացնելով: Դրա ու նաև նրա ստեղծագործությունների գրական պարզ ոճի պատճառով «Ախլաղ Մոհսենի»-ն չի կարելի գործնական իմաստասիրության ուշագրավ գրքերի շարքը դասել: Այս գրքի դասավորումն այնպես է, որ ասես Քաշեֆին մասնավոր ուշադրություն չի ցուցաբերել իր ընտրած դրվագների պարագային ու կարծես թե միայն փորձել է ավարտին հասցնել հանձնարարված պարտականությունը: