Մի գավաթ անդորր Դաստիարակություն
Դաստիարակության հարցն այսօր շատ լուրջ է, քանի որ ներկա սերունդն ավելի շատ տեղեկատվություն ունի, շուտ է զարգանում, ուստի հատուկ մոտեցում է պետք:
Դաստիարակության հիմնական նպատակը նոր ծնված երեխայի անձի ձևավորումն ու նրա հետագա զարգացումն է: Դաստիարակությունից է կախված երեխայի հարաբերությունները իր և շրջապատող մարդկանց հետ:
Դաստիարակության հարցն այսօր շատ լուրջ է, քանի որ ներկա սերունդն ավելի շատ տեղեկատվություն ունի, շուտ է զարգանում, ուստի հատուկ մոտեցում է պետք:
Մի բան պարզ է, որ երեխային պետք է դաստիարակել մանկուց, այլապես ուշ կլինի: Երեխայի ճիշտ դաստիարակության համար շատ մեծ նշանակություն ունի շրջապատը, սակայն ամեն դեպքում երեխան նախ դաստիարակվում է ընտանիքում, հետո՝ դպրոցում: Ծնողները՝ հայրն ու մայրը, պետք է լրջորեն զբաղվեն երեխայի դաստիարակությամբ:
Երեխաների դաստիարակության նշանակությունը չի կարելի ինքնահոսի թողնել, կամ ամբողջովին վստահել մանկապարտեզին ու դպրոցին: Դեռևս նախնադարյան հասարակության մեջ երեխաների դաստիարակությունը հանձնարարում էին առավել խելացի, փորձառու, ուժեղ մարդկանց, որոնք արդեն հատուկ կերպով, հատուկ պայմաններում, կազակերպում էին երեխաների, աճող սերնդի զարգացումն ու ձևավորումը: Դաստիարակությունը նպատակաուղղված ներգործություն է երեխաների ու երիտասարդության գիտակցության ու վարքի, նրանց աշխարհայացքի, արարքների, սովորույթների վրա: Հենց դաստիարակությամբ էլ նշանակալի չափով պայմանավորվում են այն փոփոխությունները, որ կրում է մարդը ծնվելու պահից մինչև հասուն դառնալը:
Շրջապատի մարդիկ այսպես թե այնպես ազդում են մարդու մտքերի և արարքների, նրա աշխարհընկալման և իր վրա` անկախ նրանից նա դա ուզում է, թե ոչ: Եվ իհարկե, շատ մեծ է այդ ազդեցությունը երեխաների վրա: Երեխաները սպունգի նման ներծծում են այն ամենը, ինչ կատարվում է նրանց շուրջը: Նրանք մեծ հաճույքով կրկնում են իրենց շրջապատող մարդկանց և ծնողների խոսքերը, միմիկան, ժեստերը, վարքի ձևերը: Կարևոր է, որ ծնողները գիտակցեն, որ հատկապես իրենցից է կախված, թե ապագայում ինչպիսին կդառնա իրենց երեխան: Շատ ծնողներ հատկապես առաջին երեխայի ժամանակ հիմնականում շատ անվստահ են լինում՝ վախենալով սխալ դաստիարակել իրենց երեխային, որի արդյունքում անվճռականություն են ցուցաբերում, և ի հայտ են գալիս մի շարք բացթողումներ, և երբ երեխան արդեն սկսում է զգալ ծնողի անվստահությունը դաստիարակության գործում, սկսում է ղեկավարել ծնողին, որն էլ, բնականաբար, հիմք է ստեղծում համապատասխան բացասական վարքագծի ձևավորմանը:
Երեխաների դաստիարակության ժամանակ առաջին հերթին հարկավոր է առաջացնել երեխայի մոտ անհատականություն: Բայց չի կարելի մոռանալ համընդանուր արժեքները – վարքի կանոններ, բարոյականություն և հասարակություն վրա ներգործելու մեթոդներ, որոնք ապագայում կօգնեն լինել ինքնուրույն:
Երեխաների դաստիարակության գործում կան մի շարք նրբություններ և կանոններ`
· Հարկավոր է լինել սիրալիր երեխայի հանդեպ: Սերը, գուրգուրանքը փոքրիկին թույլ է տալիս զգալ իրեն պաշտպանված, վստահ իր անձի նկատմամբ:
· Ծնողների պահանջը պետք է լինի մշտական, տրամադրության հետ չփոխի և համապատասխան լինի երեխայի հնարավորությանը: Չի կարելի պահանջել նրանից կատարել իր ուժերից վեր խնդիր: Դա խեղաթյուրում է երեխայի կամքի ձևավորումը, նրա նպատակասլացությունը:
· Հարկավոր է թողնել, որ փոքրիկը ինքնուրույն գնահատի իր արարքը: Նույնիսկ եթե նա սխալ է գործում, մի շտապեք նրան կանգնեցնել, թողեք թող վերջացնի, հետո նոր բացատրեք, թե ինչը ճիշտ չի արել: Դա նպաստում է փորձի ձեռքբերմանը և բարձրացնում է նրա ինքնագնահատականը:
· Երեխայի դաստիարակությունը այնպես պետք է կառուցել, որ նրա մոտ գիտելիքի պահանջ ձևավորվի: Խոսքը ոչ միայն դպրոցական կարգապահության, այլ նաև շրջապատող աշխարհի մասին է: Երեխան պետք է իմանա, որ նա կարող է ճանաչել աշխարհը, ինչ որ նոր հետաքրքիր բան հայտնաբերել, կարևոր հայտնագործություններ անել: Երեխան պետք է դրանից հաճույք ստանա: Դրանով ձևավորվում է հետաքրքրությունը:
Ծնողները հաճախ գտնվում են վախի, սարսափի մեջ մտածելով, թե կկորցնեն իրենց երեխաներին, որը մեծ մասամբ կարող է պայմանավորված լինել երեխաների որոշ խրոնիկ հիվանդությունների, հաճախակի հիվանդանալու հետ, որի արդյունքում երեխաներին թույլ են տալիս նույնիսկ անթույլատրելին, միայն թե նա իրեն լավ զգա, որն էլ երեխայի մոտ առաջացնում է եսասիրություն, կամակորություն և այլ բացասական որակների ձևավորում:
Դաստիարակության ոլորտում ամուսինների անհամաձայնությունը նույնպես վնասում է երեխային: Այս դեպքում ծնողները երեխայի դաստիարակության հարցում չեն կարողանում ընդհանուր հայտարարի գալ, դրա հետևանքով անընդհատ բախումների առիթ է լինում, որի հետևանքով էլ երեխան չի դաստիարակվում, ուստի չի կողմնորոշվում, թե ծնողներից որն է ճիշտ և մնում է բարձիթողի վիճակում:
Շատ դեպքերում, երբ ծնողները տեսնում են, որ իրենց երեխան մեծանում է, վախենում են նրանից հեռանալուց, որի պատճառով նրանք ամեն կերպ երեխաների մեջ սերմանում են մանկական որակներ, որն էլ հատկապես դեռահասության տարիքում կարող է հանգեցնել ծնող–երեխա հարաբերությունների խաթարմանը, քանի որ դեռահասները ավելի շատ ձգտում են մեծահասակին բնորոշ որակներ ձեռք բերել:
Եթե յուրաքանչյուր ծնող ինքն անձամբ թեկուզ մեկ անգամ խորությամբ մտածի իր սեփական դաստիարակչական ներգործությունների մասին, վերլուծի, կշռադատի սեփական քայլերը, ապա անպայման կգտնի այն պատճառը, այն սկզբնաղբյուրը, որը հանգեցրել է սեփական երեխայի սխալ դաստիարակությանը և վարքի շեղումներին:
Այս ամենից կարելի է եզրակացնել, որ երեխաները ծնվում են ոչ միայն նրա համար, որ մենք նրանց դաստիարակենք, այլ նաև նրա համար, որ նրանք մեզ դաստիարակեն: Որպեսզի երեխային դարձնի լավագույնը, լավ ծնողը պետք է ինքը դառնա ավելի լավը:
Առաջին հերթին ծնողը պետք է երեխայի մոտ ձևավորի բարձր ինքնագնահատական: Ինչքան շատ երեխան սիրի ու հարգի ինքն իրեն, այնքան լավ կվերաբերվի շրջապատի մարդկանց և բնականաբար լավ կարծիքների կարժանանա:
Հարգանքով վերաբերվեք այն ամենին, ինչ երեխան անում է: Եթե երեխան սխալ բան է արել, նրան քննադատելու փոխարեն քննադատեք նրա գործողությունները:
Սովորեցրեք լավատեսություն: Ձախողումը փորձ է, որն անհրաժեշտ է ապագա նպատակներին հասնելու համար: Օրինակ` երեխան պարտվել է որևէ մրցույթում, չնայած, որ ինքը շատ էր ուզում հաղթել և երկար ժամանակ պատրաստվել էր: Բացատրեք նրան, որ իր ժամանակավոր անհաջողությունը շատ մեծ փորձ է ապագայում ավելի լավ արդյունքների հասնելու համար:
Անհնար է միշտ հաղթել և ամեն ինչ անել ճիշտ: Բայց պետք է ձգտել դրան: Այնպես որ, եթե ինչ-որ բան չի ստացվում, ապա պետք է ավելի շատ աշխատել և այդ դեպքում անպայման կհասնի իր ուզած արդյունքին:
Ասացեք երեխային, որ կյանքում լինում է և՛ ուրախություն, և՛ տխրություն, երջանիկ պահեր և վատ իրավիճակներ:
Ամեն մարդ ունի որոշակի ընդունակություն: Ինչքան շուտ երեխան սկսի զբաղվել իր կյանքի գործով, այնքան իր հասակակիցների համեմատ ավելի մեծ հաջողության կհասնի:
Ձեր խնդրին է երեխային ցույց տալ և թույլ տալ փորձել շատ մասնագիտությունների առանձնահատկություններ: Պատմեք երեխային, թե ինչպես կարելի է վաստակել գումար, օրինակ բերեք իրեն ծանոթ մարդկանց, միասին դիտեք ուսուցողական ֆիլմեր, կարդացեք գրքեր մասնագիտությունների մասին և այլն:
Երեխան, փոքր տարիքում հետաքրքրված լինելով արվեստով, հնարավոր է հեշտությամբ փոխի հետաքրքրությունը: Բայց վստահ եղեք, որ կուտակված փորձը անպայման օգուտ է տալու: Եվ չի բացառվում, որ երեխան կգտնի նմանօրինակ մասնագիտություն:
Զարգացրեք երեխայի մոտ ճարտասանությունը: Մարդու կյանքում հաջողությունը կախված է 80% բանակցելու և ընդհանուր լեզու գտնելու կարողությունից: Եթե ուզում եք, որ ձեր երեխան լինի հաջողակ, անհրաժեշտ է զարգացնել նրա մոտ արդյունավետ հաղորդակցման հմտությունները:
Երեխային սովորեցրեք ճանաչել և բառերով արտահայտել իր զգացողությունները, զգացմունքները, մտքերը, կառուցել ճիշտ նախադասություններ և կարողանալ վերարտադրել նույն միտքը տարբեր բառերով:
Երբեք մի ստորացրեք երեխային դաստիարակության ընթացքում:
Խրախուսեք երեխային ունենալ իր սեփական կարծիքը, հասկանալ իր ցանկությունները: Իմանալ, թե ինչ և ինչու է ինքը ցանկանում: Չափահաս կյանքում շատ կարևոր է հասկանալ ինքդ քեզ, առանձնացնել քո անհատականությունը` պահանջներով և ցանկություններով հանդերձ: Դա բավական նորմալ է, եթե որոշ դեպքերում ձեր երեխայի կարծիքը չհամապատասխանի ընդհանուրի կարծիքի հետ:
Խրախուսեք երեխային որպեսզի նա անընդհատ ընտրություն կատարի: Դուք մի շտապեք նրա փոխարեն ընտրել: Յուրաքանչյուր ընտրություն ունի իր հետևանքները, որն էլ կազմում է մեր կյանքը:
Մի տանջեք ձեզ, եթե չեք կարողանում ինչ որ բան անել ձեր երեխայի համար, տանջվեք եթե կարող եք անել, բայց չեք անում:
Սովորեցրեք նրան ինքնուրույնություն: Ինչքան երեխան ինքնուրույն լինի, այնքան իրեն վստահ կզգա: Զինվեք համբերությամբ և օգնեք երեխային անել այն, ինչ նա փորձում է անել ինքնուրույն:
Զարգացրեք երեխայի երևակայությունը: Կյանքի հաջողությունը կախված է դժվարություններին դիմադրելուց և գլուխ հանելուց:
Վաղ հասակում երեխայի մոտ զարգացրեք ստեղծագործական ընդունակություններ:
Սովորեցրեք գնահատել ժամանակը: Ամենաարժեքավորը, որ ունենք կյանքում, դա կյանքի ժամանակն է:
Վաղ տարիքից սովորեցրեք նրան լինի անընդհատ զբաղված: Եթե երեխան չգիտի ինչով զբաղվի, զբաղեցրեք նրան որևէ հերտաքրքիր բանով: Ժամանակի ընթացքում զբաղված լինելու սովորությունը, կվերածվի բնավորության: Իսկ սա հաջողակ մարդու համար կարևոր հանգամանք է:
Սերմանեք պատասխանատվություն: Հաջողակ մարդիկ գիտակցում են, որ միայն իրենք են պատասխանատու այն ամենի համար, ինչ կատարվում է իրենց կյանքում:
Վաղ տարիքից սովորեցրեք պատասխանատու լինի իր բառերի և գործողությունների համար: Նա պետք է հասկանա, որ բոլոր իր գործողությունները ունեն հետևանք: Բայց մի հանդիմանեք նրա սխալները, պարզապես բացատրեք որտեղ է սխալ:
Զարգացրեք երեխայի մոտ սովորություն, որ կատարի իր խոստումը: Դա սովորեցրեք ձեր սեփական օրինակով, անպայման արեք այն, ինչ խոսք եք տվել նրան:
Սովորեցրեք ունենալ նպատակ և հասնել այդ նպատակին: Շատ մարդիկ չեն հասնում հաջողության, որովհետև հստակ չգիտեն` ինչ են ուզում:
Շատ կարևոր է, որ երեխան ճաշակի հաղթանակի «համը»: Անպայման գովեք երեխային, երբ արժանի է դրան: Հստակեցրեք ինչի համար եք գովում: Եթե երեխայի մոտ ինչ-որ բան չի ստացվում` օգնեք նրան, բայց ոչ մի դեպքում նրա փոխարեն չանեք ամբողջ աշխատանքը: Սովորեցրեք դժվարությունների հանդիպելուց չկանգնի այլ փորձի հաղթահարել: Չէ որ հաջողությունը` ակտիվ գործունեության արդյունք է:
Սիրեք ձեր երեխային այնպիսին ինչպես, որ նա կա:
Բոլոր ծնողները և մանկավարժները գիտեն, որ երեխան ավելի շատ սովորում է ուրիշների օրինակով: Եվ առաջին հերթին այդպիսի օրինակ են հանդիսանում հենց ծնողները:
Երեխաների հոգեբանական հավասարակշռությունը հիմնականում կախված է ծնողներից: Ամենակարևոր բանը, որ երեխան կարող է ստանալ` դա այն համոզմունքն է, որ ծնողները սիրում են իրեն և պատրաստ են միշտ օգնել: