Դեկտեմբեր 01, 2016 17:01 Asia/Yerevan

Ողջույն թանկագին բարեկամներ: Կրկին ձեր հյուրն ենք «Իրանցի հանրահայտ գործիչներ՝ համաշխարհային պարծանքներ» հաղորդաշարի մեկ այլ համարով: Այսօր մեր հաղորդման ընթացքում կծանոթանաք լուսնային հիջրեթի 6-րդ դարի իրանցի հայտնի միստիկ, սուֆի, մոհադես ու բանաստեղծ և Քոբրավիա ուղղության հիմնադիրներից ու առաջնորդներից Շեյխ Նաջմեդդիին Քոբրայի հետ:

Իրանցի հանրահայտ գործիչներ՝ համաշխարհային պարծանքներ 

 

Լուսնային հիջրեթի 540 թվականին, Խառազմ պատմական տարածքի Խորասանում գտնվող Խիուքում կամ Խիուղում, որը հետագային Խիվե անունով ճանաչվեց, բարեկիրթ ու գիտնական մի ընտանիքում լույս աշխարհ եկավ մի մանուկ, որին Ահմեդ կոչեցին: Այդ երեխան հետագա տարիներին  դարձավ սուֆիզմի գլխավոր դեմքերից մեկը: Նա Աբու Աբդոլլահ Ահմեդ Իբն Օմար Իբն Մոհամմեդ Իբն Աբդոլլահ Հիվաղի Խառազմին է, որը հայտնի է Նաջմեդդին Քոբրա և Շեյխ Վալի Թարաշ անուններով: Նա Քոբրավիա ուղղության հիմնադիրը և Աստծո ճանապարհի սիրահարների առաջնորդներից է: Նրա կոչումների մասին պատմագիրներն ու բանասերները տարբեր վկայություններ են կատարել: Ոմանք Քոբրա կոչումը կապում են նրա ուշիմության հետ, իսկ ոմանք էլ հավատացած են, որ նա երիտասարդ տարիքում վիճարկման արտակարգ կարողությամբ է օժտված  եղել, ինչի պատճառով էլ հայտնի է դարձել այդ կոչումով:

Շեյխ Նաջմեդդին Քոբրայի և Սոլթան Ալիի աղյուսե դամբարանը Թուրքմենստանի հյուսիսային Դաղ Աղուզ նահանգի պատմական «Քահնովե Օրգանջ» տարածքում

 

Նրա որոշ հետևորդներ հարգանքից ելած նրան Այաթ-օլ-Քոբրա են կոչել, որի առաջին բաժինը հետագային կրճատվելով մնացել է Քոբրան: Իսկ նրան Շեյխ Վալի Թարաշ են կոչել, քանի որ սուֆի գլխավոր շեյխերի մեծ մասը նրա աշակերտներն են եղել:

Ռուս արևելագետ ու բանասեր Բրեթլեսը Նաջմեդդին Քոբրայի մասին ասել է. «Թեև նրան Նաջմեդդին կոչեցին, սակայն նա ոչ թե աստղ այլ Արեգակ էր, որ արևելքից ծագեց միստիցիզմի երկնակամարում և նրա լույսը տարածվեց իսլամ աշխարհի ամենահեռավոր անկյուններում: Իրաքից, Ֆարսից, Խորասանից ու այլ վայրերից բազմաթիվ հետևորդներ աշակերտեցին նրան և օգտվելով նրա Քրիստոսին նմանող շնչից նրանցից յուրաքանչյուրը որևէ տարածքի առաջնորդ ու ուսուցիչ դարձավ»:

Նաջմեդդինը տարրական գիտելիքները սերտում է ծննդավայրում: Կարճ ժամանակ անց նրա գիտական անհատականությունը հենց երիտասարդ տարիքից արժանանում է Խառազմի գիտական դպրոցի ուսուցիչների ուշադրությանը, ինչի պատճառով էլ իր հոր և ուսուցիչների հաստատմամբ, ժամանակին տարածված սովորության համաձայն գիտություն ձեռք բերելու համար մեկնում է ուղևորության: Այցելում է Նեյշաբուր, Սպահան, Համադան, Թավրիզ, Խուզիստան, Հիջազ ու Եգիպտոս և տարբեր գիտություններ ձեռք բերելով ծանոթանում է ժամանակի մեծ շեյխերի հետ: Նաջմեդդինը իր ծննդավայրը համարվող Խառազմը թողնելուց հետո իր կյանքի ամենասիրելի ու լավ պահերն անց է կացնում անապատներում, հովիտներում ու լեռներում դեգերելով: Որևէ գիտնականի մասին լուր ստանալիս մեկնում էր այդ տարածքը և աշակերտում էր նրան: Այդ պատճառով էլ Նաջմեդդին Քոբրան միայն իր անձը մոռացած ու ուսուցչին միացած միստիկ չէր, այլ հմուտ մեկնաբան, վարպետ հադիսագետ, աստղագետ, մեծահամբավ բանասեր և հարգված իմաստուն ու փիլիսոփա, եզակի բառագետ էր:

Շատ երիտասարդ էր մեկնեց Եգիպտոս ու այդտեղ մի առ ժամանակ բնակվելուց և ուսում ստանալուց հետո գնաց ժամանակի մեծ միստիկներից Շեյխ Ռուզբեհան Վազան Մեսրիի տեսությանը և դարձավ նրա աշակերտը: Այս մեծ միստիկին աշակերտելը Նաջմեդդինի համար այնպիսի նշանակություն ունեցավ, որ նա իր  «Ջավահեր-ալ-ասրար»գրքում ասում է, որ ուսուցչի առաջնորդման և շարունակական ճգնության արդյունքում կարողացել է միստիկական բարձր աստիճանների տիրանալ: Նաջմեդդինը Շեյխ Ռուբեհանի ընտրյալ աշակերտ էր և կարճ ժամանակում ձեռք բերած աստիճանի պատճառով այնքան սիրելի է դառնում, որ նա իր աղջկան ամուսնացնում է Նաջմեդդինի հետ: Նա այդ մասին գրում է. «Իմ վիճակն արժանացավ Շեյխի հավանությանը և ինձ ընդունելով, որպես իր որդին իր աղջկան ամուսնացրեց ինձ, որից ես երկու որդի ունեցա»:

Շեյխ Նաջմեդդինի դամբարանը

 

Նաջմեդդինը Եգիպտոսում եղած ժամանակ լսում է, որ Թավրիզում Աբու Մանսուր Հաֆադա անունով մեկը Հադիսի գիտություն է դասավանդում: Ինքն այդ մասին ասում է. «Երբ դա լսեցի, ինձ մոտ նրան լսելու ցանկություն առաջացավ և որոշեցի նրա մոտ սերտել «Շարհ-ալ-սոնա» գիրքը: Շեյխ Ռուզբեհանից իրավունք խնդրեցի ու մեկնելով Թավրիզ բնակություն հաստատեցի «Աըթիղ» հրապարակի վրա գտնվող «Զահեդիե» խանղահում»: Աբու Մանսուրին աշակերտելիս նա ծանոթանում է Բաբա Ֆարաջ Թաբրիզի կոչվող անվանի միստիկի հետ: Այդ անվանի միստիկին աշակերտելով Նաջմեդդինը նվաճում է միստիկական ամենաբարձր աստիճանները: Նաջմեդդինը դրանից հետո էլ աշակերտում է շատ մեծերի ու սերտում է բոլոր հնարավոր գիտությունները: Նրա վերջին ուսուցիչն ու վարպետը Շեյխ Էսմայիլ Ղասրին էր, որ նրան առաջնորդի թիկնոց հագցրեց: Այդ մեծ ուսուցիչը Նաջմեդդինին հրամայում է գնալ Եգիպտոս և վերցնելով կնոջն ու որդիներին, աշակերտներ դաստիարակելու և ժողովրդին քարոզելու համար մեկնել Խառազմ:

Շեյխերի մոտ աշակերտին թիկնոց հագցնելը տարածված սովորություն էր: Այդ թիկնոցը լինում էր երկու տեսակ՝ Օրհնության ու Առաջնորդության: Օրհնության թիկնոցը միստիկ շեյխերի կողմից նվիրվում էր աշխատասեր աշակերտներին, որոնք որոշ աստիճաններ էին անց կացնում և նոր աշակերտի հանդեպ ուշադրության խորհրդանիշ էր: Հետևաբար կարելի էր մի քանի շեյխերից Օրհնության թիկնոց ստանալ: Սակայն Առաջնորդության թիկնոցը տարբերում էր: Դա կարելի էր ստանալ միայն կատարյալ մի շեյխից ու դրանով հետևորդին առաջնորդության ու քարոզի արտոնություն էր տրվում:

Շեյխ Նաջմեդդինի գերեզմանը

 

Նաջմեդդինը վերադառնում է Եգիպտոս: Ինչ-որ ժամանակ զբաղվում է Եգիպտոսի շեյխերին ու գիտական դեմքերին հանդիպելով: Այնուհետև 35 տարեկան հասակում՝ լուսնային հիջրեթի 575 թվականին, մեկնում է իր ծննդավայրը: Ժամանում է այսօր Ջորջանիե կոչվող Խիվե քաղաքը և քաղաքի երեցներին հանդիպելուց հետո սկսում է իսլամական գիտություններ դասավանդել մի խանղահում: Նրա դասերն այնպիսի ընդառաջման են արժանանում, որ կարճ ժամանակ անց նրա համբավը հասնում է օրվա գիտական կենտրոնները: Գիտական դեմքեր այս նորահայտ ուսուցչին հանդիպելու համար մեկնում են Խառազմ և մյուսների նման աշակերտում են նրան: Շեյխ Նաջմեդդինը իսլամական գիտություններ դասավանդելուն զուգահեռ նաև դաստիարակում է Աստծո ճանապարհի սիրահարներին: Միստիցիզմի սիրահարները Խառազմի տարբեր անկյուններից գալիս են նրա մոտ: Շեյխը ուսուցանում է իր համակիրներին և շեյխերի սովորության համաձայն նրանց ծանոթացնում է ճգնության ու ջանադրության կարգերին: Նրա աշակերտներն ավարտելով ուսուցման շրջանը և միստիկական դիրքերի տիրանալով ուղևորվում էին իսլամական այլ երկրներ, որպեսզի իրենք էլ իրենց հերթին աշակերտներ դաստիարակեն:

Քոբրավիա ուղղության առաջնորդ Նաջմեդդին Քոբրան լուսնային հիջրեթի 618 թվականին՝ 78 տարեկան հասակում դիմադրելով Մոնղոլ կողոպտիչներին, ընտրում է հերոսական մահը և նահատակվում է: Երբ Մոնղոլ կողոպտիչները հասնում են Խառազմ, Շեյխ Նաջմեդդինն իր աշակերտներին ու հետևորդներին, որոնք համարվում էին իր հսկայական միստիցիզմի ժառանգորդը, հրահանգում է վերադառնալ իրենց քաղաքներն ու երկրները: Նրանք Շեյխիցն խնդրում են իրենց հետ հեռանալ Խառազմից, սակայն նա ասում է. «Մեկնելու ցանկություն չունեմ ու պիտի այստեղ նահատակվեմ»: Ասում են, որ «Չենգիզն ու նրա որդիները մինչև Խառազմ հասնելը կանգ են առնում Բոխարայում ու իրենց հետ Խառազմ են բերում այդ տարածքի գիտնականներից Ղազի Խանին: Երբ հասնում են Խառազմ, Ղազի Խանը նրանց ասում է, որ Շեյխերի պարագլուխ Նաջմեդդին Քոբրան այստեղ է գտնվում և չի կարելի բռնանալ նրա ու նրա հետևորդների հանդեպ: Զորքը գլխավորող Չենգիզի որդիները Ղազի Խանին ուղարկում են Շեյխի մոտ, որպեսզի նրան փոխանցի՝ «Մենք քեզ ու քո հետևորդների հետ որևէ գործ չունենք: Թող Շեյխը և նրա ընտանիքի անդամներն ու հետևորդները հեռանան, որպեսզի նրանց պատահական վտանգ չսպառնա»: Ղազին փոխանցում է պատգամը: Շեյխը պատասխանում է. «70 տարի ուրախության պահերին Խառազմի ժողովրդի կողքին եմ եղել, իսկ տառապանքի պահին նրանց լքելն անարգանք կլինի»: Զորքը ներխուժում է Խառազմ: Շեյխ Նաջմեդդին Քոբրան խիզախությամբ ու հավատքով պատերազմում է թշնամու  դեմ և ի վերջո նահատակվում է կուրծքը խոցած նետի միջոցով: