Փետրվար 21, 2016 04:54 Asia/Yerevan

Ողջույն ձեզ թանկագին բարեկամներ: Ինչպես միշտ մեր հաղորդման ընթացքում կանդրադառնանք մի շարք գեղարվեստական լուրերի: Իսկ եթերում մեզ կընկերակցի մեր թղթակիցը: Ընկերակցեք մեզ:

Իրանի «Ֆաջր» կինոփառատոնի 34-րդ շրջանն ավարտել է իր աշխատանքը:

ԻՌՆԱ-ի հաղորդման համաձայն. հինգշաբթի երեկոյան Իրանի իսլամական մշակույթի և առաջնորդման նախարար Ալի Ջաննաթիի, Ճանապարհի և քաղաքաշինության նախարար Աբբաս Ախունդիի, կինոյի բնագավառի մի խումբ տնօրենների, ինչպես նաև կինոգործիչների ու մամուլի ներկայացուցիչների ներկայությամբ պարգևատրվել են փառատոնի տարբեր անվանակարգերում հաղթած լավագույնները:

Հանդիսության ժամանակ Իրանի «Ֆաջր» 34-րդ կինոփառատոնի հաղթողներին հանձնվեց «Սիմորղ» մրցանակը:

Լավագույն դերասանի անվանակարգում հաղթեց «Թիկնապահ» ֆիլմի դերասան Փարվիզ Փարասթուին, իսկ «Հավերժություն և մեկ օր» ֆիլմի դերասանուհի Փարինազ Իզադ Յարը շահեց լավագույն դերասանուհու «Սիմորղ» մրցանակը:

Փառատոնի լավագույն ֆիլմ ճանաչվեց «Կանգնած մշուշի մեջ» ֆիլմը:

«Ֆաջր» փառատոնի 34-րդ շրջանը մեկնարկել էր փետրվարի 1-ին:

----------------------------

Չորեքշաբթի, փետրվարի 10-ին մեկնարկեց «Ֆաջր»-ի 31-րդ երաժշտական փառատոնը:

Փառատոնի շրջանակներում անցած շաբաթ Իրանի ազգային նվագախումբը հանդես եկավ իրանահայ անվանի դիրիժոր,երաժիշտ մայեստրո Լորիս Ճգնավորյանի ղեկավարությամբ: Նվագախումբը առաջինը կատարեց Ճգնավորյանի «Ararat suite»-ի առաջին հատվածը, «Սիրային երգեր» սուիտից հատվածներ, ինչպես նաև «Փարդիս և Փարիսա» սուիտի երեք ու «Ողջույն» սուիտի 7 հատվածները: Նվագախմբին կատարումներով ընկերակցում էր Իրանի Ֆիլարմոնիկի երգչախումբը: Հիշեցնենք, որ սա Լորիս Ճգնավորյանն Իրանի ազգային նվագախումբը ղեկավարում էր առաջին անգամ:

Իսկ փետրվարի 14-ին «Վահդաթ» դահլիճը հյուրընկալեց՝ երաժիշտ-դաշնակահար՝ Ռաֆայել Մնացականյանի դաշնամուրային ռեսիտալը: Հիշյալ ռեսիտալին հնչեցինն կտորներ՝ Բախից, Շուբերթից եւ Շոպենից:

Ինչպես արդեն հայտարարել ենք փառատոնին նաև մասնակցում էր Հայաստանից հրավիրված ,Երևան տրիոն»-ն:

Իրանի «Ֆաջր»-ի երաժշտական փառատոնը շարունակվելու է մինչև փետրվարի 20-ը:

-----------------------

Հայաստան-Իրան կապերն առավել բազմակողմանի ու խորը դարձնելու ուղղությամբ փոխադարձ այցելություններ, մշակութային միջոցառումներ են նախատեսվում առաջիկայում: Ինչպես «Արմենպրես»-ի հետ զրույցում հայտնեց Հայաստանում Իրանի Իսլամական Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Սեյեդ Քազեմ Սաջադին, փորձ է արվում զարգացնել Իրան-Հայաստան մշակութային կապերը, ակտիվացնել երկու երկրների միջև զբոսաշրջության հոսքը, որպեսզի երկրների ժողովուրդներն էլ ավելի ծանոթանան միմյանց:

Դեսպանը, խոսելով քառամսյա իր գործունեության ընթացքում տարբեր նախարարների այցերի մասին, կարևորեց Հայաստանի մշակույթի նախարարության ու Իրանի Մշակութային ժառանգության և զբոսաշրջության կազմակերպության համագործակցությունը, որպեսզի Հայաստանի Կապույտ մզկիթը ՅՈՒՆԵՍԿՕ-ի համաշխարհային ժառանգության ցուցակում գրանցվի: «Մոտ ապագայում նախատեսվում է Իրանի մշակույթի ու Իսլամական կապերի կազմակերպության ղեկավարի այցը Հայաստան` ՀՀ մշակույթի նախարարի հրավերով:

«Մշակութային ոլորտում կատարած իմ առաջին քայլը կլինի այն, որ Իրանի Գիլան նահանգից Հայաստան կժամանի երաժշական խումբ, որը հրավիրվել է այստեղ ազգային տոնի միջոցառումներին մասնակցելու համար: Այգաբացի տասնօրյակի շրջանակում Հայաստան են ժամանելու նաև Իրանի Նիավարան մշակութային պալատի ղեկավարն ու մի բանաստեղծ, ովքեր ևս կմասնակցեն տոնական միջոցառումներին: Մենք ցանկանում ենք կազմակերպել ասմունքի երեկո և ստեղծել կապեր Իրանի ու Հայաստանի գրողների ու բանաստեղծների միջև»,-ավելացրեց Իրանի դեսպանը:

Իսկ ֆիլմերի սիրահարները առաջիկայում հնարավորություն կունենան դիտել իրանական ֆիլմեր: «Առաջիկայում բազմաթիվ միջոցառումների շարքում նախատեսում ենք նաև մշակութային օրերի անցկացում երկու երկրներում: Երևանում`Մոսկվա կինոթատրոնում, կկազմակերպվեն իրանական ֆիլմերի ցուցադրության երեկոներ, որպեսզի հայերը ավելի մոտիկից ծանոթանան իրանական մշակույթին»,-ասաց Սեյեդ Քազեմ Սաջադին:

-------------------

Երևանի Ե. Չարենցի անվան գրականության և արվեստի թանգարանում փետրվարի 9-ին տեղի ունեցավ «Միջին արևելքի արվեստ» ցուցահանդեսի բացման արարողությունը, որը ներկայացնում է Մարկոս Գրիգորյանի հավաքածուն: Հավաքորդն այն Հայաստանին է նվիրաբերել 1993 թվականին: Հավաքածուի ժամանակագրությունը, մշակութային բազմազանությունը պայմանավորված են հավաքորդի ճակատագրով:

Թանգարանի երեք սրահներում ներկայացված են հոգևոր, դեկորատիվ-կիրառական արվեստի նմուշներ՝ խեցեղեն, բրոնզե քանդակներ, գորգեր, մանրանկարչություն և տարազներ:

Ցուցահանդեսում ներկայացված են նաև Մարկոս Գրիգորյանի հեղինակային ստեղծագործությունները, որոնցից են հողանկարները, գորգերը: Իր խոսքում ցուցադրությունը բարձր գնահատեց նկարիչ Փարավոն Միրզոյանը:

Ցուցադրությունն ընդգրկում է հայկական, իրանական, եվրոպական հոգևոր եվ մշակութային արժեք ունեցող իրեր, որոնք թվագրվում են Ք.ա. չորրորդ հազարամյակից սկսած մինչև մեր ժամանակներով:

Իրանահայ նկարիչ, գորգագետ Մարկոս Գրիգորյանը ծնվել է 1925 թվականին Ռուսաստանում, այնուհետև ՝ապրել Իրանում: 1994 թ.Մարկոս Գրիգորյանին շնորհվել է Երևանի պատվավոր քաղաքացու կոչում: Նկարչի ստեղծագործությունները ներկայացված են Հռոմի, Նյու Յորքի և Թեհրանի պատկերասրահներում:

------------------------------

Ռուս հանրահայտ փիլիսոփա՝ Ալեքսանդր Դուգինը համոզված է, որ «Քրիստոսը Ղադրի գիշերում» գիրքը կարևորում է աստվածային կրոնների նկատմամբ հարգանքը: Նա օրինակելի է բնութագրել քրիստոնյա նահատակների հարազատների հետ Իրանի առաջնորդի հանդիպումները:

«Քրիստոսը Ղադրի գիշերում» գիրքը և հայ ու ասորի նահատակների հարազատների հետ իսլամական հեղափոխության մեծահարգ առաջնորդի հանդիպումներն օրինակելի բնութագրելով, Դուգինն ասել է.«Այդ գիրքը և Իրանի առաջնորդի հանդիպումները կարևորում են բոլոր աստվածային կրոնների նկատմամբ հարգանքը»:

«Քրիստոսը Ղադրի գիշերում» գիրքը պատմում է քրիստոնյա նահատակների հարազատների բնակարաններ իսլամական հեղափոխության մեծահարգ առաջնորդի այցելությունների մասին: Գիրքը հրատարակվել է անցյալ տարի, «Սահբա» հրատարակչության կողմից և ընթերցողին է ներկայացվել նոր տարվա օրերին:

---------------------------

Արևելյան Ատրպատական նահանգի գեղարվեստական կենտրոնի նախագահ Հասան Միլանին տեղեկացրել է, որ մեկնարկել են նահանգի հայ նահատակներին նվիրված գրքի հրատարակման աշխատանքները: «Նահանգի հայ նահատակներին նվիրված գիրքը հրատարակվելու է նահանգի գեղարվեստական կենտրոնի դիմադրության ուսումնասիրությունների և գրականության գրասենյակի նախաձեռնությամբ և բանավոր պատմության աշխատանքային խմբի ջանքերով». ասել է նա:

Համաձայն ԻՔՆԱ լրատվական գործակալության հաղորդման, Միլանին նշել է, որ նահանգը 13 հայ նահատակներ է ունեցել, հավելելով. «Առաջին փուլում հրատարակվելու են 13 նահատակներից երեքի մասին հուշերը»:

«Առաջին փուլում գրքում հուշեր են ներառվել նահատակներ Ղայչան Դավթյանի, Վիլիամ Ավրանդի և Հրաչ Համբարձումյանի մասին»,-ասել է Միլանին:

Նրա խոսքերով. «Պարտադրյալ պատերազմի շրջանի նահատակների շարքին են դասվում նաև երկրի ազգային ու կրոնական փոքրամասնություններին պատկանող երիտասարդները, որոնք իրենց մուսուլման եղբայրների հետ ուս-ուսի կռվեցին պատերազմի տարբեր ճակատներում ու անցան նահատակների շարքը, կամ երկար տարիներ մնացին գերության մեջ»:

--------------------------------

Ավելի քան 10 տարի է, ինչ Թ. Հ. Թ. Կրթական խորհրդի Մշակութային հանձնախումբը կազմակերպում է Մշակութային փառատոն:

2015-2016 ուսումնական տարեշրջանի Մշակութային փառատոնի երգի մրցույթը կայացավ չորեքշաբթի, փետրվարի 10-ին Հ. Մ. «Սիփան» միութեան «Նայիրի» սրահում, իսկ երաժշտական գործիքներինը՝ ուրբաթ, փետրվարի 12-ին «Արարատ» մարզավանի «Վաչիկ Ղարաբեգյան» սրահում Թեհրանի հայոց դպրոցների եւ ուրբաթօրյա դասընթացներ հաճախող 165 աշակերտների մասնակցությամբ:

Երգի փառատոնին իրենց մասնակցությունն էին բերել հայոց դպրոցների 62 աշակերտներ, որոնցից 41-ը տարրականի եւ 21-ը միջնակարգ օղակի աշակերտներ էին:

Աշակերտական ասմունքի փառատոնը կայանալու է առաջիկա ուրբաթ, փետրվարի 19-ին, «Արարատ» մարզավանի «Վաչիկ Ղարաբեգյան» սրահում:

-------------------------

Հայ ժողովրդին աջակցած հինգ միսիոներ կանանց ճակատագրերն ու պատմություններն ամփոփող «Փրկության քարտեզ» ֆիլմը կներկայացվի կինովարձույթում: Այս մասին «Արմենպրես»-ին տեղեկացրեց կինոնկարի մտահղացման հեղինակ, գլխավոր պրոդյուսեր և «Ման Փիքչրս» ստուդիոյի հիմնադիր-տնօրեն Մանվել Սարիբեկյանը:

«Ֆիլմն արդեն ցուցադրվել է վեց երկրներում ` Հայաստանում, Իրանում, Ավստրիայում, Դանիայում, Շվեդիայում, Ֆինլանդիայում, առաջիկա մի քանի ամիսներին նախատեսվում են ցուցադրություններ մի շարք այլ երկրներում: Ցավոք, միայն անձնական ծանոթությունների միջոցով ենք հաջողացնում իրականացնել ցուցադրությունները: Ապրիլի կեսին կամ մայիսին ֆիլմը կներկայացվի նաև կինովարձույթում: Հետո կլինեն նաև խտասկավառակներ, վերջում նաև հեռուստատեսային պրեմիերա»,-նշեց Մանվել Սարիբեկյանը:

Նրա խոսքով` վերջին անգամ ֆիլմը ցուցադրվել է Հելսինկիում հունվարի 28-ին:

----------------

Հռոմի Ֆրանցիսկոս պապը մարտի մեկին կներկայացնի նոր գիրք, որը կներառի աշխարհի տարբեր ծայրերի երեխաներից իրեն ուղղված նամակներում տեղ գտած հարցերն ու դրանց պատասխանները: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, վկայակոչելով Quartz-ը, գրքում տեղ կգտնեն նաև երեխաների նկարազարդումները: «Սիրելի Ֆրանցիսկոս պապ» անվանումով գիրքը արտահայտում է դեռահաս կաթոլիկների անհանգստություններն ու հարցադրումները, որոնց պապն առաջարկում է պատասախանների խորություն, ինչից նույնիսկ ոչ հավատացյալները կարող են դասեր քաղել:

Ահա այդպիսի մի քանի հարցադրում ու դրանց պատասխանները:

 «Կարող է իմ ոչ կաթոլիկ պապիկը, ով ունակ չէ վատ արարքի, գնալ դրախտ, երբ մահանա» հարցին, որը տվել է չինացի 13-ամյա Իվանը, Հռոմի պապը պատասխանել է. «Հիսուսը ցանկանում է, որ մենք բոլորս գնանք դրախտ»:

«Եթե Աստված սիրում է մեզ այդքան շատ և չի ցանկանում, որ մենք տառապենք, ինչու նա դեռ չի հաղթել սատանային». պերուացի 9-ամյա Ալեխանդրան է հարցրել: Այս հարցին էլ Ֆրանցիսկոս պապը պատասխանել է հետևյալ կերպ. «Սատանան նման է վիշապի, որը շարժում է իր պոչը մահից հետո»:

«Ինչու է Աստված ստեղծել մեզ` իմանալով, որ մենք պետք է մեղանչենք նրա դեմ». հարցրել է 10 տարեկան Մաքսիմուսը Սինգապուրից: Պապի պատասխանը. «Աստված մեզ տվել է ազատություն, ինչը նշանակում է նաև մեղքն ընտրելու ազատություն»:

Կանադացի 8-ամյա Ռայանը հարցրել է. «Ինչ արեց Աստված մինչ աշխարհը ստեղծելը», որին ի պատասխան պապը ասել է. «Նա սիրեց»:

Սիրգապուրցի 8-ամյա Ֆայթին հետաքրքրել է, թե ինչու է Հռոմի պապը կրում գլխարկ, իսկ պապն ասել է, որ այն եպիսկոպոս լինելու խորհրդանիշ է:

«Ինչու այլևս չկան շատ հրաշքներ»,- հարցրել է պերուացի 9-ամյա Ժուակինը: «Դա ճիշտ չէ»,-պատասխանել է Հռոմի պապը:

«Կարող է աշխարհը լինել առաջվա պես»,-հարցրել է 10-ամյա Մոհամեդը Սիրիայից, իսկ պապը պատասխանել է. «Ոչ»: