Իրանցի հանրահայտ գործիչներ՝ համաշխարհային պարծանքներ (119)
Ողջույն թանկագին բարեկամներ: Մեր այս հաղորդման ընթացքում կշարունակենք նախորդ շաբաթներում սկսած մեր զրույցը՝ Սեֆևյան շրջանի իրանցի հայտնի բանաստեղծ և հնդկական դպրոցի կամ ոճի կարկառուն ներկայացուցիչ Աբութալեբ Քալիմ Քաշանիի մասին: Այսօր անդրադառնալու ենք նրա բանաստեղծություններում ժամանակի քաղաքական ու հասարակական իրադարձությունների արձագանքին:
Ասացինք, որ Աբութալեբ Քալիմ Քաշանին ժամանակակից է եղել Սեֆևյան Շահ Աբբասին և կրել է Գուրքանյան Շահ Ջահանի պալատական բանաստեղծի տիտղոսը: Քալիմի կյանքի մանրամասնությունները մնացել են նրա ստեղծագործությունների վայելած համբավի ստվերի տակ ու նրա կենսագրության խոշոր բաժինը մեզ համար անհայտ է մնացել: Նրա ծննդյան թվականը պարզ չէ, սակայն գիտենք, որ ծնվել և ուսումն ստացել է Քաշան կամ Համադան քաղաքներում և երիտասարդ տարիքում Սեֆևյան շրջանի շատ բանաստեղծների ու գրողների նման Հնդկաստան գնալով ներկայացել է Հնդկաստանի Գուրքանյան թագավորին ու արժանացել է պալատական բանաստեղծի կոչումին և ի վերջո վախճանվել է լուսնային հիջրեթի 1061 թվականին Հնդկաստանի Քաշմիրում: Նրա դամբարանը գտնվում է Սերինեգարում՝ «Մազարաթ-ե Քաշմիր» կոչվող վայրում: Նաև ասացինք որ Քալիմ Քաշանիից հիշատակ է մնացել 15 հազար երկտողերով անավարտ մի Շահնամե և երկերի ժողովածու: Նա փորձել է բանաստեղծության տարբեր կաղապարները, սակայն առավել հռչակ ունի գազելի բնագավառում: Քալիմը Հնդկական ոճի հիմնադիրներից ու կարկառուն ներկայացուցիչներից է:
Արվեստը հասարակության մերկ մարմինը և կյանքի դառը ճշմարտությունները քողարկող շղարշ է և իրականություններն անուղղակի կերպով ներկայացնում է մարդուն և դա ի տես այն բանի, որ պատմությունն իրականությունները ներկայացնում է ուղղակի կերպով: Այն արվեստագետները, որոնց աշխատանքներն ազգային են, հավերժանում են: Ազգային արվեստն այն արվեստն է, որի տարրերը փոխ են առնված ժողովրդի կյանքից: Այս մեծ արվեստը հասարակության ծնունդն է և արվեստագետ անհատը միայն նրան հարդարում է: Գրականությունը խոսքի արվեստն է, որ կարող է հասարակության լիարժեք հայելին լինել: Ժամանակակից մտավորական ու գրող Ջալալ Ալե Ահմադը հավատացած է, որ «ցանկացած ժողովրդի ամենաիսկական փաստաթուղթը գրականությունն է և մնացյալը կեղծ են»: Ցանկացած պատմական ժամանակաշրջանի հասարակական յուրահատկությունները կարելի է գտնել այդ ժամանակաշրջանում երևան եկած գրական ստեղծագործությունների մեջ: Ինչքան ավելի շատ լինի արվեստագետի հանձնառությունը, հասարակական թեմաներին ու հարցերին ավելի շատ տեղ կհատկացվի նրա ստեղծագործություններում: Բանաստեղծը, գրողն ու արվեստագետն ապրում է իր ժամանակաշրջանում և դրա հասարակական միջավայրում և պարզ է, որ ազդվելու է այդ միջավայրից և իր կրած ազդեցությանը համապատասխան և անհրաժեշտ նկատած չափով դրանց արտացոլում է իր ստեղծագործություններում: Անցյալ ժամանակների հասարակական ու մշակութային շատ երևույթներ ու իրադարձություններ կարելի է ուղղակի կամ անուղղակի կերպով քաղել պատմության, աշխարհագրության, տնտեսության, հավատքի, բարոյականության, վարչարարության ու քաղաքականության բնագավառում պարսից գրականության հարուստ գանձարանի խորքից:
Շատ բանասերների համոզմամբ մի գրական ստեղծագործություն սոսկ երևակայական խաղ կամ հուզված մտքի արտաթորանք չի համարվում, այլ համարվում է ստեղծագործողի ապրած ժամանակաշրջանի սովորությունների ու ավանդույթների և մշակութային նորմերի արտացոլանքը: Գրականությունը հասարակության մշակույթի ատաղձն է և կապի մեջ է այն ժամանակաշրջանի ոգու հետ, որտեղ բանաստեղծը մտքային, ճաշակային ու մշակութային տեսակետից դաստիարակվել է: Իրականության մեջ բանաստեղծությունը հասարակության հոգևոր մշակույթի մի տեսակն է համարվում:
Բազմաթիվ պատերազմներից ու զինվորական նվաճումներից հետո լուսնային հիջրեթի 907 թվականին Թավրիզում Շահ Էսմայիլի թագադրությամբ հիմնադրվում է Սեֆևյան թագավորությունը: Նրան հաջորդած ութ թագավորները շուրջ երկու դար իշխեցին Իրանում: Իրանում Սեֆևյան հարստության իշխանության երկու դարերն ունեցան դրական ու բացասական արդյունքներ: Իրանում քաղաքական միատարրության ու միասնականության ստեղծումը և կենտրոնացած ու հզոր կառավարության ձևավորումն այս թագավորության դրական նվաճումներից են համարվում: Այդուհանդերձ, երբեմն էլ նրանց բացասական գործունեությունն ու բազմաթիվ բարդություններն ստեղծել են այնպիսի պայմաններ, որոնք ծանր իրավիճակ են առաջացրել ժողովրդի համար: Քալիմ Քաշանիի ապրած տարիները զուգադիպում են Սեֆևյան վեց թագավորների իշխանությանը: Քալիմի երիտասարդության տարիներն անց են կացել Սուլթան Մոհամմեդ Խոդաբանդեի, Շահ Աբբասի Ա-ի և Շահ Սաֆիի ժամանակաշրջաններում, իսկ նրա նրա մանկության ու ծերության շրջանը համապատասխանում է Շահ Թահմասբ Ա-ի և Շահ Աբբաս Բ-ի թագավորության ժամանակաշրջաններին: Պատմագիրները Մոհամմեդ Խոդաբանդեի 11-ամյա թագավորությունը արձանագրել են, որպես Սեֆևյան պատմության մեջ անկայունության ու խռովության տարիներ: Այդ տարիներին ժողովրդի իրավունքների բռնահարումը սովորական երևույթ էր դարձել: Թեև Սուլթան Մոհամմեդ Խոդաբանդեն կրոնը պաշտպանելու և կրոնի վրա հիմնվելու հավակնություն ուներ և մարդկանց համար կրոնական օրենքներ էր սահմանել, սակայն մինչև վերջին պահը զեխ կյանք վարեց: Քալիմին ժամանակակից Սեֆևյան մյուս թագավորներն էլ քիչ թե շատ Մոհամմեդ Խոդաբանդեի նման կրոնական լինելու հավակնությամբ հանդերձ զեխ կյանք էին վարում և բռնահարում էին ժողովրդին: Հնդկական ոճի բանաստեղծության մասնագետ Ամիրի Ֆիրուզքուհիի համոզմամբ. «Սեֆևյան հասարակության մեջ իշխանությունը հոգևորական ձևացող մի շարք մարդկանց լարած թակարդն էր, որոնք կրոնի հագուստի տակ բռնահարում էին ժողովրդին ու կողոպտում էին նրան և դրան զուգահեռ ամենուր տիրում էր կեղծիքը, չքավորությունն ու անարդարությունը»:
Սեֆևյան շրջանը պարսից լեզվի ու գրականության հանդեպ անտարբերության ժամանակաշրջանն է: Այս ժամանակաշրջանում Իրանում կրկին ծաղկում են ապրում արաբերեն լեզուն ու գրականությունը և դրա հետ կապված մասնագիտությունները: Շիա դավանանքի գերակշռության պատճառով արաբերեն գրականությամբ զբաղվելն ու արաբերեն լեզվով ստեղծագործելը մեծ տարածում են գտնում: Սեֆևյանների կրոնական քաղաքականության պատճառով այս ժամանակաշրջանի պոեզիայում չափազանց տարածված է մեծապատիվ մարգարեին ներբողներ նվիրելն ու նաև ողբասացությունը:
Սեֆևյան թագավորները քիչ ուշադրություն էին ցուցաբերում ներբողներ գրող բանաստեղծների հանդեպ ու դրա պատճառով էլ իրանցի հանրահայտ շատ բանաստեղծներ մեկնում են հարևան երկրներ և փառավորում են Հնդկաստանի թագավորների արքունիքը: Սեֆևյան շրջանում իշխող քաղաքականության շնորհիվ պոեզիան այլևս հիմնականում հասարակության վերնախավին պատկանող սահմանափակ թվով անձանց մենաշնորհը չի համարվում և տարածում է գտնում հասարակ ժողովրդի մեջ: Այս շրջանի շատ բանաստեղծներ զբաղվել են այնպիսի արհեստներով ու աշխատանքներով, որոնք այնքան էլ չեն առնչվել պոեզիայի հետ: Դա պատճառ դարձավ, որ գրական լեզուն կորցնի իր սլացիկությունն ու կայունությունը, հակվի պարզության կողմը և բովանդակության տեսակետից էլ անդրադառնա հանրության համար դյուրըմբռնելի թեմաների:
Սեֆևյան ժամանակաշրջանի բանաստեղծները օգտվում էին նոր թեմաներից, պատկերներից ու փոխաբերություններից, որոնք տարբերվում էին անցյալի հետ և համապատասխանում էին նրանց գեղագիտական հայացքներին: Որոշ գրողներ, գրականագետներ ու բանասերներ պարսից գրականության մեջ հնդկական ոճի երևան գալը պայմանավորում են Սեֆևյան ժամանակաշրջանի հասարակական ու տնտեսական պայմաններով, ինչը համարվում է գրականության միջոցով ընթերցողի գեղագիտական պահանջներին տրված պատասխան: Հնդկական ոճի բարդության պատճառներից մեկը արվեստի բնական ու աստիճանական շարժումն է դասական պարզությունից դեպի բարդություն: Իրանցի բանաստեղծների ուղևորությունը Հնդկաստանի թագավորների արքունիքը և այդ երկրի ճաշակներից կրած ազդեցությունն Իրանի բանաստեղծների ոճում փոփոխության ազդակներից պիտի համարել:
Պարսից բանաստեղծության մեջ տարածված ոճերի միջից հնդկական ոճը մշակութային ամուր հենարան չունի և այդտեղ քիչ դրսևորում են գտնում ազգային, դիցաբանական, պատմական ու կրոնական խորհրդանիշները: Դրա պատճառը հնդկական ոճի բանաստեղծների մշակութային հեռավորությունն է իրանական գրական-մշակութային ավանդույթներից: Այդ հեռավորության պատճառներից մեկը Սեֆևյան ժամանակաշրջանում տիրող հասարակական ու քաղաքական պայմաններն են: