Փետրվար 12, 2017 13:18 Asia/Yerevan

Ողջույն թանկագին բարեկամներ: Ձեզ ենք ներկայացնում «Իրանցի հանրահայտ գործիչներ՝ համաշխարհային պարծանքներ» հաղորդաշարի հերթական թողարկումը: Ինչպես արդեն նախորդ մի քանի հաղորդումների ժամանակ ենք ասել, պատմության որոշ ժամանակաշրջաններում մեծ է եղել Հնդկաստան գաղթած իրանցի մտավորականների թիվը, ուստի մի քանի հաղորդումներ հատկացրել ենք այդ թեմային: Ընկերակցեք մեզ:

Իրանցի հանրահայտ գործիչներ՝ համաշխարհային պարծանքներ

 

Նախորդ հաղորդման ժամանակ ասացինք, որ Հնդկական թերակղզին տնտեսական, մշակութային ու քաղաքական առումով գաղթականներ ընդունող երկիր է: Քաղաքական տեսակետից Հնդկաստանում իշխանական կառույցը հազար տարի շարունակ ձևավորված է եղել գաղթի երևույթի վրա և Հնդկաստանի իշխանական կառույցներից շատերը կառավարվել են ոչ-տեղացի ու գաղթական գործիչների միջոցով: Գաղթականների տարբեր խմբերի մեջ իրանցիները երկու երկրի միջև պատմական, մշակութային ու հասարակական կապերի բերումով եզակի դիրք են զբաղեցրել: Գաղթական իրանցիների առաջին խումբը զրադաշտականներն էին, որոնց ավելի մեծ թվով խմբեր իսլամը տարածաշրջան մուտք գործելուց հետո գաղթեցին այդ երկիր: Իրանի ու հատկապես մեծ Խորասանի դեմ մոնղոլական ավերիչ հարձակումներից հետո հազարավոր պարսկախոս գիտնականներ, գրողներ, արվեստագետներ ու արհեստավորներ Հնդկաստան գաղթեցին, ինչը շարունակվեց շուրջ մեկ դար: Այդ շրջանից հետո ամենախոշոր գաղթն արձանագրվել է Սեֆևյանների շրջանում: Տարբեր խմբեր գաղթեցին Հնդկաստան, որոնց մեջ էին գիտության ու գրականության գործիչներ, միստիկներ, սուֆիներ ու հեղինակավոր գործիչներ ու ղեզելբաշներ: Իրանցի միստիկներն ու սուֆիները Հնդկական ընդարձակ թերակղզում իսլամի տարածման ուղղությամբ ամենամեծ դերակատարությունն են ունեցել:

Իրանցիների Հնդկաստան կատարած ծավալուն գաղթի համար տարբեր պատճառներ են հիշատակվել, սկսած մոնղոլական ավերիչ արշավանքներից ու իշխանությունից և այնուհետև Սեֆևյան թագավորների բռնություններից ու արվեստի հանդեպ նրանց անուշադրությունից մինչև Հնդկաստանի ու Դաքանի աչք շլացնող հմայքը: Պատճառն ինչ էլ որ եղած լինի համեմատաբար երկար մի ժամանակաշրջանում Հնդկաստանում ու Դաքանում մեծ արքունիք է ձևավորվել, որը համարվել է պարսից լեզվի ու գրականության կենտրոնը և թագավորն ու պալատականները շփվել են պարսկերեն լեզվով: Դա ի տես այն բանի, որ քաղաքական իշխանությունն ընդհանրապես եղել է թուրքերի ու մոնղոլների տիրապետության ներքո, սակայն հնդկական արքունիքում տիրապետել է իրանական մշակույթը: Հնդկաստանի պատմության ընթացքում այդ տարածքն ականատեսն է եղել արտասահմանյան տարրերի, այդ թվում աֆղանների ու թուրքերի բազմաթիվ արշավանքների, որոնք նույնիսկ թագավորություն են ստեղծել Դեհլիում, սակայն հետզհետե ընդունել են հնդկական ինքնություն: Հնդկաստանի հասարակական կյանքի տարբեր կողմերում իրանական մշակույթի տարրերի գոյությունը վկայում է այդ տարածաշրջանում Իրանի մշակույթի ազդեցության ու ներթափանցման մասին: Հնդկաստանը Սուլթան Մահմուդ Ղազնավիի կողմից նվաճվելուց հետո պարսկերենը տարածված է եղել այդ տարածքում ու հետագային մոնղոլական արշավանքների ու իրանական տարբեր խմբերի գաղթի հետևանքով առավել մեծ ծավալ է ստացել:

«Պարսկերեն լեզվով որոշ արձանագրություններ Հնդկաստանի պատմական շինություններում»

Շատ իրանցի գիտնականներ ու իմաստուններ Իրանից Հնդկական թերակղզի գնալով բնակություն են հաստատել այնտեղ: Այդ շրջանում պարսկերեն լեզուն տարածված է եղել մինչև Մուլթան ու Բենգալ: Ասվում է, որ պարսկերենը Քաշմիր է մուտք գործել ու  տարածվել իրանցի անվանի միստիկ Սեյեդ Միր Ալի Համադանիի շնորհիվ, ով 700 իրանցի սեյեդ արվեստագետների ընկերակցությամբ Քաշմիր է մուտք գործել: Նա իսլամ կրոնի ճշմարտությունը քաղցր ու հաճելի ոճով արտահայտել է պարսկերեն լեզվով ու համապատասխան պարզ ժողովրդի ընկալման մակարդակի: Նա դաստիարակել է բազմաթիվ քարոզիչներ ու նրանց գործուղել է Քաշմիրի տարբեր անկյունները:

15-րդ և 16-րդ դարերում Պարսից լեզուն տարածում է գտնում Հնդկական թերակղզում: Այս շրջանում Սուլթան Սեքանդար Լուդին հինդուներին պարտադրում է սովորել պարսկերեն լեզուն և խոսել ու գրել այդ լեզվով:

«Սեքանդար Լուդիի դամբարանն ու նրան վերագրված պատկերը»

 

15-րդ և 16-րդ դարերում՝ Սենդի տարածքում, պարսկերեն լեզվի տարածումը հիացմունք է պատճառում: Սենդը լուսնային 927 թվականից մինչև 1021 թվականը եղել է Չինգիզ Խանի ժառանգորդներից համարվող Արղունի ժառանգորդների տիրապետության տակ: Այդ շրջանում պարսկերեն լեզվի արձանագրած առաջադիմությունը հիացմունք է պատճառում բանասերներին: Արղունի արքայազնները Սենդ են հրավիրում իրանցի գիտնականների ու իմաստունների: Սեփահի անունով հայտնի Շահ Հոսեյն Արղունի օրոք պարսկերեն լեզու և գրականություն դասավանդող դպրոցներ են բացվում: Աքբարի կայսրության շրջանում Ռաջա Թու Դերմելի հրահանգով ամբողջ Հնդկական թերակղզում հնդկերենը փոխարինվում է պարսկերենով և որոշվում է բոլոր հաշիվները հնդկերենի փոխարեն պահել պարսկերեն լեզվով:

«Հնդկաստանի կայսր՝ Աքբար Շահի դամբարանը»

Մուսուլմանների ներթափանցման հետ միասին այդ տարածքում տարածում են գտնում արաբերեն, թուրքերեն ու պարսկերեն լեզուները: Կրոնական տերմիններն ընդհանրապես արաբերեն էին: Շատ հագուստներ, ուտեստներ ու ապրանքներ, որոնք Հնդկաստան էին բերվել թուրքախոսների միջոցով պահպանեցին իրենց թուրքերեն անվանումները: Իսկ պարսկերենը դարձավ գրական, պաշտոնական ու դիվանագիտական լեզու: Քaշմիրում ու Դաքանում պարսկերեն լեզուն հետզհետե դարձավ հանրության գրավոր լեզուն: Մալեք-օլ-շոարա Բահարի համոզմամբ Թեյմուրյանների շրջանում պարսկերեն լեզուն Հնդկաստանում գիտական ու ժամանակից լեզու էր և դրա իմացությունը ազնվության, իմաստնության ու պարծանքի նշան էր համարվում:

Քանի որ պարսկերեն լեզուն առավելապես  տարածվել  էր իշխանական կառույցներում ու նաև քաղաքաբնակ որոշ խմբերում, այլևս չկարողացավ առաջընթաց ունենալ ու տարածվել սովորական  ժողովրդի մոտ: Այդուհանդերձ պարսկերեն որոշ բառներ մուտք գործեցին այլ տարածված լեզուներ: Շատ ապրանքների անուններ, կոչումներ, նաև վարչական ու հարկային կանոններ պարսկերեն լեզվով լինելու բերումով տարածվեցին ժողովրդի մոտ:

Պարսկերեն լեզուն հատկապես հյուսիսում տեղական այլ լեզուների հետ միաձուլվելով ձևավորվեց Օրդու կոչվող երրորդ մի լեզու: Բանասերների կարծիքով այս լեզուն առաջացել է իրանցիների և այլ պարսկախոսների Հնդկաստան կատարած այցի ու նաև Հնդկաստանի մշակույթի վրա թողած ազդեցության արդյունքում: Դոկտ. Թարաչանդը Օրդուն համարելով հինդուների ու մուսուլմանների ընդհանուր ժառանգությունը, այն պարսկերենի ու հնդկերենի չափազանց նուրբ միաձուլում է գտնում և դրա ծագումը կապում է իրանցի սուֆիների Հնդկաստան կատարած գաղթին:

Իրանցիների Հնդկաստան կատարած գաղթի գիտական ու մշակութային արդյունքներից մեկը պարսկերեն լեզվով պատմական ու գրական գրքերի ու բառարանների  մշակումն է : Հնդկաստան մեկնած որոշ իրանցի գաղթականներ պատմության բնագավառում ստեղծագործություններ են կատարել, որոնք այդ երկու խմբերի մշակութային հարաբերությունների ու կապերի պերճախոս վկայությունն են համարվում:

Աքբար Շահի նախարար Աբոլֆազլ Աըլամիի «Ային Աքբարին», որը ներառում է Թեյմուրյանների թագավորության շրջանում Հնդկաստանի իրադարձությունները, իսկ «Ֆերեշթեի պատմությունը» գրել է Ահմեդ Նեգար թագավորի պալատականներից համարվող և Ֆերեշթե անունով հայտնի Մոհամմեդ Ղասեմ Հինդուշահը: Ղոլամհոսեյն Խան Թաբաթաբայիի հեղինակած «Սեյր-օլ-մոթեախերին»-ը Հնդկաստանի պատմական դեպքերը ներկայացնող արժեքավոր պատմական գրքերից է համարվում: Սրանք իրանցի գաղթականների հեղինակած գրքերից միայն մի քանիսն են:

Հնդիկ պարսկախոսների կենսագրականների բնագավառում էլ իրանցի գաղթականներն արժեքավոր ստեղծագործություններ են կատարել: «Լոբաբ Ալ-Բաբ»-ը բանաստեղծների կենսանգրության մասին պարսկերեն լեզվով առաջին գիրքն է, որը Մուլթանում գրել է լուսնային հիջրեթի 7-րդ դարի իրանցի ականավոր մտավորական Սադիդդեդին Մոհամմեդ Ուֆին: Հնդկաստանում իրանցի միստիկների կողմից  գրվել են նաև «Հաֆթ Էղլիմ» և «Նաֆաես-ալ-մաասեր» կենսագրականները:

Գաղթական իրանցիները Հնդկական թերակղզում ու Պակիստանում արժեքավոր աշխատանք են կատարել նաև պարսկերեն բառարաններ կազմելու բնագավառում: Այդ ջանքերի արդյունքում կազմվել են բառարաններ ու պարսկերեն լեզվի քերականական օրենքների մասին գրքեր, որոնցից կարելի է հիշել «Ֆարհանգ Ջահանգիրի»-ն, «Բորհան Ղաթե»-ն ու «Ֆարհանգ Ռաշիդի»-ն: