Մարտ 18, 2017 13:05 Asia/Yerevan

Ողջույն թանկագին բարեկամներ: Ներկայացնում ենք «Իրանցի հանրահայտ գործիչներ՝ համաշխարհային պարծանքներ» հաղորդաշարի հերթական համարը: Այսօր ևս խոսելու ենք Սեֆևյան շրջանի հայտնի բանաստեղծներից Օրֆի Շիրազիի մասին: Բանաստեղծ, որ թեև նրա կարճատև կյանքը թույլ չտվեց ծաղկեն նրա երևակայության բողբոջները, սակայն իր ապրած կարճ տարիների ընթացքում էլ նա կարողացավ արժեքավոր բանաստեղծություններ գրել ու շատերին իր հետևորդը դարձնել: Նրան պարսից պոեզիայում հնդկական կամ Էսֆահանի ոճի հիմնադիրն են համարում:

Նախորդ հաղորդման ժամանակ ասացինք, որ լուսնային հիջրեթի 10-րդ դարի՝ փրկչական 16-րդ դարի հայտնի բանաստեղծ Մոհամմեդ Ջեմալլեդդին Օրֆի Շիրազին ծնվել է լուսնային հիջրեթի 963 թվականին՝ Շիրազում: Իր ծննդավայր քաղաքում գրականության, բժշկության, տրամաբանության, նկարչության ու գեղագրության դասեր է առնում: Օրֆին շատ երիտասարդ տարիքից սկսել է բանաստեղծել ու շատ կարճ ժամանակում դարձել է ժամանակի հայտնի բանաստեղծներից մեկը: 26 տարեկան հասակում գաղթում է Հնդկաստան և Ֆեյզի Դաքանիի շնորհիվ մուտք է գործում Հնդկաստանի Թեյմուրյանների արքունիքը: Նա Հնդկաստանի թագավոր Աքբար Շահի արքունիքում առաջադիմելով բարձր դիրք է զբաղեցնում: Օրֆին լուսնային հիջրեթի 999 թվականին, երբ ընդամենը 36 տարեկան էր վախճանվում է: Նրան նախ հողին են հանձնում Լահուրում, իսկ 30 տարի անց վերահուղարկավորում են Նաջաֆում:

 

 

Օրֆին համարվում է Հնդկաստանի պարսկագիր բանաստեղծներից մեկը: Նրա ազդեցությունը նկատելի է ոչ միայն Սեֆևյան շրջանի հնդկական ոճի, այլ նաև հետագա շրջանների բանաստեղծների վրա: Դրանց շարքին պիտի հիշատակել Ղալեբ Դեհլավիի և Էղբալ Լահուրիի անունները: Ղալեբը պարսից գրականության բանաստեղծների մեջ ամենաշատը ազդեցություն է կրել Օրֆիից և կարելի է հավակնել, որ նրա պոեզիան բազում  նմանություններ ունի Օրֆիի պոեզիային: Ղալեբ Դեհլավին ինքն էլ հաստատել է այդ ազդեցությունն ու գրել է.

Դու Ղալեբից Օրֆիի որակ պահանջիր,

Ուրիշ գավաթում Շիրազի գինի չես գտնի:

Ղալեբի ու Օրֆիի պոեզիայի նմանությունը միայն արտաքին չէ, այլ իմաստի, այսինքն, ներքին ու գաղափարական հակումների առումով էլ նկատելի է: Ղալեբից բացի Օրֆիից ազդեցություն է կրել նաև Էղբալը: Օրֆի Շիրազիի անհատականությունից Էղբալի վրա ամենաշատ ազդեցությունը գործել է նրա բարեմտությունն ու նաև դերվիշի պահվածքը: Էղբալն այնքան հիացած է եղել Օրֆիի այդ յուրահատկությամբ, որ այդ բնագավառում նրան նույնիսկ վեր է դասել Հաֆեզից:

Պարսից լեզվի և գրականության դասախոս դոկտ. Մահմուդ Ֆոթուհիին հնդկական ոճի քննարկմանը նվիրված «Երևակայության քննարկումը» գրքում գրում է. «Ոմանք այն համոզման են, որ հնդկական ոճի բանաստեղծության մեջ ոչ նոր աշխարհայացք գոյություն ունի, որը կարող է հավաքական մտքի արդյունքը լինել և ոչ էլ մտքի ու մտածողության բնագավառում հավաքական ու մեծ փորձ: Հետևաբար այս ոճի բանաստեղծություններում հանդիպում ենք փակ ու  աննշան աշխարհի, որտեղ ամբողջ աշխարհը սահմանափակվում է մի երկտողում: Այս ժամանակաշրջանի բանաստեղծը տրագետիկ մարդ է, որը տարուբերվում է կարողության ու անկարողության միջև, տատանվում է հույսի ու անհուսության միջև, թե պարծենում է իրենով և թե անկարողություն ու տկարություն է հայտնում»:

Այս տեսակետը մեծմասամբ համապատասխանում է Օրֆի Շիրազիին: Օրֆիի աշխարհայացքի գլխավոր սկզբունքները կարելի է դասակարգել մի քանի խմբերում: Օրֆիի աշխարհայացքը միստիկանման է: Այս հայացքը նկատելի է Օրֆիի բանաստեղծության յուրաքանչյուր երկտողում: Միստիկական այս աշխարհայացքի պատճառով էլ Օրֆիի բանաստեղծություններում սեր, ողորմություն, աղոթք, սիրտ և նույնիսկ Սուրբ Հոգի և հրեշտակ բառերի հաճախականությունը բարձր է:

Այս աշխարհայացքը նկատելի է նրա դիվանի գազելների հենց առաջին երկտողերից:

Քո բաց սփռոցից ինձ հոգու սնունդ ես տվել,

Քո փառաբանմամբ քաղցրություն տուր նաև իմ լեզվին:

Օրֆի Շիրազիի մոտ մի տեսակ «ղալանդարի» կամ դերվիշի հակում և սովորական ու կրոնական նորեմերի հանդեպ անուշադրություն է նկատվում: Դոկտ. Զիաեդդին Սաջադիի համոզմամբ Օրֆիի ժամանակաշրջանում Հնդկաստանում մեծ տարածում ունեին «ղալանդարյան»-ների ու «մալամաթյան»-ների աղանդերը: Այս աղանդների ելակետը պիտի որոնել Հնդկաստանում: Այս խավի յուրահատկություններից էին ինքնա-նկատողությունը, չքավորությունը, ամուրի մնալն ու ճգնություն կատարելը: Նրանք ընդունում էին ուրիշների նկատողությունն ու չարությունը և չէին դրսևորում իրենց պաշտամունքն ու բարությունը, որ հանկարծ դա ցուցամոլություն չհամարվի: Օրֆին բացահայտ կերպով նման հակում է ունեցել և շատ երկտողերում խոստովանել է այդ մասին:

Միևնույն ժամանակ պիտի նկատի ունենալ Օրֆիի ժամանակաշրջանի քաղաքական ու հասարակական պայմանները և Դեհլիի արքունիքում տիրող միջավայրը: Կրոնական օրենքների հանդեպ անուշադրությունը նրա ժամանակաշրջանի քաղաքական հետևանքներից է: Նա ապրում էր Աքբարշահի շրջանում: Աքբարշահը արգելելով իսլամական օրենքների գործադրումը փորձեց ճամբա բացել այլ կրոնների համար ու մինչև այնտեղ առաջացավ, որ «Աստվածային կրոն» անունով նոր ուսմունք առաջացրեց: Նա այդ ուսմունքի համար մի տեսակ խոստովանագիր էր մշակել, որը պարտավոր էին ընդունել այդ ուսմունքին միացողները:

Օրֆին մի քանի կասիդաներում գովաբանել է Աքբարշահին, սակայն դա նրա գաղափարներն ընդունելու իմաստով չէ: Օրֆիից հիշատակ մնացած բանաստեղծությունները նկատի առնելով կարելի է հաստատել, որ նա լիարժեք հավատք է ունեցել իսլամի հանդեպ: Պատահաբար Օրֆիի մտածողության գլխավոր յուրահատկություններից մեկն էլ շիիզմի հանդեպ նրա ներքին մի տեսակ հակումն է: Կարող է պատահել, որ նա այնքան էլ չի հարգել կրոնական օրենքներն ու պատվիրանները, սակայն ներքին մի տեսակ միստիկական հզոր հակումներ է  դրսևորել: Նա մուսուլման է և դավանանքով շիա: Այդ մասին են վկայում իսլամի մարգարեի գերդաստանին նվիրված նրա ներբողները: Օրֆիի ամենագեղեցիկ բանաստեղծություններից մեկը «Հրճվանքի թարգմանություն» է կոչվում, որի 224 երկտողերը գովերգում են Հազրաթ Ալիին:

Այս կասիդան լեզվի ամրության, ճարտասանության ու նորարարության, նաև իմաստի տեսակետից համարվում է պարսից գրականության ամենափայլուն կասիդաներից մեկը և ունի ուշագրավ երկտողեր, որոնք արտահայտում են Հազրաթ Ալիի հանդեպ Օրֆիի մեծ համակրանքը:

Օրֆիի գազելները քննարկելով պարզվում է, որ այդտեղ առավելապես աչքի են ընկնում հիասթափությունը, հուսալքությունը, հուսահատությունը, տխրությունն ու վիշտը: Իհարկե պիտի հիշեցնել, որ հնդկական ոճի գրեթե բոլոր բանաստեղծների ստեղծագործությունները լի են հիասթափությամբ ու հուսալքությամբ և այդ տեսակետից մեծ ընդհանրություններ ունեն եվրոպական ռոմանտիզմի հետ: Ռոմանտիկների բանաստեղծություններն էլ լի են պարտության, վշտի ու տառապանքի մասին արտահայտություններով: Այս նմանության պատճառը հիշյալ երկու խմբի կենցաղային պայմանների նմանությունն է, որոնք երկուսն էլ համարվում են առևտրական կենտրոնացած հասարակության վրա հիմնված քաղքենիության առաջին փուլի ծնունդը և խիստ անհատապաշտ են: Օրֆի Շիրազի դիվանի հենց առաջին գազելից նկատելի են տխրության ու վշտի նշանները: Բանաստեղծը դժգոհում է ինքն իրենից: Իրեն թանկարժեք է համարում ու հենց դրա մեջ էլ գտնում է իր վնասը:

Օրֆիի գազելների մեծ մասնում նկատվող վշտի ակունքը սերն է: Նա հավատացած է, որ սերն ու բարությունը պիտի որոնել տխուր սրտում: Օրֆիի գազելներում հաճախ ենք հանդիպում տխրություն բառին ու դրա արմատից կազմված այլ բառերի ու ասես այդ տխրությունը վերջ չունի: Նա այնպես է ընտելացել այս տխրության հետ, որ գոհ է այն վանդակից որտեղ ինքը բանտված է, գովերգում է  այն և փուշն ու տատասկը նրա համար շատ ավելի հաճելի են քան ծաղիկը:

Ծաղկում է ծաղիկն ու ժպտում բուրաստանում

Էռամի այգու բույրը չկա իմ վանդակում

Օրֆին լինելով գիտնական ու նաև ընթերցասեր անձ ապրել ու ստեղծագործել է մի միջավայրում, որտեղ մտածողությունն ու փիլիսոփայությունն ուսումնասիրության հիմք է ծառայել ու ազատամտությունը ոչ միայն արգելված չի եղել, այլ տարածում է ունեցել: Այդ շրջանի բանաստեղծների ստեղծագործությունները հագեցած են փիլիսոփայությամբ և այդ միջոցին ինչպես Շեբլի Նոըմանին է ասում, Օրֆին ամենաշատն է զբաղվել փիլիսոփայությամբ: Օրֆին հետաքրքրված է փիլիսոփայությամբ, սակայն մերժում է նրա անսահման կարողությունը: Օրֆիի համոզմամբ փիլիսոփաների խոսքերի բուն ատաղձն այն ինչն է, որ գոյություն ունի մասաների մշակույթում ու առածներում:

Օրֆիի համոզմամբ կարող է պատահել, որ փիլիսոփայությունը բավարարություն պատճառի մտքին, սակայն չի կարող ուրախություն պատճառել ու գոհացնել հոգին: