Մարտ 19, 2017 15:37 Asia/Yerevan

Դռները բացեք գարուն է գալիս

Ձմեռը հալվել, դարձել է առու,

Դարձել է առու, դարձել է վտակ,

Արաքսի հունով գնում է հեռու,

Գնում է դեպի ծովը անհատակ:

Հոգնած թևերը քսելով ամպին,

Կրծքին դեռ ճերմակ ծվենը նրա,

Արագիլն իջել Արաքսի ափին,

Հանգստանում է մի ոտքի վրա:

 

 

 

Աղբյուրներն ուրախ իրար են կանչում,

Իրար են փարվում հովերն արթնացած,

Ծաղկունքի բույր է հողն արտաշնչում,

Մեղուն քանդում է ակնամոմը թաց:

 

Մեղուն ուզում է դուրս գալ ու թռչել,

Խաղալ է ուզում արևի շողով,

Ուզում է իր նուրբ թևերը թրջել

Երազում տեսած ծաղկունքի ցողով:

 

Ողջ բնությունն է հրճվանքից լալիս,

Դռները բացեք, գարուն է գալիս:

 

Ծիծառներն անցնում փարախի կողքից

Եվ պատուհանի փեղկին են դիպչում,

Իսկ գառը ներսում արևի շողքից

Խրտնել, անկյունից անկյուն է թռչում:

 

Կանգնել է ներին փարախի դռան`

Հեռու լեռների երազն աչքերում,

Նեղվել է հովվի սիրտը անվարան`

Չորս պատերի մեջ էլ չի համբերում:

 

Լեռներն իրարու ողջույն են տալիս,

Դռները բացեք, գարուն է գալիս...