Իրանցի հանրահայտ գործիչներ՝ համաշխարհային պարծանքներ (130)
Այս հաղորդման ընթացքում կշարունակենք նախորդ շաբաթ սկսած մեր զրույցը իրանցի միստիկ-մտավորական՝ Ալի Իբն Օսման Հոջվիրիի մասին:
Ներկայացնում ենք «Իրանցի հանրահայտ գործիչներ՝ համաշխարհային պարծանքներ» հաղորդաշարի հերթական համարը։ Այսօր կշարունակենք նախորդ շաբաթ սկսած մեր զրույցը իրանցի միստիկ ու մտավորական Ալի Իբն Օսման Հոջվիրիի մասին: Նա փայլուն գործունեություն է ունեցել Իրանում ու Հնդկաստանում ու բազմաթիվ հետևորդներ ունի: Նա այն ճանաչված գործիչներից է, որոնց անունը հայտնի ու սիրված է միստիցիզմով հետաքրքրվողների կողմից: Ալի Հոջվիրին Հնդկական թերակղզում ճանաչված է «Դաթա Գանջ Բախշ» անունով և Լահուրում գտնվող նրա դամբարանը ուխտավայր է համարվում: Մեր այս հաղորդման ընթացքում ձեզ կծանոթացնենք նրա կյանքին ու գործունեությանը:
--------------------
Ալի Իբն Օսման Հոջվիրին մեծ հավանականությամբ լուսնային հիջրեթի 4-րդ դարի վերջերին կամ 5-րդ դարի սկզբին՝ Ղազնավիների հարստության տիրապետության ժամանակաշրջանում ու Սոլթան Մահմուդ Ղազնավիի թագավորության օրոք ծնվեց Ղազնեյի Հոջվիրի թաղամասում:
Հոջվիրին ժամանակի մշակութային կենտրոններում հետևել է գիտություններից շատերին ու ծանոթացել է դրանց: Նա Ղուրանը, հադիսը, մեկնաբանությունն ու իսլամական օրենսգիտությունը սերտում է ծննդավայր Ղազնեյում ու մի առ ժամանակ անց, երբ դեռ երիտասարդ տարիքում էր գտնվում հեռանալով Ղազնեյնից երկար ճանապարհորդության է մեկնում:
Այդ ժամանակ նա ծանոթանում է Շեյխ Աբոլֆազլ Խաթլիի հետ, որը բնակվում էր Լիբանանում: Հոջվիրին ծանոթանալով Շեյխին դառնում է նրա աշակերտը: Նրա բնակության վերջին հանգրվանը Լահուրն էր: Խորասանի ու Հնդկաստանի սահմանին գտնվող այդ քաղաքում նա առիթ է ունենում գրել ու ավարտին հասցնել «Քաշֆ-օլ-Մահջուբ»-ը:
«Քաշֆ-օլ-Մահջուբ»-ը հիմք ընդունելով կարելի է կռահել, որ մինչև Լահուրում բնակություն հաստատելը նա այցելել է Հնդկաստանի ու Պակիստանի շատ քաղաքներ ու հանդիպել է գիտնականների, միևնույն ժամանակ ծանոթացել հինդուների սովորություններին, մշակույթին ու ուսուցումներին: Այդ բոլոր ուղևորություններից հետո նա բնակություն է հաստատում Լահուրում և արժանանում այդ քաղաքի բնակիչների համակրանքին: Հոջվիրին Լահուրում բնակվում է այնտեղ, որտեղ այսօր գտնվում է նրա դամբարանը:
Պարզ չէ, թե Հոջվիրին ի՞նչ թվականին է Լահուր ժամանել և այդ կապակցությամբ կենսագիրներն ո պատմագիրները տարբեր ու երբեմն հակասական վկայություններ են կատարել:
Պակիստանի մեծ բանաստեղծ Էղբալ Լահուրին Հոջվիրիի Փենջաբ ժամանելուն բանաստեղծություն է նվիրել և ընդգծել է, որ նրա ժամանումը Փենջաբ կյանք ու կենսունակություն է փոխանցել այդ տարածքին:
Փենջաբի հողը նրա շնչով թարմացավ,
Նրա արեգակով լուսավորվեց առավոտը,
Գրքերի գիրք՝ Ղուրանի պաշտպանն էր նա,
Նրա հայացքից չար տունն ավերվեց,
Թե սիրահար ու թե սիրո պատգամաբեր հավքն էր,
Նրա ճակատին դաջված էին սիրո բոլոր գաղտնիքները:
Հոջվիրին մեծ ծառայություններ է մատուցում Լահուրում և բազմաթիվ հետևորդներ է հավաքում իր շուրջը: Հինդու ուսմունքին հարող պատմագիրները նույնպես անդրադարձել են հատկապես իսլամ կրոնը տարածելու գործում Հոջվիրիի մատուցած ծառայություններին: Քոնհիալալը «Լահուրի պատմությունը» աշխատության մեջ գրել է, որ նա ազդեցիկ ջանք է գործադրել իսլամ կրոնի տարածման հարցում: Գենիշ Դասը «Փարբաղ Փենջաբ» գրքում գրում է. «Այդ ժամանակներում Լահուրում բնակվող և հինդու ուսմունքին հետևող Գոջարանի ժողովրդի մեծ մասը դառնում են Հոջվիրիի հետևորդը և ընդունում են իսլամը»: Մոլավի Նու Ահմեդ Չեշթին «Չեշթի ուսումնասիրությունները» աշխատության մեջ նշում է. «Երբ Հոջվիրը ժամանում է Լահուր, Փենջաբի փոխիշխան Ռաջա Ռայը դառնում է նրա հետևորդն ու մուսուլման է դառնում: Նրան Շեյխ Հենդի են կոչում և նրա ժառանգորդները մինչ այսօր ծառայում են Հոջվիրիի դամբարանում»:
Հոջվիրիի վախճանման թվականի մասին տարաձայնություն գոյություն ունի: Նա վախճանված պիտի լինի լուսնային հիջրեթի 465-ից 469 թվականների ընթացքում: Սակայն հստակ է, որ վախճանվել է Սոլթան Էբրահիմ Իբն Մասըուդ Իբն Մահմուդ Ղազնավու իշխանության շրջանում: Նրա դամբարանը կառուցվել է Սոլթան Էբրահիմի միջոցով: Լահուրում գտնվող Հոջվիրիի դամբարանը հնագույն շրջաններից մինչ այսօր ուխտատեղի է համարվել և շատ մեծ շեյխեր նրանից դասեր են առել: Դար Աշքուհը «Էբրաթնամե» գրքում այս մասին գրել է. «Մի մեծ բազմություն յուրաքանչյուր ուրբաթ գիշեր ուխտի է գնում այդ դամբարանը և հայտնի է, որ ով 40 ուրբաթ գիշեր և կամ 40 իրարահաջորդ օր նրա դամաբարանի շուրջ պտտվի նրա բոլոր ցանկություններն իրականություն կդառնան»: Մուֆթի Ալիեդդին Լահուրին էլ այս կապակցությամբ ասել է. «Յուրաքանչյուր ուրբաթ գիշեր և յուրաքանչյուր ուրբաթ օր հազարավոր մարդիկ ուխտի են գալիս ու իրենց իղձերի իրականացումն են խնդրում նրանից»:
Հոջվիրիի վերջին ստեղծագործությունը համարվող «Քաշֆ-օլ-Մահջուբ»-ի բովանդակությունից այնպես է հասկացվում, որ նա ինն այլ աշխատությունների հեղինակ է եղել, որոնցից ոչ մի օրինակ չի պահպանվել: Նրա որոշ աշխատությունները գողացվել են, իսկ որոշներն էլ արձանագրվել են ուրիշների անվամբ: Այդ գրագողությունը կանխելու համար Հոջվիրին իր անունը հիշատակել է «Քաշֆ-օլ-Մահջուբ»-ի տարբեր հատվածներում: «Քաշֆ-օլ-Մահջուբ»-ում նա ակնարկել է իր մյուս ստեղծագործություններին:
Հոջվիրին նաև բանաստեղծությունների ժողովածու է ունեցել որի մասին «Քաշֆ-օլ-Մահջուբ»-ում գրում է. «Մեկն այս դիվանը սեփականացրել է»: Այդուհանդերձ նա որևէ ակնարկ չի կատարել այդ ստեղծագործության լեզվի մասին և պարզ չէ դա արաբերեն է եղել, թե պարսկերեն: «Ֆանա և Բաղա»-ն և «Ասար-ալ-խարաղ վա Ալ-մաունաթ»-ը, Հոջվիրիի մյուս երկու ստեղծագործություններն են, որոնցից որևէ օրինակ չի պահպանվել:
«Մենհաջ-էլ-դին»-ը Հոջվիրիի մեկ այլ ստեղծագործությունն է, որը վերաբերում է սուֆիզմին ու «Ասհաբ-ե Սոֆֆե»-ի ուսմունքներին և այդտեղ ներկայացված է Հոսեյն Իբն Մանսուր Հալաջի պատմությունը: Հոջվիրիի բանաստեղծությունների ժողովածուի նման այս գիրքն էլ գրանցվել է մեկ ուրիշի անվամբ: Հավատքի մասին խոսող «Հավատքի գիրք»-ը և լուսնային 3-րդ դարի անվանի միստիկ Հոսեյն Իբն Մանսուր Հալաջի բանաստեղծությունները պարունակող «Մանսուրի խոսքի մեկնաբանությունը» Հոջվիրիի մյուս երկու ստեղծագործություններն են, որոնցից որևէ օրինակ գոյություն չունի:
Հոջվիրիին է վերագրվում «Քաշֆ-օլ-Ասրար» խորագրով մի կարճ աշխատություն, որն ըստ երևույթին առաջին անգամ 8 էջերում հրապարակվել է Լահուրում: Այս ստեղծագործությունը քանի անգամ թարգմանվել ու հրատարակվել է օրդու լեզվով: Զարմանալի է, որ բանասերներն այդ աշխատությունը դասել են Հոջվիրիի ստեղծագործությունների շարքին ու դրան հղում են կատարել, մինչդեռ աշխատության բովանդակությունից կարելի է կռահել, որ կեղծված է: Այս ստեղծագործության ոճը հնդկական է, մինչդեռ «Քաշֆ-օլ-Մահջուբ»-ի արձակը պատկանում է Սամանյանների իշխանության առաջին շրջանին ու հեշտությամբ կարելի է զգալ այդ երկու աշխատությունների միջև եղած տարբերությունը: «Քաշֆ-օլ-Ասրար»-ի հեղինակը փորձել է իր ցրված մտքերը ներկայացնել ճանաչված միստիկի անվան ներքո և իր համար միստիկներին համազոր անուն ու դիրք ապահովել: Այս աշխատության մեջ օգտագործված բոլոր անուններն ու արտահայտությունները վկայում են Հոջվիրիի և այդ ժամանակաշրջանում տարածված արձակի հետ այս աշխատության ոճի տարբերության մասին:
Հոջվիրիի կյանքի վերջին տարիներին և Լահուրում բնակված շրջանում գրված «Քաշֆ-օլ-Մահջուբ»-ում նա պատասխանում է իր համաքաղաքացի Աբուսաիդ Ալ-Հոջվիրիի հարցումներին: Աշխատությունը կրոնի, ուսմունքի, ճշմարտության ու ճանաչողության մասին արժեքավոր տեղեկություններ է պարունակում: Գիրքը նաև միստիկների կենսագրության ու ուսմունքների հարուստ գանձարան է համարվում: «Քաշֆ-օլ-Մահջուբ»-ը միստիցիզմի ու սուֆիզմի մասին պարսկերեն լեզվով գրված առաջին գիրքն է: Գիրքը միայն չի կարելի շեյխերի կենսագրականը համարել, այլ դա ներկայացնում է միստիցիզմի լիարժեք համակարգը և համարվում է տեսական միստիցիզմի գլխավոր ստեղծագործությունը: