Մայիս 10, 2017 15:32 Asia/Yerevan

Հոգեբույժ ՝ Արամ Հովսեփյանի մասնակցությամբ Աղբյուր: boon.am

Հոգեկան խանգարման հակառակը պարզապես հոգեկան առողջությունն է։ Մարդիկ ովքեր կարողանում են հարմարվել կյանքի պայմաններին և կարողանում են հաղթահարել կյանքի խնդիրները, սովորաբար գնահատվում են որպես հոգեպես առողջ։ Եթե այդ հնարավորությունները սահմանափակված են և տվյալ անձը չի կարողանում հաղթահարել այդ խնդիրները անձնական, ընտանեկան կյանքում կամ աշխատանքում, եթե նա ի վիճակի չէ հասնել անձնական նպատակների, ապա կարող է խոսք գնալ այս կամ այն հոգեբանական խանգարման մասին։

Հոգեկան խանգարումների ժամանակ փոփոխություններ են տեղի ունենում զգացմունքների, մտածողության, վարքագծի դաշտում, այդ թվում նաև սովորաբար տեղի է ունենում օրգանիզմի ֆիզիկական գործառույթների փոփոխություն։ Արդյունավետ հոգեբանական և դեղորայքային մեթոդների ստեղծման համար անհրաժեշտ է հոգեբանության և բժշկության համագործակցությունը ինչպես նաև հոգեբանական խանգարումները դիտարկել տարբեր անկյուններից։

Ըստ Առողջապահության համաշխարհային կազմակերպության աշխարհում ամեն չորրորդ կամ հինգերորդ մարդը ունի հոգեկան կամ վարքային խանգարում։ Շատ հոգեկան հիվանդություների պատճառները բացահայտված չեն, կան մի խումբ նշաններ և ախտանշաններ, որոնց առաջացման ժամանակ մասնագետները խորհուրդ են տալիս դիմել մասնագիտացված օգնության։

 

 

Անձի խանգարումը  կարող է լինել բնածին կամ վաղ տարիքում ձեռք բերված: Ձեռք բերման պատճառները կարող են կապված լինել դաստիարակության, ընտանեկան իրավիճակի, վաղ տարիքի հիվանդություններ և այլգործոնների հետ: Անձի խանգարման առաջին նշանները հայտնվում են դեռ դեռահաս տարիքում: Առաջին հերթին հայտնվում են վարքային շեղումները՝ կոպտությունը, շրջապատի հետ անընդհատ բախվելը, անվստահությունը և այլն

Տարիքին զուգընթաց վարքային խանգարումներն էլ ավելի են սրվում, և դրանց ավելանում են անձի կառուցվածքային խանգարումներ՝ հարմարվողականության, հասարակության հետ համակերպվելու և , մտածողության խանգարումներ: Այս ախտանշանները դժվարությամբ են շտկվում: Հոգեբույժները տարակարծիք են անձի խանգարումների վերաբերյալ. տարբեր մասնագետների կողմից դրանք համարվում են լիովին նոր խանգարումներ, կամ անհատականության եղած գծերի սրում:

 

Անձի խանգարումները բաժանվում են երեք մեծ խմբերի:

1-Առաջին խմբին են պատկանում  հասարակության հետ համակերպվելու նման երևույթների  վրա ազդող խանգարումները՝ ինքնամփոփ, կասկածամիտ վարքը:

 

Առաջին խմբում առանցքային տեղ է զբաղեցնում անձի շիզոյիդ խանգարումը: Ի տարբերություն ձեռքբերովի բնույթ ու հստակ ընթացք ունեցող շիզոֆրենիային, շիզոյիդ խանգարումը գրեթե նույնն է մնում մարդու կյանքի ողջ ընթացքում: Այս մարդիկ ներփակված ու իներտ են արտաքին կյանքի նկատմամբ, նրանց բնորոշ են արտասովոր հետաքրքրություններն ու զբաղմունքները: Շիզոյիդ անձը չի կարողանում կայուն սոցիալական կապեր հաստատել: Խանգարմանը բնորոշ է մարդու՝ սեփական արտաքին տեսքի նկատմամբ անտարբերությունը:

 

2-Երկրորդ խումբը կազմված է հակասոցիալական, ագռեսիվ վարքի դրդող խանգարումներից:

Շիզոյիդ խանգարումից բացի հանդիպում է նաև անձի պարանոյիդ խանգարումը:

Պարանոյիդ խանգարումով անձիք իրականության ընկալման խնդիրներ են ունենում՝ հետապնդման, կասկածամտմության զառանցական մտքերի տեսքով: Այդ խանգարումը դրսևորվում է նաև հիշաչարությամբ, շրջապատի նկատմամբ անընդհատ դժգոհությամբ։

 

3-Երրորդ խումբն են կազմում տագնապային, անվստահ, վախային խանգարումները:

Անձի ցանկացած խանգարումն ունի երկու հիմնական վիճակ՝ հարմարվող և չհարմարվող: Հարմարվող վիճակը հիվանդին թույլ է տալիս որոշակի կայունության հասնել հասարակությունում և սեփական կյանքի կարգավորման գործում: Չհարմարվող վիճակում հիվանդագին գծերի սրման հետևանքով մարդը կորցնում է այդ ունակութունը:

 

Շիզոտիպիկ խանգարմանը բնորոշ է յուրահատուկ մտածողությունն ու վարքը, սակայն դրանք զառանցական վիճակներով չեն արտահայտվում: Շիզոտիպիկ խանգարումը շիզոֆրենիայի առաջացման առավել ռիսկ է պարունակում, քան մյուս խանգարումները:

------------------------

Շիզոտիպիկ անձնային խանգարում , անձնային խանգարում, որը բնութագրվում է սոցիալական մեկուսացման պահանջմունքով, սոցիալական իրավիճակներում անհանգստությամբ, տարօրինակ վարքով, հայացքներով և ոչ ավանդական հավատալիքներով։

Այսպիսի խանգարմամբ մարդիկ չափազանց մեծ անհարմարություն են զգում ուրիշների հետ սերտ հարաբերություններում, դրա համար էլ խուսափում են ձևավորել դրանք։ Շիզոտիպիկ անձնային խանգարմամբ մարդիկ բավական տարօրինակ տպավորություն են թողնում։ Շրջապատողներին նրանք անսովոր և անմիտ են թվում։

Նրանց արտասովորությունն արտահայտվում է արտաքին տեսքում, հագուստում, վարքի ոճում, միջանձնային հարաբերությունների առանձնահատկություններում։