Հունիս 03, 2017 08:10 Asia/Yerevan

Հոգեբան հոգեթերապևտ Արման Բեգոյանի մասնակցությամբ Աղբյուր : armanbegoyan.com

Ի ծնե ձախլիկ եմ եղել, բայց դեռ մինչև դպրոց գնալս ինձ հասցրել են «ճիշտ» ուղու վրա դնել։ Մայրս պատմում է, որ երբ դեռ թղթի վրա անկապ խզբզում էի, միշտ ձախով էի անում, պապս էլ ամեն անգամ ձեռքիցս վերցնում էր մատիտն ու դնում աջ ձեռքիս մեջ։ Էդպես ինձ աջլիկ են դարձրել։ Դե, ձախլիկությունը թերություն էր համարվում, ու մեծահասակներն ամեն ինչ անում էին իրենց «մոլորված» փոքրիկներին աջլիկ դարձնելու համար։ Աստված գիտե, թե քանի ձախլիկ է զոռով աջլիկացել։ Պարզապես շատերը չգիտե(ի)ն, որ իրականում ձախլիկությունը զուտ ձախ ձեռքի առաջնայնության հարց չէ, այլ շատ ավելին։

 

Ձախլիկությունը համարվում է ուղեղի կառուցվածքային առանձնահատկության դրսևորում։ Մարդու ուղեղի 2 կիսագնդերը ոչ թե մեկը մյուսի հայելային արտացոլումն են, այլ լրացնում են միմյանց։ Ընդ որում՝ դրանցից մեկը գերակայում է մյուսին։ Աջ կամ ձախ ձեռքի առաջատարությունը որոշվում է ոչ թե կամքով ու ցանկությամբ, այլ գլխուղեղի աջ և ձախ կիսագնդերի գործառույթների հատուկ բաշխմամբ։ Հիմնականում այն ժառանգական ծագում ունի և մանկավարժի ու ծնողի համար պետք է դիտվի ոչ թե որպես արատ, այլ անհատական առանձնահատկություն։

 

Ըստ այս կամ այն կիսագնդի գերակայության՝ կարելի է առանձնացնել 3 տիպի մարդկանց.

1. աջլիկներ (մարդիկ, որոնց մոտ, որպես կանոն, գերակայում է ձախ կիսագունդը)

2. ձախլիկներ (մարդիկ, որոնց մոտ, որպես կանոն, գերակայում է աջ կիսագունդը)

3. մարդիկ, որոնց մոտ որևէ ձեռքի նախընտրություն արտահայտված չէ)։ Նրանք կարող են օգտվել աջ և ձախ ձեռքերից՝ հավասարապես։

 

Ձախլիկների մոտ գերակշռում են զգացմունքային անհավասարակշռությունը, ցասումը, վախը, տրամադրության կտրուկ անկումը, խղճահարությունը, դյուրազգացությունը, զգացմունքայնությունը, անհանգստության կամ տագնապի նշանները։ Նրանց խոսքը հուզականորեն հագեցած է, արտահայտիչ, հնչերանգով և շարժումներով հարուստ։ Երբեմն առկա են կտրտվածություն, ավելորդ բառեր և ձայներ։ Նրանց հատուկ են խոսքի հապաղումները։ Դժվարություններ են ունենում գրելիս և կարդալիս։ Նրանք անմիջական են, կամակոր, լացկան, հաստատուն են իրենց ցանկությունների իրականացման հարցում։

Ի տարբերություն աջլիկների՝ ձախլիկները հաճախ չեն ունենում հաստատուն առաջընթաց։ Ձախլիկներին հեշտությամբ չի տրվում անցումը մի գործընթացից մյուսին։ Հատկապես դժվարանում են արագ գործողություններ կատարել երկու ձեռքով միաժամանակ (պարային շարժում, մարմնամարզություն)։

 

Առաջներում մանկավարժների մի ողջ բանակ մեծ ոգևորությամբ և ջանասիրաբար փոքրիկ ձախլիկներին սովորեցնում էր նկարել և գրել աջ ձեռքով։ Զարգացած երկրներում, վաղուց հրաժարվել են ձախլիկներին վերափոխելու միտումներից։ Վերափոխելով երեխայի առաջատար ձեռքը՝ մենք անխուսափելիորեն ուղեղի գործունեության վերակառուցում ենք սկսում։ Մանկավարժները պետք է գիտակցեն, որ ձախլիկներին վերափոխելը կարող է ազդել երեխայի զարգացման բնականոն գործընթացի վրա։ Կարող է նաև բացասաբար ազդել երեխայի իմացական կարողությունների վրա։

 

Ապացուցված է, որ ձախլիկներին հարկադրաբար աջլիկ դարձնելու դեպքում տուժում է ուղեղի աջ կիսագունդը, որը պատասխանատու է զգայարանների համար։ Այդ պատճառով կարող են ի հայտ գալ բազմաթիվ բացասական երևույթներ, ինչպիսիք են, օրինակ, հոգեկան անկայունությունը, ֆիզիկական զարգացման թուլացումը, անփութությունը, դանդաղկոտությունը, անհանգստությունը, կակազությունը, ախորժակի բացակայությունը, քնի խանգարումը, գլխացավերը, հոտառության սրումը, և տրամադրության կտրուկ փոփոխությունները

Կյանքի տարբեր բնագավառներում ձախլիկների հարմարեցումը սովորաբար ավելի դժվար է ընթանում։ նրանք ապրում են աջլիկների համար նախատեսված աշխարհում, որտեղ գրեթե ամեն ինչ հարմարեցված է աջլիկների գործունեությանը՝ սկսած այնպիսի պարզագույն գործիքներից, ինչպիսիք են մկրատը, արդուկը և այլն։ Սակայն արդեն տարբեր երկրներում ստեղծվել են ընկերություններ, որոնք զբաղվում են հատուկ ձախլիկների համար նախատեսված իրերի և սարքերի արտադրությամբ։

 

Ձախլիկների անհարմարվողականությունը դպրոցին առավել նկատելի է տարրական դասարաններում։ Մեծ մասի համար դժվարություններ են առաջանում այնպիսի հմտությունների ձևավորման հարցում, ինչպիսիք են, օրինակ, գիրը, հաշիվը, ընթերցանությունը։ Նրանք դժվարությամբ են հիշում այբուբենի տառերի հաջորդականությունը։ Դա բոլորովին չի նշանակում, որ նրանք նվազ ընդունակ են։

 

Ձախլիկ երեխաների մեջ գերակշռում են ստեղծագործական տաղանդով օժտված և ոչ ստանդարտ մտածողություն ունեցող անհատականություններ։ Նրանց շարքում հաճախ կարելի է հանդիպել գրականագետների, լրագրողների, արվեստի գործիչների, կազմակերպիչների։

 

Կան մարդիկ, որոնք ունակ են գրել և՛ աջ և՛ ձախ ձեռքով այդ մասին լսենք հոգեբանի բացատրությունը

 

Ձախլիկ երեխաների համար անհրաժեշտ է հաշվի առնել հետևյալ կետերը.

 

Հարկավոր է փոխել տետրի դիրքը, եթե այն հարմար չէ։

Ձախ ուսը պետք է լինի մի փոքր առաջ թեքված, իսկ տետրը դրվելու է 20° թեքությամբ՝ դեպի աջ։

Ձախլիկ երեխան պետք է գրի ուղիղ և գրության ժամանակ չպետք է հետևի տառերի ճիշտ թեքությանը։

Տետրի դիրքը որոշելու է ինքը՝ աշակերտը։

Լույսը պետք է ընկնի աջ կողմից։

Հակացուցված է անընդմեջ գրավոր աշխատանքի կատարումը։

Անհրաժեշտ է ներողամիտ լինել ձախլիկների, առավել ևս՝ վերափոխված ձեռքով գրողների հանդեպ։

 

Փաստեր ձախլիկության մասին

 

 

Երկրագնդի վրա ապրում են 500 միլիոնից ավել ձախլիկներ։

 

Ներկայումս երեխաների 15 – 23%-ը ձախլիկներ են։

 

Ձախլիկությունը տղամարդկանց մոտ ավելի հաճախ է հանդիպում, քան կանանց։

 

Հանրաճանաչ մարդկանցից ձախլիկներ են եղել՝ Ալբերտ Այնշտայնը, Լեոնարդո դա Վինչին, Պաբլո Պիկասոն, Չարլի Չապլինը, Փոլ ՄակՔարտնին, Ֆրանց Կաֆկան, Ֆիդել Կաստրոն, ։

 

Աջլիկներ և ձախլիկներ կան նաև կենդանիների մեջ։

 

Օգոստոսի 13-ն ամբողջ աշխարհում ընդունված է որպես ձախլիկների օր։