Իրանցի հանրահայտ գործիչներ՝ համաշխարհային պարծանքներ (136)
Այս հաղորդման ընթացքում կշարունակենք մեր զրույցը իրանցի միստիկ-մտավորական՝ Ալի Իբն Օսման Հոջվիրիի մասին:
Ներկայացնում ենք «Իրանցի հանրահայտ գործիչներ՝ համաշխարհային պարծանքներ» հաղորդաշարի հերթական համարը։ Այսօր կշարունակենք մեր զրույցը իրանցի միստիկ ու մտավորական Ալի Իբն Օսման Հոջվիրիի մասին: Նա փայլուն գործունեություն է ունեցել Իրանում ու Հնդկաստանում ու բազմաթիվ հետևորդներ ունի: Նա այն ճանաչված գործիչներից է, որոնց անունը հայտնի ու սիրված է միստիցիզմով հետաքրքրվողների կողմից: Ալի Հոջվիրին Հնդկական թերակղզում ճանաչված է «Դաթա Գանջ Բախշ» անունով և Լահուրում գտնվող նրա դամբարանը ուխտավայր է համարվում: Այժմ եթերում է Հոջվիրիի կյանքի ու գործունեության ծանոթացմանը նվիրված զրուցաշարի վերջին համարը:Ընկերակցեք մեզ:
Նախորդ հաղորդումների ժամանակ անդրադարձանք լուսնային 4-րդ և 5-րդ դարերի միստիկ, մտավորական Ալի Իբն Օսման Հոջվիրիի կյանքին և ասացինք, որ նա իր նախնական ուսումը ստացել է ծննդավայր Ղազնեյում և ապա ուսման ծարավը հագեցնելու համար մեկնել է երկար ուղևորության և աշակերտել է բազմաթիվ շեյխերի: Նրա վերջին հանգրվանը Լահուր քաղաքն էր: Խոռասանի և Հնդկաստանի այս սահմանային քաղաքում նա առիթ է գտնում գրելու և ավարտին հասցնելու իր հայտնի ստեղծագործություն՝ «Քաշֆ-օլ-Մահջուբ»-ը: Մի քանի հաղորդումների ընթացքում անդրադարձանք հինգ բաժիններից բաղկացած «Քաշֆ-օլ-Մահջուբ»-ին և ասացինք, որ չնայած իր տարբեր ու բազմազան բաժիններին այս ստեղծագործության մեջ կան երկու հիմնական թեմաներ, որոնք են Աստծո հետ մարդու յուրահատուկ հարաբերությունը և սեփական անձի հետ մարդու հակադրությունը և չնայած գրքի բոլոր բաժինները անկախ են բայց միաժամանակ կապակցված են միմյանց: Ապա անդրադարձանք գրքի կարևոր տարրերին: Ասացինք, որ այս ստեղծագործության բաղադրիչ կարևոր տարրերից են հեքիաթները, որոնք կրում են միստիկական թեմաների պարզաբանման հիմնական բեռը: Այս հեքիաթները ցուցադրում են իմաստի արտահայտման համար հեքիաթի բաղադրիչ տարրերի և դրանց հեքիաթային տարողության միջև համադրություն ստեղծելու Հոջվիրիի մեծ կարողությունը: Միստիկական թեմաներով ստեղծագործած Ալի Իբն Օսման Հոջվիրիի նման հեղինակներ օգտվելով հեքիաթների հնարավորությունից փորձել են իրենց ուսուցումները լավագույն կերպով փոխանցել ընթերցողին: Նրանք փորձ են կատարել ընթերցողի համար դյուրին դարձնել միստիկական թեմաների ըմբռնումը և առավել հզորացնել իրենց խոսքը: Հոջվիրին «Քաշֆ-օլ-Մահջուբ» գրքի նախաբանում հեքիաթները բնութագրելու համար օգտվել է «Ղորար» եզրույթից, որը ամուր ու ընտրյալ խոսք է նշանակում: Նրա գրքի հեքիաթները պարզ նախագիծ ունեն և կրելով ուսուցողական բնույթ պատմում են կրոնի ու միստիցիզմի մեծ գործիչների ու երբեմն էլ նաև ժողովրդի զանգվածների մասին: Նրա հեքիաթների մեծ մասը պահի և այն իրավիճակների նկարագրությունն են, որոնց մեջ հայտնվում է սուֆին կամ պատմության հերոսը:
Հոջվիրիի պատմության կերպարները բազմաթիվ չեն և նա նկատի առնելով հեքիաթի ծավալը կերպարներ է մտցնում դրա մեջ: Բնական է , որ կարճ պատմության մեջ բազմաթիվ կերպարների մշակման առիթ չկա: Նրա հեքիաթները հիմնականում հիմնված են երկու կամ երեք կերպարների վրա և երեք կերպար ունեցող պատմության մեջ երրորդ կերպարը կարևոր դերակատարություն չունի: Հեքիաթների խոշոր մասում պատմությունը պտտվում է մեկ կերպարի առանցքի շուրջ: Այդ կերպարը նախ անտեղյակ է ամեն ինչից, ապա ներքին ձայնի կամ հայտնության միջոցով վերափոխվում է և հասնում է այն աստիճանի, որ երբեմն նաև հրաշագործություն է կատարում:
Միստիկական պատմության մեջ կերպարը մշակվում է համաձայն կառույցի ու բովանդակության կարիքների: Այս կերպարը կարելի է շփոթել պատմական կերպարների հետ, սակայն դրանք լիովին նույնը չեն: Հոջվիրիի կերպարներին ծնունդ են տալիս նրա պատկերացրած աշխարհի հանդեպ նրա հայացքները և կերպարների ընտրությունը սատարում է նրա պատկերացրած աշխարհի ուրվագծմանը: «Քաշֆ-օլ-Մահջուբ» գրքի հեքիաթները հիմնված են կերպարի վրա, սակայն կերպարները դրանց մեջ բազմազան են: Հայացք նետելով Հոջվիրիի կարճ հեքիաթներին կարելի է դրանց առանցքային կերպարները համարել Սուֆի շեյխերին, որոնք հայտնվում են իրադարձությունների կենտրոնում: Դրանք Հոջվիրիի ժամանակակից գործիչներ կամ նրան նախորդած միստիկներ են: Ջոնեյդը, Շեբլին, Զոլնուն Մեսրին, Էբրահիմ Խավասը, Աբու Սաիդ Աբոլխեյրը, Բայազիդ Բասթամին, Էբրահիմ Ադհամը, Հոջվիրիի ուսուցիչ Աբոլղասեմ Գարաքանին և Հասան Բասրին համապատասխանաբար համարվում են նրա հեքիաթներում հաճախ հանդիպող կերպարները:
Անհայտից եկող կանչը Հոջվիրիի հեքիաթներում ակտիվ կերպարներից է, որը շարունակ փոխանցում է Աստծո խոսքը և երբեմն նրա կերպարը հակադրվում է գլխավոր կերպարին, որն առաջացնում է պատմության հանգույցը: «Ասում են Շեբլին մզկիթ գնալու համար լվացվեց: Անհայտից ձայն լսվեց, որ ասում էր՝ արտաքինը լվացիր, հոգուդ ազնվությունն ո՞ւր մնաց: Վերադարձա ու նվիրեցին իմ բոլոր ունեցվածքն ու ժառանգությունը»: Բոլոր հեքիաթներում բացի դերակատար միստիկներից նաև հիշատակվում են առանց հատուկ անունների կերպարներ, որոնք ներկայացվում են երիտասարդ, խալիֆա, ծերունի ու դերվիշ հասարակ անունների միջոցով: Հոջվիրիի հեքիաթները մշակված են նրա դաստիարակչական նպատակների հիման վրա և դրանց հիմնական նպատակը վերափոխումն է: Այս վերափոխումը մի իրավիճակից դեպի առավել լավ իրավիճակի անցում է համարվում: Դա մոլորության մեջ անկումից անցում է դեպի վերելքը: Այդ վերափոխման պատճառ է դառնում կերպարների վարքագիծն ու երբեմն էլ աստվածային շնորհը: Դրանք ի հայտ են գալիս հրաշագործության տեսքով, որը հանգեցնում է կերպարի անհատականության վերափոխմանն ու դիտորդի հիացմունքին:

Պիտի ուշադիր լինել, որ «Քաշֆ-օլ-Մահջուբ»-ում բոլոր կերպարները չեն, որ վերափոխվում են: Օրինակ սուֆի շեյխի կերպարը, որ իր խոսքով ու աշխատանքով ուրիշներին վերափոխում է, ինքը հաճախ անփոփոխ է: Այդուհանդերձ հեքիաթներից շատերի թեման այն վերափոխումն է, որը ներկայացվում է նկարագրելու համար կերպարի ապրած վերելքը: Այդ հեքիաթներն սկսվում են միստիկի կյանքի մի հատվածի նկարագրմամբ, որը նույն վերափոխման պահն է: Հաճախ այս վերափոխումը տեղի է ունենում գլխավոր ու երբեմն էլ կողմնակի կերպարներում: Հետևաբար կերպարներն ակտիվ և շարժման մեջ են, այնպես որ Զոլնուն Մեսրին պատճառ է դառնում, որ մյուս նավի կեր ու խումով զբաղվող ուղևորները ապաշխարեն: Հոջվիրին այս հեքիաթն այսպես է ներկայացնում. «Մի օր Զոլնունն իր աշակերտների հետ նստած էր նավում և եգիպտացիների սովորության համաձայն ու շրջում էր Նեղոսի վրա: Դիմացից մի նավ եկավ, որի ուղևորները զեխությամբ էին զբաղված: Աշակերտները դա տեսնելով զայրացան ու ասացին. «Շե՛յխ, աղոթիր որ բարձրյալն Աստված նրանց խորտակի, որպեսզի ժողովուրդը զերծ մնա նրանց անբարոյականությունից»: Զոլնունը ոտքի կանգնեց ու ձեռքերը երկինք պարզելով ասաց. «Տեր իմ Աստված, հենց այնպես որ սրանց այս աշխարհում ուրախություն ես պարգևել, այնպես արա, որ մյուս աշխարհում էր ուրախ լինեն»: Աշակերտները զարմացան: Երբ նավը մոտեցավ նրանց ու դրա ուղևորները նկատեցին Զոլնունին, սկսեցին լաց լինել, կոտրեցին իրենց նվագարանները և ապաշխարելով վերադարձան դեպի Աստված: Զոլնունը դառնալով աշակերտներին, ասաց. «Նրանց մյուս կյանքում ուրախությունն, այս կյանքում ապաշխարությունն էր: Տեսաք, որ ձեզ ուզածը կատարվեց, առանց այն որ մեկը տառապանքի մեջ հայտնվի»:
Տեսարանը , ժամանակն ու վայրն այն տարրերից են, որոնք օգնում են պատմության ընկալմանը: Հոջվիրին այդ տարրերն օգտագործում է փոխանցելու համար իր պատգամը: Նրա որոշ հեքիաթներում ժամանակին կամ վայրին որևէ ակնարկ չի կատարվում ու որոշ հեքիաթներում էլ ժամանակն ու վայրը մեծ նշանակություն ունեն, քանի դեպքերի ընթացքը կախում ունի դրանց ժամանակից ու վայրից: Հեքիաթներից շատերում շատ ժամանակները թվականի տեսակետից անհայտ են և նկարագրվում են «մի օր», «մի գիշեր», «մի առ ժամանակ», «երբ», «գիշերվա պահին», «գիշերվա աղոթքին» արտահայտություններով: Հոջվիրիի հեքիաթների կեսից ավելին իրական ու պատմական կերպարներ ունեն ու այդ պատճառով էլ կարելի է գուշակություն կատարել դրանց թվականի մասին: Դեպքերի վայրն ընդհանրապես սահմանափակ է և իրադարձությունները տեղի են ունենում հստակ ու սահմանափակ վայրում:
Երկխոսությունը դեպքի նկարագրման ու կերպարների մշակման գլխավոր տարրերից է, քանի որ մարդկային կյանքի խոշոր մասը ձևավորվում է զրույցի հիման վրա: Հեղինակը երկխոսության միջոցով փոխանցում է ընթերցողին անհրաժեշտ տեղեկությունը:
«Քաշֆ-օլ-Մահջուբ»-ի հեքիաթներից շատերի հիմքում ընկած է երկխոսությունը, այնպես որ եթե դրանցից երկխոսությունը կրճատվի այլևս որևէ բան չի մնա ներկայացնելու համար: Այս երկխոսություններն անկախություն չունեն և ներկայացվում են պատմողի կողմից: Հոջվիրին այս հեքիաթներում արտահայտվում է բոլոր կերպարների կողմից և նրա լրջությունը ստվեր է նետում ողջ հեքիաթի վրա: Հոջվիրին երկխոսության միջոցով փոխանցում է կերպարի կենցաղավարությունը, բարոյական հատկանիշներն ու տեսակետները և պատմությանը վերաբերող այլ մանրամասներ: