Հունիս 21, 2017 01:03 Asia/Yerevan

Ողջույն ձեզ թանկագին բարեկամներ: Ինչպես միշտ մեր հաղորդման ընթացքում կանդրադառնանք մի շարք գեղարվեստական լուրերի: Իսկ եթերում մեզ կընկերակցի մեր թղթակիցը: ----------------------

Իրանի մշակույթի և իսլամական առաջնորդման նախարարը շնորհավորական ուղերձ է հղել Ասիայի լավագույն երաժշտի կոչմանն արժանացած Հոսեյն Ալիզադեին:

Սեյեդ Ռեզա Սալեհիի շնորհավորական ուղերձում ասված է.«Անգերազանցելի վարպետ պրն. Հոսեյն Ալիզադե, շնորհավորում եմ Ձեզ Ասիական երաժշտական մրցանակաբաշխության ժամանակ լավագույն երաժշտի կոչմանն արժանանալու կապակցությամբ: Ձեր ստեղծագործությունները ոչ միայն աշխարհին են ներկայացրել Իրանի հարուստ մշակույթն ու քաղաքականությունը, այլև խաղաղություն ու բարեկամություն են տարածում: Հետևաբար Ձեր փայլուն արվեստը Իրանի մշակութային դեսպանն է այսօրվա ալեկոծ աշխարհում»:

Անցած հինգշաբթի օրը Հարավային Կորեայի երաժշտական միջազգային կենտրոնը տարվա լավագույն երաժշտի կոչման է արժանացրել իրանցի աշխարահռչակ երաժիշտ, թար և սեթար նվագարանների վարպետ Հոսեյն Ալիզադեին:

«Լերդ»

 

Իրանցի կինոռեժիսոր ՝ Մոհամմեդ Ռասուլովի «Լերդ» ֆիլմն արժանացել է «Կաննի» միջազգային կինոփառատոնի «Հատուկ հայացք» «Un Certain Regard» բաժնի մրցանակին:

Մոհամմեդ Ռասուլովը 2011 թվականին ևս նույն անվանակարգի մրցանակին էր արժանացել ՝ «Կրկին հանդիպման հույսով» ֆիլմի համար:

Բահրամ և Բահման Արքերի համատեղ բեմադրության «Կենդանի» կարճամետրաժ ֆիլմը շահել է Ֆրանսիայի «Կանն» միջազգային 70-րդ կինոփառատոնի «Սինեֆոնդանսիոն» բաժնի երկրորդ մրցանակը:

2017 թվականի «Կանն» միջազգային 70-րդ կինոփառատոնի գլխավոր «Ոսկե արմավենի» մրցանակը կիրակի օրը տրվելու է ժյուրիի կազմի կողմից ընտրված ֆիլմին:

«Կանն» միջազգային կինոփառատոնը ֆիլմաշխարհի կարևոր իրադարձություններից մեկն է: Այն առաջին անգամ կայացել է 1939 թվականի սեպտեմբերին:

 

2017 թվականի Կաննի կինոշուկայում կինոարվեստի ներկայացուցիչների ուշադրությունը գրավել է հայտնի կինոռեժիսոր Արտավազդ Փելեշյանի «Տարերքը» ֆիլմի սցենարը:

«Այս տարի մեր տաղավարը մեծ ոգևորություն է առաջացրել Կաննում: Մենք շեշտը դրել ենք Փելեշյանի «Տարերքը» ֆիլմի սցենարի վրա. ֆիլմը նկարահանելու համար գումար է անհրաժեշտ:  Պետությունը խոստացել է աջակցել ֆիլմի ստեղծմանը, իսկ Կաննում այդ կապակցությամբ պայմանավորվածություններ են ձեռք բերվում»,-«Արմենպրես»-ի թղթակցի հետ զրույցում նշեց Հայաստանի մշակույթի նախարարության արտաքին կապերի վարչության պետ Լուսինե Քարամյանը:

Նրա խոսքով` Հայաստանի պատվիրակությունը դեռ չի վերադարձել կինոշուկայից, սակայն հեռախոսային կապի միջոցով պարզ դարձավ, որ պատվիրակությունը  մի շարք առաջարկներ է ստացել, որոնց մասին դեռ կբարձրաձայնի:

Փառատոնի ընթացքում օտարները ծանոթացնել են Հայաստանի կինոարտադրությանը: Ներկայացվել է նաև նոր օրենքը, որի համաձայն` Հայաստանում ֆիլմեր նկարահանող օտարերկրյա ներդրողներին կվերադարձվի 20 տոկոս հետվճար:

Շառլ Ազնավուր

 

Հայաստանում է աշխարհահռչակ շանսոյնե Շառլ Ազնավուրը: 

Մայիսի 28-ին նա ներկա եղավ Երևանում «Ավրորա» մրցանակաբաշխության արարողությունը: Մայիսի 29-ին Ա. Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնում Շառլ Ազնավուրը ներկա գտնվեց իրեն նվիրված  «Լա Բոհեմ» մեկ գործողությամբ բալետային ներկայացման առաջնախաղին: Բեմադրության սցենարի հեղինակը և բեմադրող խորեոգրաֆն է  Ռուդոլֆ Խառատյանը: Հունիսի 1-ին շանսոնյեն ներկա է լինելու «Քեզ համար, Ազնավո′ւր» խորագրով համերգին: Դիրիժոր Էդուարդ Թոփչյանի ղեկավարությամբ հայ ճանաչված օպերային և էստրադային երգիչ-երգչուհիները կկատարեն Ազնավուրի հայտնի ու սիրված երգերը՝ սիմֆոնիկ նվագակցությամբ։

Երգիչ, կոմպոզիտոր, բանաստեղծ,  դերասան, Հայաստանի Ազգային հերոս Շառլ Ազնավուրն իր երգարվեստով ստեղծել է ինքնատիպ դպրոց: Նրա երգերն ակունքներով կապված են հայկական տաղերի հետ և մեծ ճանաչում ունեն: Նա ավելի քան 1000 երգերի հեղինակ է, նկարահանվել է ավելի քան 60 ֆիլմերում, վաճառվել է երգչի ավելի քան 100 միլիոն սկավառակներ: Իր կյանքի ընթացքում նա երգել է համաշխարհային այնպիսի աստղերի հետ, ինչպիսիք են Ֆրենկ Սինատրան, Լուչիանո Պավարոտին և Պլասիդո Դոմինգոն:

Բազմաթիվ մրցանակների դափնեկիր է, պարգևատրվել է Ֆրանսիայի Պատվո լեգեոնի 2 շքանշանով:  2009 թ-ին Ազնավուրը ճանաչվել է XX դարի լավագույն երգիչ: 2009թ. մայիսի 4-ից` Ժնևի ՄԱԿ-ի գրասենյակում և այլ միջազգային կազմակերպություններում Հայաստանի Հանրապետության մշտական ներկայացուցիչ, 2009թ. մայիսի 5-ից` Շվեյցարիայի Համադաշնությունում Հայաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան է:

«Վարդատոն-2017»

 

Սայաթ-Նովայի հիշատակն հավերժացնող «Վարդատոն-2017»-ը անցկացվեց մայիսի 28-ին Թբիլիսիում: «Վիրահայերի Միությունը» Թբիլիսիի քաղաքապետարանի, Հայաստանի և Վրաստանի մշակույթի նախարարությունների, Թբիլիսիի Պետրոս Ադամյանի անվան պետական դրամատիկական թատրոնի և Վրաստանում ՀՀ դեսպանության աջակցությամբ կազմակերպում է աշուղ Սայաթ-Նովային նվիրված ավանդական «Վարդատոնը»:

Համերգային ծրագրին մասնակցել են ՀՀ հանրային ռադիոյի «Սայաթ-Նովա» աշուղական երգի վաստակավոր անսամբլը, գեղարվեստական ղեկավար՝ ՀՀ ժողովրդական արտիստ, պրոֆեսոր Թովմաս Պողոսյանը,  Թբիլիսիի «Ջեյրան», «Վանք», «Անի» և «Մուշ» պարային համույթները, Թբիլիսիի Պետրոս Ադամյանի անվան պետական դրամատիկական թատրոնի թատերական խումբը:

Վարդատոնն առաջին անգամ տոնել են 1914-ին,  Թբիլիսիում Հովհաննես Թումանյանի, Գևորգ Բաշինջաղյանի և Իոսեբ Գրիշաշվիլու նախաձեռնությամբ: Ավանդաբար ամեն տարի Թբիլիսիում մայիս ամսվա վերջին կիրակին նշվում է որպես Սայաթ-Նովայի հիշատակի օր՝ «Վարդատոն»:

 

Հայաստանում 2016 թվականին համերգային 19 կազմակերպությունների դահլիճներում կազմակերպված 593 համերգի ներկա է եղել 194.2 հազար մարդ: Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը` վկայակոչելով ՀՀ ազգային վիճակագրական ծառայության տվյալները, 2015 թվականին hանրապետության համերգային դահլիճներում կազմակերպված 563 համերգի ներկա է եղել 182.9 հազար մարդ: 2016 թվականին կազմակերպված համերգների թիվն ավելացել է 30-ով, իսկ ներկաների թիվը` 11.3 հազարով:

Հանրապետության 1 000 բնակչի հաշվով հաճախումները  2016-ին կազմել են 64.9, իսկ 2015-ին` 60.9: Համերգներից ստացված հասույթը կազմել է 112.3 մլն. դրամ` նախորդ տարվա 81.4 մլն դրամ ցուցանիշը գերազանցելով 30.9 մլն դրամով:

2016 թվականին արտերկրում կազմակերպված 43 համերգ-հյուրախաղերից 21-ը տեղի է ունեցել Եվրոպայում, 9-ը` ԱՊՀ երկրներում, 4-ը` Լիբանանում, 3-ական` Վրաստանում և Եգիպտոսում, 2-ը` Թուրքիայում և 1-ը` ԼՂ-ում:

 

Հայաստանում թատերահանդիսային 28 կազմակերպություններից 25-ը 2016 թվականին  կազմակերպել են ներկայացումներ, իսկ 3-ը գործունեություն չի ծավալել և չի ունեցել ֆինանսական մուտքեր ու ծախսեր: Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը` վկայակոչելով ՀՀ ազգային վիճակագրական ծառայության տվյալները,  28 թատերահանդիսային կազմակերպությունից 17-ը դրամատիկական է, 4-ը` երաժշտական, 5-ը` տիկնիկային, մնացած 2-ը` Պատանի հանդիսատեսի թատրոնն է և կրկեսը:

Թատերահանդիսային կազմակերպությունների կողմից 2016թ. ցուցադրվել է 2 հազար 934 ներկայացում, որոնց 30.7%-ը` տիկնիկային, 15.1%-ը` երաժշտական ժանրի: 2016թ. թատրոններ հաճախումների քանակը կազմել է 526.1 հազար, նրանց 27.2%-ը հաճախել է երաժշտական, 19.5%-ը` տիկնիկային թատրոն: Հանրապետության 1 000 բնակչի հաշվով հաճախումները կազմել են 175.8, իսկ 2015 թվականին` 170.6:

2016 թվականին թատերական ներկայացումներից ստացված հասույթը կազմել է 413.1 մլն. դրամ, որի 0.7%-ը ստացվել է գյուղական համայնքներում կազմակերպված ներկայացումներից, 29.4%-ը` երաժշտական, 15.0%-ը` տիկնիկային ներկայացումներից: Միջին հաշվով մեկ ներկայացման մուտքի վճարումներից հասույթը կազմել է 140.8 հազ. դրամ, ընդ որում, գյուղական համայնքներում այդ ցուցանիշը կազմել է 36.7 հազ. դրամ:

Ռոջեր Մուր

 

Կյանքի 90-րդ տարում վախճանվել է բրիտանացի դերասան Ռոջեր Մուրը, ով առավել հայտնի է Ջեմս Բոնդի կերպարը մարմնավորելով,- «Լենտա.ռու»-ի փոխանցմամբ՝ այս մասին հայտնել է BBC News-ը։

Մուրի ընտանիքից հայտնել են, որ դերասանը մահացել է Շվեյցարիայում՝ քաղցկեղի դեմ  «կարճ, բայց համարձակ» պայքարից հետո։ Հուղարկավորությունը տեղի կունենա Մոնակոյում։

Մուրը խաղացել է 007 գործակալի յոթ ֆիլմերում։ Նա նաև եղել է ՅՈՒՆԻՍԵՖ-ի բարի կամքի դեսպան։ 2003 թվականին նա ասպետի կոչման է արժանացել բարեգործության համար։

 

Իսպանացի մարդաբաններն ինքնատիպ «պատկերասրահ» են հայտնաբերել Եթովպիայի քարանձավներից մեկում, որտեղ մարդիկ ներկեր են պատրաստել և նկարել 4,5 հազար տարի շարունակ: Այսպիսով` սա պատմության հնագույն և ամենաերկարատև «ցուցահանդեսն» է: Գիտնականներն իրենց հետևություններով կիսվել են PLoS One ամսագրում:

«Մեզոլիթն ուսումնասիրող հնագետները սովորաբար հիմնվում են աշխատանքային գործիքների կառուցվածքի տարբերությունների վրա՝ հնագույն մարդկանց համայնքների մշակութային կապերին և էվոլյուցիային հետևելու համար: Մենք պարզել ենք, որ նման բան տեղի է ունեցել նաև ներկերի արտադրության գործընթացում: Քարանձավի բոլոր բնակիչները մոտավորապես նույն կերպ են պատրաստել օխրան և օգտագործել այն՝ սերնդեսերունդ փոխանցելով գաղտնիքները», - գրել են Բարսելոնայի համալսարանի գիտնական Դանիելա Ռոսոն և նրա գործընկերները:

Գիտնականների համաձայն՝ Եթովպիայի արևելքում գտնվող Պորկ Էպիկ քարանձավում իրենց հաջողվել է գտնել գեղարվեստական նյութերի մի ամբողջ պահեստ և դրանց հետ կապված «պատկերասրահ», որտեղ հնագույն նկարիչները փաստացիորեն առանց դադարի աշխատել են 4.500 տարի։

Պարզվել է, որ տարբեր դարաշրջաններում այս քարանձավում բնակվող նկարիչները կապված են եղել իրար հետ. նրանք օգտագործել են ներկեր պատրաստելու և կիրառելու մոտավորապես նույն մեթոդները, որոնք աննշան կերպով փոխվել են մեկ սերնդից մյուսն անցնելու ընթացքում: Սա արտահայտվել է նրանով, որ քարանձավի բնակիչները պատրաստել են մոտավորապես նույն գույնի և բաղադրության օխրա՝  պահպանելով որոշակի ընդհանուր չափանիշները: