Հուլիս 25, 2017 16:11 Asia/Yerevan

Իրանը, իր կենսաբազմազանության շնորհիվ, դեղաբույսերի ասպարեզում աշխարհի ամենահարուստ կենսաբանական ու գենետիկական ռեսուրսն ունեցող երկրներից մեկն է։ Այսօրվա հաղորդման ընթացքում ներկայացնելու ենք Իրանում աճող երեք դեղաբույսեր՝ իժախոտը, շուշանը և բոխնին:

Հին ժամանակներում Իրանի ավանդական շուկաներում շատ կարևոր դիրք էին գրավում բուսական դեղավաճառները։ Նրանք հիմնականում ազդեցիկ ու վստահելի մարդիկ էին, որոնք ծանոթ էին ծաղիկների ու բույսերի բույրին, բնահյութին, բուժական ու դեղորայքային հատկություններին։ Նրանք տրամադրում էին այն դեղերը, որոնք նշանակվում էին հեքիմների ու բժիշկների կողմից։ Նրանք հիվանդների բուժմամբ էին զբաղվում իրենց հայրերից ու ուսուցիչներից ստացած գիտելիքների ու փորձի հիման վրա։ Դարեր շարունակ բուսական թերապիան իրանցի հեքիմների ու բժիշկների մեթոդներից է եղել հիվանդներին բուժելու համար։ Դեղը պատրաստելու  անհրաժեշտ հումքը սովորաբար  ապահովում էին այն մարդիկ, ովքեր եկամուտ ստանալու համար մեկնում էին լեռներ ու դաշտեր, քաղում դեղորայքային հատկություններով օժտված բույսերը և տրամադրում հեքիմներին ու բուսական դեղավաճառներին։ Ներկայումս քիմիական դեղորայքի ահռելի օգտագործմամբ հանդերձ, աճող միտում ունի դեղաբույսերի օգտագործումը և համաշխարհային առևտրում զգալի ցուցանիշ է կազմում դեղաբույսերի արտադրումը, առևտուրն ու շահագործումը։ Առողջապահության համաշխարհային կազմակերպության տվյալներով, աշխարհի բնակչության 80 տոկոսը, մասնավորապես զարգացող պետություններում, աղքատ ու հեռավոր շրջաններում իրեն ցբուժման հետ կապված կարիքները հոգում են հիմնականում դեղաբույսերի միջոցով։ Աշխարհի ժողովուրդների մարդկանց կյանքում դեղաբույսերի ընդգծված ներկայության շնորհիվ փորձագետներից շատերը գտնում են, որ 21-րդ դարը դեղաբույսերի վերադարձի դարն է դեպի մարդկանց առողջության հետ կապված կենտրոններ։

Իրանում հին բուսական դեղերի խանութ

Բուսական թերապիան ավանդական բժշկության մեջ ընդունված բուժման մեթոդներից մեկն է, որը հիշատակվում է որպես լրացուցիչ և փոխարինող բուժում։ Առողջապահության համաշխարհային կազմակերպության սահմանման համաձայն, ավանդական բժշկությունը ընդհանուր եզր է, որը ներառում է ավանդական բժշկության համակարգերը, այդ թվում չինական բժշկությունը, հնդկական Այուրվեդան, հունական, արաբական և տեղական այլ բժշկությունները։ ԱՀԿ-ն ավանդական բժշկությունը համարում է գիտելիքների, հմտությունների ու վարքագծերի հավաքածու, որոնք ստեղծվել են տարբեր տեղական մշակույթների տեսությունների, հավատամքների ու փորձառությունների հիման վրա և կիրառվում է մարդկանց առողջության պահպանման և ֆիզիկական ու մտավոր հիվանդությունների կանխարգելման, ախտորոշման ու բուժման հարցերում։ Ավանդական բժշկության բուժումները դասկարգվում են երկու խմբերում. Դեղորայքային բուժումը, որտեղ կիրառվում են դեղաբույսերը, հանքային ու կենդանական մասնիկները, և երկրորդ՝ ոչ դեղորայքային բուժումը, ինչպիսիք են ասեղնաբուժությունը, մասաժը, և հոգեբանական բուժումները։ Այն երկրներում, որտեղ բժշկական ծառայությունների համակարգը հիմնված է ժամանակակից բժշկության վրա և բացակայում է յուրովի բուժման կուլտուրան, ավանդական բժշկության արտահայտության փոխարեն հիմնականում կիրառվում է «լրացուցիչ կամ փոխարինող բժշկություն» (CAM/ Complementary and Alternative Medicine)  արտահայտությունը։

Ներկայումս աշխարհում էապես աճել է լրացուցիչ և փոխարինող բժշկության կիրառումը։ Այն բաղկացած է բազմաթիվ ենթաբաժիններից, որոնցից կարելի է նշել բուսական թերապիան, մասաժ թերապիան, ասեղնաբուժությունը, կիրոպաթիկը, յուգան, Այուրվեդան և այլն, որոնք հիմնականում սերում են ժողովուրդների պատմական ու տեղական մշակույթից։

Ավանդական բժշկությունը և հնդկական Այուրվեդան

Աշխարհի հին քաղաքակրթություններում տարբեր երկրներ, այդ թվում Չինաստանը, Եգիպտոսը, Հունաստանը և Իրանը եղել են բժշկության և բուժման տարբեր եղանակների բնօրանը։ Պարսկական ավանդական բժշկության հազարամյա վաղեմիությունը և Ջորջանիի, Ռազիի, Աբուռեյհան Բիրունիի և Իբն Սինայի (Ավիցեննայի) պես անվանի հեքիմների առկայությունը հարստացրել են այս երկրի ավանդական բժշկության պատմությունը։ Մասաժ թերապիան, Հիջամաթ կոչվող արյունառության եղանակը (cupping), արյունաքաշ թերապիա (Dry cupping), տզրուկաբուժությունը (Leech therapy), երակահատումը (Phlebotomy) , բուսական թերապիան եղել են պարսկական ավաանդական բժշկության բուժման եղանակները։ Իրանում գոյություն ունեն հազարավոր տեսակի դեղաբույսեր, որոնցից հարյուրավոր տեսակները բնորոշ են Իրանի երկրամասին։

Այդ դեղաբույսերից է պարսկական իժախոտը (Echium amoenum)։ Այս բույսն օժտված է բազմաթիվ բուժական հատկություններով և Իրանի Էլբուրս լեռնաշղթայի ստորոտներից բացի, ոչ մի տեղ չի հանդիպում։ Տևական ժամանակ եվրոպացի բժիշկներն ու դեղագործները գտնում էին, որ պարսկական և եվրոպական իժախոտը միևնույն բույսն են։ Սակայն դրանք նման են միայն արտաքին տեսքով և խիստ տարբերվում են բուժական հատկանիշների առումով։ Պարսկական իժախոտը ինքնաբույս կերպով աճում է միայն Էլբուրսի լեռնաշղթայի ստորոտներում։ Այս բույսի գրեթե բոլոր մասերը բուժական կիրառություն ունեն։ Ծաղիկը, տերևը, ցողունը և արմատը օգտագործվում են գել և բուսալորձ ստանալու համար, որոնք կիրառություն ունեն դեղերի ու սննդի պատրաստման գործում։ Այս ծաղկի արտադրումն իրականացվում է երկրագործական և արոտավայրի եղանակներով։ Արոտավայրերից հավաքված բերքը ավելի բարձր որակ ունի բնական լինելու շնորհիվ։  Իժախոտի դեղաբույսը հանգստացնող է, ամրապնդում է նյարդերն ու երիկամները, զտում է արյունը, հակագրիպ և հակահազ է, բուժում է Բրոնխիտը, կարմրուկը և որդան կարմիր տենդը, վերացնում է կոկորդի այտուցվածությունն ու ցավը և նվազեցնում է ստրեսը։ Իժախոտի բազմաթիվ հատկությունների շնորհիվ, այս արտադրանքը բարենպաստ շուկա ունի ինչպես Իրանի ներսում, այնպես էլ Իրանի սահմաններից դուրս։ Ամեն տարի շուրջ 50 տոննա իժախոտ արտահանվում է եվրոպական, ամերիկյան և Պարսից Ծոցի ավազանի երկրներ։

Իրանական իժախոտը

Այլ դեղաբույսերից է շուշանը։ Շուշանը այն բույսերից է, որոնք բազմանում են իրենց սոխի միջոցով։ Այս բույսի ընտանիքը ներառում է տասնյակ տեսակներ։ Նրա ծաղիկը լինում է սպիտակ, նարնջագույն, դեղին, կարմիր, վարդագույն և մանուշակագույն երանգներով։ Այն աճում է երկիր մոլորակի տարբեր վայրերում, հատկապես Հարավային Աֆրիկայում և Ամերիկայի արևադարձային շրջաններում։ Շուշանի ծաղկից հոտ քաշելը հանգստացնում է գլխացավը և ձմռանը նվազեցնում է գրիպով հիվանդանալու հավանականությունը։ Շուշանի սոխի փոշու ցրումը վերքի վրա նպաստում է վերքի չորացմանն ու ախտահանմանը։ Շուշանի ծաղիկը օգտակար է դեմքի պեպենները վերացնելու հարցում։  Այս բույսի հազվագյուտ տեսակներից է լեդեբուրի շուշանը (Lilium ledebourii), որը աճում է Իրանի հյուսիսային շրջաններում, Գիլան նահանգում, Արդեբիլ և Մազենդերան նահանգների սահմանափակ շրջաններում։ Լեդեբուրի շուշանը առաջին ծաղիկն է , որը գրանցվել է Իրանի ազգային բնական հարստության ցուցակում։ Իրանի սահմաններից դուրս, Լեդեբուրի շուշանը հանդիպել է միայն Ադրբեջանի Լանքարան շրջանում։ Ոմանք գտնում են, որ այս ծաղկի գեղեցկությունն ու նմանությունը բազմաստեղյան ջահին պատճառ է դարձել, որ այն պարսկերենում «Չելչերաղ» կոչվի, մինչդեռ տեղի բնակչությունը այս անվանակոչումը համարում է գիշերը այս բույսի լուսավորության պատճառով։ Լեդեբուրի շուշանի ծաղկաթերթիկը պարունակում է Ֆլուորեսցենցիայի նյութեր և ունի լույսը արտացոլելու հատկություն։ Լեդեբուր շուշանը Իրանի տեղական բույսերից է և անհետացման վտանգի պատճառով արգելված է դրա արտահանումը։

Լեդեբուրի Շուշանը

Իրանի առանձնահատուկ դեղաբույսերից է նաև բոխնին (Heradeum Persicum)։ Բոխնին աճում է միայն Իրանում։ Այս իսկ պատճառով հայտնի է որպես «Հերակլիում Պերսիկում»։ Բոլոր այն բույսերը, որոնց անվանումը վերջանում է «Պերսիկում» եզրույթով, գրանցված են Իրանի անվան տակ։ Գարունն այս ինքնաբույս և վայրի բույսի աճման եղանակն է։  Բոխնիի բույսը պատկանում է հովանոցավոր կամ մաղադանոսի բույսերի ընտանիքին։ Նրա ծաղիկը բավականին գեղեցիկ է ու հովանոցի նման է։ Օգոստոս և սեպտեմբեր ամիսները բոխնիի հատիկների բերքահավաքի սեզոնն է։ Բոխնիի հատիկները լայն են և ընդգծված հոտ ունեն։ Կերակուրների այս համեմունքը օժտված է հակաօքսիդանտի բարձր հատկությամբ, վերացնում է վքնածությունը և սովորաբար օգտագործվում է այն ճաշատեսակների հետ, որոնք վքնացնում են։ Բոխնիի հատիկները ստամոքսը ամրացնելու հատկություն ունեն։ Նրանց բնահյութը հակամանրեային է և ստամոքսը լվացելու լավ միջոց է։ Այս համեմունքը կիրառվում է նաև որպես կոնսերվանտներ։ Քանի որ բոխնիի բերքահավաքի ծավալները բավարարում են միայն երկրի ներքին պահանջարկը, ուստի այն չի արտահանվում։

Բոխնի

Տարբեր տեսակի կակաչների, այդ թվում գլխիվայր կակաչի սոխի, նարգիսի սոխի, տուղտավարդի արմատի, եղերդի արմատի, վայրի խավրծիլի արմատի, Կատվախոտի, վայրի մանուշակի, տորոնի, մատուտակի արմատների և տասնյակ տեսակի այլ դեղաբույսերի արտահանումը, որոնք համարվում են Իրանի գենետիկ պաշարները և գտնվում են վտանգի տակ, արգելված է։ Իրանի գենետիկական ու կենսաբանական պաշարների ազգային կենտրոնը այն կենտրոններից մեկն է, որոնք իրենց օրակարգում ունեն այդ պաշարների պահպանման խնդիրը։ Այս կենտրոնի նպատակն է հանրապետության գենետիկական պաշարների ու կենսաբանական տեսակների բացահայտումը, հավաքագրումը, պահպանումը, ցանքն ու բազմացումը, որպեսզի հանրապետության բուհական ու հետազոտական կենտրոններին օժանդակելով՝ հող պատրաստի այդ ռեսուրսների օպտիմալ օգտագործման համար։