Իրանական շուկա (64) Նավթարդյունաբերություն
Ունենալով ավելի քան 150 մլրդ բարել նավթ, Իրանը իր տրամադրության տակ ունի աշխարհի՝ նավթի փաստագրված պաշարների մոտ 10 տոկոսը և նավթի պաշարների առումով աշխարհի չորրորդ պետությունն է:
Հանդիսանալով տնտեսական ակտիվությունների զգալի հատվածի շարժիչ ուժ, Էներգակիրները հատուկ դերակատարություն ունեն զարգացման գործում: Աշխարհում արդյունաբերական ու տնտեսական զարգացման արագ ընթացքը էապես կապված է էներգակիրների սպառման մակարդակի հետ: Էներգիայի համաշխարհային զանբյուղը վկայում է այն փաստի մասին, որ այդ զանբյուղի դիվերսիֆիկացման ուղղությամբ գործադրված ջանքերով հանդերձ, նավթն ու գազը դեռևս շարունակում են մնալ աշխահում էներգիայի ապահովման կարևորագույն աղբյուրները: «ExxonMobil» ընկերությունը «2017թ. էներգետիկայի տեսլականը» խորագրով իր զեկույցում հայտարարել է, որ մինչև 2040թ. նավթով է ապահովվելու աշխարհում էներգետիկայի ընդհանուր ծավալի մոտ 32 տոկոսը և այն շարունակելու է մնալ աշխարհում էներգետիկայի ապահովման կարևորագույն աղբյուրը: Նավթը ռազմավարական ապրանք է , որը նպաստելու է արդյունաբերության ներուժի ակտիվացմանը և նորանոր արդյունաբերական ոլորտների ու ներուժի ստեղծմանը և ունենալու է առանցքային դերակատարություն զարգացման գործում:
«Բրիթիշ Փեթրոլիում» ընկերության զեկույցի համաձայն, 2016թ. ավարտին աշխարհում նավթի պաշարները կազմել են ավելի քան մեկ տրիլոն 700 մլրդ բարել: Աշխարհում փաստագրված նավթի պաշարների գրեթե կեսը գտնվում է արևմտյան Ասիայի տարածքում: Նշված զեկույցի համաձայն , ունենալով ավելի քան 150 մլրդ բարել նավթ, Իրանը իր տրամադրության տակ ունի աշխարհի՝ նավթի փաստագրված պաշարների մոտ 10 տոկոսը և նավթի պաշարների առումով աշխարհի չորրորդ պետությունն է: Իրանում առկա են 170 նավթի ու գազի հանքավայրեր, այդ թվում 120 նավթի և 50 գազի հանքավայրեր, ինչպես նաև նավթի ու գազի՝ ավելի քան 170 զարգացած ու զարգացող ռեզերվուարներ, որոնց շնորհիվ Իրանն աշխարհում հատուկ դիրք է զբաղեցնում, սա այն դեպքում, երբ Իրանում դեռևս չեն սկսվել նավթի ու գազի ավելի քան 200 ռեզերվուարների կառուցումն ու զարգացումը: Իրանի չմշակված նավթի պաշարների մոտ 70 տոկոսը ծովափնյա, իսկ մնացածը հիմնականում ծովեզերքից հեռու են ու գտնվում են Պարսից Ծոցում: Իրանը նաև Կասպից ծովում իր տրամադրության տակ ունի չփաստագրված պաշարներ:
Աշխարհում նավթի օգտագործումը գալիս է հնադարյան ժամանակներից: Հնագիտական պեղումներն ու պատմական փաստարկները վկայում են այն մասին, որ Միջագետքում (ներկայիս Իրաքում) բնակվող հնադարյան քաղաքակիրթ ցեղերը ավելի քան 4 հազար տարի առաջ ծանոթ են եղել մի շարք նավթային նյութերի, այդ թվում ձյութի հետ: Նրանք ձյութը օգտագործում էին որպես ջրամեկուսիչ նյութ: Հույններն ու հռոմեացիներն էլ ձյութը օգտագործում էին նավերի թափքի ջրամեկուսացման, ինչպես նաև այրման, լուսավորման ու ջերմության համար: Աքեմենյանների օրոք Իրանում նավթը կիրառություն ուներ բժշկության բնագավառում: Հույն պատմաբան Հերոդոտը իր գրառումներում խոսել է իրանցիների կողմից նավթի ու ձյութի արդյունահանման մասին: 1745թ. Ֆրանսիայում է բացահայտվել առաջին նավթահորը , իսկ նավթի արդյունահանման առաջին նավթահորը հորատվել է 1859թ. ԱՄՆ-ի Փենսիլվանիայում: Մերձավոր Արևելքում 20-րդ դարասկզբին են մեկնարկել նավթահորերի բացահայտման ու շահագործման ակտիվությունը՝ Իրանի հարավում գտնվող Մասջեդ Սոլեյման քաղաքում նավթի բացահայտմամբ:
1911թ. Մասջեդ-Սոլեյմանի թիվ մեկ նավթահորի շահագործումը օրական 500 բարելի թողունակությամբ կարելի է համարել Իրանի նավթի արդյունաբերության մեկնարկը: Մասջեդ-Սոլեյմանում նավթի բացահայտումից հետո, Իրանի հարավում շարունակվեցին հետախուզական ակտիվությունները այլ հանքավայրերի բացահայտման համար, ինչի արդյունքում բացահայտվեցին ու շահագործման հանձնվեցին մի շարք նավթային շրջաններ, ինչպիսիք են՝ Հաֆթքալը (1927), Աղաջարին (1936), Ահվազը (1958), Բինաքը (1949), Բիբի Հաքիմեհը (1961), մարուն-Քորանջը (1963), Փարսի և Ռագե-Սեֆիդը (1964):
Ժամանակի ընթացքում համաշխարհային տնտեսության մեջ նավթի դերակատարության մեծացմամբ 1960թ. Իրաքի մայրաքաղաք Բաղդադում կազմակերպվեց մի կոնֆերանս նավթ արտահանող պետությունների մասնակցությամբ: «Նավթ արտահանող պետությունների կազմակերպությունը» (ՕՊԵԿ) հիմնադրվեց անդամ պետությունների, այդ թվում՝ Իրանի, Սաուդիան Արաբիայի, Իրաքի, Քուվեյթի, Վենեսուելայի միջև նավթային քաղաքականության ներդաշնակեցման, նավթ արտադրող պետությունների համար կայուն գներ ապահովելու և շուկայի վերահսկման նպատակով: Հետագայում նրան միացան Կատարը, Լիբիան, Ինդոնեզիան, Միացյալ Արաբական Էմիրությունները, Ալժիրը, Նիգերիան, Էկվադորը եւ Անգոլան: Գնահատումները ցույց են տալիս, որ ՕՊԵԿ-ի անդամները արտադրում են աշխարհի չմշակված նավթի մոտ 40 տոկոսը և իրենց տրամադրության տակ ունեն աշխարհում փաստագրված նավթային պաշարների մոտ երկու երրորդը: 2017թ. ապրիլին ՕՊԵԿ-ի օրական արտադրությունը կազմել է ավելի քան 31 մլն բարել նավթ: Իրանն ունի ՕՊԵԿ-ի նավթային պաշարների 13 տոկոսը և այդ առումով ՕՊԵԿ-ի անդամների շարքում երրորդ պետությունն է:
Մինչև Իսլամական Հեղափոխության հաղթանակը, Իրանի նավթի արդյունաբերությունը կառավարվում էր հիմնականում արտասահմանցի մասնագետների կողմից: Իրանի նավթի արդյունաբերության տարբեր հատվածներում աշխատում էին մոտ 18000 արտասահմանցի միսիոներներ: Իսլամական Հեղափոխության հաղթանակից հետո արտասահմանցի կապալառուների հեռացմամբ իրանցի աշխատավորներն ու կառավարիչներն իրենց վրա վերցրին հանրապետության նավթի հանքավայրերի ու ռեզերվուարների բացահայտման, հորատման ու շահագործման գործողությունները: 1979թ. Իսլամական Հեղափոխության հաղթանակից մեկ տարի անց իր աշխատանքն սկսեց նավթի նախարարությունը իրեն ենթակա 4 ընկերություններով, որոնք գործունեություն էին ծավալում նավթի, գազի, նավթաքիմիայի, նավթամթերքների մշակման ու մատակարարման բնագավառներում:
Իրանի նավթի ազգային ընկերությունը որպես նավթի նախարարության ենթակա ամենախոշոր ձեռնարկություն, աշխարհում նավթային ամենախոշոր ընկերություններից մեկն է, որը կրում է նավթի ու գազի պաշարների գծով պլանավորման , արտադրության, շահագործման, վերամշակման, մատակարարման ու արտահանման կառավարման պատասխանատվությունը: Իրանի նավթային ազգային ընկերությունը պատասխանատու է նաև հանրապետության նավթի ու գազի արդյունաբերության վերադասային հատվածի համար: Իրանի նավթի ազգային ընկերությանը ենթակա կարևոր ձեռնարկություններն են Հարավի նավթային շրջանների ազգային ընկերությունը, Իրանի օֆշորային նավթի ընկերությունը, Իրանի կենտրոնական շրջանների նավթային ընկերությունը: Հարավի նավթային շրջանների ազգային ընկերությունը, որպես չմշակված նավթ արտադրող խոշորագույն իրանական ընկերություն, հատուկ դերակատարություն ունի Իրանում էներգետիկայի ապահովման ու տնտեսության շրջանառության գործում: Նշված ընկերությունը 400 հազար քկմ մակերեսով տարածքում գտնվող ավելի քան 50 մեծ ու փոքր ածխաջրածնային հանքավայրերում արտադրում է Իրանի չմշակված նավթի ավելի քան 80 տոկոսը: Այս ընդարձակ նավթային տարածքում են գտնվում խոշոր հանքավայրեր, ինչպիսիք են Ահվազի, Գաչսարանի, մարունի, Քորանջի և Փարսի հանքավայրերը:
Արտադրված նավթի ինքնարժեքի առումով Իրանի նավթային արդյունաբերությունը ունի հարաբերական առավելություն, քանի որ Իրանի արդյունաբերությունում նավթի արտադրության ծախսերը ավելի քիչ են: Հարկ է նշել, որ նավթի արտադրման ծախսը կախված է ներդրումային ու օպերացիոն ծախսերի երկու գործոններից:Ներդրումային ծախսերն են նավթային կառույցների, խողովակաշարերի ստեղծմանը և նոր նավթահորերի հորտամանը վերաբերող ծախսերը: Օպերացիոն ծախսերը ներառում են գետնից նավթի արդյունահանման, աշխատավորներ աշխատավարձի վճարման և կատարողական այլ ծախսերը: Արտադրված նավթի ինքնարժեքը այս խոշոր արդյունաբերության շահույթի որոշման կարևորագույն ցուցանիշերից է: Վերջին տարիներին, երբ աշխարհում չմշակված նավթի արժեքը նվազեց մինչև 30 դոլարից ցածր մակարդակը մեկ բարելի համար, մի շարք նավթ արտադրող պետություններ դադարեցրին նավթի արտադրումը՝ իրենց նավթի ինքնարժեքը շուկայում վաճառքի գնին գերազանցելու պատճառով: Գնահատումների համաձայն, մեկ բարել իրանական նավթի արտադրման ծախսը կազմում է մոտ 12 դոլար 60 ցենտ, ինչի շնորհիվ աշխարհում Իրանը համարվում է էժան նավթ արտադրող հինգերորդ պետություն: Աշխարհում նավթ արտադրող 20 պետության տարածքում գտնվող ավելի քան 15000 նավթի հանքավայրերի մասին տվյալները ցույց են տալիս, որ Անգլիան արտադրում է աշխարհի ամենաթանկ նավթը՝ 52 դոլար 50 ցենտ ինքնարժեքով, իսկ Քուվեյթը՝ ամենաէժան նավթը՝ 8 դոլար 50 ցենտ ինքնարժեքով: Անգոլան արտադրում է ՕՊԵԿ-ի ամենաթանկ նավթը 35 դոլար 40 ցենտ ինքնարժեքով:
2017թ. Իրանը ասիական ու եվրոպական երկրներ է արտահանել ավելի քան 770 մլն բարել նավթ, որից ավելի քան 60 տոկոսը արտահանվել է ասիական, իսկ մոտ 40 տոկոսը՝ եվրոպական երկրներ: Իրանական նավթի խոշորագույն հաճախորդներ համարվող Հնդկաստանից ու Չինաստանից բացի, Հարավային Կորեան ու Ճապոնիան ևս իրանական նավթի ասիական ներմուծողներն են: Եվրոպայում իրանական նավթի հաճախորդներից են Իտալիան, Անգլիան, Հունգարիան և Նիդերլանդները: Նավթի արտահանումից բացի, 2017թ. Իրանի նավթի ազգային ընկերությունը հիմնականում հարևան երկրներ է արտահանել 17 մլն տոննա մազութ և մոտ 2 մլն տոննա դիզելային վառելիք: Իրանում նավթի արտադրման վիճակագրության ուսումնասիրումը ցույց է տալիս, որ ներկայումս Իրանում նավթի արտադրման թողունակությունը կազմում է օրական ավելի քան 3 մլն 500 հազար բարել: