Գեղարվեստական հաղորդում (75)
Ողջույն ձեզ թանկագին բարեկամներ: Ինչպես միշտ մեր հաղորդման ընթացքում կանդրադառնանք մի շարք գեղարվեստական լուրերի: Իսկ եթերում մեզ կընկերակցի մեր թղթակիցը:
Իրանը պատրաստակամ է Թուրքիային վերադարձնել հին հայկական եկեղեցական զանգը, որը երկար տարիներ պահվում էր Ուրմիա քաղաքի թանգարանում:
«Ռուսարմինֆո»-ի փոխանցմամբ, այդ մասին հայտարարել է Մշակութային ժառանգության իրանական կազմակերպության փոխնախագահը:
Հայկական զանգն ավելի քան 620 տարեկան է: Այն պատկանում է Վան նահանգի արևելյան մասում գտնվող Սուրբ Մարիամ եկեղեցուն: Զանգը Թուրքիայից Իրան է տարվել 1388 թվականին որպես նվեր:
Բոլշևիկյան, լենին-ստալինյան տեռորին մոտ 50 հազար հայ է զոհ գնացել, այդ թվում Հայաստանի մտավորականության սերուցքը՝ Չարենց, Բակունց, Թոթովենց, Զապել Եսայան և շատ ուրիշներ: Բոլշևիկյան տեռորի զոհն են դարձել նաև «Ամենայն հայոց բանաստեղծ» համարվող Հովհաննես Թումանյանի երեք որդիները:
Օգոստոսի 4-ին Հովհաննես Թումանյանի տուն-թանգարանը «Խավարում» խորագրով մի ուշագրավ բացօդյա ցուցադրություն էր կազմակերպել՝ նվիրված բոլշևիկյան բռնությունների զոհերի հիշատակին: Դեպի տուն թանգարան տանող աստիճաններին առանձին խորագրված մի քանի տասնյակ վահանակների վրա եռալեզու ներկայացվել են արխիվային նյութեր (որոշումներ, հեռագրեր և այլն), որոնք փաստականորեն վեր են հանում 1917-ից 1949 թվականն ընկած ժամանակահատվածում իրականացված բռնաճնշումների պատկերը և Հայոց ցեղասպանությունից հետո լենինյան-ստալինյան-քեմալական համագործակցության արդյունքում հայ ժողովրդի կրած սոսկալի կորուստները:
Հովհաննես Թումանյանի տուն-թանգարանի տնօրեն Նարինե Թուխիկյանն ասում է․ «Ցուցադրության առանցքում, իհարկե, Հովհաննես Թումանյանի զավակներն են, չորս զավակներից երեքը դարձան ստալինյան ռեպրեսիաների զոհ: Նրանք սպանվեցին, որովհետև բացառիկ տեսակի էին պատկանում, բոլշևիկների համար անընդունելի»:
Նարինե Թուխիկյանը շատ այլ մտավորականների նման համոզված է՝ վաղուց ժամանակն է բացահայտել այն հարյուրավոր դահիճների անունները, ում «թեթև ձեռքով» կամ «գրչի մի հարվածով» գնդակահարվեցին, աքսորվեցին, սովի, հիվանդությունների և խոշտանգումների զոհ դարձան տասնյակ հազարավոր մարդիկ:
«Չափազանց ուշագրավ միջոցառում է: Ի վերջո ժամանակն է՝ իրերը կոչել իրենց անուններով: Սա համազգային մասշտաբի խայտառակություն էր, գլխակերություն, ինտելեկտուալ սերուցքն ուղղակի սրի մատնվեց և ոչնչացվեց»,- ասաց քաղաքագետ Ռուբեն Մեհրաբյանը: Իրավապաշտպան Ավետիք Իշխանյանի համոզմամբ էլ՝ «առանց պատմության այդ էջը քաղաքականապես փակելու, մենք չենք կարող առաջ ընթանալ»:
Հայաստանի պետական երիտասարդական նվագախմբի գեղարվեստական ղեկավար և գլխավոր դիրիժոր Սերգեյ Սմբատյանն օգոստոսի 15-25-ը Ղազախստանի մայրաքաղաք Աստանայում կայանալիք Եվրասիական երաժշտական խաղերի շրջանակներում կղեկավարի Աստանայի պետական ակադեմիական ֆիլհարմոնիայի սիմֆոնիկ նվագախումբը։
Երիտասարդական նվագախմբի հասարակայնության հետ կապերի բաժնից տեղեկացնում են, որ Եվրասիական երաժշտական խաղերն անցկացվում են առաջին անգամ։ Մասշտաբային երաժշտական այս նախաձեռնությունն ուղեկցվելու է դաշնամուր, ջութակ, վոկալ մասնագիտություններով անցկացվելիք մրցույթներով և դասական երաժշտության համերգներով։ Եվրասիական երաժշտական խաղերի ընթացքում ելույթ են ունենալու համաշխարհային մեծության երաժիշտներ, անցկացվելու են նաև վարպետության դասեր աշխարհի լավագույն երաժիշտների և մանկավարժների կողմից։
Մաեստրո Սմբատյանին է վերապահված Եվրասիական երաժշտական խաղերի բացման և փակման համերգները ղեկավարելու պատիվը։ Օգոստոսի 15-ին Սերգեյ Սմբատյանի ղեկավարությամբ Աստանայի պետական ակադեմիական ֆիլհարմոնիայի սիմֆոնիկ նվագախմբի հետ ելույթ ունեցավ դաշնակահարուհի Նարե Արղամանյանը, իսկ օգոստոսի 25-ին՝ կլարնետահար Անդրեաս Օտանզամերը։ Կհնչեն Ալեքսեյ Շորի, Պյոտր Չայկովսկու, Սերգեյ Ռախմանինովի, Արամ Խաչատրյանի ստեղծագործություններից:
Ջիվան Ավետիսյանի «Վերջին բնակիչը» ֆիլմը, Շանհայի միջազգային կինոփառատոնի շրջանակներում տեղի ունեցած համաշխարհային պրեմիերայից հետո, ցուցադրվելու է նաև Իտալիայում՝ Վենետիկի կինոփառատոնում:
«Ֆիշ այ Արթ» մշակութային հիմնադրամից տեղեկացնում են, որ հիմնադրամի իտալական գործընկեր Blue Knowledge Association-ի նախաձեռնությամբ, հանձին ասոցիացիայի տնօրեն՝ Orietta Trevisanato Zampieri-ի՝ սեպտեմբեր ամսին նախատեսվում է ռեժիսոր Ջիվան Ավետիսյանի «Վերջին բնակիչը» ֆիլմի ներկայացումը և ցուցադրություններն Իտալիայում՝ Վենետիկի կինոփառատոնի շրջանակներում։ Ինչպես նաև նախատեսվում են հանդիպումներ, քննարկումներ կինոոլորտի ականավոր ներկայացուցիչների, դիստրիբյուտորների, վաճառքի գործակալների, պրոդյուսերների հետ` «Վերջին բնակիչը» ֆիլմի, ռեժիսորի հաջորդ՝ «Դրախտի դարպասը» կինոնախագծի և առաջիկա այլ ծրագրերի հետ կապված։
«Անհրաժեշտ է հայկական կինոյի զարգացման որակական մի նոր վերելք ամրագրենք աշխարհում, միջազգային հարթակներում նպաստենք դրա հեղինակության բարձրացմանը: Ես դա փորձում եմ անել իմ ֆիլմերի միջոցով՝ համընդհանուր ուշադրության արժանացնելով հայկական կինոն և վեր հանելով համահայկական նշանակության հիմնախնդիրներ՝ ներառյալ ղարաբաղյան խնդիրը։ «Վերջին բնակիչը» ֆիլմի ցուցադրությունները համաշխարհային ամենահարգի՝ Կաննի կինոշուկայում, Շանհայի և Վենետիկի կինոփառատոններում այդ ուղղությամբ կատարվող մեր ջանքերի շոշափելի արդյունքներից են: Հօգուտ հայկական կինոյի զարգացման և մեր համընդհանուր նպատակների իրագործման՝ մենք միշտ բաց ենք առաջարկությունների և համագործակցությունների համար: Այդ ճանապարհին կարևորում եմ ոչ միայն անհատական նախաձեռնողականությունը, այլ նաև՝ պետական աջակցող և երբեմն համակարգող ձեռքի առկայությունը, ինչը միջազգային շրջանակներում լրացուցիչ հնարավորություններ է ստեղծում թե՛ կինոնախագծերի և թե՛ հենց պետության համար՝ հատկապես ազգային ռազմավարական նշանակության հարցեր բարձրացնելու գործում»,- հիմնադրամի փոխանցմամբ՝ ասել է Ջիվան Ավետիսյանը։
Սեպտեմբերի 5-ին «Վերջին բնակիչը» ֆիլմը կցուցադրվի Վենետիկի կինոփառատոնի Venice production Bridge-ում, որի ժամանակ, բացի տարբեր հյուրերից, ներկա կլինեն ֆիլմի ստեղծագործական և դերասանական կազմերի անդամներ։
Աշխարհահռչակ հայազգի շանսոնյե Շառլ Ազնավուրի անվանական աստղը Հոլիվուդի Փառքի ծառուղում կբացվի օգոստոսի 24-ին՝ տեղի ժամանակով 11:00-ին:
Ինչպես հայտնում է Asbarez-ը, Հոլիվուդի առևտրի պալատը տեղեկացրել է, որ լեգենդար շանսոնյեի աստղը 2618-րդն է լինելու Փառքի ծառուղում: Նրան նվիրված աստղը կբացվի «Կենդանի կատարում» անվանակարգում:
«Շառլ Ազբավուրը ողջ աշխարհում մեծ ճանաչում ունեցող կատարող է, որին միլիոնավոր երկրպագուներ են սիրում տարբեր սերուդների շրջանում», - ասել է Փառքի ծառուղու միջոցառումների պրոդյուսեր Անա Մարտինեսը:
93-ամյա Ազնավուրի ժողովրդականությունը տարածվել է տարբեր սերունդների շրջանում: Պատահական չէ, որ 1998-ին CNN-ի և Time-ի առցանց հարցման արդյունքում Շառլ Ազնավուրը ճանաչվեց «20-րդ դարի արտիստ»՝ շրջանցելով այնպիսի հանրահայտ կատարողների, ինչպիսիք են Էլվիս Փրեսլին, Բոբ Դիլանը և Ֆրենկ Սինատրան:
Շառլ Ազնավուրը միջազգային ասպարեզում ռեկորդային 180 մլն ձայնասկավառակ է վաճառել: 70 տարվա կարիերայի ընթացքում նա 1400 երգ է ձայնագրել, որոնցից 1300-ի հեղինակը ևս ինքն է: Շանսոնյեն 390 ալբոմ է թողարկել բազմաթիվ լեզուներով՝ ֆրանսերեն, հայերեն, անգլերեն, , ռուսերեն, գերմաներեն, իտալերեն և իսպաներեն:
Թուրքիայում նկարահանվում է Օսմանյան կայսրության ամենահայտնի ճարտարապետների տոհմերից մեկի՝ հայազգի Բալյան ընտանիքի մասին պատմող փաստավավերագրական առաջին ֆիլմը, այս մասին տեղեկանում ենք թուրքական NTV հեռուստաալիքից:
Ռեժիսոր Կարո Բաբայանի ֆիլմը պատրաստ կլինի արդեն այս տարվա նոյեմբերին: Նշվում է, որ նախագծին աջակցում է նաև Թուրքիայի մշակույթի նախարարությունը:
Ծագումով Կեսարիա քաղաքից Բալյանների գերդաստանը եղել է օսմանյան շրջանի ամենահայտնի ճարտարապետների տոհմերից մեկը, որի անդամները կառուցել են Ստամբուլի ամենահայտնի պալատներից ու մզկիթներից շատերը: Մինչդեռ Թուրքիայում խուսափում են խոսել Բալյանների հայկական ծագման մասին: Հաճախ զբոսաշրջիկներին ուղեկցող էքսկուրսավարները նրանց մասին պատմում են իբրև «Բալիանի» իտալական տոհմ:
Հռոմում կայացել է «Ֆանցիսկոս պապ. Արվեստի իմ գաղափարը» նոր փաստագրական ֆիլմի դիտումը։ Ինչպես գրում է Վատիկանի ռադիոն, ներկայիս հոգևոր առաջնորդը կարծում է, որ «եկեղեցին ժամանակակից արվեստը պետք է օգտագործի որպես հավատքի տարածման միջոց», գրում է «ՏԱՍՍ.ռու» -ն։
Ֆիլմի հիմքում Բերգոլյո պապի համանուն գիրքն է, որը լույս է տեսել 2015 թվականին։ «Վատիկանի թանգարանները պետք է ամենագեղեցիկն ուր հյուրընկալը լինեն։ Նրանք պետք է ամբողջ աշխարհի դիմաց իրենց դռները բացեն»,-ասված է գրքում։ Պոնտիֆիկը նշում է, որ «թանգարաններ հաճախելու համար վճարել չկարողանալը չպետք է մարդկանց համար խոչընդոտ դառնա»։
Ֆրանցիսկոս պապը հույս ունի, որ «դարեր շարունակ արվեստի գլխավոր հովանավորյալներից մեկը եղած կաթոլիկ եկեղեցին կսկսի աշխատել ժամանակակից նկարիչների հետ»։ Նրա կարծիքով, դա «հնարավորություն կտա արվեստի ուժն օգտագործել քրիստոնեության գաղափարների հանրահռչակման համար»։
Ֆիլմը նկարահանված է Վատիկանի թանգարաններով էքսկուրսիաների ձևաչափով, որում որպես զբոսավար հանդես է գալիս ինքը՝ Հռոմի պապը։
Մոսկվայի Պուշկինի անվան արվեստի պետական թանգարանում «Վերածննդի Վենետիկ» ցուցադրությանն այցելուների թիվը մոտենում է 150 հազարին:
Ցուցահանդեսին ներկայացված Տիցիանիի, Տինտերոտոյի, Վերոնեզի գործերը թանգարան են բերել ավելի հստակ 148 410 մարդու:
Ռուսական լրատվամիջոցները հիշեցնում են, որ ցուցահանդեսը մեկնարկել է հունիսի 9-ին: Այն կշարունակվի մինչև օգոստոսի 20-ը:
ԱՄՆ-ի Հարավային Կարոլինա նահանգի Սպարտանբերգ քաղաքում հետաքրքիր նախագիծ է մեկնարկել, որի նպատակն անօթևան մարդկանց բարոյական և նյութական օգնություն ցուցաբերելն է: Through Our Eyes («Մեր աչքերով») կոչվող նախագծի թիմը 100 լուսանկարչական ապարատ է նվիրել անօթևաններին՝ խնդրելով նկարահանել իրենց կյանքի յուրաքանչյուր օրը: Սա արդեն երրորդ նման նախագիծն է, և կազմակերպիչները փորձում են ոգեշնչել լուսանկարիչներին և մարդկանց գիտակցությանը հասցնել հասարակությունում ապրող անօթևանների խնդիրները:
Big Picture-ը գրում է, որ լուսանկարչական ապարատից բացի՝ նախագծի մասնակիցներին տրամադրվել են «Լուսանկարիչ» գրությամբ վերնաշապիկներ, որպեսզի նրանք զգան իրենց նոր դերը:
Աղբյուրի հաղորդմամբ՝ սկսնակ լուսանկարիչները պետք է 5 օր նկարահանեին իրենց կյանքը: Այնուհետև ժյուրին դիտել է ստացված 800 լուսանկարից յուրաքանչյուրը և ընտրել 20 նկար:
Նշվում է, որ լավագույն 20 լուսանկարները ցուցադրվել են Չապմանի մշակութային կենտրոնի պատկերասրահում. դրանք կարելի է տեսնել օգոստոսի 1-30-ը: Յուրաքանչյուր աշխատանք ուղեկցված է անվանումով, նկարագրությամբ, լուսանկարչի դիմանկարով և նվիրատվության արկղով: Ցուցահանդեսի այցելուները կարող են գումարի միջոցով քվեարկել իրենց հավանած աշխատանքների օգտին:
Ամսվա վերջում ամենաշատ նվիրատվությունները հավաքած մասնակիցները հաղթող կճանաչվեն: Լավագույն եռյակում ներառված լուսանկարիչները կարժանանան իրենց կարիքներին համապատասխան նյութական վարձատրության: