Մի գավաթ անդորր 68 - Հոգեբանական տրաումա
Հոգեբույժ ՝ Արամ Հովսեփյանի մասնակցությամբ
Հոգեբանական տրավման կամ հոգեցնցումը, սուր, հարատև սթրեսի կամ շրջապատի խիստ անբարենպաստ ազդեցությունների հետևանքով, մարդու հոգեկան առողջությանը հասցված վնասն է։
Հոգեբանական տրավման, կախված իր բնույթից, կարող է պատճառ հանդիսանալ մի շարք այնպիսի հոգեկան և վարքային խանգարումների, ինչպիսիք են հակասոցիալական խանգարումներն ու հետտրավմատիկ սթրեսային խանգարումը։ Հոգեբանական տրավմայի հետևանքով կարող են դիտարկվել դեպրեսիա, վախեր, տագնապայնություն, գերգրգռվածություն, հիշողության վատթարացում։ Այն կարող է ախտահարել մարդու հուզական ոլորտը, օրգանիզմի հարմարվողականությունը, միջանձնային հարաբերությունները և մասնագիտական գործունեությունը։
Հոգեբանական տրավման լինում է տարբեր տեսակի՝ սուր և խրոնիկական, հանկարծակի կամ աստիճանաբար քայքայող։ Հոգեբանական տրավմայի ադեցությունը քայքայում է զգացմունքային բարեկեցությունը, ցածրացնում է ինքնագնահատականը, հոգու խորքում ցավ է թողնում, խանգարում է նորմալ կյանքին և այլոց հետ լիարժեք շփմանը ։Հոգեբանական տրավմայի հետևանքով անհատը դառնում է մեկուսի, նաև իր ցավի նկատմամբ դառնում է անուշադիր, իսկ անհանգստությունների հանդեպ ցուցաբերում է բացասական հակազդեցություն:
Ամենաուժեղ տրավմաները վերջնական չեն ապաքինվում և մնում են ենթագիտակցության մեջ։Կրկնակի զարթոնքը հնարավոր է երբ մարդը բախվում է նման իրավիճակ հիշեցնող դեպքի հետ։ Նոր նման դեպքը բացում է ասոցիացիաների ամբողջ վնասված շղթան և մարդը, թվացյալ մոռացած տրավման նորից հիշում է և ամբողջովին ընկճվում, կարծես հենց նոր նրան վնասեցին։ Երբեմն մարդը կարող է ինքնուրույն գտնել ելքը՝ «մոռանալ այն», բայց երբեմն ցավն ավելի է ուժեղանում։ Երբեմն մարդ դիմում է ամենատարբեր մեթոդների՝ թմրանյութից սկսած, վերջացրած կրիմինալ պահվածքով կամ աշխարհից կտրվելով։
Բուժում
բազմաթիվ մեթոդներ կան հոգեբանական տրավմայից ազատվելու համար։Հոգեբանը կառաջարկի լիցքաթափման մեթոդներ՝ բացասական ապրումներից հեռացում, սեփական հոգեվիճակի վերածրագրավորում և այլ արդյունավետ մեթոդներ։Նա կարող է մարդուն սովորեցնել հոգեկան պաշտպանվածության մեթոդներին
---------------------------
Սթրեսը խախտում է օրգանիզմի, հոգեկանի հավասարակշռությունը. դա պատասխան ռեակցիան է սթրեսորին: Սթրեսորն այն գործոնն է, որն առաջացնում է փոփոխություններ օրգանիզմում: Սթրեսորի երկարատև և ուժգին ազդեցության դեպքում սթրեսի ռեակցիան կարող է դառնալ հիվանդագին և տարբեր ֆունկցիոնալ խանգարումների պատճառ հանդիսանալ (նևրոզներ, շաքարախտ և այլն): Պետք է նշել, որ սթրեսորները կարող են լինել տարբեր, այսինքն` սթրեսի ռեակցիան կարող է առաջանալ և' հաճելի և' տհաճ իրողություններից` համապատասխանաբար առաջացնելով դրական և բացասական հույզեր ու զգացմունքներ, չնայած որ երկու դեպքում էլ օրգանիզմի կենսաբանական ռեակցիան գրեթե նույնն է:
Պետք է հիշել նաև, որ սթրեսային վիճակը մարդու նորմալ վիճակներից է, այն օրգանիզմի քիչ թե շատ լարվածությունն է` կապված նրա կենսագործունեության հետ: Այս առումով սթրեսը կյանքի անբաժանելի մասն է: Եվ բոլորովին էլ հարկ չկա և հնարավոր չէ դրանից խուսափել: ՙՑանկացած գործունեություն, - գրում է Հ.Սելյեն, շախմատ խաղալը, նույնիսկ բուռն գրկախառնությունը կարող են առաջացնել նշանակալի սթրես` չպատճառելով ոչ մի վնաս՚: Վնաս հասցնում է բացասական կոչված սթրեսը, որն անվանում են դիսթրես: Սրա հետևանքով էլ հաճախ առաջանում են հիվանդագին երևույթներ: Սակայն չպետք է մոռանալ նաև, որ հոգեկանի կարևորագույն ֆունկցիաներից մեկը օրգանիզմի գործունեության հավասարակշռությունը պահպանելն է, որը հաճախ խախտվում է սթրեսների արդյունքում: Եվ հոգեկանի առջև կարևորագույն խնդիր է ծագում` վերականգնել այդ հավասարակշռությունը, այլ կերպ ասած` հարմարվել նոր պայմաններին:
Տարբերակում են հարմարման (ադապտացիայի) երեք փուլեր առաջին` տագնապի, երկրորդ` դիմադրության, երրորդ սպառման:
1. Առաջին փուլում օրգանիզմը սկսում է կամաց-կամաց դիմադրել նոր պայմաններին, կամ էլ հարմարվում է դրանց:
2. Երկրորդ փուլում օրգանիզմը հարմարվում է նոր պայմաններին, և օրգանիզմը ամբողջովին դիմադրում է սթրեսորի ազդեցությանը:
3. Երրորդում սթրեսորի երկարատև կամ ուժգին ազդեցությունից հարմարման բոլոր պաշարները սպառվում են, և օրգանիզմը վախճանվում է: Վերջին փուլը զարգանում է շատ հազվադեպ: Օրգանիզմը հիմնականում կարողանում է հաղթահարել սթրեսորի ազդեցությունը առաջին կամ երկրորդ փուլում:
Ի տարբերություն սթրեսի, որը կարող է լինել և' դրական, և' բացասական, ու մարդը, հարմարվելով նոր իրավիճակին, կարող է վերապրել, հաղթահարել այն` նոր փորձառություն ձեռք բերելով այդ ամենից, հոգետրավման միշտ բացասական է, միշտ հանկարծակի և երբեմն` նույնիսկ կործանարար:
Մարդիկ հոգետրավմայի ենթարկվում են բնական աղետների, պատերազմների, դժբախտ պատահարների, բռնությունների ժամանակ (սա չի նշանակում, որ որևէ կենցաղային իրավիճակում հոգետրավման բացառվում է):
Վերը նշված իրավիճակները անվանում են ճգնաժամային, և դրանց ազդեցությունների հետևանքով ստեղծված հոգեվիճակը նույնպես կարելի է գնահատել որպես ճգնաժամային:
Հոգետրավմա առաջացնող իրավիճակը գրեթե միշտ անսպասելի է և հանկարծահաս: Նմանատիպ իրավիճակներում վտանգ է սպառնում անձին կամ նրա մտերիմների կյանքին: Կամ էլ անձն ականատես է լինում իրողության, որը լուրջ վտանգ է ներկայացնում որևէ մեկի կյանքի համար, և հնարավոր է, որ ողբերգական վախճան ունենա: Հետևաբար, օրգանիզմի, հոգեկանի պատասխան ռեակցիան լինում է առավել հուզական և սուր, քան սթրեսի դեպքում: Եթե սթրեսը համարվում է կյանքի անբաժան ու կարևոր մաս, ապա հոգետրավման դրանից դուրս է: Այն խախտում է կյանքի բնականոն ընթացքը: Կյանքը տրավմատիկ իրողությամբ բաժանվում է երկու մասի` տրավմայից առաջ և տրավմայից հետո, և դրանք իրար կապելը դժվարանում է, հաճախ անհնար է դառնում, ինչն էլ խանգարում է ապրել:
Հոգետրավմային հաջորդող ռեակցիաներն են`
1. Հետտրավմատիկ սթրես - խանգարում (PTSD). առաջանում է, երբ անձի կյանքին վտանգ է սպառնում: Սովորաբար. այն առաջանում է այն մարդկանց մոտ, ովքեր աղետների, պատերազմների, տեղահանությունների, բռնությունների ակա-նատես ու մասնակից են դառնում: Այս դեպքում նրանց մոտ կարող է առաջանալ հետտրավմատիկ սթրես խանգարում: Նման դեպքերում շատ կարևոր է դիմել մասնագետի օգնությանը: Եթե անձը դեպքի անմիջական մասնակիցը չի եղել, այլ կորուստ է ունեցել, կամ երբ նա դեպքի հետ կապված որևէ սարսափելի տեսարանի ականատես չի եղել, ապա պատասխան ռեակցիան վիշտն է:
2. Երբ մահանում է հարազատներից մեկը, պատասխան ռեակցիան բաժանման վախն է (օր.) 4 տարեկան երեխայի պապիկը մահանում է, դրանից հետո նա հաճախակի սկսում է հարցնել մորը. ՙԴու ե՞րբ ես մահանալու՚): Պապի մահ-վանից հետո երեխան անհանգստություն, բաժանման վախ է ունենում, վախ, որ մայրն էլ կարող է մահանալ:
Երբ պատահում է որևէ դեպք, որը վեր է հանում անցյալում կատարված հիշողությունները, ապա կրկնվում են անցյալում կատարված սարսափելի իրողությունից հետո առաջացած, բայց արդեն ժամանակի ընթացքում անցած ախտանիշները: Այսինքն, ավելի անվտանգ իրավիճակում կրկնվում են նախկին ախտանիշները, օր.` գլխապտույտ, սրտխառնոց, սկսում են անհանգստանալ, վատ զգալ և այլն:
Հոգետրավմայից հետո առաջացող ռեակցիաները կարելի է առանձնացնել երեք խմբերի:
- Երևույթների վերապրում. կրկնվում են տրավմատիկ դեպքի հետ կապված տեսարանները. հոտեր են զգում, ձայներ են լսում, որոնք հիշեցնում են տրավմատիկ դեպքը:
- Հոգեբանական խուսափում. երեխան իրեն այնպես է պահում, կարծես ոչինչ չի պատահել. չի խոսում կատարվածի մասին, անտարբեր է, թվում է, թե չի հասկանում` ինչ է կատարվել: Պետք է հիշել, որ երեխաները երբեք փոքր չեն զգացումներ, ապրումներ ունենալու համար: Դա նրանց հոգեբանական պաշտպա-նական մեխանիզմի դրսևորումն է, և ճիշտ մոտեցման դեպքում երեխաների մոտ հետևանքներ չեն մնում:
- Հիպերակտիվ ռեակցիաներ. երեխաները դառնում են գերլարված, գերգրգռված, շատ շարժուն:
Հոգետրավմայից ապաքինվելու գործընթացը կախված է մի շարք գործոններից` տրավմայի տեսակից, երեխայի հոգեբանական առանձնահատկություններից, տարիքից, նախկին փորձառությունից, տրավմատիկ իրողությանը դիմակայելու կարողությունից և այն միջավայրից, որտեղ գտնվում է երեխան:
Անհրաժեշտ է գիտենալ ու հիշել, որ երկարատև սթրեսային վիճակը, հոգետրավման կարող են ազդել երեխայի մտավոր, հոգեկան զարգացման վրա, կարող են առաջացնել բնավորության փոփոխություններ, պատճառ դառնալ սոցիալական, մասնագիտական կամ ֆունկցիոնալ օտարման:
Որպեսզի օգնենք երեխաներին հաղթահարելու սթեսների, տրավմաների ազդեցությունները, ինչպես արդեն նշվել է, պետք է կարողանալ ճանաչել դրանց ազդեցություններն ու հետևանքները երեխաների մոտ: