Մի գավաթ անդորր 73 - 7 տարեկանի ճգնաժամ
Հոգեբան պրոֆեսոր Սամվել Խուդոյան Աղբյուր ՇՏԱՊ ՕԳՆՈՒԹՅՈՒՆ հաղորդում
Երեխան արդեն հասել է դպրոցական տարիքին:
Հենց այդ տարիքից նրա կյանքը հիմնովին փոխվում է: Ամեն ինչ փոխվում է նաև ծնողների կյանքում. նրանց փոքրիկն արդեն մեծացել է և անճանաչելիորեն փոխվել: Եվ այսպես, պարզաբանենք, թե ի՞նչ է կատարվում երեխայի հետ անցումային տարիքում:
Ու՞ր է գնում մանկությունը
6-7 տարեկանը հոգեբանության մեջ ընդունված է անվանել ճգնաժամային: Առաջ փոքրիկը զբաղվում էր իր գործերով՝ առանց մտածելու հետևանքների մասին: Այժմ նա պետք է մտածի՝ ինչ կլինի եթե անի այսինչ բանը: Նա սկսում է նախօրոք մտածել իր արածի հետևանքների մասին:
Հետևություններ է անում
Երեխան սկսում է վերլուծել իր արարքները: Առաջ անհաջողությունը տխրեցնում էր նրան, բայց դա չէր ազդում իր ինքնագնահատականի վրա: Այժմ լավ և վատ ապրումները ամրագրվում են նրա հիշողության մեջ և նա փորձում է վերլուծել դրանք: Նա սկսում է հետևություն անել՝ «ինչպիսին եմ ես» և «ինչպես են ինձ վերաբերվում շրջապատում»: Հենց այս ենթադրություններն ու հետևություններն էլ անմիջականորեն ազդում են երեխայի պահվածքի և ինքնագնահատականի վրա:
Ուզում եմ, բայց չեմ կարողանում
Երեխաները ցանկանում են որքան հնարավոր է շուտ մուտք գործել մեծերի աշխարհ ու տեսնել՝ ինչ կա այնտեղ: Այս դեպքում նրանց անհրաժեշտ են ոչ թե վերահսկող, այլ օգնող ծնողներ:
Երբեմն այս ամենը ոչ թե դպրոցական տարիքում է արտահայտվում, այլ դրանից շատ ավելի վաղ՝ 5 տարեկանում: Ծնողների խնդիրն է ուսումնասիրել երեխայի պահվածքն ու հասկանալ՝ ինչպես կարելի է օգնել երեխային:
Եթե դուք նկատել եք, որ ձեր երեխան ձանձրանում է մանկապարտեզում, հրաժարվում է նախկինում իր սիրելի խաղերից, ապա ժամանակն է սովորելու: Սովորել չի նշանակում նստել դպրոցական նստարանին, կարելի է հաճախել երաժշտական դպրոց կամ սովորել նկարչություն:
Յոթ տարեկանի ճգնաժամ
Անցումային այս տարիքում երեխաները պետք է սովորեն ամենակարևորները՝ ընկերություն անել, լինել ինքնավստահ ու սովորել: Ծնողներին մնում է միայն քաջալերել երեխային ու ճիշտ խորհուրդներով լինել նրա կողքին:
---------------
Վաղուց է նկատվել, որ 7-8 տարեկանների վարքում և հոգեկան աշխարհում որոշակի բացասական երևույթներ են դիտվում` կամակորություն, վախ, նյարդայնություն, յուրահատուկ սեթևեթանք, անհետանում են նրանց անմիջականությունը, միամտությունը: Ըստ ռուս գիտնական Լ. Վիգոտսկու՝ ճգնաժամի պատճառն այն է, որ երեխան սկսում է հստակորեն տարբերակել սեփական ներաշխարհը, և այն, ինչ արտաքին է, տեսանելի, միևնույն ժամանակ փորձում է իմաստավորել սեփական ապրումները, ինչի շնորհիվ փոխվում է նրա վերաբերմունքն իր անձի նկատմամբ:
Մի շարք գիտնականներ յոթ տարեկանի ճգնաժամը կապում են դպրոցական կյանքին երեխայի պատրաստ լինելու հանգամանքի հետ. եթե երեխան պատրաստ է խաղը փոխարինել ուսմամբ, կարողանում է հաջողությամբ յուրացնել նոր գիտելիքները, հմտությունները, կարգ ու կանոնը և մարդկանց հետ հարաբերությունները, ապա ոչ մի ճգնաժամ էլ չի լինում, իսկ եթե պատրաստ չէ, այսինքն` զարգացմամբ հետ է մնում, չի կարողանում լուծել իր առջև ծառացած ուսումնական խնդիրները, հարմարվել նոր իրավիճակին, հայտնվում է սթրեսի մեջ, ինչն էլ առաջ է բերում նևրոտիկ բնույթի դրսևորումներ: Ի դեպ, որոշ հետազոտողների կարծիքով` եթե երեխան պատրաստ է սովորելու, սակայն ինչ-ինչ պատճառներով նրան դպրոց չեն տանում (ասենք` տարիքով փոքր է), այս դեպքում էլ են ճգնաժամային ախտանշաններ ի հայտ գալիս: դրա պատճառն այն է, որ երեխան հասարակական նոր դիրք գրավելու պահանջ է զգում («ես արդեն փոքրիկ չեմ, ուզում եմ դպրոցական լինել»), ընդունել իրեն և ուրիշներին ընդունել տալ այդ նոր դերում, եթե դա չի հաջողվում, նա ճգնաժամի մեջ է հայտնվում:
Ամերիկացի գիտնականներն այն կարծիքի են, որ 7 տարեկանի ճգնաժամը կարող է հանգուցալուծվել դրական և բացասական տարբերակներով: Դրականի դեպքում երեխայի մեջ ձևավորվում է աշխատասիրություն, իսկ բացասականի դեպքում նա անլիարժեքության զգացում է ունենում: Երեխան հասկանում է, որ կարող է հարգանքի արժանանալ կամ պարսավանքի ենթարկվել իրեն հանձնարարված գործը լավ կամ վատ անելու համար: Ուսման մեջ հաջողությունների խրախուսման (ուսուցիչների, ծնողների գովեստները, ընկերների հարգանքը) շնորհիվ երեխան սկսում է սիրել աշխատանքը, ձգտում է իր գործը լավ կատարել, իսկ անհաջողությունները, բավարար չափով չխրախուսվելը կամ այն, որ նրան գնահատում են ոչ թե ուսման մեջ ունեցած իր հաջողությունների, այլ, ասենք, ծագման, արտաքինի և նման այլ հատկանիշների հիման վրա, նրա մեջ կարող են ձևավորել անլիարժեքության և ոչ ադեկվատության զգացում:
Մեր հետազոտությունները ցույց են տվել, որ 7-8 տարեկանում տեղի է ունենում մարդու զարգացման ուղղության փոփոխություն. սկսվում է սեռական հասունացման շրջանը, որի ընթացքում (մոտ 12 տարում) անձը սեռահասուն է դառնում կենսաբանական, հոգեբանական և սոցիալական առումներով: Անցումային այս շրջանում սեռական զարգացման հետ կապված փոփոխությունները տեղի են ունենում դեռևս հորմոնային համակարգում, արտաքին դրսևորումներ դեռ չկան կամ խիստ թույլ են արտահայտված, սակայն այդ փոփոխություններն ազդում են հոգեկան ոլորտի վրա. ի հայտ են գալիս չգիտակցված մղումներ, տագնապ, վախ, նյարդային վիճակներ` կապված էնդոկրին ոլորտի զարգացման հետ: Ասենք, երեխան կարող է առանց որևէ պատճառի լաց լինել, վախենալ որոշակի օբյեկտներից, որոնք հաճախ խորհրդանշային իմաստ են ձեռք բերում, սկիզբ է առնում յուրահատուկ հակակրանք: Տղաներն ու աղջիկներն այս շրջանում կարծես վանում են իրար, խուսափում միմյանցից, փնովում են հակառակ սեռին (տղաները լավն են, աղջիկները` վատը և հակառակը:
Այս ճգնաժամը տարիքային ճգնաժամերից ամենամեղմն է, և, երեխաների մեծ մասը սովորաբար առանց որևէ դժվարության հաղթահարում է այն: Ծնողները, ուսուցիչները պետք է հաշվի առնեն, որ երեխան սովորել է սովորում, խաղը իր համար նոր գործունեությամբ` ուսմամբ փոխարինել, ինչն այնքան էլ հեշտ չէ: Նա կարիք ունի օգնության և անընդհատ խրախուսման: Այս շրջանում երեխային անհաջողությունների համար պարսավելը, վիրավորելը, կոպտելը նրա մեջ «խելացի չլինելու» բարդույթ և անինքնավստահություն կձևավորեն, ինչը կարող է ուղեկցել նրան ամբողջ կյանքում: Վախի, տրամադրության փոփոխությունների դեպքում անհրաժեշտ է դիմել մասնագետի. թերապևտիկ նկարչությամբ և այդ նկարների վերլուծությամբ, հեքիաթաբուժմամբ և հոգեբանական մի շարք այլ աշխատանքներով, սովորաբար հնարավոր է լինում արագ լուծել նման խնդիրները: