Հոկտեմբեր 19, 2017 15:23 Asia/Yerevan

Հոգեբան պրոֆեսոր Սամվել Խուդոյան Աղբյուր ՇՏԱՊ ՕԳՆՈՒԹՅՈՒՆ հաղորդում

Պատանեկությունն ընդգրկում է 17-22 տարիքային շրջանը: Սա համարվում է անցումային տարիք, որի ընթացքում վերջնականապես հաղթահարվում է մանկությունը և անցում է կատարվում դեպի հասունացում: Այս տարիքում մարդը և կենսաբանական, և հոգեկան, և սոցիալական առումներով սեռահասուն է դառնում, հասունանում են նաև ուղեղը և մյուս օրգանները, հոգեկան տարբեր համակարգերը`   ճանաչողական, հուզակամային ոլորտը (չնայած զարգացումը դեռևս շարունակվում է ևս մեկ տասնամյակ):

Պատանեկությունը՝ իր դժվարություններով հարցերի, կասկածների և ընտրության տարիք է, երբ պատանիները սկսում են բացահայտել աշխարհն` իր լավ ու վատ կողմերով, ճանաչել սեփական անձն ու կողմնորոշվել կյանքում: Այդ տարիքում ի հայտ են գալիս բազում հարցեր, օրինակ` «ո՞վ եմ ես», «ի՞նչ եմ ուզում», «ի՞նչ եմ դառնալու», «ո՞ւմ կարծիքը հաշվի առնեմ», «ո՞րն է իմաստը իմ կյանքի» և այլն: Հարցեր, որոնց պատասխանները կա´մ ուշ են գտնվում, կա´մ այդպես էլ չեն գտնվում:

Սեռական հասունության և պատանեկության փուլում պատանին ապրում է ապագայով և ոչ թե` ներկայով: Ոմանք պնդում են, որ պատանեկությունը լի է կենսուրախությամբ, հետաքրքիր և աշխույժ պահերով, ոմանք էլ, ընդհակառակը, այն համարում են ամենաբարդ տարիքը, որը նկարագրվում է անկայունությամբ` մե´րթ վերելքներով, մե´րթ վայրէջքներով:

Բազմաթիվ մասնագետների համոզմամբ, հատկապես 14-19 տարեկանում ի հայտ են գալիս անհատականությունը խաթարող տարբեր խնդիրներ, իսկ պատանիների սխալները, մասնագետների հավաստմամբ, կատարվում են ոչ գիտակցաբար, ինչն էլ երբեմն դառնում է ճակատագրական: Հենց այդ փուլում էլ նրանց կյանքում մեծ դեր են խաղում շրջապատն ու ընկերների կարծիքը, որոնց հետ նրանք հաճախ ստիպված են հաշվի նստել կամ դրանք ձևական ընդունել, կամ էլ. նեղանալ և հեռանալ այդ շրջապատից:

պատանեկությունը, որպես կենսահոգեկան և սոցիալական ամբողջական երևույթ, բնութագրվում է անկախությամբ, սակայն այն լի է կոնֆլիկտային իրավիճակներով և հոգեպաթոլոգիկ ախտանշաններով: «Այդ ճգնաժամային իրավիճակներն առաջանում են դաստիարակության, սիրո պակասի դեպքում, որի պատճառով պատանին իրեն զգում է նյարդային, անհանգիստ, բարդութավորված` այդպիսով մեկուսանալով արտաքին աշխարհից (թեպետ դեպքերը կարող են տարբեր լինել)», –այդ տարիքում պատանիները, կախված արտաքին և ներքին միջավայրից, իրենց կարող են զգալ հասուն, երբեմն էլ` ծեր, ինչն արդեն խոսում է հոգեբանական խնդրի առկայության մասին:

Դրանից ելնելով՝ հասարակությունը 18 տարեկանից հետո մարդուն համարում է հասուն, ասենք`   թույլատրվում են ամուսնությունները, անձը համարվում է լիովին պատասխանատու իր արարքների համար: Ամերիկացի մի խումբ գիտնականներ այս տարիքը հասունացման, ծնողներից հեռանալու, ինքնուրույնության ձգտելու շրջան են համարում: այս տարիքի խնդիրներից են կյանքում և հասակակիցների միջավայրում սեփական տեղն ու դերը գտնելը, սեռադերային կողմնորոշումը, աշխարհայացքի և արժեքների ձևավորումը: պատանեկան շրջանի անցումը վերագրում է 16-24 տարիքային շրջանին, որի ընթացքում, տեղի է ունենում անձի «զարթոնք»:

 

 

 

Եթե դա տեղի չի ունենում, ապա անձն իր միջավայրից կախյալ վիճակի մեջ է մնում, կամ բողոքողի կեցվածք է ընդունում այն ամենի նկատմամբ, ինչն ընկալվում է որպես հեղինակություն: Ըստ հեղինակի՝ այս տարիքում հրատապ են այնպիսի հարցերը, ինչպիսիք են`  «Ո՞րն է իմ տեղը կյանքում, իրականում ինչպիսի՞ն է այս աշխարհը. ի՞նչ ուժեր են այստեղ գործում»: Այլ կերպ ասած`   այս տարիքում աշխարհայացքի փոփոխություններ են տեղի ունենում, վերաբերմունք է ձևավորվում իրականության նկատմամբ: Այս շրջանի մյուս կարևոր հիմնախնդիրը, կենսաբանական և հոգևոր սեռականությունների միջև ներդաշնակության ստեղծումն է: պատանեկան տարիքին բնորոշ է կենսական դատարկության, կյանքի անիմաստության զգացման հոգեվիճակը:

 

 

 

Գիտնականների մեծ մասն այս տարիքը նույնպես ճգնաժամային է համարում և դրան վերագրում հետևյալ ախտանշանները`   աշխարհայացքի, արժեքների փոփոխություն, ընդդիմություն ծնողների կողմից պարտադրվող արժեքների, աշխարհայացքների նկատմամբ, քմահաճ վարքի դրսևորում, անհամարժեք վարք դրսևորելու տագնապներ, փիլիսոփայական, աշխարհայացքային զանազան հարցերի պատասխանների որոնումներ, կարծիքների հաճախակի փոփոխություն, կյանքի անիմաստության, անօգնականության զգացում, տագնապայնություն, աշխատանքի վայրի, մասնագիտության, զուգընկերների և ընկերների հաճախակի փոփոխություն, թշնամանք ընտանիքի անդամների նկատմամբ, նմանակման համար օբյեկտների փնտրտուք, կուռքերի ստեղծում:

 

 

 

Թերևս ճգնաժամի մասին են վկայում նաև այս տարիքում ինքնասպանությունների մեծ թիվը՝ այսպես կոչված «հայրեր-որդիներ հակամարտությունը»: Այնպես, ինչպես անցումային ցանկացած շրջանին, այնպես էլ պատանեկության շրջանին բնորոշ սթրեսածին գործոններից է այսպես կոչված մարգինալ վիճակը, երբ պատանին ոչ լիարժեք հասուն մարդ է, ոչ էլ դեռահաս, ինչի հետևանքով համապատասխան վերաբերմունքի չի արժանանում հասարակության կողմից, չի կարողանում համակերպվել դեռահասությունից «մնացած» կախյալ վիճակին, բայց ինքնուրույն կյանքին էլ դեռ լրիվ պատրաստ չէ:

 

 

 

Այս տարիքը կարելի է դիտել որպես յուրահատուկ միջանկյալ վիճակ, որի ընթացքում մարդ սովորում է ապրել ինքնուրույն, այսինքն`   կառավարել, կազմակերպել սեփական գոյությունը, հոգ տանել իր մասին, որպեսզի որոշ ժամանակ անց ի վիճակի լինի ընտանիք կազմել և կարողանա հոգալ ուրիշի մասին: Այս տարիքի մեկ այլ հատկանիշ է այն, որ պատանին կարծես փորձում է համոզվել, որ այն տեսակետը, որ տարիներ առաջ ձևավորվել էր իր`   որպես տղամարդու/կնոջ մասին, իսկապես արդարացավ: Մյուս հատկանիշը դեռևս ենթագիտակցության մեջ արթնացած, սակայն պարզորոշ չգիտակցվող ծնողական բնազդի, պահանջմունքի արթնացումն է, ինչը չուղղորդված էներգիայի աղբյուր է և առաջ է բերում անցումային տարիքին բնորոշ անորոշ տագնապներ, դեպրեսիվ վիճակներ, ագրեսիվ պոռթկումներ:

 

 

 

Այնուամենայնիվ, ժողովրդի մեջ ընդունված է այն տեսակետը, որ պատանեկությունը կյանքի ամենաերջանիկ շրջանն է, չկա մեկը, որի համար պետք է հոգ տանել, դեռևս բացակայում է պատասխանատվությունն իր և ուրիշների համար, մյուս կողմից`   նկատելիորեն ընդլայնված է ազատությունների շրջանակը: Այս հանգամանքների շնորհիվ կյանքը «վայելելու» լավ պայմաններ են ստեղծվում: Պատանեկության շրջանում մարդու հիմնական նպատակն ինքնուրույնության հասնելն է (հատկապես՝ հոգեբանորեն և ֆինանսապես), որին պետք է ուղղված լինեն թե մեծերի, թե պատանիների ջանքերը: