Մի գավաթ անդորր 75 - Տարիքային ճգնաժամեր
Հոգեբան ՝ Անուշ Ալեքսանյանի մասնակցությամբ Աղբյուր : boon.am
Տարիքը քանակական և պայմանական հասկացություն է: Այն իր մեջ ներառում է ֆիզիոլոգիական և հոգեբանական տարբեր առանձնահատկություններ և փոփոխություններ, որոնք պայմանավորված են տվյալ ժամանակաշրջանի սոցիալ-մշակութային համատեքստով:
Հայտնի հոգեբան Էրիկ Էրիկսոնի տեսության համաձայն կյանքի ցիկլը բաժանվում է 8 աստիճանի, որոնցից յուրաքանչյուրի ընթացքում մարդը հոգեբանական ճգնաժամ է ապրում: Սրանք, այսպես կոչված, փոփոխության շրջաններն են, որոնց հարկավոր է հոգեբանորեն նախապատրաստվել:
Անցումային ճգնաժամային շրջաններից առաջինը նորածնության շրջանն է՝ երեխայի ծնունդից մինչև երկու-երեք ամսական շրջանը:
Ճգնաժամային շրջաններ են նաև մեկ տարեկանի, երեք տարեկանի և վեց/յոթ տարեկանի շրջանները, որոնց հաջորդում է ամենաբարդ ճգնաժամային շրջանը՝ դեռահասությունը:
Բոլոր անցումային փուլներն ունեն միանման բնութագրականներ. փոփոխություններ են տեղի ունենում բոլոր ոլորտներում և սրանք երեխաների կողմից դժվար հաղթահարվող խոշոր, լայնամասշտաբ փոփոխությունների շրջաններ են: Ներքին փոփոխություններից բացի տեղի են ունենում մի շարք փոփոխություններ՝ կապված արտաքին միջավայրի հետ: Փոխվում է երեխայի հանդեպ վերաբերմունքը, փոխվում են նրա հանդեպ պահանջները և ակնկալիքները: Այս փոփոխություններից անմասն չեն նաև երեխայի ծնողները:
Հաջորդ ճգնաժամային տարիքը երեք տարեկանի շրջանն է՝ կախված երեխայի զարգացման տեմպից:
Այս ճգնաժամը շատ յուրահատուկ և գեղեցիկ ճգնաժամ է, որովհետև այս փուլում ծնվում է երեխայի կամքը և երեխան սկսում է այն փորձարկել: Նա հասկանում է, որ որոշ բաներում կարող է չենթարկվել, հակառակվել, կարող է ինչ-որ բաներ անել ճիշտ հակառակը, կարող է չանել այն, իրենից պահանջում են և երեխայի մոտ այս նոր որակի ակտիվ փորձարկումների շրջան է սկսվում:
Հաջորդ կարևոր որակը, որ դրսևորվում է երեք տարեկանում, «ես»-ի տարանջատումն է շրջակա միջավայրից: Մինչև երեք տարեկանը երեխան ինքն իրեն սովորաբար դիմում է երրորդ դեմքով, իսկ այժմ նա ինքն իրեն սկսում է դիմել առաջին դեմքով: Ի հայտ է գալիս երեխայի «ես»-ը: Երեխան, ինքն իրեն առանձնացնելով շրջակա միջավայրից, սկսում է իր ուժն ու ազդեցությունը զգալ այդ միջավայրի վրա: Այս տարիքում ձևավորվում են ինքնագիտակցության առաջին տարրերը: Երեք տարեկանի ճգնաժամը դժվար հաղթահարելի է նաև ծնողների համար, քանի որ երեխան դառնում է դժվար կառավարելի և չենթարկվող:
Հաջորդ ճգնաժամային փուլը վեցից յոթ տարեկանի շրջափուլն է:
Այս շրջանում ձևավորվում է երեխայի սոցիալական «ես»-ը: Փոխվում է երեխայի սոցիալական դերը, որովհետև նա արդեն աշակերտ է: Այս տարիքում տեղի են ունենում նաև մեծ ֆիզիոլոգիական փոփոխություններ:
Հաջորդ տարիքային ճգնաժամը դեռահասության ճգնաժամն է:
Այս ճգնաժամը, նախորդ ճգնաժամերի համեմատ, բոլորի կողմից նկատելի է լինում: Դեռահասության ճգնաժամը 10-15 տարեկանի շրջանն է, որը ներքին և արտաքին լուրջ փոփոխությունների շրջան է: Երեխայի օրգանիզմում լուրջ փոփոխություններ են տեղի ունենում. երեխան ձեռք է բերում հասուն մարդու ներքին և արտաքին կառուցվածք: Կարևոր է հաշվի առնել, որ այս փուլում երեխայի զարգացման համար շատ կարևոր է ծնողներից տարանջատումը : Սա շատ կարևոր է դեռահասի կայացման և ինքնուրույն դառնալու համար: Դեռահասության ճգնաժամից ելքը ընթանում է երկու ճանապարհով՝ ենթարկվելու ճանապարհ կամ ըմբոստության ճանապարհ: Պետք է ընդունել, որ ըմբոստության ճանապարհը երեխայի զարգացման ճանապարհն է, իսկ ենթարկվելու ճանապարհն ընտրող երեխաներն իրենց զարգացման մեջ հետընթաց են ապրում:
1788 թվականին ԱՄՆ-ի սահմանադրության մեջ ավելացվեց մի կետ, համաձայն որի, նախագահ դառնալու իրավունք ունեին միայն 35 տարեկանը լրացած անձինք: Հոգեբանական, ինչպես նաև ֆիզիոլոգիական տեսակետից նման մոտեցումն ավելի քան արդարացված է: Այս բանը հասկացել են հին հույները սրանից դեռ երեք հազար տարի առաջ, երբ կարևոր պետական պաշտոնների նշանակել են հասուն տարիքի մարդկանց: Հելլադայում, օրինակ, դեսպաններ էին նշանակում 50 տարեկանից ոչ երիտասարդների: Հետևելով նրանց օրինակին, ամերիկացիներն առանցքային երկրներ դեսպաններ են ուղարկել հասակն առած դիվանագետների: Խնդիրը նրանում է, որ վաղ հասունության շրջանի ճգնաժամը, որը բեկումնային է անձի կայացման համար, ավարտվում է հենց 35 տարեկանից սկսած: Ուսումնասիրելով ճգնաժամի ընթացքի առանձնահատկություններն այնպիսի հռչակավոր մարդկանց մոտ, ինչպիսիք են Սալվադոր Դալին, Չարլի Չապլինը, Հանս Քրիստիան Անդերսենը, Պարույր Սևակը՝ հոգեբանները բացահայտել են, որ մինչ 30 տարեկանն ընկած ժամանակահատվածը նրանցից շատերի համար եղել է ինքնաորոնման, իսկ հետո` ինքնաբացահայտման շրջան:
Ինքնաբացահայտումը ուղեկցվում է ներքին կոնֆլիկտի բացահայտմամբ, որի լուծումը սովորաբար հայտնվում է հենց ճգնաժամի ավարտին:
--------------------------
18 -20 տարեկանում կյանքն անցնում է «Պետք է անկախանալ ծնողներից և ծնողական օջախից» կարգախոսի ներքո: 20 տարեկանում, արդեն, երբ մարդը բավականին հեռանում է ծնողներից (ԲՈՒՀ, զինվորական ծառայություն և այլն), այլ հարց է առաջանում.«Ինչպե՞ս չխորտակվել մեծերի աշխարհում»:
30 տարեկանում մարդուն տանջում է. «Ի՞նչ ձեռքբերումներ ունեմ ես» հարցը: Ցանկություն է առաջանում վերացնել կյանքի անցած ճանապարհն ու ամեն ինչ նորից սկսել: Միայնակ մարդը սկսում է զուգընկեր փնտրել, տանը նստած կինը ցանկանում է աշխատել, իսկ երեխաներ չունեցող ծնողները տենչում են զավակ ունենալ:
35 տարեկանում կյանքն ավելի ռացիոնալ և կանոնակարգված է դառնում: Մարդիկ ընտանիք են կազմում և փորձում են կտրուկ առաջընթաց ապահովել կարիերայում:
40 տարեկանում արդեն ավարտվում է երիտասարդության տարիքը: Բնականաբար, օրգանիզմը ֆիզիկական փոփոխություններ է կրում, ժամանակը կտրուկ կրճատվում է, ինչն էլ հանգեցնում է հոգեբանական ճգնաժամի: 40 տարեկանում մարդն առաջ գնալու վերջին հնարավորությունն ունի, երկրորդ հնարավորություն չի տրվելու:
Ապացուցված է, որ տարիքային ճգնաժամերը շատ դեպքերում օգնում են մարդուն հաղթահարել կյանքի տարբեր փուլերում հանդիպող դժվարությունները, բացահայտել մարդկային իրական հնարավորությունները, ճիշտ կողմնորոշվել կյանքում և երբեք չվախենալ և չնահանջել: Երբ սկսեք հաճախ մտորել կյանքի, գոյության իմաստի գաղափարների շուրջ, կնշանակի` արդեն հատել եք կյանքի կարևորագույն մի սահմանագիծ: