Մի գավաթ անդորր - 78 - Հույզերը և դրանց կառավարումը
Հոգեբան ՝ Նաիրա Վանյանի մասնակցությամբ Աղբյուր ՝ Շտապ օգնություն հաղորդում
Մարդիկ ունեն 10 հիմնական հույզեր, որոնք ամենայն հավանականությամբ ժառանգական պայմանավորվածություն ունեն։ Դրանք են՝ հետաքրքրություն-հուզմունք, ուրախություն, զարմանք, վիշտ-տառապանք, զայրույթ, զզվանք, արհամարհանք, սարսափ, ամոթ և մեղավորություն։
Հուզական վիճակները կամ հույզերը՝ զգացմունքի, ապրման սովորական և բնորոշ ձևն են։ Այլ կերպ ասած, հույզը որևիցե զգացմունքի անմիջական ապրումն (ընթացումն) է։ Օրինակ՝ հույզ է կոչվում ոչ թե հենց երաժշտության նկատմամբ ունեցած սերը, որպես մարդու մեջ արմատացված առանձնահատկություն, այլև հաճույքի, հիացումի վիճակ, որն ապրում, զգում է վերջինս, երբ լսում է վարպետորեն կատարվող երաժշտական ստեղծագործություն։ Այդ նույն զգացմունքը ապրվում է վրդովմունքի, բացասական հույզի ձևով, երբ երաժշտական ստեղծագործությունը լսում ենք վատ կատարմամբ։
Հույզերն այն հաճելի կամ տհաճզգացումներն են, որ առաջանում են յուրաքանչյուրիս մոտ շրջակա միջավայրը ճանաչելու, ինքնաճանաչելու, որևէ գործունեություն ծավալելու, միջանձնային կապեր կամ հարաբերություններ հաստատելու ընթացքում կամ արդյունքում։
Եթե զգայությունների, ընկալման, մտածողության և մտապատկերների շնորհիվ արտացոլվում են բազմազան առարկաներ և երևույթներ, նրանց մեջ առկա բազմատեսակ կապեր և հարաբերություններ, ինչպես նաև նրանց տարբեր որակներն ու հատկությունները, ապա մարդը հույզերում և զգացմունքներում դրսևորում է որոշակի վերաբերմունք իմացության բովանդակության նկատմամբ:
Հույզերում և զգացմունքներում մարդն արտահայտում է նաև իր վարքի, գործունեության, այլ մարդկանց, բնության նկատմամբ ունեցած բավարարվածությունն ու անբավարարվածությունը:
Հույզերն ու զգացմունքները մարդու յուրօրինակ սուբյեկտիվ վերաբերմունքն են շրջակա իրականության և ինքն իր նկատմամբ: Դրանք ուղեկցվում են արտահայտիչ շարժումներով՝ միմիկայով (դեմքի մասերի շարժում) և պանտոմիմիկայով (մարմնի մասերի շարժում, ժեստեր), որոնք լրացնում են մարդու ապրումները, դարձնում ավելի վառ և զրուցակցի համար մատչելի:
Սակայն մարդն իր հոգեկան կառուցվածքով այնքան բարդ է, որ ոչ միշտ է հնարավոր լինում նրա արտահայտիչ շարժումներով որոշակիորեն դատել նրա ապրումների մասին: Որքան հասուն է մարդը ու հարուստեն նրա ապրումները, այնքան դրանց արտահայտման ձևերն ավելի բարդ են ու ինքնատիպ:
Հույզերի տիրապետության տակ են մեր մտքերը և գործողությունները: Երբեմն մարդուն կարող է թվալ, որ ինքը ոչինչ չի կարողանում անել իր հույզերի հետ: Ընդունակությունը տիրապետել ինքդ քեզ և զսպել հույզերը կարևոր և արժեքավոր ունակություն է: Նոր աշխատանքը, բնակության նոր պայմանները, նոր ծանոթները կարող են Ձեզ հանել հուզական հավասարակշռությունից: Բացասական մտքերը կարող են լինել չզսպվածության պատճառ և պետք է սովորել ազատվել դրանցից: Սակայն պետք չէ սեփական անզսպվածությունը գցել արտաքին գործոնների վրա: Որքան Դուք ունենաք հմտություններ և գիտելիքներ, այնքան վստահ կլինեք և ավելի հեշտ կվերահսկեք Ձեր հույզերը:
Եթե չկառավարեք Ձեր այնպիսի հույզերը, ինչպիսիք են՝զայրույթը, գրգռվածությունը, ապա շատ հեշտ կարող եք վիրավորել մյուսներին: Մինչև արտահայտել սեփական զայրույթը նախ մի պահ մտածեք ինչո՞ւ է այդ մարդը իրեն այդ կերպ պահում: Հնարավոր է որպես նպատակ չի եղել Ձեզ վիրավորելը, հնարավոր է, որ ընդամենը ցանկացել են Ձեր ուշադրությունը գրավել, Ձեզնից որևէ հուզական արձագանք ստանալ, որը շփման համապատասխան հմտություններ չունենալու դեպքում այլ կերպ են արտահայտել: Եթե հաշվի առնել բոլոր հանգամանքները, ավելի հեշտ կլինի ներել մյուսների սխալները և չզայրանալ:
Հույզերը կարգավորելու արդյունավետ միջոցներից մեկը ֆիզիկական վարժություններն են: Հետազոտությունները վաղուց ցույց են տվել, որ ֆիզիկական ծանրաբեռնվածության ժամանակ մարդու օրգանիզմում պարունակվող հորմոնները և արյան մեջ թթվածնի պարունակությունը փոխվում են: Իսկ սրանից լավանում է տրամադրությունը: Պարտադիր չէ լինի կոնկրետ որևէ սպորտաձև, այլ կանոնավոր զբոսանքները և ակտիվ հանգիստը ևս կարող են լինել: Կարող եք Ձեր սեփական տանը ունենալ փոքր առարկա, և երբ զայրացած լինեք զայրութը հանեք առարկայից, և ոչ շրջապատի մարդկանցից: Չի կարելի մոռանալ նաև առողջ սննդի մասին, օրվա ճիշտ սննդակարգի, քուն-արթմնի վիճակ շրջափուլերի պահպանման մասին: