Ճանաչենք իսլամը (165)
Այս հաղորդման ընթացքում կանդրադառնանք Էմամ Մահդիի բացակայության գաղտնիքներին:
Ողջույն թանկագին բարեկամներ: Նախորդ հաղորդման ժամանակ անդրադարձանք Էմամ Մահդիին ու նրա բացակայության պատճառներին: Նա Էմամ Հասան Ասկարիի որդին է, որ կրում է մեծ մարգարեի անունը: Առաջնորդող իմաստը ներկայացնող Մահդին, ամուր ապացույց նշանակող Հոջաթը, ընդվզող իմաստով Ղաեմը և Սալեհը որ բարեգործ ու արժանավոր է նշանակում նրա կոչումներից են, որոնց ակնարկ է կատարվել հադիսներում:
Ինչպես նախորդ հաղորդման ժամանակ ասացինք նախախնամության կամքով Հազրաթ Մահդին անհայտացավ հանրության տեսողությունից: Էմամ Մահդիի բացակայությունն այն թեմաներից է, որ վաղուց ի վեր քննարկվել է կրոնական շրջանակների կողմից և զբաղեցրել է ժողովրդի միտքը: Որոշ վկայությունների համաձայն Էմամ Մահդիի բացակայության իրական պատճառը աստվածային գաղտնիք է, որի պատճառը թաքուն է մնում նրա ծառաներից և բացի Աստծուց, մարգարեից ու էմամներից ուրիշ որևէ մեկը դրա մասին տեղեկություն չունի: Իհարկե Էմամ Մահդիի կրկին հայտնվելուց հետո դրա գաղտնիքն ու իմաստը կբացահայտվի: Աբդոլլահ Իբն Ֆազլ Հաշեմի անունով մեկը պատմում է, թե Էմամ Սադեղից լսեցի, որ ասում էր «Ահա նրա համար անխուսափելի բացակայություն է սահմանված, որի մասին չարագործները կասկածելու են»: Նրան հարցրեցի թե նրա բացակայության մեջ ի՞նչ իմաստ գոյություն ունի: Նա պատասխանեց. «Հենց այն իմաստը, որ գոյություն է ունեցել նրան նախորդած ապացույցների բացակայության մեջ: Նրա բացակայության իրական իմաստը հայտնի կդառնա նրա հայտնվելուց հետո, հենց այնպես որ Խեզրի կատարած գործերի՝ նավը ծակելու, երեխային սպանելու և պատը վերանորոգելու իմաստը Մովսես մարգարեի համար բացահայտվեց միայն այն ժամանակ երբ նրանք որոշեցին իրարից բաժանվել»:

Թեև մենք տեղյակ չենք Էմամ Մահդիի բացակայության գաղտնիքների մասին, սակայն դիմելով մարգարեի ու Էմամների ասույթներին կարող ենք կռահել նրա բացակայության որոշ պատճառներն ու իմաստը: Դրանցից մեկը վերջին Էմամի ու Աստծո ապացույցի կյանքի պաշտպանությունն է: Երբ թերթում ենք իսլամի պատմության էջերը պարզվում է, որ նեխած ու չարագործ իշխանությունները Բարուն դիմակայելու համար որևէ ջանք չէին խնայում: Նրանք այդ ճանապարհին նույնիսկ մեծ մարգարեի գերդաստանի անդամների դեմ բռնություն ու կտտանքներ գործադրելուց, նրանց բանտարկելուց ու սպանելուց չէին հրաժարվում: Նրանք այն պատկերացումն ունեին, որ չարագործության վրա հիմնված իրենց իշխանության գոյատևումը միայն այն պայմաններում է հնարավոր, որ իրենց ճանապարհից վերացնեն կրոնի իրական առաջնորդներին: Հետևաբար շարունակ նրանց օրակարգում էր գտնվում Էմամների սպանությունը: Աբբասյան բռնակալ իշխանավորներին մտահոգում էր որպես համաշխարհային բարեկարգիչ Էմամ Մահդիի ծննդյան ավետումը, հետևաբար մանրակրկիտ կերպով ամեն ինչ իրենց վերահսկողության տակ էին պահում, որպեսզի տեղեկանան Էմամ Մահդիի ծննդյան պահի մասին ու հենց նախապես լուծեն խնդիրը: Սակայն Աստված բացակայության քողով ծածկեց Հազրաթ Մահդիին, որպեսզի նրա կյանքը պաշտպանվի թշնամիներից և որոշված պահին երբ ժողովուրդը պատրաստ կլինի երևան գալով աշխարհը լցնի արդարությամբ:
Ղուրանի այաներում էլ Հազրաթ Մահդիի ընդվզման մասին ակնարկներ կան: Այդ թվում «Թոբե» սուրայի 33-րդ այաում ասված է. «Նա իր առաքյալին ուղարկեց առաջնորդությամբ ու կրոնով, որպեսզի դրան հաղթական դարձնի մյուս կրոնների հանդեպ, թեկուզև հավատուրացները դրանից գոհ չլինեն»:
Այս այան ավետում է այն մասին, որ անկասկած իսլամ կրոնը հաղթահարելու է բոլորին և տարածվելու է ամբողջ աշխարհում: Իհարկե դրա իրականացման համար երեք պայման է անհրաժեշտ. Համաշխարհային օրենք, համաշխարհային առաջնորդ և համաշխարհային պատրաստվածություն:
Ղուրանը համաշխարհային օրենքն է: Այս գիրքը մարդկության երջանկության ու բարօրության համար ամենակատարյալ օրենքն ու ուղեցույցն է, որտեղ որևէ կեղծիք գոյություն չունի և շարունակ կենդանի ու կայուն է: Սակայն համաշխարհային առաջնորդի մասին պիտի ասել, որ Էմամ Մահդին այդ համաշխարհային մեծ առաջնորդն է, որ մարդկությունն իր վիճակի բարեկարգման համար դրան կարիք ունի: Այդուհանդերձ Էմամ Մահդիի հայտնվելու և աշխարհում արդարություն ու հավասարություն տարածելու նախապայմանները դեռ պատրաստ չեն: Այլ խոսքով Էմամ Մահդիի բացակայության պատճառներից մեկն այն է, որ ժողովուրդը պատրաստ չէ նրա հայտնվելու համար:
Գուցե մի պարզ օրինակ հարցը ավելի հստակեցնի: Պատկերացրեք մի իմաստուն ու հեռատես հոր, որ գիտակցում է, թե իր որդին չի գնահատում իրեն տրված շնորհները և վստահ է, որ եթե նրան թանկարժեք մի գոհար վստահի, դա կորցնելու և ոչնչացնելու է իր մանկական խաղերի ժամանակ: Անկասկած հայրն այդ թանկարժեք գոհարը վերցնելու է երեխայի ձեռքից ու մինչև այնքան ժամանակ, երբ մտային կերպով չի հասունացել ու չի գնահատել գոհարի արժեքը դա նրան չի վերադարձնելու: Էմամ Մահդիի պարագային էլ հարցը մասամբ նույնն է: Բարձրյալն Աստված Էմամ Մահդիին անհայտ է պահել հանրության տեսուղությունից մինչև որ նա մտային կերպով հասունանա և գիտակցի վերջին Էմամի արժեքը:
Իրականության մեջ աշխարհում արդարություն տարածելու Էմամ Մահդիի մեծ նախագիծն առանց աշխարհի ժողովուրդների մտային ու հոգեկան նախապատրաստության հնարավոր չէ: Այս մեծ ու համակողմանի հեղափոխության իրագործումը պահանջում է ժամանակ, նաև այդ հսկա շարժմանն ընկերակցելու համար մարդկության մտային ու բարոյական ծաղկումն ու պատրաստվածությունը: Էմամ Մահդիի համաշխարհային շարժումը ձևավորվում է աստվածատենչության, արդարատենչության ու օրինապահության վրա և դրա ընդունումը պահանջում է նախապատրաստական քայլեր:
Այս կապակցությամբ դերակատար գործուններից մեկն այն է, որ աշխարհի ժողովուրդներն ինքնակամ ու բռնակալ իշխանությունների փորձն ունենալով լավապես ճաշակեն մարդու ձեռքով մշակված օրենքների անարդարությունը, թուլությունն ու անգործունակությունը: Այդ դեպքում պատրաստ կլինեն Աստծո կողմից փրկչի գալստյան համար:

Եթե նա նախքան փրկչի երևան գալու համար աշխարհի նախապատրաստվելը քողի տակից դուրս գա, այլ Էմամների նման ճակատագիր է նրան սպասվելու: Քանի որ թշնամիները նրանց վերացնելու են և դրա հետևանքով իրականություն չի դառնալու արդարությունը հաստատվելու և բռնությունն արմատախիլ դառնալու մարդկության վաղեմի իդեալը: Ուրեմն նա հայտնվելու է այն ժամանակ, երբ աշխարհն ամեն տեսակետից նրա հայտնվելու համար պատրաստ լինի:
Կյանքը մարդկության քննության ասպարեզն է: Աստվածային քննությունների ժամանակ ազնիվ ու հավատացյալ մարդիկ դաստիարակվում են հավատքի ու դիմադրության ներքո և ծաղկում են նրանց թաքուն ընդունակությունները: Հազրաթ Մահդիի բացակայությունն էլ ժողովրդի համար փորձության դաշտ է: Բացակայության շրջանի երկարացումը պատճառ է դառնում, որ մարդկանց թաքուն ինքնությունը երևան գա և նրանք ովքեր թույլ հավատք ունեն կասկածի մատնվեն: Սակայն նրանք, որոնց հոգու խորքում հավատքն արմատավորվել է Նրան սպասելու և զրկանքներն ու անախորժությունները դիմակայելու պատճառով առավել կոփվում ու պատրաստվում են: Էմամ Մուսա Էբն Ջաըֆարն ասում է. «Երբ իմ հինգերորդ որդին՝ Էմամ Մահդին անհայտանա, զգուշացեք ձեր կրոնի մասին, չլինի հանկարծ ձեզանից մեկն իր կրոնն ուրանա: Նա պարտադիր կերպով է բացակայելու, այնպես որ որոշ հավատացյալներ հրաժարվելու են իրենց հավատքից: Աստված այդ բացակայությամբ փորձելու է իր ծառաներին»:
Իսլամի առաջնորդների խոսքերից այնպես է հասկացվում, որ Հազրաթ Մահդիի բացակայության շրջանի փորձություններն աստվածային ամենածանր փորձություններից են: Միայն նրանք, ովքեր հավատք, անկեղծություն ու աչալրջություն ունեն կարող են պարզերես դուրս գալ այս փորձությունից: Իսլամի մեծ մարգարեն ասում է. «Մահդին թաքուն է մնալու շիաների ու իր աջակիցների հայացքից և այդ բացակայության ժամանակ միայն նրանք են Էմամի հանդեպ իրենց հավատքում հաստատուն լինելու, որոնց սիրտն Աստված հավատքով փորձած լինի»:
Բացակայության շրջանում մարդիկ ծանր ու դառն դեպքերի ականատես են լինելու: Պատերազմն ու անհանդարտությունները հակակշռի տակ են առնելու մարդկանց կյանքը: Նման պայմաններում հավատքի պահպանումն ու կրոնի ճանապարհին վճռականությունը բարդանալու է և վտանգվելու են ժողովրդի հավատքի հիմնասյուները:
Անհրաժեշտ է հիշեցնել, որ Էմամ Մահդիի բացակայության իմաստն այն չէ, որ նա թաքնում է քարայրում կամ ապրում է ժողովրդից հեռու: Նա ներկա է ժողովրդի մեջ, տեսնում ու ճանաչում է նրանց: Ժողովուրդն էլ տեսնում է Էմամին, սակայն նրան չի ճանաչում ու չի իմանում, որ նա նույն խոստացյալ Մահդին է: Բացակայության շրջանում Էմամ Մահդին շարունակաբար հսկում է իր աջակիցներին ու հավատացյալներին: Նա բացակայության շրջանում ամպի հետև թաքնված արեգակի նման է, որի թաքուն ու հայտնի բարիքներից օգտվում են մարդիկ:
Ուրեմն այստեղ բացակայությունը մարդկանց տեսողությունից թաքուն մնալն է, ոչ թե ֆիզիկական բացակայությունն ու անհայտանալը: Նա ներկա է մեր կողքին: Այդ ճշմարտությունը տարբեր ձևերով արտահայտվել է մեծ մարգարեի գերդաստանի կողմից: Էմամ Ալին ասում է. «Երդվում եմ Աստծու անունով, որ Աստծո ապացույցը գտնվում է մարդկանց մեջ ու քայլում է նրանց կողքին...երթևեկում է Երկրի արևելքում ու արևմուտքում, լսում է մարդկանց խոսակցությունը և ողջունում է նրանց, տեսնում է ու չի տեսնվում մինչև որոշված ու Աստծո խոստացված ժամանակը»:
Էմամ Մահդիի ներկայացուցիչներից Մոհամմեդ Էբն Օսմանն ասում է. «Էմամ Մահդին ամեն տարի մասնակցում է Հաջի ուխտագնացությանը, տեսնում է մարդկանց, ճանաչում է նրանց, մարդիկ էլ տեսնում են նրան, բայց չեն ճանաչում»: