Դեկտեմբեր 13, 2017 15:29 Asia/Yerevan

հոգեբան Պրոֆեսոր Սամուել Խուդոյանի ամսնակցությամբ Աղբյուր ՝ ՇՏԱՊ ՊԳՆՈՒԹՅՈՒն հաղորդում

 

Ժամանակակից հասարակությունը շրջանավարտից պահանջում է խնդիրներն ինքնուրույն լուծելու ունակություն, կյանքի փոփոխվող պայմաններին հարմարվելու հմտություն, ինքնուրույն անհրաժեշտ գիտելիքներ ձեռք բերելու կարողություն և դրանք գործնականում կիրառելու ճկունություն` կյանքում սեփական տեղը գտնելու և հաջողության հասնելու համար:

Այսօր մասնագիտության ընտրություն կատարելն այդքան էլ հեշտ չէ հենց այն պատճառով, որ հասարակությունն յուրաքանչյուրին ընտրության լայն հնարավորություն է տալիս, իսկ որքան շատ է հնարավորությունն, այնքան դժվար է ընտրությունը: Հենց սա է պատճառը, որ մասնագիտական կողմնորոշման հարցն անհանգստացնում է ոչ միայն աշակերտներին, այլև՝ ծնողներին և մանկավարժներին: Որպեսզի ռիսկի գործոնը հասցնել նվազագույնի, անհրաժեշտ է, առաջինը, պատկերացում ունենալ սեփական անձի, հետաքրքրությունների ու կարողությունների, ուժեղ ու թույլ կողմերի մասին, կարևոր է հասկանալ, թե ինչպես են քեզ ընկալում ուրիշները: Երկրորդ հերթին՝ անհրաժեշտ է ծանոթանալ մասնագիտությունների աշխարհին, այս կամ այն ոլորտի պահանջներին և հնարավորություններին, հասկանալ և կանխատեսել արդյոք հաջողակ կլինեն ընտրած մասնագիտության մեջ, ինչպիսին են առկա հնարավորությունները:

Հարկ է առանձնացնել այն բաղադրիչները, որոնք մատնանշում են գիտակցված և պատասխանատու ընտրություն կատարելու պատրաստակամություն՝

արժեքային պատրաստվածություն՝ ընտրության հիմքում ընկած իմաստը և մոտիվացիան հիմնավորելու կարողություն:

կայացրած որոշումն իրականցնելու կամային պատրաստվածություն, որի հիմքում ընկած է հուզա-կամային ոլորտի զարգացումը և ինքնակարգավորումը, կարողություն հաղթահարել ներքին և արտաքին խոչընդոտները:

Բարձր դասարաններում հարկ է լինում կողմնորոշվել հետագա մասնագիտական ուղու ընտրության հարցում, սակայն ինչպես ցույց են տալիս հոգեբանական և մանկավարժական շատ հետազոտությունների արդյունքներ, մասնագիտական կողմնորոշման պատրաստակամությունն անհրաժեշտ մակարդակի չէ նույնիսկ շրջանավարտների մոտ:

Հաճախ պատահում է այնպես, որ մասնագիտության ընտրությունն եղել է ոչ բավարար մտածված և գիտակցված: Հայտնի է, որ մասնագիտական ինքնակողմնորոշման հաջողությունը կախված է անհատի ընդհանուր զարգացվածությունից: Իսկ հոգեբանական զարգացվածության այնպիսի ցուցիչներ ինչպիսիք են՝ ինքնավերլուծությունը, կամային ինքնակարգավորումը, մոտիվացիայի մակարդակը և այլն, հաճախ բավարար չեն շրջանավարտի մոտ, նրանք պատրաստ չեն լուրջ դժվարություններ հաղթահարելու:

Մյուս կողմից էլ, արդեն դեռահասության տարիքից ձևավորվում է ընտրողական վերաբերմունք դպրոցական առարկաների նկատմամբ, ի հայտ են գալիս մասնագիտական կողմնորաշված սովորելու մոտիվներ, մասնագիտական գիտելիքներ, կարողություններ և հմտություններ ձեռք բերելու զգայունակություն:

Այս ամենը հոգեբանների և մանկավարժների առաջ խնդիր է դնում բարձր դասարանների աշակերտների շրջանում նպատակաուղղված աշխատանք տանելու մասնագիտական և անձնային ինքնորոշման հարցում հոգեբանական պատրաստվածության մակարդակը բարձրացնելու ուղղությամբ: Կրթությունը պետք է  երեխային օգնի լիարժեք մտնել ժամանակակից հասարակություն ու հարմարվել զարգացման արագ տեմպերին և իրարամերժ միտումներին: Դա պահանջում է ոչ միայն տեղեկացվածություն, գիտելիքների առկայություն, այլ գիտելիքների մեջ ինքնուրույն կողմնորոշվելու, որոշումներ կայացնելու կարողություն, արժե-իմաստային դիրքորոշումների և կենսական պլանների առկայություն և այլն:

Մասնագետները վստահեցնում են, շատ քիչ ծնողներ կարող են իրենց երջանիկ համարել այն հարցում, որ դեռահասը ընտրել է իր մասնագիտությունը: Այս դեպքում, պատանին հստակ պատկերացնում է իր ապագան, գիտի ինչ առարկա սովորել: Դեռահասությունը կյանքի դժվարին փուլարից մեկն է: Այն ավելի է բարդանում մասնագիտության ընտրության խնդիրը լուծելու ժամանակ:

Հոգեբաններին խորհուրդն է՝ մասնագիտություն ընտրելու հարցում իրար համակցել մի քանի հետաքրքրություններ, օրինակ՝ երաժշտության ուսուցիչ, զինվորական բժիշկ, սպորտային հոգեբան:

Իրավիճակից դուս գալու լավագույն միջոցը՝ երեխային գործնականում ծանոթացնել մասնագիտություններին, դիտել ֆիլմեր կամ միասին ուսումնասիրել մասնագիտական ծրագրեր:

Բնականաբար, ընտրություն կատարելը դժվար է, առավել ևս դեռահասության շրջանում. «գուցե սխա՞լ ճանապարհ եմ ընտրել» հարցը մտահոգում է նրանց շատ ավելին, քան կարող եք պատկերացնել:

Բացատրեք երեխային, որ միշտ էլ կարող է նոր ճանապարհ ընտրել, նոր մասնագիտացում ստանալ: Հիմա պետք է ընտրել այն, ինչ հոգեհարազատ է, ինչն իր մոտ հեշտ է ստացվում և կարող է օգտակար լինել:

Որևէ մեկ չի կարող կանխատեսել ապագան: Պետք է հավատալ լավագույնին, բայց նաև իրատես լինել: Բնականաբար, ճանապարհը երբեք հարթ չի լինի, դժվարությունների կհանդիպի, սակայն դրանք հաղթահարելով ենք մենք ուժեղ դառնում:

Մասնագիտություն ընտրելն այդքան էլ հեշտ հարց չէ: Դժվարին այդ ժամանակահատվածն անցեք միասին: Աջակցեք երեխային, ժամանակ և ուշադրություն տրամադրեք նրան: Հավատացեք ինձ, դուք ավելի մտերիմ կդառնաք, իսկ նա կյանքը կշարունակի կյանքի համար: