Դեկտեմբեր 19, 2017 19:59 Asia/Yerevan

Այս հաղորդման ընթացքում կխոսենք սունի դավանանքի հետևորդների մոտ Հազրաթ Մահդիի հայտնվելու մասին հավատքի շուրջ:

Ողջույն թանկագին բարեկամներ: «Ճանաչենք իսլամը» հաղորդաշարի հերթական համարում կշարունակենք Հազրաթ Մահդիի կյանքի քննարկումը: Նախորդ զրույցներում ասացինք, որ աստվածային կրոնները Ահեղ դատաստանի օրվա և փրկչի հայտնվելու մասին ընդհանուր համազումներ ունեն: Նրանք հավատացած են, որ մարդկային կյանքը շարունակվելու է Բարու հաղթանակով ու հավատքի իշխանությամբ: Այս կապակցությամբ հղում կատարելով փրկչի ու աշխարհն ի վերջո բարեպաշտներին ու ընչազուրկներին բաժին հասնելու մասին Ղուրանի այաներին, որոշ մատնանշումներ կատարեցինք: Նաև հիմք ընդունելով մեծ  մարգարեից ու էմամներից փոխանցված հադիսները պարզաբանեցինք այն ճշմարտությունը, որ Հազրաթ Մահդին աշխարհը չարիքից ու խավարից փրկող փրկիչն է և այս պահին անհայտ է մնում մեզանից:

Մի օր դու կգաս

 

Խոստացյալ Մահդիի գալուստը մուսուլմանների համոզումների մի մասն է կազմում: Թեև Էմամ Մահդիին վերաբերող մանրամասնությունների և նրա հայտնվելու մասին տարաձայնություն գոյություն ունի մուսուլմանների մոտ, սակայն իսլամական բոլոր դավանանքներն ընդունել են Ահեղ դատաստանի օրը նման փրկչի հայտնվելը: Հետևաբար այս հավատքը միայն շիաներին չի պատկանում: Այդուհանդերձ վահաբական աղանդն ու թաքֆիրական շարժումները մերժում են Ահեղ դատաստանի օրը Մեհդիի հայտնվելը:

Սունիների հավաստի աղբյուրներին ու գրքերին ու նաև նրանց մեծ մոհադեսների աշխատություններին դիմելով պարզվում է, որ այդտեղ Հազրաթ Մահդիի և նրա հայտնվելու հետ կապված իրադարձությունների մասին իսլամի մեծ մարգարեից բազմաթիվ վկայություններ գոյություն ունեն: Այլ խոսքով պատմության ընթացքում սունի գիտուններն ու հադիսների մասին վկայողները հատուկ ուշադրություն են ցուցաբերել Էմամ Մահդիի մասին հադիսներին: Այս վկայություններից եզրակացվում է, որ Մահդին մարգարեի սերնդից և Ալիի ու Ֆաթեմեի որդիներից է:

Հազրաթ Մահդիի թեմային, նրա հայտնվելուն և մարգարեի հետ նրա ազգակցության մասին վկայող հեղինակավոր գրքերից ու աղբյուրներից կարելի է հիշատակել՝ «Մոսնադ Ահմեդ Իբն Հանբալ»-ը, «Սահիհ Բոխարի»-ն, «Սահին Մոսլեմ»-ը, «Սոնան Աբի Դավուդ»-ը, «Սոնան Թարմոզի»-ն, «Սոնան Իբն Մաջա»-ն, «Սոնան Նասաի»-ն, Իբն Ասիրի «Ջամե-օլ-Օսուլ»-ը, Իբն Արաբիի «Ֆոթուհաթ Մաքիա»-ն, Իբն Ջոզիի «Թազքարաթ-ալ-Խավաս»-ը, Ղանդուզիի «Յանաբեյ-ալ-Մոդա»-ն, Հաքեմ Նեյշաբուրիի «Ալ-Մոսթադրաք Էլ-ալ-Սահիհին»-ը և բազմաթիվ այլ աղբյուրներ:

Այստեղ անհրաժեշտ է անդրադառնալ մի կետի և դա այն է, որ շիաները հստակ ու ամուր փաստարկներ բերելով հավատացած են, որ Էմամ Մահդին Էմամ Հասան Ասկարիի որդին է: Նա ծնվել է լուսնային հիջրեթի 255 թվականին և Աստծո կամքով մինչև այսօր ողջ է և ապրում է մեր մեջ, հենց այնպես որ Ղուրանի հստակ ընդգծմամբ ողջ է նաև Հիսուս Քրիստոսը:

Իհարկե Էմամ Մահդիի հայտնվելու ժամանակ նաև գալու է Հիսուս Քրիստոսը և մեծ նպատակների իրագործման ճանապարհին օգնելու է նրան:

Թեև բոլոր մուսուլմանները՝ շիա լինեն, թե սունի, հավատացած են, որ Մահդին մարգարեի սերնդից է, շատ սունիների համոզմամբ նա դեռ չի ծնվել ու երբ լինի աշխարհի վերջը ,տեղի կունենա նրա ծնունդը: Այդուհանդերձ որոշ սունի երևելիներ հավատացած են, որ Էմամ Մահդին Էմամ Հոսեյնի սերնդից է և ծնվել է ու հիմա անհայտ է մնում:

Դիմելով սունի գիտնականների տեսակետներին ու վկայություններին կարելի է ընդգծել, որ սունի գլխավոր դավանանքների, այսինքն Շաֆեիի, Հանբալիի, Մալեքիի ու Հանաֆիի հոգևորականները Հազրաթ Մահդիի հայտնվելն իսլամական համոզումներից են համարում:

Շաֆեի գիտնականները հատուկ ուշադրություն են ցուցաբերում հանդեպ Հազրաթ Մահդիի թեման: Նրանք իրենց աշխատություններում Հազրաթ Մահդիի առանձնահատկությունների մասին հադիսներ նշելով ու մերժելով այդ կապակցությամբ խեղաթյուրումները, թեման քննարկել են տարբեր դիտանկյուններից:

Մոհամմեդ Իբն Թալահա Ալ-Շաֆեին «Մաթալեբ-ալ-Սոուլ Ֆի Մանաղեբ-ալ-Ռասուլ» գրքում ներկայացրել է Էմամների մասին իր տեսակետները: Ինչպես հայտնի է գրքի անվանումից դրա հեղինակն անդրադարձել է էմամների կենսագրությանն ու նրանց առանձնահատկություններին: Գրքի վերջին գլուխը հատկացված է Էմամ Մահդիին:

Նա ասում է. «Սպասվող Մահդին լուսնային 258 թվականին ծնվեց Սամերայում»: Ապա Էմամ Հասանին համարում է նրա հայրը և թվում է նրա պապերին հասնելով մինչև Էմամ Ալին:

Նա այնուհետև նշում է Մահդիի մասին մարգարեի արտահայտությունը, որտեղ նա ասել է. «Մահդին իմ սերնդից ու Ֆաթեմեի որդիներից է լինելու և կրելու է իմ անունն ու հայտնվելով Ահեղ դատաստանի օրն աշխարհը լցնելու է արդարությամբ, նրանից հետո երբ դա լցված կլինի բռնությամբ ու անարդարությամբ: Այս ընդվզումը հստակ է, նույնիսկ եթե մեկ օր մնացած լինի աշխարհի կյանքից»:

Այսպիսով պարզվում է, որ Իբն Թալահա Շաֆեին շիաների նման հավատացած է, որ խոստացյալ փրկիչը Էմամ Հասան Ասկարիի որդին է ու այսօր դեռ ողջ է:

 

Հանբալի դավանանքի առաջնորդ Ահմեդ Իբն Հանբալը, որ սունիների համար հավաքագրել է ստվարածավալ թվով հադիսներ, Էմամ Մահդիի մասին բազմաթիվ հադիսներ է նշում: Ղոմի հոգևոր դպրոցի բանասերներից մեկը Էմամ Մահդիի մասին հադիսները հավաքագրել է «Ահադիս-ալ-Մահդի Մեն Մոսնադ Ահմեդ Իբն Հանբալ» գրքում: Այս գրքում մի քանի բաժիններում ներկայացված են «Մոսնադ Ահմեդ Իբն Հանբալ»-ից քաղված 136 հադիսներ, որոնք Հազրաթ Մահդիի մասին տարբեր մատնանշումներ են պարունակում: Հազրաթ Մահդիի հայտնվելն ու դրա նշանները, հայտնվելու ժամանակաշրջանի յուրահատկություններն ու այլ թեմաներ ներկայացված են այս հադիսներում:

Իբն Սաբաղ Մալեքին էլ ունի «Ալ-Ֆոսուլ-ալ-Մոհեմա Ֆի Մաըրեֆաթ Ահվալ-ալ-Աեմա» խորագրով մի աշխատություն: Նա այդ աշխատության մեջ ներկայացրել է տասներկու էմամների կենսագրություններն ու արժանիքները: Գրքի 12-րդ գլուխը հատկացված է Էմամ Մահդիին: Նա այս գլխի տակ ներկայացրել է Էմամ Մահդիի մասին տարբեր հադիսներ ու քննարկումներ և ակնարկ է կատարել նրա հայտնվելու մասին Աստծո առաքյալի խոստումին:

Շաֆեի դավանանքին հարող սունի հեղինակ Իբն Հաջար Հիթամին Հազրաթ Մահդիի ծննդյան մասին գրում է. «Նա իր հոր վախճանման ժամանակ հինգ տարեկան էր, սակայն Աստված նրան իմաստնություն պարգևեց  ու նրան սպասվող ընդվզող անվանեց»: Այսպիսով պարզ է դառնում, որ Իբն Հաջարի համոզմամբ Էմամ Մահդիի ծննդյան փաստն անվիճելի է:

Սունի հայտնի պատմագիր Իբն Ասիրն էլ Հազրաթ Մահդիի ծնունդն անվիճելի է համարում և նշելով, որ նրա հայրը Էմամ Հասան Ասկարին է, նրան համարել է շիաների 12 էմամներից մեկն ու սպասվող էմամը:

Անդալուզիացի հայտնի միստիկ ու գրող Մոհիեդդին Իբն Արաբին Հազրաթ Մահդիի մասին ասում է. «Իմացեք, որ Մահդին անպատճառ հայտնվելու է: Նա չի հայտնվի մինչև այն ժամանակ, երբ աշխարհը դեռ չի լցվել բռնությամբ ու անարդարությամբ: Ուրեմն Մահդին աշխարհը լցնելու է արդարությամբ: Նա մարգարեի սերնդից ու Ֆաթեմեի որդիներից է: Իր անհատականությամբ նման է մարգարեին: Կրում է մարգարեի անունը...Աստված նրան մեկ գիշերվա մեջ բարեփոխելու է: Հաղթանակը նրանից առաջ է շարժվում: Հետևում է Աստծո առաքյալի ավանդույթներին: Անսխալ ու անթերի է և մի հրեշտակ հաստատում է նրան»:

Հիմք ընդունելով այս փաստերը պարզվում է, որ Մահդիի հայտնվելու թեման և դրա հանդեպ հավատքը սունիների անվիճելի համոզումներից են, քանի որ նրան վերաբերող հադիսներին հաճախ ենք հանդիպում նրանց աղբյուրներում: Այստեղ հետաքրքիր կետն այն է, որ սունիների աղբյուրներում հիշատակված Էմամ Մահդիի յուրահատկությունները ուշագրավ տարբերություն չունեն շիաներին պատկանող աղբյուրներից:

Կարևոր կետն այն է, որ Մահդիի մասին մարգարեից կատարված վկայությունների մեծ թիվը պատճառ է դարձել, որ սունի երևելիներն Էմամ Մահդիի մասին առանձին ու անկախ գրքեր հեղինակեն: Շեյխ Մոհամմեդ Իրավանին «Ալ-Էմամ Ալ-Մահդի» գրքում գրում է. «Սունիները Էմամ Մահդիի և Ահեղ դատաստանի օրը Մահդի անունով մեկի հայտնվելու մասին վկայությունները հավաքագրելով բազմաթիվ աշխատասիրություններ են կատարել: Այնպես որ կարելի է ասել սունիներն այդ մասին ավելի քան 30 գրքեր են գրել»:

Այդ գրքերից են Էբի Դավուդի «Քեթաբ-ալ-Մահդի»-ն, Ջալալեդդին Սիվաթիի «Ալամաթ-ալ-Մահդի»-ն և Հաֆեզ Աբու Նաիմ Էսֆահանիի «Մանաղեբ-ալ-Մահդի»-ն:

Թեև դարեր անցնում են Էմամ Մահդիի անհայտանալուց, սակայն սրտերում հույսի նշույլը չի  մարել: Բոլորն սպասում են արդարության փայլող արեգակի ծագմանը, որը լույս պիտի սփռի աշխարհում, հեռացնի խավարը և վերցնի գերության լուծը: Այդուհանդերձ փրկչի գալստյան համար սպասումն այն իմաստով չէ, որ մինչև նրա գալուստը պիտի ձեռքերը ծալել և մարդկության վիճակի բարելավման և բռնության ու խտրականության վերացման ուղղությամբ որևէ քայլ չձեռնարկել:

Հազրաթ Մահդիի համաշխարհային հեղափոխությունը նման է պտղի, որ հասնելու համար պիտի որոշ փուլեր անցկացնի: Պտուղը որոշված ժամում պատրաստ կլինի քաղելու համար: Համաշխարհային փրկիչն էլ այն ժամանակ, երբ աշխարհի պայմանները նրա ներկայության համար պատրաստ լինեն, Աստծո կամքով ու ցանկությամբ քողի հետևից դուրս կգա: Հետևաբար պիտի որոշ ժամանակ անցնի և մարդկանց մտքերը բարեփոխվելով պիտի պատրաստվեն ընդունելու համար արդարություն տարածող փրկչին: