Իրանցի հանրահայտ գործիչներ՝ համաշխարհային պարծանքներ (160)
Այս հաղորդման ընթացքում զրուցելու ենք հայտնի միստիկ ու հռետոր Բահաեդդին Վալադ Մոհամմեդ Բին Հոսեյն Խաթիբիի՝ Բահավալադի մասին, որը հայտնի է նաև «Սոլթան-օլ-օլամա» անունով:
Ողջույն թանկագին բարեկամներ: «Իրանցի հանրահայտ գործիչներ՝ համաշխարհային պարծանքներ» հաղորդաշարի այս համարում կշարունակենք նախորդ շաբաթ սկսած մեր հաղորդումը՝ հայտնի միստիկ ու հռետոր Բահաեդդին Վալադ Մոհամմեդ Բին Հոսեյն Խաթիբիի՝ Բահավալադի մասին, որը հայտնի է նաև «Սոլթան-օլ-օլամա» անունով:
Բահաեդդին Վալադ, Մոհամմեդ Բին Հոսեյն Խաթիբին, որը հայտնի է Բահավալադ և «Սոլթան-օլ-օլամա» անուններով լուսնային 7-րդ և 8-րդ դարերում Խոռասանի հայտնի միստիկներից, հռետորներից ու սուֆի շեյխերից և իրանցի հայտնի միստիկ ու բանաստեղծ Ջալալեդդին Մոհամմեդ Մոլավիի հայրն է: Բահավալադը ծնվել է լուսնային հիջրեթի 546 թվականին՝ փրկչական 1151 թվականին Խոռասանի կարևոր քաղաքներից համարվող Բալխում՝ հայտնի ու ճգնավոր մի գերդաստանում: Բահավալադը հավատարիմ մնալով իր նախնիներին դառնում է մուֆթի ու քարոզիչ և իր ժամանակի քարոզիչների սովորության համաձայն ճանապարհորդում է Խոռասանի, Միջին Ասիայի ու Թուրքստանի տարբեր քաղաքներ, Վախշ, Սողդ ու Խառազմ: Ուր որ ժամանում էր մզկիթներում քարոզում ու դպրոցներում դասավանդում էր ու նույնիսկ այցելում էր խանղահները: Նրա քարոզները հուզիչ ու ջերմ էին ու նրա դասարաններն իրենց գրավչությամբ ուշագրավ կերպով տարբերվում էին այն ինչից, որը տարածված էր ժամանակի հոգևորականների ու իսլամագետների դասարաններում: Կենսագրականներում ասված է, որ Բահավալադը սրտնեղված լինելով Խառազմշահից և նրա անարդարության ու բռնությունների պատճառով ու նաև դեպի Իրան մոնղոլական արշավանքների լուրն առնելով որոշում է գաղթել Բալխից:
Բահավալադն իր ընտանիքի անդամների ու աշակերտների ընկերակցությամբ մի առ ժամանակ բնակվում է Իրաքում ու Շամում ու հետո մեկնում է Փոքր Ասիայի արևելյան տարածքներ: Այդ տարածքներում խոսակցական ու գրավոր լեզուն պարսկերենն էր ու այդ պատճառով նրա քարոզները մեծ ընդառաջում են գտնում:
Սոլթան-օլ-Օլամա Բահավալադը Փոքր Ասիայի տարբեր քաղաքներ կարճատև ու երկարատև ուղևորություններ կատարելուց հետո ի վերջո հաստատվում է Թուրքիայի Լառանդե քաղաքում, որն այսօր Ֆարաման է կոչվում: Նկատի առնելով այդ տարածքում պարսկերեն լեզվի տարածումը, մեծ թվով աշակերտներ մասնակցում են նրա քարոզներին ու դասերին: Գաղթի ու ճանապարհորդության բոլոր տարիների ընթացքում Լառանդեն առաջին վայրն էր, որտեղ Բահավալադը երկարատև բնակության և դասավանդման նպաստավոր մթնոլորտ է գտնում: Քաղաքի իշխանը ենթակա էր Սելջուկյան Ալաեդդին Քեյղոբադին և Բահավալդի այդ քաղաք մուտք գործելով մի դպրոց նրա անունով է անվանակոչում: Քաղաքը գեղեցիկ էր ու առատ ջուր ուներ: Դրա փողոցներում աչքի էին ընկնում բյուզանդական ու նույնիսկ հին հունական շրջանից հիշատակ մնացած շինություններ: Անգամներ խաչակրածների արշավանքին ենթարկված քաղաքն այդ ժամանակ իսլամական տարածք և Բահավալադի ու նրա աշակերտների համար ապրելու, քարոզելու և դասավանդելու հարմար վայր էր համարվում:
Նրա կառուցած դպրոցի գործերին վերահասությունն ու նաև դասավանդումն այնքան էին Բահավալադին կապել այս քաղաքին, որ չընդունեց Սելջուկյան արքայի նստավայրը համարվող Կոնիա այցելելու համար այդ քաղաքի երևելիների հրավերը:
Լառանդեում բնակության բոլոր տարիները Բահավալադի ու նրա որդու՝ Ջալալեդդին Մոհամմեդ Բալխիի, որ արդեն երիտասարդական տարիքին էր հասել, անցան դասավանդությամբ ու հուզումնալի քարոզներով: Ռումի Սուլթան Սելջուկյան Ալաեդդին Քեյղոբադ Ա-ի պնդումներով Բալխից Սոլթան-օլ-Օլաման Կոնիա է գաղթում: Ալաեդդին Քեյղոբադը, որ Արզանջանի, Մալաթիայի ու Լառանդեի տարածքներում լսել էր Բահավալադի գովքը ցանկություն ուներ հանդիպել Խոռասանում ծնված իրանցի քարոզչին ու մուֆթուն: Այդ օրերին Ռումի Սելջուկյանների մայրաքաղաքը համարվող Կոնիան, Բալխի, Նեյշաբուրի, Մարվի ու Հարաթի նման ժամանակի գիտության ու մշակույթի մեծ կենտրոն էր համարվում: Ծերացած Մոլանան այդ օրերին տառապում էր ծերության ցավերով, սակայն Սելջուկյան Սուլթանի հրավերն ընդունելու հարցում չի տատանվում: Երիտասարդ Մոլանան էլ, որ չէր կարող այդ ուղևորության ընթացքում իր ծերացած հորը միայնակ թողնել նրան ընկերակցում է հիջրեթի 626 թվականին տեղի ունեցած այդ ուղևորության ընթացքում, որը դառնում է Բահավալադի վերջին գաղթը:
Ռումի Սելջուկյանների մայրաքաղաքում ջերմորեն դիմավորում են Բահավալադին ու նրա ընտանիքի անդամներին: Նույնիսկ ասվում է, որ Սելջուկյան Սուլթանը, որ այդ օրերին Խառազմշահների երիտասարդ արքա Ջալալեդդին Մանքբարթիի դեմ պատերազմում մեծ հաղթանակ էր տարել, ինքն անձամբ դիմավորում է Բահավալադին ու նրա գերդաստանին: Նա ջերմորեն գրկում է Խոռասանցի ծերունուն և աշակերտի նման համբուրում է նրա չորացած ու ոսկրոտ ձեռքերը: Կենսագրականներում ասված է, որ Կոնիայի շուկայի վաճառականներ ու բարեպաշտները քաղաքից մեծ հեռավորության վրա ընդառաջ են գնում Շեյխին: Նրանք ուրախ էին այն բանի համար, որ իրենց քաղաքում անվանի քարոզիչն ու ծերունին պաշտպանելու է բարեկարգիչներին ու հալածելու է չարագործներին: Ասվում է, որ նույնիսկ միմյանց հետ մեծ տարաձայնություններ ունեցող Կոնիայի իսլամագետները ուրախ էին նրա համար, որ տարիքն առած գիտունը գլխավորելու իրեն ու նրան իրավարարությունը կարող է վերջ տալ իրենց տարաձայնություններին: Միևնույն ժամանակ Սելջուկյան Սուլթանը Սոլթան-օլ-Օլամա Բահավալադի Կոնիա ժամանելու պատվին քաղաքի երևելիների մասնակցությամբ տոնախմբություն է կազմակերպում:
Բաղդադի նման Կոնիայում էլ Բահավալադը բնակություն է հաստատում դպրոցում ու չնայած Կոնիայի մեծամեծների հրավերներին,շքեղ ապարանքները ներս չի մտնում ու հենց դա էլ ավելի է փառավորում նրան: Սելջուկյան Սուլթանի մերձավորներից համարվող Ամիր Բադրեդդին Գոհարթաշը Սոլթան-օլ-Օլամայի համար դպրոց է կառուցում, որը Բահավալադից հետո «Մոբարաքե Խոդավանդեգար» անվան ներքո դառնում է նրա որդու՝ Մոլանա Ջալալեդդին Բալխիի դասավանդման դպրոցը:
Այդ ժամանակաշրջանում Կոնիան համարվելով Սելջուկյան Սուլթանի մայրաքաղաքը պարսկախոս գրողների, բանաստեղծների ու գիտնականների ժամադրավայրն էր դարձել և պարսկերենը համարվում է վարչական լեզու և միայն Բաղդադի խալիֆայի կամ Շամի ու Եգիպտոսի իշխանների հետ նամակագրություններն էին արաբերեն լեզվով կատարվում: Պալատական լեզուն պարսկերենն էր և այդ լեզվով էին խոսում ու գրում հոգևորականները, սուֆիները, բանաստեղծներն ու պատմագիրները: Ասվում է, որ քաղաքի բնակչության մեծամասնությունն էլ պարսկախոս էր:
Դպրոցում բնակվելու առաջին շաբաթներից սկսած ու դեռ ուղևորության փոշին ու հոգնածությունը չթոթափած, նրա նստավայրը դառնում է բոլորի ուշադրության կենտրոնը, որոնցից յուրաքանչյուրը ցանկանում էր մի կերպ ապացուցել ծերունի հյուրի ու նրա գերդաստանի հանդեպ իր սերն ու համակրանքը:
Բահավալադը, որ արդեն ծերության տարիներն էր անցկացնում,այլևս Աղշահրում ու Լառանդեում բնակության տարիների նման չէր կարողանում կանոնավոր քարոզներ կարդալ ու այդ պատճառով էլ առավել հակված էր սահմանափակ թվով մասնակիցներ ունեցող հավաքներին, այդուհանդերձ նրա ցանկացած քարոզը մեծ հուզում ու ոգևորություն էր առաջացնում ունկնդիրների մոտ: Քաղաքի սուֆիները, իսլամագետներն ու երևելիները մեծ հետաքրքրություն էին ցուցաբերում այդ հավաքների հանդեպ: Սիրում էին դեպի բարին առաջնորդելու և չարից հրաժարվելու բնագավառում նրա կտրուկ ոճն ու դա ընդունում էին: Այն ինչը, որ Բահավալադը քարոզներում ասում էր Ալլահի և ունկնդիրների նրան միանալու անհրաժեշտության մասին, հարազատ էր թվում բոլորին: Նույնիսկ այն օրերին, երբ ծերության պատճառով տանն էր ընդունում իր աշակերտներին ու հետևորդներին, իր թույլ ձայնով, որի ունկնդրելը շատ դժվար էր լինում, իր հետևորդների մոտ ոգևորություն էր առաջացնում: Բահավալադի խոսքերը նրանց համար հագեցած էին կյանքի ոգով, թեև այդ օրերին նրա կյանքի լույսն արդեն մարում էր: Ի վերջո մահը հաղթում է նրան, ով իր խոսքերով բոլորին ոգևորություն էր փոխանցում: Նա վախճանվոմ է լուսնային հիջրեթի 628 թվականին՝ 83 տարեկան հասակում: Կոնիան, որ մեծ ոգևորությամբ դիմավորել էր նրան, մեծ վշտով հուղարկավորում է նրան: Սուլթանը մեկ շաբաթ հանրային սուգ է հայտարարում և այդ օրերի ընթացքում քաղաքի երևելիներն արտահայտում են Խոռասանից եկած իրանցի մեծ քարոզիչի հանդեպ իրենց սերն ու հարգանքը: Շատ չանցած նրա գերեզմանը դառնում է նրա սիրահարների ուխտատեղին: