Հունվար 27, 2018 00:47 Asia/Yerevan

Այս հաղորդման ընթացքում կծանոթանանք իրանցի հայտնի գեղանկարիչ Քեմալեդդին Բեհզադ Սոլթանիի հետ:

Ողջույն թանկագին բարեկամներ: «Իրանցի հանրահայտ գործիչներ՝ համաշխարհային պարծանքներ» հաղորդաշարի հերթական համարում կայցելենք մեծ Խոռասան ու Թեյմուրյանների շրջանի Հարաթ քաղաք,որտեղ ձեզ կծանոթացնենք Իրանի գեղանկարչության մեջ Հարաթի դպրոցի հիմնադիր հանրահայտ գեղանկարիչ Քեմալեդդին Բեհզադի հետ, ով ապրել է լուսնային հիջրեթի 9-րդ և 10 դարերում: Քեմալեդդին Բեհզադ Սոլթանին իրանցի նորարար ու չափազանց հայտնի գեղանկարիչներից է եղել: Նրա ոճը նոր դպրոց է առաջացրել իրանական գեղանկարչության մեջ: Իրանական գեղանկարչության բնագավառում նրա ձեռքբերումները երկար տարիներ ներշնչման աղբյուր են հանդիսացել Իրանի, Հնդկաստանի, Թուրքիայի ու Միջին Ասիայի արվեստագետների համար:

Քեմալեդդին Բեհզադի կիսանդրին Թավրիզի «Բիլանքուհ» փողոցում գտնվող «Բաղմիշե»-ում

 

Լուսնային Հիջրեթի 855-ից 865 թվականների ընթացքում Հարաթ քաղաքում գտնվող ծածկափակ մի շուկայի հարևանության մեջ մի մանուկ լույս աշխարհ եկավ, որին վիճակված էր նոր ուղղություն առաջացնել իրանական գեղանկարչության մեջ: Նրան Քեմալեդդին կոչեցին, իսկ երբ նա հասակ առնելով հասավ կատարելագործման մակարդակին իր համար ընտրեց Բեհզադ անունն ու հենց դրանով էլ հայտնի դարձավ ամենուր: Այդ շրջանի բազմաթիվ պատմագիրներ, այդ թվում «Թարիխ Ռաշիդի»-ի հեղինակ Միրզա Մոհամմեդ Հեյդար Դողալաթն ու «Խոլասե-ալ-թավարիխ» գրքի հեղինակ Ղազի Ահմեդ Մոնշի Ղոմին, այս հայտնի նկարչին Միրաք անունով հայտնի և Սոլթան Հոսեյն Բայղարայի գրադարանավար Ամիր Ռուհոլլահի աշակերտն են համարել: Քեմալեդդին Բեհզադը մանուկ հասակում կորցնում է իր ծնողներին: Ասվում է, որ Ռուհոլլահ Միրաքը, որ հավանաբար նրա ազգականներից է եղել, հանձն է առնում նրա խնամակալությունը: «Հաբիբ-ալ-սեյր» գրքի հեղինակի համոզմամբ այդ օրերին Խաջե Միրաքը նկարչության ու ոսկեպատման մեջ իր նմանը չի ունեցել ու շինությունների վիմագրերի հարցում վարպետ է եղել: «Հաբիբ-ալ-սեյր»-ի հեղինակ Խանդ Միրի ընդգծմամբ Հարաթի շինությունների վրա պահպանված արձանագրությունների մեծ մասը Միրաքի աշխատանքն են համարվում: Պատմության գրքերում Ռուհոլլահ Միրաքի ու Փիր Սեյեդ Ահմեդ Թաբրիզիի անունները հիշատակված են որպես Քեմալեդդին Բեհզադի ուսուցիչներ:

Բեհզադը չափազանց երիտասարդ էր երբ իր վարպետներից առած դասերի շնորհիվ գեղանկարչության բնագավառում հայտնի անուն է դառնում ու հայտնվելով իր առաջին հովանավոր Ամիր Ալիշիր Նավայիի ուշադրության կենտրոնում բացառիկ հնարավորությունների տեր դառնալով նրա խրախուսանքով ու հովանավորությամբ Բեհզադի արվեստն ավելի է զարգանում: Բեհզադը չափազանց երիտասարդ տարիքում Սոլթան Հոսեյն Բայղարայի հրահանգով պալատ է մուտք գործում ու նրա արվեստը ծաղկում ու զարգանում է նրա արվեստասեր ու իմաստուն նախարար Ամիր Ալիշիր Նավայիի հսկողության ներքո: Այդ օրերին Բեհզադը Հարաթի գեղանկարչության կենտրոնի ուսուցիչ է նշանակվում ու այդ դպրոցի աշակերտներին մանրանկարչության դասեր է տալիս: Քեմալեդդին Բեհզադի հայտնի ստեղծագործությունները պատկանում են այդ շրջանին: Ամիր Ալիշիր Նավային գեղանկարչության այդ դպրոցն ապահովում է նկարչության համար անհրաժեշտ ամեն տեսակ պիտույքներով ու ներկերով: Բեհզադը բացի իր սեփական ստեղծագործություններից, իր մի խումբ աշակերտների համագործակցությամբ կենտրոնի դահլիճներից մեկի պատերն ու առաստաղը ծածկում է մանրանկարչությամբ: Այդ դահլիճն այդուհետ պատկերասրահ կոչվեց: Հարաթում Սոլթան Հոսեյն Բայղարայի արքունիքը գրականության, արվեստի ու գիտության ոլորտի գործիչների ժամադրավայրն էր: Արքունիք, որին գլխավորում էին Թեյմուրյանների իմաստուն նախարար Ամիր Ալիշիր Նավային, հայտնի բանաստեղծ Ջամին ու պատմագիր Խանդ Միրը:

Նմուշներ Բեհզադի ստեղծագործություններից

 

Քեմալեդդին Բեհզադի կյանքն անցել է երկու ժամանակահատվածներում ու իշխանական երկու տարբեր մեթոդների ենթակայության մեջ: Նրա կյանքի առաջին կեսն, այսինքն լուսնային հիջրեթի 9-րդ դարի երկրորդ կեսը անց է կացել Հարաթում Սոլթան Հոսեյն Բայղարայի իշխանության շրջանում ու Թեյմուրյանների իշխանական մեթոդների ներքո: Նրա կյանքի երկրորդ կեսն, այսինքն լուսնային 10-րդ դարի առաջին կեսը համընկնում է Սեֆևյան թագավորների իշխանությանը: Իրականության մեջ Քեմալեդդին Բեհզադը երկու դարերը ճաշակել է երկու տարբեր իշխանությունների ներքո: Այդ երկու շրջանների միջև նա նաև հանդիպել է ուզբեքների պարագլուխ Շիբաք Խան անունով հայտնի Մոհամմեդխան Շեյբանիին, ինչը հատուկ ազդեցություն չի գործել նրա կյանքի ընթացքի վրա: Ժամանակակից բանասեր Յաղուբ Աժանդի համոզմամբ. «Բեհզադի կյանքի 50 տարիներն անց են կացել Հարաթում՝ Սոլթան Հոսեյն Բայղարայի իշխանության ներքո և նրա արքունիքում էլ նա գեղարվեստական ծաղկում է ապրել»:

Այդ ժամանակ Հարաթը շենության ու գեղեցկության տեսակետից կարևոր ու եզակի քաղաք էր համարվում: Շքեղ ապարանքներն ու այգիները, բանուկ հրապարակներն ու շուկաներն այդ ժամանակաշրջանի հատկանիշներից են: Բացի այդ Թեյմուրյանների շրջանում չափազանց մեծ ծաղկում են ունեցել նաև Հարաթի դպրոցներն ու դրանց բազմաթիվ գրադարանները համարվել են ժամանակի հայտնի գիտնականների, բանաստեղծների, գեղագիրների ու արվեստագետների աշխատավայրը:

Այս քաղաքի բազմաթիվ գրադարանների մեջ Սոլթան Հոսեյն Բայղարայի և նրա արվեստասեր նախարար Ամիր Ալիշիր Նավայիի գրադարաններն գրականության ու արվեստի հարուստ հավաքածու են եղել: Գեղագիրները, նկարիչները, ոսկեպատողներն ու կազմարարներն այդ գրադարանների եզակի ու գեղեցիկ մատյանների ստեղծման ու զարդարման ուղղությամբ համագործակցում ու միմյանց հետ մրցակցում էին:

Քեմալեդդին Բեհզադն Ամիր Ալիշիր Նավայիի ու Սոլթան Հոսեյն Բայղարայի արքունիքում արժեքավոր դիրք է զբաղեցնում: Սոլթան Հոսեյն Բայղարան նրան տվել էր «Երկրորդ Մանի» կոչումն ու հենց դա էլ պատճառ էր դարձել, որ Բեհզադը կարճ ժամանակամիջոցում հասնի այնպիսի հասունացման, որ բոլորը նրան վարպետ կոչեն:

Սոլթան Հոսեյն Բայղարան լուսնային հիջրեթի 898 թվականին Բեհզադին Արքունական գրադարանի պետ է նշանակում ու այդպիսով նրան է փոխանցվում Սոլթան Հոսեյն Բայղարայի պալատի արվեստագետների գլխավոր պատասխանատվությունը: Նա այդտեղ զբաղվում է գեղանկարչությամբ ու գրքերի պատկերազարդմամբ ու այդ բնագավառում բարձր դիրքեր է նվաճում: Ենթադրվում է, որ մինչև Սոլթան Հոսեյն Բայղարայի վախճանումը Բեհզադը վարել է գրադարանի պետի պաշտոնը: 20-ամյա այդ շրջանում պալատում գեղարվեստական տարբեր նախագծեր իրականացնելուց բացի Բեհզադը դաստիարակում է Ղասեմ Ալի Չեհրեգոշաի, Մոլանա Յուսեֆի, Աղա Միրաք Էսֆահանիի ու Շեյխզադե Խոռասանիի նման հայտնի աշակերտներ և իրանական գեղանկարչության բնագավառում իր նորարարություններով հիմնում է Հարաթի նկարչական դպրոցը:

Սոլթան Հոսեյն Բայղարա

 

Լուսնային հիջրեթի 912 թվականին Շիբաք Խան անունով հայտնի Մոհամմեդխան Շեյբանին ներխուժում է Հարաթ և կործանում է Թեյմուրյանների հարստությունը: Այդ շրջանում էլ Բեհզադը շարունակում է բնակվել Հարաթում: Լուսնային հիջրեթի 916 թվականին Սեֆևյան Շահ Էսմայիլը Հարաթը գրավում է: Շահ Էսմայիլը, որ մեծ սեր ուներ հանդեպ տարբեր արվեստներն, այդ թվում գեղանկարչությունը, տեղեկանալով Քեմալեդդին Բեհզադի համբավի մասին ցանկանում է օգտվել նրա ծառայություններից: Հարաթը գրավելուց հետո նա Բեհզադին ու այդ քաղաքի բազմաթիվ այլ արվեստագետների իր հետ Թավրիզ է բերում: Բեհզադն իր կյանքի ավելի քան 26 տարիներն անց է կացնում Սեֆևյանների արքունիքում: Աժանդը «Հարաթի դպրոցը» գրքում գրում է. «Այդ ժամանակաշրջանը Քեմալեդդին Բեհզադի արվեստի հասունացման ու ծերության տարիներն էին, սակայն նա դեռ ընդունակ էր մասնակից դառնալ Սեֆևյանների իշխանության սկզբնական շրջանի գեղարվեստական ծրագրերին ու ազդեցություն գործել Թավրիզի նկարչական դպրոցի ձևավորման հարցում»:

Լուսնային 928 թվականին Շահ Էսմայիլի հրահանգով Բեհզադը Արքունական գրադարանի պետ է նշանակվում: Նրան է վստահվում գրադարանի բոլոր աշխատողների, գրիչների, նկարիչների, ոսկեպատողների ու այլ մասնագետների պատասխանատվությունը: Սեֆևյան Սոլթան Թահմասբի շրջանում էլ Բեհզադը մնում է նույն պաշտոնին:

Այդ ժամանակ արդեն ծերության տարիներին գտնվող Բեհզադն աշխատանքները հետզհետե փոխանցում է իր շուրջը հավաքված աշակերտներին ու ինքն առավելապես զբաղվում է նրանց աշխատանքների սրբագրմամբ: Իհարկե այդ աշխատանքն ավելի վաղ շրջաններից սկսված տարածված է եղել արևելյան արվեստանոցներում ու հին շրջանի վարպետների կողմից ընդունված ավանդույթ է եղել:

Քեմալեդդին Բեհզադի գերեզմանաքարը Մոխթար լեռան հարևանությամբ-Հարաթ

 

Քեմալեդդին Բեհզադը վախճանվեց լուսնային հիջրեթի 942 թվականին: Ոմանք հավատացած են, որ նա մինչև կյանքի վերջը մնում է Թավրիզում՝ ծառայելով Սեֆևյանների արքունիքում ու հենց այնտեղ էլ վախճանվում է: Նրանք համոզված են, որ Քեմալեդդին Բեհզադի գերեզմանը գտնվում է Թավրիզի «Քույե Սորխաբ»-ի տարածքում՝ Շեյխ Քեմալ Խոջանդիի դամբարանի հարևանությամբ: Որոշներն էլ ասում են, որ Սեֆևյան Շահ Թահմասբի շրջանում Բեհզադը չհանդուրժելով պալատականների սադրանքներն ու նախանձը վերադառնում է Հարաթ ու այնտեղ էլ հոգին ավանդում է: Հարաթում՝ Մոխթար լեռան և Սեյեդ Աբդոլլահ Մոխթարի դամբարանի կողքին մի գերեզմանաքար կան, որի վրա գոյություն ունեցող արձանագրությունները հիմք ընդունելով ամենայն հավանականությամբ կարելի է ենթադրել է, որ այդտեղ են ամփոփված Բեհզադի աճյունները: Գերեզմանը պատված է մուգ գույնի մարմար քարով որի վրա «Հաֆթ Ղալամ» հայտնի ոճով գրություններ են քանդակված: