Մի գավաթ անդորր - 87- Մտավոր հետամնացություն
Հոգեբույժ Արամ Հովսեփյանի մասնակցությամբ Աղբյուր ՝ boon.am
Մտավոր հետամնացությունը հոգեկան հիվանդություն չէ, այլ յուրահատուկ վիճակ, երբ երեխայի ինտելեկտուալ զարգացումը սահմանափակված է կենտրոնական նյարդային համակարգի գործունեության որոշակի մակարդակով: Մտավոր հետամնաց երեխան կարող է զարգանալ և սովորել, բայց միայն իր կենսաբանական հնարավորությունների սահմաններում: Այս ճշմարտությունը ողբերգական է երեխայի ծնողների համար, քանի որ նրանք ջանում են ամեն բան անել, որպեսզի իրենց երեխան լինի «ինչպես բոլորը»:
Մտավոր հետամնացությունը չի բուժվում: Եթե որևէ հակացուցում չկա, բժիշկը կարող է խթանող բուժում նշանակել, բայց որի արդյունավետությունը կրկին սահմանափակված կլինի երեխայի զարգացման կենսաբանական հնարավորություններով: Այդ կերպ մտավոր հետամնաց երեխայի զարգացման և սոցիալական հարմարման հեռանկարը մեծ մասամբ կախված է դաստիարակության և ուսուցման համակարգից:
Կախված մտավոր հետամնացության աստիճանից` հնարավոր է հասնել ավել կամ պակաս արդյունքների: Պետք է նշել, որ միջին և ծանր մտավոր հետամնացություն ունեցող երեխաները համարվում են մանկուց հաշմանդամներ, ստանում են թոշակ կամ ունեն խնամակալ, կարող են նաև տեղավորվել հատուկ հաստատություններում:
Այս խմբի երեխաների հետ աշխատող կլինիկական հոգեբանները, հատուկ մանկավարժները կատարում են ոչ միայն խորքային ախտորոշիչ աշխատանքներ, այլև իրականցնում են հոգեթերապևտիկ և խորհրդատվական լուրջ աշխատանքներ նրանց ընտանիքների հետ: Ոչ բոլոր ծնողներն են կարողանում ինքնուրույն հաղթահարել այս դժվարությունները: Բացի այդ, այս ընտանիքներում ծնվում են նաև ինտելեկտուալ առումով լիարժեք երեխաներ, որոնք ևս ունեն հոգեբանական աջակցության կարիք:
Թեթև մտավոր հետամնացություն ունեցող երեխաներն այլ խնդիրներ են ունենում: Առաջին հերթին այդ խնդիրները կապված են դպրոցի ծրագիրը չհասցնելու հետ: Աշխարհի տարբեր երկրներում տարբեր կերպ են մոտենում մտավոր հետամնացություն ունեցող երեխաների ուսուցմանը: Գործում է ներառական կրթությունը, որը թույլ է տալիս հատկապես թեթև մտավոր հետամնացություն ունեցող երեխաներին ներառել հանրակրթական դպրոցների մեջ:
Իրականում լավ հարմարման արդյունքում թեթև մտավոր հետամնացություն ունեցող երեխաները լուծվում են հասարակության մեջ: Աշխատում են (որպես կանոն թեթև աշխատանք են անում), ընտանիքներ են ստեղծում, երեխաներ են ունենում և հանդիսանում են հասարակության լիիրավ անդամ:
Մտավոր հետամնաց երեխաներն ընդունակ են զարգանալ, սակայն դա տեղի է ունենում դանդաղ, ատիպիկ, միաժամանակ նորմայից կտրուկ շեղումներով: Այդուհանդերձ այն անընդհատ ու շարունակական գործընթաց է, որը որակական փոփոխություններ է մտցնում երեխաների իմացական գործունեության մեջ: Մտավոր հետամնացության ժամանակ նկատվում է հույզերի և ինտելեկտի միջև ավելի սերտ կապ և հույզերի գերակշռում երեխայի գործունեության բոլոր ձևերում:
Մտավոր հետամնացություն ունեցող երեխաները ոչ մի դեպքում չեն կարող հավասարվել ավելի փոքր տարիքի նորմալ զարգացող երեխաներին: Նրանք յուրատիպ են իրենց հիմնական դրսևորումներում: Մտավոր հետամնացությունն իր հետևից բերում է երեխայի հոգեկան գործունեության տարբեր կողմերի անհավասարաչափ փոփոխությունների:
Մտավոր հետամնացությունը (օլիգոֆրենիան) զարգացման խանգարում է, որն անփոփոխ է մնում կյանքի ողջ ընթացքում: Հետամնացությունն արտահայտվում է մի խումբ խանգարումներով, որոնց հետևանքով մարդու մոտ չի զարգանում ինտելեկտը:
Որոշ խանգարումներ պայմանավորված են լինում քրոմոսոմային կամ գենային խանգարումներով (Դաունի համախտանիշ): Գոյություն ունեն ներարգանդային զարգացման տարատեսակ խախտումներով, ծննդային և վաղ մանկական հասակում ստացված տրավմաներով պայմանավորված խանգարումներ:
Մտավոր հետամնացությունը բաժանվում է ծանրության երեք աստիճանների: Ամենածանր աստիճանը ապուշությունն է, որը գրեթե անհամատեղելի է կյանքի հետ: Ապուշությամբ տառապող մարդիկ ունակ չեն ինքնուրույն գոյատևել, խոսել, շփվել և չեն կարող ապրել առանց խնամքի: Ծանրության միջին աստիճանն իմբեցիլությունն է, որը թույլ է տալիս մարդուն որոշ պարզագույն ինքնուրույնություն և խոսակցական պաշար ունենալ, սակայն այն ևս անհաղթահարելի է: Օլիգոֆրենիայի ամենաթեթև տեսակը դեբիլությունն է, որով տառապող մարդիկ կարողանում են զարգանալ և արտաքին կյանքին հարմարվել: Նրանց մտածողությունը կոնկրետ է և մեխանիկական. դեբիլությունը սահմանափակում է աբստրակտ մտածողության ունակությունը: Այս ախտորոշմամբ մարդկանց հետ պատշաճ ախշատանքը թույլ է տալիս զարգացնել նրանց ունակությունները, ինչը թույլ է տալիս նրանց գրեթե լիարժեք կյանքով ապրել: Օլիգոֆրենիայի տեսակներին բնորոշ են նաև որոշ վարքային խանգարումներ՝ սեքսուալ ապարգելացվածությունը և էմոցիոնալ անկայունությունը: