Մի գավաթ անդորր - 89- Ալարկոտություն
Հոգեբան Անուշ Ալեքսանյանի մասնակցությամբ Աղբյուր ՝ boon.am
Լինում է չէ՞ բոլորի մոտ էլ, որ նպատակները դրված են, բոլոր ուղիները դրանց հասնելու համար մանրամասն մշակված են, բայց արդեն անցել է որոշ ժամանակ, և Դուք այպես էլ ոչինչ չեք ձեռնարկել, ամեն ինչ դեռ իր տեղում է, իսկ Դուք չեք էլ պատրաստվում գործել: Ամեն օր ասում եք վաղը. գալիս է վաղը` ասում եք էլի վաղը ու այսպես շարունակ: Ամեն օր մտածում եք` վերջ վաղվանից նոր կյանք եմ սկսելու, կամ երկուշաբթի օրվանից կյանքս փոխելու եմ, բայց երկուշաբթիները գալիս գնում են, բայց այդպես էլ ոչինչ չեք ձեռնարկում, իհարկե, Ձեր չգործելն ու չձեռնարկելը միշտ փորձելով օբյեկտիվորեն պատճառաբանել:
Ինչու՞….
Ամեն ինչ պարզ է, չկա մոտիվացիա, իսկ ավելի հստակ ինքնամոտիվացում: Եթե խոսենք ավելի գրական և մաքուր հայերենով դա ինքնադրդում կարելի է անվանել, այսինքն` սեփական անձը դրդելու, հետաքրքրելու, ոգեշնչելու ունակություն ինչ-որ գործողությունների իրականացման համար:
Դրդապատճառը դա գործողության մղելու ուժն է: Տարբերում ենք արտաքին և ներքին դրդապատճառներ:
Արտաքին դրդապատճառը առաջանում է արտաքին դրդիչների շնորհիվ, օրինակ կարող է հանդիսանալ <<կսովորես դասերդ, կգնանք զբոսնելու կամ կբարձրացնես արտադրաքանակը, կբարձրանա աշխատավարձդ>>, իսկ ներքին դրդապատճառը առաջանում է ներքին դրդիչների շնորհիվ, ինչպիսիք կարող են լինել անձի ներքին ցանկությունները, հետաքրքրությունները, պահանջմուքները, նախասիրությունները:
Որքան էլ զարմանալի հնչի, այնուամենայնիվ դա փաստ է` ներքին դրդապատճառվածությունն այսօր համարվում է բավականին հազվադեպ հանդիպող երևույթ: Այսօր շատ քիչ մարդիկ կան, ովքեր ունեն ներքին դրդապատճառվածություն, ինքնամոտիվացվելու ունակություն: Որպեսզի հասկանալի լինի, թե որքան կարևոր է ներքին դրդապատճառվածությունը, ասեմ, որ նրանք ովքեր առանձնանում են ներքին դրդապատճառվածությամբ ունեն.
· Իրենց սեփական բիզնեսը, քանի որ իրենց պետք չէ ինչ-որ այլ մեկի աշխատողը լինել:
· Եկամտի մեծ աղբյուր, քանի որ մշտապես դնում են բարձր նպատակներ և ձգտում հասնել դրանց:
· Վառ և գունեղ կյանք, որտեղ իրականացնում են իրենց բոլոր երազանքները:
· Շրջապատողների հարգանքը, ովքեր տեսնում են, թե ինչպես ես առաջ ընթանում:
· Ուրախություն և հաճույք:
· Ակտիվություն և թարմություն:
· Անձի դրական կողմնորոշումը կյանքի հանդեպ:
· Հաջողություն:
· Հավատ սեփական անձի հանդեպ, որը թույլ է տալիս հաղթահարել ցանկացած խոչընդոտ:
· Ազատություն:
Մենք բոլորս էլ երբեմն ծուլության գիրկն ենք ընկնում և մեծահոգաբար ներում մեզ այդ թուլության համար: Այդպիսի պահերին ցանկացած պատճառաբանություն կարող ենք մոգոնել, միայն թե ոչինչ չանենք:
Ըստ հոգեբանների՝ ծուլությունը մոտիվացիայի կամ կամքի բացակայություն է:
Աշխատանքում և կարիերայում մեր անհաջողությունների հիմնական պատճառը հենց ծուլությունն է: Ծուլությամբ տառապող մարդիկ միշտ կախվածության մեջ են լինում մյուսներից: Այն թույլ չի տալիս, որ մարդն իր տաղանդը բացահայտի, արգելակում է առաջընթացը, ստիպում զգուշավոր լինել, արգելանքներ է ստեղծում դեպի նպատակը տանող ճանապարհին:
Ծույլ մարդը սիրում է շատ խոսել և քիչ գործել:
Ծույլն իր անհաջողությունների համար ցանկացած պատճառաբանություն կարող է գտնել. Ժամանակներն են դժվարին, շրջապատն է անտանելի, բոլոր լավ տեղերն արդեն զբաղեցված են,
Իսկ ինքն այդ ողջ ընթացքում մատը մատին չի խփում, որ իր կյանքում գոնե ինչ-որ բան փոխվի: Եթե նրան ասեք, որ ինքը պարզապես ծույլ է, խիստ կվիրավորվի, բայց, միևնույն է հեռուստացույցի կամ համակարգչի դիմաց հարմարվետ դրված աթոռը ոչ մի դեպքում չի լքի: Այդպիսի մարդը միշտ ապրուստի հեշտ ուղիներ է փնտրում, իսկ կյանքի վերջում, երբ բոլոր հույսերը չիրագործված են մնում, խոր հիասթափություն է ապրում: Այդպիսի մարդիկ մեծ մասամբ որոշակի պլաններ ու նպատակներ չեն էլ ունենում: Նրանք տարեցտարի աղքատանում են և հոգով, և մարմնով:
Ուղղակի տարիներ շարունակ ծուլության տիրապետության տակ ապրելուց հետո շատ դժվար է այն թոթափելը, քանի որ դրա օգնությամբ արմատացած սովորություններն արդեն բնավորության են վերածվում: Ինչպես ժողովրդական իմաստությունն է ասում՝ «Միտքը արարք է ծնում, արարքը՝ սովորություն, սովորությունը՝ բնավորություն, բնավորությունը՝ ճակատագիր»:
Հետևաբար ծուլությունը պետք է արմատախիլ անել հենց օրորոցում, երբ այն դեռ չի հասցրել բնավորության վերածվել:
Շատ կարևոր է որոշակի նպատակներ դնելն ու դրանց հասնելուն ձգտելը: Կյանքի գերագույն հաճույքներից մեկը արարումն է, ստեղծելը, աշխատանքի արդյունքը տեսնելն ու այն վայելելը: Մարդն ինքը, արարչի ստեղծագործությունը լինելով, իրեն չի կարող զրկել այդ աստվածատուր հաճույքից:
Երբ դուք հստակ, վեհ ու գեղեցիկ նպատակ ունեք, որին արժանի եք և կարող եք հասնել, եթե ցանկանում եք իրականացնել ձեր երազանքը, ապա ծուլությունը ձեզ երբեք չի հաղթի:
Ծուլությունը հեշտությամբ կոտրում է այն մարդկանց, որոնք չգիտեն, թե ուր են գնում և ինչ պետք է անեն: Եթե դուք դա գիտեք, դժվարություններն ու խոչընդոտները, որոնք միշտ անխուսափելի են, միայն կխթանեն ձեր վերելքը: Դրանք օրինաչափություն են, ավելին, դժվարություններն օգնում են կատարելության հասնել:
Երբ մենք սովորենք դժվարություններն ընկալել որպես վարպետության դպրոց, այդ ժամանակ կհաղթենք ծուլությունը:
Յուրաքանչյուր մարդ ծուլության դեմ պայքարի իր յուրօրինակ ձևն ունի: Մեկը կարող է ինքն իրեն խոստումներ տալ, մեկ ուրիշը կարող է դիմացինին ինչ-որ բան ապացուցելու համար սեփական անշարժությունը հաղթահարել, իսկ առանց աշխատելու փող չես ունենա:
Ահա Ձեզ մի քանի խորհուրդներ, թե ինչպես հաղաթահարել այս ամենը:
Ամեն խնդիր էլ հաղթահարելի է, պետք է սկսել նրանից, որ վերլուծեք և հասկանաք, թե որն է պատճառը, որ Դուք չունեք դրդապատճառվածություն: Եթե դա էներգիայի պակասն է, ապա օգտվեք հոգեբանական հանգստացնող մեթոդներից, մեդիատացիաներից, հակասթրեսային միջոցներից: