Գեղարվեստական հաղորդում (100)
Ողջույն ձեզ թանկագին բարեկամներ: Ինչպես միշտ մեր հաղորդման ընթացքում կանդրադառնանք մի շարք գեղարվեստական լուրերի: Իսկ եթերում մեզ կընկերակցի մեր թղթակիցը:
Իրանի Իսլամական Հանրապետության հեղափոխության հաղթանակի տարեդարձին նվիրված միջոցառումների շրջանակում` ՀՀ ԳԱԱ Մանուկ Աբեղյանի անվան գրականության ինստիտուտի, Հայաստանի գրողների միության եւ Հայաստանում Իրանի Իսլամական Հանրապետության դեսպանության մշակույթի կենտրոնի նախաձեռնությամբ, փետրվարի 2-ին գրականության ինստիտուտում տեղի ունեցավ «Իրանի հեղափոխության ազդեցությունը ժամանակակից իրանական գրականության վրա» խորագրով քննարկում: Դրան հաջորդեց Իրանի ժամանակակից պոեզիային նվիրված «Ակներ ակներեւ» գրքի շնորհանդեսը (թարգմանիչ՝ Վարանդ (Սուքիաս Քյուրքչյան):
«Մեր երկրի հաղթանակն է, որ առաջիկա տասը օրերի ընթացքում պատրաստվում ենք տոնել: Այդ տասնօրյակի շրջանակում որոշել ենք կազմակերպել նաեւ գիտական հանդիպում` նվիրված Իրանի ժամանակակից գրականությանը: Իսկ այսօր կքննարկենք հեղափոխության ազդեցությունը գրականության վրա ինպես նաեւ կներկայացնենք իրանական գրականությունը` հայ թարգմանչի միջոցով»,-հանդիսության բացմանը նշեց Հայաստանում Իրանի Իսլամական հանրապետության դեսպանության մշակույթի խորհրդական, մշակույթի կենտրոնի ղեկավար Մոհամադ Ռեզա Հեյդարին:
«Ակներ ակներեւ» գրքում, գրականության ինստիտուտի տնօրեն Վարդան Դեւրիկյանի բնութագրմամբ, զետեղված են բանաստեղծություններ, որոնք ներկայացնում են 19-րդ դարավերջից մինչեւ 20-րդ դարասկզբի բանաստեղծական մտածողության ավանդների զարգացման ընթացքը: «Ամեն բան դրսեւորում է ստացել ըստ ժամանակային խնդիրների ու մտածողության մեջ, որում եւ կայանում է իրանական գրականության կենսունակությունը»,- նշեց գրականագետը:
Ինչպես մեզ հետ զրույցում նշեց ՀԳՄ նախագահ Էդվարդ Միլիտոնյանը, վերջին տարիներին Հայաստանի գրողների միությունում հաճախակի են կազմակերպվում հանդիպումներ իրանցի գրողների հետ, որոնց շրջանակում տեղի են ունենում նաեւ պարսկերենից թարգմանված գրքերի շնորհանդեսներ: Իրանում էլ, զուգահեռաբար, հրատարակվում են հայ հեղինակների գրքեր: Թեհրանի «Աֆրազ» հրատարակչությունը վերջին մի քանի տարում լույս է ընծայել յոթ հայ բանաստեղծների ժողովածուներ: «Թեհրանի մշակութային կենտրոնի տնօրեն Ալիռեզա Ղազվեի հետ հանդիպման ժամանակ որոշեցինք Հայաստանում տպագրել ժամանակակից պարսից գրականության անթոլոգիա, իսկ իրենք կհրատարակեն` «Հայ գրողները Պարսկաստանի մասին» գիրք, որն այժմ ընթացքի մեջ է»,- տեղեկացրեց Է. Միլիտոնյանը:

Շիդա Քաշանիի պատրաստած «Հանդիսատես» մուլտֆիլմը Կանադայի «Picture this...» կինոփառատոնի լավագույն մուլտֆիլմ ճանաչվեց:
«Picture this...» 18-րդ կինոփառատոնը 2018 թվականի ապրիլի 11-ից 14-ը տեղի կունենա Կանադայի Ալբերտա նահանգի Քալգարի քաղաքում:
Կինոփառատոնի պատասխանատուները ընտրյալների անունները հայտարարում են նախօրոք, որպեսզի դրանց հեղինակները փառատոնին մասնակցելու հնարավորություն ունենան:
«Հանդիսատես» մուլտֆիլմն ավելի վաղ շահել է Վրաստանի «TOFUZI» միջազգային 9-րդ կինոփառատոնի քաջության պատվո դիպլոմը:
ԻՌՆԱ-ի կիրակի օրը կատարած հաղորդման համաձայն «Փրկություն դրախտից» իրանական մուլտֆիլմը մասնակցելով ԱՄՆ-ի Ֆլորիդայում կազմակերպված Խաղաղության միջազգային 4-րդ կինոփառատոնին, շահել է «Լավագույն ավանգարդ ֆիլմ», «Լավագույն գեղարվեստական ֆիլմ» և «Լավագույն նկարահանում» անվանակարգերի գլխավոր մրցանակները:
ԱՄՆ-ի Խաղաղության միջազգային 4-րդ կինոփառատոնը 45 երկրների ներկայացուցիչների մասնակցությամբ հունվարի 18-ից 20-ը կայացավ ԱՄՆ-ի Ֆլորիդա նահանգի Օռլանդո քաղաքում:
Ի դեպ, Թվայնացված մեդիայի մուլտֆիլմերի միջազգային 4-րդ փառատոնն անց է կացվելու Իրանի հյուսիս-արևմուտքում գտնվող Թավրիզ քաղաքում: Փառատոնի առանցքում են լինելու ինտերնետը, սոցիալական ցանցերը, թվայնացված խաղերն ու զվարճանքը, թվայնացված կենսակերպը, բովանդակության կիսելը, մանուկներն ու պատանիները և անձնական սահմանները:
Իրանցի կին կինոռեժիսոր Զոհրե Զամանին ընտրվել է Նեպալի մարդու իրավունքների միջազգային 6-րդ կինոփառատոնի ժյուրիիների կազմի անդամ:
Զոհրե Զամանին շաբաթ օրն ԻՌՆԱ-ին տված հարցազրույցում ասել է. «Նեպալի մարդու իրավունքների միջազգային 6-րդ կինոփառատոնը նպատակ ունի Նեպալում ու աշխարհում մարդու իրավունքների տարածման ու խաղաղ հասարակության ստեղծման ուղղությամբ ջանք գործադրել»:
Նեպալի մարդու իրավունքների միջազգային 6-րդ կինոփառատոնը տեղի կունենա մարտի 7-ից 10-ը՝ Կատմանդու քաղաքում:
Զ2017 թվականին, Զոհրե Զամանին, որպես առաջին մուսուլման կին, ընտրվեց աշխարհի կաթոլիկների կինոյի միության «SIGNIS» փառատոնի մրցության բաժնի ժյուրի և Իտալիայի «Ժամանակակից կրոն» կինոփառատոնի ժյուրիի կազմում:
Զամանին 2010 թվականին եղել է «Ժամանակակից կրոն» կինոփառատոնի միջազգային բաժնի և 2012 թվականին Դաքայի միջազգային կինոփառատոնի Ասիա-Ավստրալիա բաժնի ժյուրիների կազմի անդամ, իսկ 2014 թվականին՝ Դաքայի կինոփառատոնի կարճամետրաժ ու անկախ ֆիլմերի բաժնի ժյուրիների նախագահը:
20-րդ դարի ամերիկյան գրականության հսկա, ամերիկահայ գրող Վիլյամ Սարոյանի 110-ամյակի կապակցությամբ Երևանում կանցկացվի «Բարև Սարոյան» ծրագիրը, որի մեկնարկը տրվեց փետրվարի 3-ին Աշոտ Նավասարդյանի անվան 196 դպրոցում: Նախատեսվում են գրողի ստեղծագործությունների ընթերցումներ, թատերական ներկայացումներ և այլն:
«Այս եռամսյա նախաձեռնության շրջանակում երեխաները խաղերի, ընթերցանության, թատերական ներկայացումների միջոցով կարող են ծանոթանալ մեծ գրողի հարուստ գրական ժառանգությանը: Հանդիպումները նախատեսվում է իրականացնել ամեն շաբաթ օր: Սարոյանը ներկայացվելու է տարբեր կողմերով` Սարոյան գրող, Սարոյան թատերագետ, Սարոյան սցենարիստ, Սարոյան նկարիչ, Սարոյան դրամատուրգ և այլն»,-«Արմենպրես»-ի թղթակցի հետ զրույցում նշեց ՀԲԸՄ Երիտասարդ Արհեստավարժներ Երևանյան խմբի ղեկավար Ինգա Վարդանյանը:
Մեկնարկին ինտերակտիվ քննարկումներ և վիդեո տեսանյութեր կլինեն հեղինակի կյանքի և գործունեության մասին, որոնք դեռ չեն հրապարակվել:
Վարդանյանի խոսքով` մասնակից կարող են դառնալ բոլոր ցանկացողները:
«Բարև Սարոյան» ծրագիրն իրականացվում է ՀԲԸՄ Երիտասարդ արհեստավարժների «Գրքաբաց» նախաձեռնության և «Ռենեսանս» մշակութային և ինտելեկտուալ հիմանդրամի «Սարոյան Հաուս» նախագծի շրջանակում:
Ամերիկացի գրող, 11 գրքի հեղինակ, սցենարիստ Բիլ Քաուֆմանը հոդված է հրապարակել Հոլիվուդի Վիլյամ Սարոյանի եւ գեղարվեստական ֆիլմերում Հայոց ցեղասպանության մասին:
Քաուֆմանի խոսքով՝ հայ ժողովրդի սարսափելի ճակատագրի մասին ֆիլմերը «մշտապես անարդարացիորեն անտեսվել» են: Գրողը նման ֆիլմների թվին է դասել Ատոմ Էգոյանի նկարահանած «Արարատ» եւ Թերրի Ջորջի «Խոստում» ֆիլմերը:
Հայերի ճակատագիրը ոչ մեկին չի հուզում, The American Conservative կայքում հրապարակված իր հոդվածում նշում է հեղինակը:
«Իմ հանգուցյալ աներ Վազգեն Անդոնյանը կզարմանար: Վազգենը Հալեպում է մեծացել, երբ Սիրիան դեռեւս անվտանգ էր եւ հայերի համար հյուրընկալ ապաստարան: Նա սրամիտ, քաղաքավարի մարդ էր, որն իր ժառանգությամբ շատ էր հպարտանում, սակայն նրա ժպիտի տակ միշտ տախիծ էր թաքնված: Նա ինձ պատմել է պատմությունն այն մասին, թե ինչպես է իր հայրը փախել ջարդից համագյուղացի բարյացակամ թուրքի շնորհիվ: Սարոյանին այս շրջադարձը դուր կգար»,- նշում է նա:
Բիլ Քաուֆմանն իր հոդվածում հիշել է իր եւ Վազգենի միջեւ միակ վեճը, որը տեղի է ունեցել 1990 թվականին: Այդ ժամանակ իրենք վիճել են Պարսից ծոցում պատերազմի շուրջ. «Բիլ, քո խնդիրն այն է, որ դու աշխարհը չես տեսել»,- ասել էր աները: «Իսկ քո խնդիրն այն է, որ դու չափից շատ բան ես տեսել»,- պատասխանել էր հեղինակը:
«Հիմա ես ինձ մեղավոր եմ զգում: Ես չէի կարդացել Ֆրանց Վերֆելի «Մուսա լեռան 40 օրը», որը Քենը խնդրեց ինձ կարդալ: Այս ձմռանը ես կուղղվեմ: Սակայն հաստատ չարժի ֆիլմ սպասել: 1,5 մլն հայերի ցեղասպանությունը Հոլիվուդում հետաքրքրություն չի առաջացնում»,- ավարտել է հեղինակը:
Բրիտանական BBC 3 ռադիոն 50 րոպե տևողությամբ հաղորդում է հեռարձակել՝ ավստրիացի գրող Ֆրանց Վերֆելի «Մուսա լեռան 40 օրը» գրքի մասին: Այս մասին տեղեկացնում է Նուվել դ՝Աղմենին: Հաղորդման ժամանակ մեկնաբանները վստահեցրել են, որ Վերֆելի այս գիրքը կարելի է համարել 20-րդ ամենից ցավոտ վեպը, որում ներկայացված է իրական պատմություն՝ Ցեղասպանությունը վերապրած հայերի՝ Մուսա լեռան բարձունքում պայքարի մասին:
«Այս գիրքը բացում է ժամանակակից պատմության ամենամութ վարագույրը, երբ Օսմանյան կայսրությունը որոշեց իր՝ ծագումով հայ քաղաքացիներին ոչնչացնել»,- ասել է հաղորդավար Մարիա Մակարոնիսը: Նա նաև նշել է, որ այս գիրքը հաճախ է գրաքննության ենթարկվել, բայց դա չի խանգարել, որ այն թարգմանվի և հրատարակվի 34 լեզուներով՝ տարածվելով ամբողջ աշխարհով:
Մակարոնիսը նաև ասել է, որ Հոլիվուդում այս թեմայով ֆիլմ ստեղծելու փորձերը ձախողվել են թուրքական իշխանությունների ճնշումների պատճառով:
Հայկական ծագում ունեցող ֆրանսիացի պրոդյուսեր Ալեքսիս Դուլգերյանի «Արյունոտ կաթ» («Petit Paysan») ֆիլմը ներկայացվել է Ֆրանսիայի ազգային «Սեզար» կինոմրցանակին:
Ինչպես հաղորդում է rusarminfo.ru-ն, ֆիլմը ներկայացվել է 2 անվանակարգում՝ «Լավագույն ֆիլմ» և «Լավագույն ռեժիսորական աշխատանք»:
Կինոնկարը պատմում է իր երկու կովին համաճարակից փրկելու փորձեր ձեռնարկող միայնակ ֆերմերի մասին:
Հիշեցնենք, որ «Սեզար» մրցանակաբաշխությունը կայանալու է մարտի 2-ին՝ Փարիզում: Միջոցառումն անցկացվելու է 43-րդ անգամ: