Իրանի ներկայացուցիչ. Ճնշումն ու հարկադրանքը չեն կարող օրինականացնել Վաշինգտոնի անօրինական գործողությունները
ՄԱԿ-ում ԻԻՀ ներկայացուցիչը ծիծաղելի և խաբուսիկ է համարել Հորմուզի նեղուցի վերաբերյալ հակաիրանական բանաձևի նախագծին աջակցող երկրների թվի աճը ցույց տալու ԱՄՆ-ի փորձը։
Pars Today-ի փոխանցմամբ՝ ՄԱԿ-ում Իրանի ներկայացուցիչ Ամիր Սաիդ Իրավանին չորեքշաբթի օրը հայտարարել է, որ Հորմուզի նեղուցի վերաբերյալ հակաիրանական բանաձևի նախագծին աջակցող երկրների թիվը որպես Իրանի լայնածավալ միջազգային աջակցություն և մեկուսացում ցույց տալու ԱՄՆ-ի փորձը ծիծաղելի է։
Նա հավելել է. «Ճնշման և հարկադրանքի արդյունքում առաջացած ոչ մի աջակցություն չի կարող օրինականացնել Վաշինգտոնի կողմից Իրանի դեմ իրականացվող անօրինական միջազգային գործողությունները, այդ թվում՝ ծովային շրջափակումը, իրանական առևտրային նավերի վրա հարձակումն ու առգրավումը, ինչպես նաև դրանց անձնակազմերի պատանդ վերցնելը, ինչը նման է ծովահենության»։
Իրավանին ընդգծել է. «Բոլորը գիտեն, որ շատ անդամներ միացել են բանաձևի նախագծին քաղաքական ճնշման, հարկադրանքի և նույնիսկ սպառնալիքների ներքո»։
Նա նշել է․ «Միացյալ Նահանգների կողմից լայնածավալ աջակցության մասին պնդումը ոչ այլ ինչ է, քան նախապես որոշված քաղաքական նպատակները օրինականացնելու, ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի հեղինակությունը խաթարելու և անօրինական գործողությունների համար քաղաքական ծածկույթ ապահովելու հուսահատ փորձ»։
ԱՄՆ պետքարտուղարը մայիսի 5-ին հայտարարել էր. «Միացյալ Նահանգները, Բահրեյնի և իր Պարսից ծոցի գործընկերների՝ Սաուդյան Արաբիայի, ԱՄԷ-ի, Քուվեյթի և Կատարի հետ միասին, Անվտանգության խորհրդին ներկայացրել են Հորմուզի նեղուցի վերաբերյալ բանաձևի նախագիծ»։