Վերլուծություն- Ինչո՞ւ է ԱՄՆ-ը Եմենի ճգնաժամը վերագրում Իրանին
Իրանի արտաքին գործերի նախարարության խոսնակն արձագանքելով ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոյի հայտարարություններին՝ ընդգծել է, որ Վաշինգտոնի պնդումները չեն կարող փոխարինել իրականությանը։
Իսմայիլ Բաղային, անդրադառնալով «Անսար Ալլահ»-ին, նշել է, որ այս շարժումը Եմենի անկախ դերակատարն է, որևէ մեկից հրահանգներ չի ստանում և ուրիշների վստահված ուժը չէ։ Նրա համոզմամբ՝ ԱՄՆ-ը, «Անսար Ալլահ»-ի գործողությունները վերագրելով Իրանին, փորձում է թաքցնել ինչպես Եմենի ճգնաժամի իրական պատճառները, այնպես էլ տարածաշրջանային զարգացումներում իր ունեցած դերը։
Իրանի և «Անսար Ալլահ»-ի հարաբերությունները հայտնի իրողություն են, և Թեհրանը քաղաքական ու ռազմավարական աջակցություն է ցուցաբերում Եմենի դիմադրությանը։ Սակայն այս իրողությունից չի կարելի եզրակացնել, որ «Անսար Ալլահ»-ը Թեհրանի ենթակայության տակ գործող ուժ է։ Նույնիսկ ամերիկյան որոշ կենտրոնների ուսումնասիրություններում ընդգծվում է որոշումներ կայացնելու հարցում «Անսար Ալլահ»-ի ինքնուրույնությունը։ Հետևաբար, այս շարժման յուրաքանչյուր գործողություն չի կարելի վերագրել Իրանի հրահանգին։ Թվում է՝ Ռուբիոն միտումնավոր չի տարբերակում այնպիսի հասկացությունները, ինչպիսիք են աջակցությունը, դաշնակցությունը և հրամանատարությունը, որպեսզի «Անսար Ալլահ»-ի գործողություններն անմիջականորեն վերագրի Թեհրանին։
ԱՄՆ-ի այս մոտեցումն ունի հստակ քաղաքական նպատակներ։ Վաշինգտոնը փորձում է տարածաշրջանային ճգնաժամերը ներկայացնել «Իրանի և նրա վստահված ուժերի սպառնալիքի» շրջանակում՝ իր ռազմական ներկայությունն ու միջամտություններն արդարացված ներկայացնելու համար։ Այս մոտեցման շրջանակում Եմենի պատերազմի նախապատմությունն ու օտարերկրյա ուժերի դերը մղվում են երկրորդ պլան կամ ընդհանրապես անտեսվում։ Եմենի պատերազմը սկսվել է 2015 թվականին՝ Սաուդյան Արաբիայի գլխավորած ռազմական կոալիցիայի միջամտությամբ, իսկ պատերազմի տարիներին ԱՄՆ-ը այդ կոալիցիային տրամադրել է հետախուզական, սպառազինության և նյութատեխնիկական աջակցություն։ Այժմ Վաշինգտոնը, մեղադրելով Իրանին, փորձում է ուշադրությունը շեղել ճգնաժամի երկարաձգման գործում իր և իր դաշնակիցների ունեցած դերից։
Մյուս կողմից՝ ավելի քան մեկ տասնամյակ տևած պատերազմի ընթացքում «Անսար Ալլահ»-ը կարողացել է վերածվել Եմենի ազդեցիկ դերակատարի՝ ամրապնդելով իր անկախ քաղաքական կառույցն ու ռազմական կարողությունները։ Սաուդյան Արաբիայի և նրան համակրող ուժերի դեմ պայքարելու՝ այս շարժման որոշումը բխում է Եմենի անվտանգության և ապագայի վերաբերյալ հենց «Անսար Ալլահ»-ի հաշվարկներից։ Այս որոշումները ինքնաբերաբար Իրանին վերագրելն ավելի շատ քաղաքական քայլ է՝ պատասխանատվությունը վերաձևակերպելու համար, քան իրավիճակի իրականության ճշգրիտ վերլուծություն։
Այս հարցն առավել կարևոր է դառնում՝ հաշվի առնելով տարածաշրջանի անվտանգության իրավիճակը։ Բաբ էլ-Մանդեբը, Կարմիր ծովը, Պարսից ծոցն ու Հորմուզի նեղուցը փոխկապակցված են, և այս տարածքներում ցանկացած ռազմական բախում կարող է ազդել էներգետիկ անվտանգության ու համաշխարհային առևտրի վրա։ Նման պայմաններում տարածաշրջանային դերակատարի գործողությունները Իրանին վերագրելը կարող է ստեղծել անհրաժեշտ քաղաքական հիմք՝ Իրանի նկատմամբ ճնշումն ուժեղացնելու կամ նույնիսկ ռազմական գործողության դիմելու համար։
Վաշինգտոնի կիրառած մոտեցումը ևս հստակ է․ նախ տարածաշրջանային որևէ դերակատար ներկայացվում է որպես Իրանին ենթակա ուժ, այնուհետև նրա գործողությունները բնորոշվում են որպես «Իրանի հարձակում», իսկ վերջում ԱՄՆ-ի ռազմական պատասխանը ներկայացվում է որպես օրինական ինքնապաշտպանություն։ Իրանը չի ժխտում «Անսար Ալլահ»-ի հետ իր հարաբերությունները, սակայն չի ստանձնում նաև այս շարժման ինքնուրույն որոշումների պատասխանատվությունը։ Տարածաշրջանային դիմադրությանը աջակցելը սկզբունքորեն տարբերվում է ռազմական գործողությունների հրամանատարությունը ստանձնելուց։
Բաղայիի պատասխանը նախազգուշացում է Վաշինգտոնին, որ ԱՄՆ-ը չի կարող տարածաշրջանային յուրաքանչյուր ճգնաժամ Իրանին վերագրելով՝ ջնջել իր միջամտությունների պատմությունն ու մեղադրանքը ներկայացնել որպես իրականություն։ Եմենի ճգնաժամը պետք է դիտարկել տարիներ շարունակվող պատերազմի, օտարերկրյա միջամտության և Եմենի ուժերի դիմադրության համատեքստում, այլ ոչ թե դրա բոլոր զարգացումները պարզապես Թեհրանին վերագրելու միջոցով։