Գեղարվեստական հաղորդում (101)
Ողջույն ձեզ թանկագին բարեկամներ: Ինչպես միշտ մեր հաղորդման ընթացքում կանդրադառնանք մի շարք գեղարվեստական լուրերի: Իսկ եթերում մեզ կընկերակցի մեր թղթակիցը:
Հայաստանում առաջին անգամ ցուցադրվելու է Մարտիրոս Սարյանի «Ծաղիկներ» աշխատանքը: Ապակու վրա արված գործը ստեղծվել է «Մարտիրոս Սարյան» ֆիլմում:
Ցուցադրությունը կմեկնարկի փետրվարի 28-ին, կշարունակվի մինչև մարտի 7-ը:
Թանգարանում այդ ընթացքում տեղի կունենա նաև ֆիլմերի ցուցադրություն՝ «Մարտիրոս Սարյանը նկարում է ծաղիկներ», որը նկարչի և իր ժամանակի մասին է և «Մարտիրոս Սարյան»-ը: Նախատեսվում է ֆիլմի հետ կապված այլ նյութերի ցուցադրություն:
Ֆիլմը նկարահանել է «Հայֆիլմ» կինոստուդիան 1965 թվականին: Ռեժիսորը Լաերտ Վաղարշյանն է, տեքստի հեղինակը` Իլյա Էրենբուրգը, երաժշտության հեղինակը` Ղազարոս Սարյանը:
Մեծանուն հայ շանսոնյեի՝ Շարլ Ազնավուրի մասին պատմող ֆիլմի համար հավաքագրվում են պատմություններ՝ սիրված երգչի մասին: Շարլ Ազնավուրի ֆեյսբուքյան էջում նշված է.
««Անհայտ Ազնավուրը» աննախադեպ փաստագրական ֆիլմում ներառելու համար պատմեք մեզ Ձեր ամենագեղեցիկ հուշը՝ կապված Շարլ Ազնավուրի հետ: Ինչպե՞ս Դուք այն կներկայացնեիք մի քանի բառով: Ձեր պատմությունները բազմաթիվ հայտնի մարդկանց պատմությունների կողքին կհայտնվեն և կդառնան այս յուրահատուկ փաստագրական ֆիլմի մի մասը, ֆիլմի, որը կհեռարձակվի ամբողջ աշխարհում»:
Տեսանյութերը պետք է չգերազանցեն երեք րոպեն, դրանց ընդունման վերջնաժամկետը փետրվարի 20-ն է:
Երգչի երկրպագուները այս հայտարարությանն արձագանքել են այդ հայտարարության մեկնաբանություններում՝ Ազնավուրին անվանելով «Հայոց սոխակը՝ Փարիզում», «Լեգենդ», «Համեստ, խելացի, առատաձեռն», «Յուրահատուկ, կախարդական, անմահ», «Վերջին հսկան», «Հրաշալի»:
Ալ. Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնի բեմում փետրվարի 2-ին Ալեքսեյ Հեքիմյանի սիրված երգերն էին՝ առաջին անգամ սիմֆոնիկ նվագախմբի նվագակցությամբ և նոր գործիքավորմամբ: Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախմբի կողմից կազմակերպված համերգը նվիրված էր Հեքիմյանի 90-ամյակին։
Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախմբի գեղարվեստական ղեկավար և գլխավոր դիրիժոր Սերգեյ Սմբատյանը նկատել է, որ իր և կոլեկտիվի համար շատ կարևոր համերգ է. վերհիշում են Հեքիմյանի սիրված երգերը նոր ձևաչափով, նոր հնչողությամբ ու նոր շնչով։ Նա շեշտել է, որ մշտապես պետք հիշեն ու մեծարեն մեր ազգի մեծ զավակներին։
Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախմբի նվագակցությամբ հայկական էստրադայի սիրված երգիչները ներկայացրել են Հեքիմյանի «Բարի արագիլ», «Անուշիկ իմ քույրիկ», «Շողոտ-շաղոտ», «Ես չիմացա, թե ինչու…» և բազմաթիվ այլ երգեր։
Գեղարվեստական-երաժշտական երեկոն ամբողջական անդրադարձ էր Ալեքսեյ Հեքիմյան մարդու, ստեղծագործողի կյանքին։ Տեսաշարով ներկայացվել են հատվածներ կոմպոզիտորի հարցազրույցներից, արխիվային նյութեր, հուշեր նրա մասին։ Հնչել է նաև մեր մեծերից Արամ Խաչատրյանի կարծիքը Հեքիմյան կոմպոզիտորի մասին։

Նաիրյան աշխարհի թախիծն ու սերը երգող մեծ պոետի՝ Վահան Տերյանի ծննդյան օրը նշելու և հարգանքի տուրք մատուցելու համար Երևանի Կոմիտասի անվան զբոսայգու պանթեոն էին այցելել հասարակական, քաղաքական գործիչներ, Վ․ Տերյանի անվան դպրոցի սաները և նրա գրականության երկրպագուները։
«Տերյան» մշակութային կենտրոնի նախագահ Առուշան Հակոբյանի խոսքով՝ նա հայոց այն մեծ հանճարն էր, ով փոխեց հայ գրականության և պոեզիայի ընթացքը և մեծ ազդեցություն ունեցավ իր ժամանակի մեծերի վրա նույնպես։ Պատահական չէ, որ հայ գրականության այնպիսի հսկաներ, ինչպիսիք են՝ Թումանյանը, Իսահակյանը, Չարենցը, Սևակը, Մաթևոսյանը և ուրիշները, գնահատանքի բարձր խոսքեր են հնչեցրեց նրա պոեզիայի մասին։
«Հայկական հանրագիտարան» հրատարակչության գլխավոր խմբագիր, տնօրեն Հովհաննես Այվազյանն ամեն անգամ Վ․ Տերյանի շիրիմին այցելում է, որպես սրբատեղի։ «Տերյանը հասարակ գրող չէ, նա մեծ երևույթ է մեր գրականության մեջ։ Դեռևս 1930-ականներին Չարենցն ասում էր, որ Տերյանի լեզուն պետք է դառնա մեր գրական լեզուն և որ դրանից այն կողմ այլևս չի կարելի մաքրել հայոց լեզուն»,- նշեց Հ․ Այվազյանը։
ԱԺ պատգամավոր Շիրակ Թորոսյանը նկատեց, որ Վահան Տերյանը դարձավ ոչ միայն Գանձայի և Ջավախք աշխարհի, այլև ամբողջ Հայաստանի և հայության այցեքարտը։
Վ․ Տերյանի ծոռը՝ գրականագետ Գևորգ Էմին-Տերյանը նույնպես փաստեց, որ պատմական, հասարակական, քաղաքական, գրական նորամուծություններից առավել Վ․ Տերյանի ամենամեծ, լուրջ ձեռքբերումը լեզվի փոփոխությունն էր։
Վ․ Տերյանի անվան դպրոցի աշակերտներն ասմունքեցին պոետի լավագույն ստեղծագործություններից։
Հովհաննես Թումանյանի տուն-թանգարանը Երևանի լավագույն մշակութային կենտրոններից մեկն է, որտեղ պարբերաբար տեղի են ունենում թե՛ նորանոր ցուցադրություններ, թե՛ գրքերի շնորհանդեսներ, թե՛ ամենատարբեր բնույթի միջոցառումներ մանուկների, նաև Թումանյանի արվեստի երկրպագուների համար:
Բացի այդ, քաղաքի կենտրոնում դեռ 1953 թվականից՝ Ամենայն հայոց բանաստեղծի մահվան 30-րդ տարելիցի կապակցությամբ հիմնադրված տուն-թանգարանը երբեք այցելուների պակաս չի ունեցել։
Ի դեպ, թանգարան հասնելու համար հարկավոր է հաղթահարել 54 աստիճան, որոնք խորհրդանշում են Հովհաննես Թումանյանի ապրած տարիները: Թանգարանում պահպանվում է ավելի քան 18 հազար ցուցանմուշ: Թանգարանն ունի մանկապատանեկան թատերախումբ, ակումբ մանուկների համար, որտեղ ամենատարբեր ծրագրեր են իրագործվում:
Տարիներ ի վեր Հովհաննես Թումանյանի ծննդյան օրը՝ փետրվարի 19-ը մեծ բանաստեղծի տուն-թանգարանում է մեկտեղում ոչ միայն նրա թողած գրական ժառանգության հետևորդներին, այլև դպրոցներում, բաձրագույն ուսումնական հաստատություններում նշվում է որպես գիրք նվիրելու օր:
Հաջորդ տարի կլրանա Հովհաննես Թումանյանի ծննդյան 150-ամյա հոբելյանը, որին նրա տուն-թանգարանը արդեն նախապատրաստվում է:
Թե այս տարի թանգարանն ինչ է նախապատրաստել բանաստեղծի ծննդյան օրը, Նարինե Թուխիկյանը պատասխանեց․ - «Այս տարի, ճիշտն ասած, մենք շատ բաներ չենք անում, որովհետև ամբողջությամբ լծված են եկող տարվա 150-ամյա նախապատրաստությանը»:
Խոսելով թանգարանի գործունեության մասին՝ տնօրենն ասաց․ - «Մենք հաջողություններ գրանցել ենք շատ, շատ: Եվ դա միայն տնտեսական բաղադրիչը չէ, որը էլի բացարձակ կատարված է, մի բան էլ ավել: Մեկ գիրք ենք հրատարակել՝ Թումանյանի քառյակները՝ իր ինքնագրով և տպագիր տարբերակով»:
Տնօրենի խոսքով՝ թանգարանի կարևորագույն հիմնախնդիրը շենքի վերանորոգում է 150-ամյակի առիթով․ - «Հասկացանք, որ չի լինելու: Դրա համար մենք հիմա այդ թեման լրիվ փակել ենք․․․ Թումանյանի ստեղծագործությունների թարգմանություններ և դրսում դրանց տպագրությունը և տարածումը օտարների մեջ, իր ճանաչելիության բարձրացումը: ՅՈւՆԵՍԿՕ-ն Թումանյանին ներառեց 2018-19 թվականի իր օրացույցում: Մենք շուտով կունենանք ակադեմիական տասհատորյանի նոր՝ վերախմբագրված հրատարակումը թանգարանի արտաբյուջետային միջոցների հաշվին: Անում ենք ակադեմիայի Գրականության ինստիտուտի հետ»:
Մի ամբողջ ազգի կողմից հորինված, դարերի ընթացքում պատմված «Սասնա ծռեր» ժողովրդական բանավոր ստեղծագործության հիման վրա ներկայացում է պատրաստվում: Բեմադրությունը կյանքի կոչելու պատասխանատվությունը դրված է երիտասարդ, բայց փորձառու ռեժիսոր Սամսոն Մովսեսյանի ուսերին: Ներկայացումն ամենայն հավանականությամբ պատրաստ կլինի ապրիլի վերջին, մայիսի սկզբին և Գ. Սունդուկյանի անվան ազգային ակադեմիական թատրոնում կհանձնվի թատերասերների դատին:
Այս առիթով «Արմենպրես»-ի թղթակիցը զրուցել է բեմադրության ռեժիսորի հետ:
«Փորձում ենք օգտագործել ժամանակակից թատրոնի լեզուն, որը չի ենթադրում միայն տեխնիկական միջոցներ, այլև դերասանական հետաքրքիր կատարումները, սինթեզն արվեստի տարբեր տեսակների հետ: Բեմում կենդանի երաժշտություն կհնչի, կտեսնենք դերասանների, ովքեր երգում են, նվագում, պարում, ովքեր տիրապետում են իրենց մարմնին: Կլինեն դերասաններ, ովքեր, կերպարանափոխվելով, մի քանի դերում հանես կգան: Կա «էպիկական թատրոն» հասկացությունը, և մեր ներկայացումն այդ ոճում է»,- շեշտեց Մովսեսյանը:
«Սասնա ծռեր» բեմադրության համար հետաքրքիր թիմ է հավաքվել: Այլ թատրոններից հրավիրվել են դերասանուհիներ Լիլի Էլբակյանը և Սոնա Մաթևոսյանը: Սասունցի Դավթին կմարմնավորի Խորեն Լևոնյանը, ընդգրկվել են Մայր թատրոնի հիմնականում երիտասարդ դերասանները:
«Ինձ համար իսկապես հետաքրքիր է աշխատել նոր թատերախմբի հետ, առհասարակ այլ դերասանական կազմի: Նույն մարդկանց հետ հաճախ համագործակցելով, փոխադարձաբար հոգնում եք միմյանցից ու հանգստի կարիք զգում: Այլ դերասանները նոր, անծանոթ լեզու են բերում, գաղափարներ, մտքեր առաջարկում ու հարստացնում քեզ: Այդ գործընթացում շահում է ներկայացումը, այն ավելի լավն է դառնում, նոր գույներ ստանում: Կարծում եմ`«Սասնա ծռերը» կլինի բազմագույն, բազմաշերտ գործ, որը դուր կգա մարդկանց»,- հույս հայտնեց Սամսոն Մովսեսյանը:
Նա խոստովանեց, որ ազգային էպոսը բեմադրելն իրեն չի վախեցրել: Ըստ ռեժիսորի` քիչ ժողովուրդներ ունեն այդքան հետաքրքիր էպոս: Ներկայացման մեջ կան շերտեր, որոնք կզարմացնեն հանդիսատեսին. միայն Դավթի և Մելիքի հանրահայտ և տպավորիչ մենամարտը չէ, որ կներկայացվի, կարտացոլվեն մարդկային հարաբերությունները, ազգային մտածողության հատկանիշներ, որոնք գուցե մոռացության են մատնվել:
«Ինչպես գիտենք, էպոսի վերջում Փոքր Մհերը հիասթափվում և հեռանում է` ասելով, որ մինչև ցորենի հատիկը չդառնա մասուրի չափ, ինքը ետ չի գա: Իրականում հարցը ոչ թե այն է, որ չկա այդ ցորենի հատիկը, այլ այն, որ եղածը տեսնել է պետք:
Երբ կարդում ենք էպոսը, նկատում ենք, որ այդ ցորենի հատիկը գոյություն ունի: Դավիթը, Մեծ Մհերը պայքարում են ու ինչ-որ բանի հասնում, չեն նահանջում, փնտրում են ու գտնում, իսկ Փոքր Մհերի վիճակը շատ նման է մեր ժողովրդի ներկայիս վիճակին. ժողովուրդ, որը շատ շուտ հիասթափվում և ընկրկում է, այնինչ պետք է տեսնել դրականն ու առաջ գնալ»,-լավատեսական նոտայով իր խոսքը եզրափակեց Սամսոն Մովսեսյանը:
Ներկայացման կոմպոզիտորը Վաչե Շարաֆյանն է, զգեստների նկարիչը՝ Անժելա Գալստյանը, բեմանկարիչը` Վիկտորիա Ռիեդո Հովհաննիսյանը, պարերը բեմադրել է Աիդա Սիմոնը:

Վերածննդի դարաշրջանի հանճարի՝ Լեոնարդո դա Վինչիի (1452-1519 թթ.) նկարների խոշորագույն հավաքածուն, որը ՄԵծ Բրիտանիայի Եղիսաբեթ Երկրորդ թագուհու սեփականությունն Է եւ պահվում Է Վինձորի դղյակում, կցուցադրեն Միացյալ Թագավորության մի քանի քաղաքներում, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:
Ինչպես հայտնել Է The Guardian թերթը, 2019 թվականի համար պլանավորված մշակութային միջոցառումները նվիրված են իտալացի մեծ վարպետի մահվան 500-ամյա տարելիցին:
Հրատարակության տվյալներով՝ հաջորդ տարվա փետրվարին ծրագրվում Է միաժամանակ կազմակերպել 12 ցուցահանդես: Ընդ որում՝ մայիսին ավելի քան 2 հարյուր նկարներ կարելի կլինի տեսնել Լոնդոնի Բուքինգհեմյան պալատում, իսկ նոյեմբերին 80 պատկերներով հիանալ Էդինբուրգի Հոլիրուդ պալատում:
Նշվում Է, որ ցուցադրանքներին կարելի կլինի այցելել Բելֆասթում, Բիրմինգհեմում, Բրիսթոլում, Քարդիֆում, Գլազգոյում, Լիդսում, Մանչեսթրում, Շեֆիլդում, Սանդեռլենդում, Սաութհեմփթոնում: 12-րդ քաղաքը կհայտարարվի ավելի ուշ:
Նկարները Թագավորական հավաքածուին են պատկանում 17-րդ դարի վերջից: Այսօր թագուհու տնօրինության ներքո կան ավելի քան 550 նկարներ, հաղորդել Է ՏԱՍՍ-ը: