Գեղարվեստական հաղորդում (102)
Ողջույն ձեզ թանկագին բարեկամներ: Ինչպես միշտ մեր հաղորդման ընթացքում կանդրադառնանք մի շարք գեղարվեստական լուրերի: Իսկ եթերում մեզ կընկերակցի մեր թղթակիցը:
Իրանական հինգ ֆիլմեր ներկա են լինելու Բեռլինի 68-րդ միջազգային կինոփառատոնի գլխավոր և մրցութային բաժիններում:
Բեռլինի 68-րդ միջազգային կինոփառատոնի մեկնարկը տրվել է հինգշաբթի օրը:
Մանի Հաղիղիի «Խոզ» ֆիլմը ներկայացվել է փառատոնի մրցակցային բաժնում և մրցանակ ստանալու շանսեր ունի:
Իրանցի երիտասարդ ռեժիսոր Փույա Բադքուբեյի «Դրեսաժ» ֆիլմը պատմում է մի քանի պատանիների մասին: Ֆիլմը ներկայացվելու է փառատոնի նոր սերնդի բաժնում:
Մրցութային բաժնում ներկայացված իրանական մյուս ֆիլմերն են Շահրամ Մոքրիի «Հարձակում» և Աբբաս Ամինիի «Հենդի և Հորմոզ»-ը:
Բեռլինի կինոփոռատոնում էկրանավորվելու է նաև Ֆաջրի 36-րդ կինոփառատոնի մրցանակ շահած «Աբու Ղորայբի նեղուցը» ֆիլմը:
Բեռլինի միջազգային կինոփոռատոնն աշխարհում և Եվրոպայում ամենահեղինակավոր ու ճանաչված փառատոներից է , որն անց է կացվում ամեն տարի փետրվարին ՝ 10 օր տևողությամբ:
ՀՀ մշակույթի նախարարության աջակցությամբ Հայաստանի գրողների միությունը նախորդ տարի հրատարակել է 30 անուն գիրք: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ փետրվարի 16-ին՝ լրագրողների հետ հանդիպմանն այս մասին ասաց միության նախագահ Էդվարդ Միլիտոնյանը:
«ՀՀ մշակույթի նախարարությունը տարբեր ծրագրերով օժանդակում է միությանը գրքեր հրատարակելու համար: Նախարարության օժանդակությամբ նախորդ տարի հրատարակվել է շուրջ 30 անուն գիրք: Հիմնականը երիտասարդ գրողների, սփյուռքահայ գրողների և ազգային փոքրամասնությունների գործերն են»,-ասաց Միլիտոնյանը:
Միությունը նաև իր ֆինանսական միջոցներով է հրատարակում ժամանակակից գրողների գրքեր: Արդեն ստեղծել են երկու մատենաշար: «1960-ականներին Հայաստանում լույս էր տեսել մի մատենաշար, որը մեծ դեր է ունեցել 60-70-ական թթ. գրական մտածողության համար: Դրանում տպագրվել են աշխարհի մեծանուն գրողների ստեղծագործությունների թարգմանություններ, ժամանակակից գրողների գործեր՝ արձակ և պոեզիա: Եվ մենք, այսպես ասած, վերականգնեցինք այդ մատենաշարը: 2017-ին արդեն հրատարակել ենք 7 անուն, և դեռ շարունակելու ենք հրատարակել»,-եզրափակեց միության նախագահը:
Երվանդ Քոչարի թանգարանում փետրվարի 16-ին «Երվանդ Քոչար. վենետիկյան քանդակի հայտնությունը» ցուցադրություն-շնորհանդեսի ժամանակ ներկայացվեց Ժորժ Զաքարյանի դիմաքանդակը: Այն Երվանդ Քոչարի վենետիկյան շրջանի /1922-1923թթ./ եզակի ստեղծագործություններից է:
2015թ. Իտալիայում ՀՀ դեսպանատանը կազմակերպված հանդիսավոր արարողության ժամանակ Ժորժ Զաքարյանի որդին՝ Պաոլո Զաքարյանը, Մաեստրոյի թանգարանին նվիրաբերեց հոր՝ իր համար սրբազան մասունք դարձած դիմաքանդակը: Այս իրադարձությունը պատահական չէր: 1990-ականներից ի վեր թանգարանը հետևողական աշխատանք էր իրականացնում քանդակի ձեռքբերման համար:
ՀՀ մշակույթի նախարարության, «Ապավեն» ընկերության տնօրեն Ա. Ղազարյանի, «Անտարես» հրատարակչության տնօրեն Ա. Մարտիրոսյանի աջակցությամբ 2016թ. քանդակը տեղափոխվեց Հայաստան:
Այս ստեղծագործության բնորդը Երվանդ Քոչարի ընկեր Ժորժ Զաքարյանն է, որն այդ ժամանակ սովորում էր Իտալիայում: Հետագայում Ժորժն աշխատանքի է անցնում Իտալիայի առաջատար «Հռոմ» բանկում և մինչև 1964 թ. աշխատում որպես բանկի գլխամասերի փոխտնօրեն:
Երկրորդ համաշխարհային պատերազմից հետո Ժորժ Զաքարյանը նաև ղեկավարել է ENDSI գրասենյակը, որն ԱՄՆ-ից և այլ երկրներից հավաքված օգնությունը հասցնում էր Իտալիայի բնակչությանը: Զաքարյանն օգնել է նաև շատ ու շատ հայ ուսանողների Վենետիկում:
Ժորժ Զաքարյանի դիմաքանդակը թանգարանային եզակի ցուցանմուշ է ոչ միայն որպես մշակութային արժեք, այլև որպես Հայաստանում Քոչարի վենետիկյան շրջանը ներկայացնող միակ քանդակ: Այն յուրահատուկ է նաև այն առումով, որ արտասահմանից թանգարանին նվիրաբերված առաջին ստեղծագործությունն է :
Չեխիայի Հորնի Կալնա քաղաքի արվեստանոց-ձուլարանում պատրաստվում է Գրիգոր Նարեկացու արձանը:
Ինչպես հայտնում է Horizon Weekly-ն, քանդակը, որի կառուցումը մոտենում է ավարտին, նվեր է Հռոմի պապի համար և պետք է տեղադրվի Վատիկանում, որտեղ քանդակի հանդիսավոր բացումը կայանալու է ապրիլի 5-ին: Այս մասին չեխական լրատվամիջոցին հայտնել է քանդակի հեղինակ Դավիթ Բաբայանը:
Դավիթ Բաբայանը 77-ամյա ֆրանսահայ քանդակագործ է, որի աշխատանքները կարելի է գտնել տարբեր երկրներում:
Ինչպես աղբյուրը նկարագրում է, բրոնզե քանդակի բարձրությունը 2 մետր է: Գրիգոր Նարեկացին պատկերված է տպավորիչ մորուքով, գլուխը վեր բարձրացրած՝ գրքի՝ նռան և եկեղեցու տեսքով մանրանկարներն ավարտելիս:
Քանդակագործի խոսքով՝ ամենաբարդը Նարեկացու ոգին արտահայտելն է:
Հիշեցնենք, որ 2015-ի փետրվարի 23-ին Ֆրանցիսկոս պապը Նարեկացուն հռչակել է Տիեզերական եկեղեցու վարդապետ:
Այդ տիտղոսը տրվում է ընտրյալ սրբերին, որոնց ուսուցումն ու կյանքը յուրահատուկ կարևորություն ունեն Կաթոլիկ եկեղեցու համար:
Բրիտանական Թեյթ պատկերասրահում 1947 թվականից հետո առաջին անգամ Վինսենթ Վան Գոգի ցուցահանդես կանցկացվի։
Ցուցադրությանը հատուկ ուշադրություն կդարձվի Միացյալ Թագավորության հետ ունեցած նկարչի հարաբերություններին: Իր երիտասարդության տարիներին Վան Գոգը որոշ ժամանակ ապրել է Լոնդոնում:
Ցուցահանդեսի կներկայացվի ավելի քան 40 աշխատանք, այդ թվում «Աստղային գիշերը Ռոնի վրա» և «Արևածաղիկներ» ստեղծագործությունները։
Ցուցանմուշներ կտրամադրի նաև Ամստերդամի Վինսենթ Վան Գոգի թանգարանը, Մոսկվայի Պուշկինի գեղարվեստի թանգարանը, Օտերլոյի Կյոլլեր-Մյուլլերի թանգարանը։
Ցուցահանդեսը կբացվի մարտի 27-ին և բաց կլինի մինչև 2019 թվականի օգոստոսի 11-ը։

Սիրիացի կինեմատոգրաֆիստները ծրագրում են ֆիլմ նկարահանել պատերազմի հերոսների մասին և այդ հարցում ռուս գործընկերների աջակցությունն են ակնկալում: «ՏԱՍՍ»-ը գրում է, որ այս մասին լրագրողներին է հայտնել ռեժիսոր Սահիր Սարմենին:
«Մենք անկեղծորեն երախտապարտ ենք ռուս զինվորականներին՝ օգնության համար, որ ցուցաբերել են մեր բանակին, Սիրիան ահաբեկչական խմբավորումներից մաքրելու հարցում։ Այժմ սցենարիստները բազմաթիվ մտահղացումներ ունեն ֆիլմ նկարահանելու վերաբերյալ: Ես վստահ եմ, որ մոտ ժամանակներս մենք ձեռնամուխ կլինենք առաջին նման կինոնկարի ստեղծմանը»,-ասել է նա:
Դամասկոսում վերականգնման է նախապատրաստվում Սիրիայի խոշորագույն կինոստուդիան, որը հիմնադրվել է 1990 թվականին: Սուդիային տաղավարների մի մասը ահաբեկիչների կողմից ավիրվել է մարտերի ընթացքում: Միջազգային պատժամիջոցների պատճառով նկարահանման տաղավարներում վաղուց չեն թարմացվել սարքավորումները:

Բուքերյան մրցանակի կազմակերպիչները հայտնել են, որ հիմնադրման 50-ամյակի պատվին իրենք «Ոսկե Բուքեր» մրցանակ կշնորհեն:
Աղբյուրի հաղորդմամբ՝ մրցանակակիրը կընտրվի Բուքերյան մրցանակի նախորդ դափնեկիրներից: Ժյուրիի անդամները կընտրեն յուրաքանչյուր տասնամյակի լավագույն գիրքը, իսկ մայիսի 26-ին կներկայացվեն լավագույն հինգ գրքերը: Այնուհետև ընթերցողները կընտրեն բացարձակ հաղթողին:
Նշվում է, որ քվեարկության արդյունքները հայտնի կլինեն հուլիսին:
Բուքերյան մրցանակն անգլիական գրականության ամենահեղինակավոր մրցանակներից մեկն է:

Իսպանացի գեղանկարիչ Պաբլո Պիկասոյի խորթ դուստր և ժառանգորդուհի Քեթրին Յուտեն Բլեն գեղանկարչին և նրա երկրորդ կնոջը՝ Ժակլին Ռոքիին նվիրված թանգարան կբացի:
Ինչպես ներկայացնում է Euromag-ը, նոր թանգարանը կբացվի Ֆրանսիայի հարավային Էքս ան Պրովանս քաղաքում՝ նախկին վանքի տարածքում: Այնտեղ կցուցադրվի նկարչի վրձնին պատկանող շուրջ 1000 կտավ, որն ավելի է, քան Պիկասոյի մյուս թանգարաններում՝ Փարիզում, Անտիբում, Բարսելոնայում և Մալագայում:
Էքս ան Պրովանս քաղաքի թանգարանը բացվելու է 2021-ին: 1500 քառ. մետր տարածքի երկու երրորդը կհատկացվի մշտական ցուցադրությանը, իսկ երրորդ մասը՝ ժամանակավոր ցուցահանդեսներին: Բացի այդ, այստեղ աշխատելու է Պիկասոյի հետազոտական կենտրոնը և հանրային արհեստանոցներ:
Քեթրին Յուտեն Բլեի ողջ հավաքածուն ավելի քան 2000 գործ է ներառում Պիկասոյի աշխատանքներից, որոնց թվում կտավներից բացի նաև քանդակներ, խեցեղեն իրեր և լուսանկարներ են ընդգրկված:

Ամերիկացի հետազոտողների խումբը, սքանավորման նոր տեխնոլոգիա կիրառելով, բացահայտել է իսպանացի գեղանկարիչ Պաբլո Պիկասոյի գլուխգործոցներից մեկի տակ թաքնված շերտը:
Խոսքը «Աղքատ աղջիկը» (La Misereuse Accroupie) կտավի մասին է, որի վերին յուղաներկային շերտի տակ հայտնաբերվել է Բարսելոնայի բնապատկերներից մեկը, որը նկարիչն օգտագործել է որպես հիմք նոր կտավի համար: Այն պատկերվել է նրա ստեղծագործական կյանքի խոր փուլերից մեկում (1901-1904 թթ.):
Կտավի տակ թաքնված բնապատկերը, հավանաբար, ստեղծվել է ուսանողի կողմից, Պիկասոն օգտագործել է 90 աստիճան անկյան թեքությամբ, և սարերի ուրվագծերը դարձել են նստած կնոջ մեջքը: