Մարտ 14, 2018 15:41 Asia/Yerevan
  • Մի գավաթ անդորր- 93 -Ինքնագնահատական 1

Հոգեբան Անուշ Ալեքսանյանի մասնակցությամբ Աղբյուր ՝ boon.am

Ինքնագնահատականը մարդու ինքնագիտակցության բաղկացուցիչ մասն է, որի միջոցով անհատը գնահատում է սեփական կարողությունները, հմտությունները, արժանիքները և թերությունները։ Ընդհանուր ինքնագնահատականը կազմվում է մասնավոր ինքնագնահատականներից, որոնք վերաբերում են անհատի գործունեության մի որևէ բնագավառի կամ որակների առանձին խմբի։ Տարբերակում են ֆիզիկական, մտավոր կարողությունների, բնավորության և այլ ինքնագնահատականներ։

 

Մանկության ժամանակ ինքնագնահատականը մեծապես կախված է շրջապատի, հատկապես, ծնողների և այլ նշանակալի մարդկանց գնահատականներից։ Այդ տենդենցը հետագայում պահպանվում է. չնայած որ անձը գնալով հասարակության ազդեցությունից ավելի ու ավելի անկախ ինքնագնահատական է ձեռք բերում, դրա ձևավորման վրա շարունակում են ազդեցություն ունենալ նշանակալի մարդկանց և խմբերի կարծիքները։

Տարիքի աճին զուգընթաց ինքնագնահատականը դառնում է առավել տարբերակված՝ անհատը կյանքի տարբեր ոլորտներում իրեն գնահատում է անկախ մյուս ոլորտներում կրած հաջողություններից կամ անհաջողություններից։ Շատ հետազոտողներ այս երևույթը կապում են իմացական ոլորտի զարգացման՝ վերլուծելու և վերացարկելու կարողությունների զարգացման հետ։

 

Այն մարդիկ, ովքեր ավելի օբյեկտիվ և ռացիոնալ են գնահատում սեփական ունակություններն ավելի կենսունակ են իրենց կյանքում և գործունեության մեջ: Նրանք իրավիճակի նկատմամբ ավելի կառավարող են, որովհետև շատ լավ կարողանում են տեսնել սեփական ուժեղություններն ու թուլությունները: Նրանք կարողանում են այս երկուսի ճիշտ հարաբերակցության մեջ կյանքում հաջողել: Նրանք ավելորդ ջանքեր չեն թափում, որպեսզի թաքցնեն իրենց թույլ կողմերը և ոչ էլ ջանք են թափում, որպեսզի ցուցադրեն սեփական ուժեղ կողմերը: Նրանք, կարծես, ինքնաբավ են տվյալ ժամանակահատվածում իրենց ձեռքբերումների, վիճակի և կացության առումով:

 

Ի՞նչն է հանգեցնում ինքնագնահատականի անկմանը կամ դրա ձևավորման խափանմանը: Սովորաբար սա ծանր քննադատության կամ սուր քննադատության, պահանջկոտության, մաքսիմալիստական մթնոլորտում մեծացած մադրն է, ում նկատմամբ բարձր պահանջներ են ներկայացվել, և նա անընդհատ ունեցել է զգացողություն, որ ինքը չի կարողանում լիարժեք բավարարել շրջապատի պահանջները:

 

 

 

*************

Ինչպե ՞ս է ձևավորվում մեր ինքնագնահատականը

 

 

Ինքնագնահատականը անձի կարևորագույն բաղադրիչներից է և էական դեր է խաղում մարդու կյանքում` մեծ ազդեցություն ունենալով նրա վարքի և գործունեության վրա: Ինքնագնահատականը մեր հուզական գնահատականն է մեր Ես-ին, այն  դատողություն է սեփական արժեքի մասին: Ինքնագնահատականը, ինչպես և ինքնաճանաչողությունը, սկսվում է արտաքինից, մենք նախ գնահատում ենք մեր արտաքին տեսքը, ֆիզիկական առանձնահատկությունները, ապա սկսվում է մեր հոգեկանի ճանաչման գործընթացը, որն առավել կարևոր է: Առանց ինքնագնահատականի դժվար է ինքնորոշվել կյանքում: Ճիշտ ինքնագնահատականը ենթադրում է քննադատական վերաբերմունք իր նկատմամբ, սեփական հնարավորությունների համադրում կյանքում առաջադրված պահանջների հետ, ինքնուրույն սեփական անձի  առջև իրականանալի  նպատակներ դնելու կարողություն, սեփական մտքի ընթացքի և արդյունքների խիստ գնահատում, բոլոր կողմ և դեմ կարծիքների կշռադատում, անհիմն վարկածներից հրաժարում և այլն: