Ապրիլ 02, 2018 17:02 Asia/Yerevan

Ողջույն ձեզ թանկագին բարեկամներ: Ինչպես միշտ մեր հաղորդման ընթացքում կանդրադառնանք մի շարք գեղարվեստական լուրերի: Իսկ եթերում մեզ կընկերակցի մեր թղթակիցը:

Չորեքշաբթի փետրվարի 28-ին առավոտյան մահացել է կինոռեժիսոր, բեմադրիչ Ալբերտ Մկրտչյանը: Փետրվարի 27-ին հայտնի ռեժիսորի ծննդյան օրն էր, նա նշեց  81-ամյակը:

Ալբերտ Մուշեղի Մկրտչյանը ծնվել է 1937 թվականի փետրվարի 27-ին Գյումրիում (Լենինականում): Նա հայտնի դերասան, ԽՍՀՄ ժողովրդական արտիստ Մհեր Մկրտչյանի փոքր եղբայրն է։

1960 թվականին ավարտել է Երևանի գեղարվեստա-թատերական ինստիտուտի դերասանական բաժինը, իսկ 1971 թվականին՝ Մոսկվայի Կինեմատոգրաֆիայի ինստիտուտի ռեժիսուրայի ֆակուլտետը՝ Եֆիմ Ձիգանի արվեստանոցը: 1960–1966 թվականներին եղել է հայկական հեռուստաստուդիայի, 1971 թվականից՝ Հայֆիլմ ստուդիայի ռեժիսոր, 1995–1999 թվականներին՝ Գյումրիի դրամատիկական, 2000 թվականից՝ Երևանի Մհեր Մկրտչյանի անվան արտիստական թատրոնների տնօրեն և գեղարվեստական ղեկավար։ 1980–2001թվականներին դասավանդել է Երևանի Հայկական պետական մանկավարժական համալսարանում, 2001 թվականից՝ Թատրոնի և կինոյի պետական ինստիտուտում։

Ռեժիսորն արժանացել է ՀՀ «Մովսես Խորենացի» (2000), ՀՀ մշակույթի նախարարության ոսկե մեդալների (2007), ՀՀ ժողովրդական արտիստի կոչման (2003), «Հայակ» հայկական ամենամյա առաջին կինոմրցանակաբաշխության Հատուկ մրցանակի (2012)։

Մարտիրոս Սարյան

 

Հայ մեծանուն նկարիչ Մարտիրոս Սարյանի տուն-թանգարանում փետրվարի 28-ին բացվեց նրա «Ծաղիկներ» եզակի աշխատանքի ցուցադրությունը: Այն նկարված է ապակու վրա, աշխատանքը Երևան է բերել ռուս կոլեկցիոներ Յուրի Նոսովը:

«Ծաղիկներ»-ի ստեղծման ընթացքը նաև ֆիլմ է դարձել, այն պատկերված է 1965 թ.՝ Սարյանի 85-ամյակի նախաշեմին նկարված վավերագրական ֆիլմում, որի տեքստը գրել է ռուս հայտնի գրող Իլյա Էրենբուրգը: Ֆիլմի բնօրինակը հայերեն է, նկարահանվել է «Արմենֆիլմ»-ում, իսկ Էրենբուրգի տեքստը հայերեն է թարգմանել Պարույր Սևակը: Հայերեն տարբերակում տեքստը կարդում է Խորեն Աբրահամյանը, բնօրինակը, սակայն, դեռ թվայնացված չէ:

«Ուզում ենք՝ այդ ֆիլմը նոր շունչ ստանա ու նոր կյանք, այն տարիներ շարունակ եղել է արխիվացված և չի հասել հանդիսատեսին: Կադրի մեջ Մարտիրոս Սարյանն է՝ զարմանալիորեն անկաշկանդ, կարծես չի նկատում տեսախցիկի՝ իր կողքին լինելը, դա էլ երևի իր զարմանալի խառնվածքի մի արտահայտությունն է: Սարյանի շուրջը ամենը, ինչ կա ֆիլմում, փաստորեն մի ամբողջ երկրի պատմություն է, և արված է մեծ վարպետությամբ»,- ասաց նա:

 

Արաբական Միացյալ Էմիրություններում կբացվի հայ ժամանակակից արվեստի խոշոր ցուցադրություն:

Ցուցադրությանը կներկայացվեն համաշխարհային ճանաչում ունեցող 21 հայ արվեստագետի ավելի քան 100 ինքնատիպ և ժամանակակից ստեղծագործություն:

Ցուցադրությունը մարտի 7-ին կբացվի Դուբայի Art Hub պատկերասրահում և բաց կլինի մինչև մարտի 26-ը: Սրահներում կտեղակայվեն հայ նկարիչների ստեղծած ինտալյացիաները, որոնց թվում մարդկային մարմնի տեսքով աթոռներ, 3D կտավներ, բրոնզե քանդակներ, կերամիկական արվեստի գործեր:

Ցուցադրությունն ստացել է «Չեմ վախենում թռչելուց» խորագիրը:

 

Լատվիայում ՀՀ դեսպանության նախաձեռնությամբ Ռիգայի ամենահին Սբ Հովհաննես եկեղեցում մարտի 1-ին տեղի է ունեցել Սումգայիթի զոհերի հիշատակի 30-ամյակին նվիրված միջոցառում, որին Լատվիայի ռադիոյի երգչախումբը և «Սինֆոնետա Ռիգա» նվագախումբը հանդես են եկել կոմպոզիտոր Տիգրան Մանսուրյանի` Գրեմմիի մրցանակաբաշխությանը ներկայացված «Ռեքվիեմի» կատարմամբ: Համերգի կազմակերպմանն իր աջակցությունն է ցուցաբերել Ռիգայի հայ առաքելական եկեղեցին։

Միջոցառմանը մասնակցում էին Լատվիայի կաթոլիկ եկեղեցու արքեպիսկոպոս Զբիգնիև Ստանկևիչյուսը, Լատվիայում հավատարմագրված դեսպաններ, դիվանագետներ, օրենսդիր և գործադիր իշխանությունների ներկայացուցիչներ, լրագրողներ, մշակութային ականավոր գործիչներ, հայ համայնքի ներկայացուցիչներ, ինչպես նաև` կոմպոզիտոր Տիգրան Մանսուրյանը:

Լատվիայում ՀՀ դեսպան Տիգրան Մկրտչյանն իր ողջույնի խոսքում նշեց, որ Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին նվիրված Մանսուրյանի «Ռեքվիեմ»-ն այսօր նվիրվում է երեք տասնամյակ առաջ Խորհրդային Ադրբեջանում իրենց կյանքը կորցրած Սումգայիթի անմեղ զոհերի հիշատակին: Դեսպան Մկրտչյանը հավելեց, որ Ռեքվիեմը կոչ է նաև ատելության և բռնի ուժ կիրառելու, «Այլևս երբեք»-ը որպես զուտ հռետորական կոչ դիտարկելու դեմ:

Համերգին ներկա շուրջ 600 ունկնդիրները հոտնկայս ընդունեցին բարձր կատարողականությամբ օժտված Ռեքվիեմի մեկնաբանությունը: Համերգի ընթացքում հնչեցին նաև կատարումներ Կոմիտասի խմբերգերից։

Միջոցառումը լայնորեն լուսաբանվեց լատվիական մամուլում. Լատվիայի հանրային հեռուստաընկերությունը եթերներ էր պատրաստել Տիգրան Մանսուրյանի, դեսպան Տիգրան Մկրտչյանի, Արքեպիսկոպոս Ստանկևիչյուսի մասնակցությամբ: Լատվիական հանրային ռադիոն, դասական երաժշտության ռադիո ալիքը, Լատվիայի ամենամեծ լրատվական կայքն ու ամենամեծ օրաթերթը՝ համապատասխանաբար «DELFI»-ն և «Diena»-ն, ծավալուն հոդվածներով և հարցազրույցներով անդրադարձ կատարեցին այս համերգին»:

«Օսկար» մրցանակի հանձնման պաշտոնական արարողություն

 

Լոս Անջելեսում տեղի է ունեցել Կինեմատոգրաֆիական արվեստների ամերիկյան ակադեմիայի «Օսկար» մրցանակի հանձնման պաշտոնական արարողությունը:

Կինոոլորտի ամենահեղինակավոր մրցանակաբաշխությունն անցկացվեց  90-րդ անգամ:

Ինչպես հայտնում է The Guardian պարբերականը, լավագույն ֆիլմ է ճանաչվել  Գիլյերմո դել Տորոյի «Ջրի ձևը»։ Մեքսիկացի Գիլյերմո դել Տորոն («Ջրի ձևը») ճանաչվել է լավագույն ռեժիսոր:

Մրցանակաբաշխության կարևորագույն անվանակարգերից մեկում հաղթել է «Մութ ժամանակներ» ֆիլմում Ուինսթոն Չերչիլին մարմնավորած Գարի Օլդմանը՝ ճանաչվելով լավագույն դերասան:

Լավագույն դերասանուհի է ճանաչվել Ֆրենսիս ՄքԴորմանդը՝ «Երեք գովազդային վահանակ Էբինգի սահմանին, Միսուրի» ֆիլմում գլխավոր դերակատարման համար։

Lավագույն վավերագրական ֆիլմ է ճանաչվել «Իկառուս»-ը, լավագույն ձայնային մոնտաժի և լավագույն մոնտաժի համար պարգևատրվել է բրիտանական արտադրության «Դյունկերկ»-ը:

Ինչ վերաբերում է «Լավագույն օտարերկրյա ֆիլմ» անվանակարգին, ապա այստեղ հաղթել է «Ֆանտաստիկ կին»-ը:

Էլիսոն Ջենին ճանաչվել է 2-րդ պլանի լավագույն դերասանուհի («Ես, Տոնյան»): Իսկ 2-րդ պլանի լավագույն դերասան է ճանաչվել Սեմ Ռոքուելը՝ «Երեք գովազդային վահանակ Էբինգի սահմանին, Միսուրի» ֆիլմում ոստիկանի դեր կատարելու համար։

«Լավագույն կարճամետրաժ անիմացիոն ֆիլմ» անվանակարգում մրցանակի է արժանացել «Սիրելի բասկետբոլ»-ը, մինչդեռ «Կոկո»-ն ճանաչվել է լավագույն անիմացիոն ֆիլմ:

Լավագույն վիզուալ էֆեկտների համար պարգևատրվել է «Շեղբի վրայով վազողը 2049» ֆիլմը, որն արձանիկի է արժանացել նաև «Լավագույն կինեմատոգրաֆ» անվանակարգում:

Մինչդեռ «Լավագույն օրիգինալ սցենար» և «Լավագույն ադապտացված սցենար» անվանակարգերում «Օսկար»են ստացել «Դո՛ւրս այստեղից» ու «Անվանիր ինձ քո անունով» ֆիլմերը:

«Կնքահայրը»

 

«Օսկար»-ին ընդառաջ բրիտանական The Guardian պարբերականը քվեարկություն է անցկացրել իր ընթերցողների շրջանում՝ պարզելու համար՝ որն է բոլոր ժամանակների լավագույն օսկարակիր ֆիլմը:

Կինոսերների քվեարկության արդյունքում կազմվել է բոլոր ժամանակների լավագույն օսկարակիր ֆիլմերի 10-յակը, որը գլխավորել է ռեժիսոր Ֆրենսիս Ֆորդ Կոպոլայի 1973թ. նկարահանած «Կնքահայրը» ֆիլմը: Մաֆիայի մասին Հոլիվուդի «ծանրքաշայիններ» Մառլոն Բրանդոյի (Վիտո Կոռլեոնե) և Ալ Պաչինոյի (Մայքլ Կոռլեոնե) մասնակցությամբ ֆիլմի օգտին քվեարկել է ընթերցողների 32%-ը:

«Կնքահորը» հաջորդել է 1942թ. ռեժիսոր Մայքլ Քերթիսի նկարահանած «Կասաբլանկա» ֆիլմը: Դրանում գլխավոր դերակատարներն են Համֆրի Բոգարտն ու Ինգրիդ Բերգմանը: Ֆիլմը ներկայացնում է Երկրորդ համաշխարհային պատերազմի տարիները, Ֆրանսիայից փախած գաղթականների ճակատագրերը, որոնք հաստատվում էին Մարոկկոյի մոտ գտնվող Կասաբլանկա քաղաքում, իսկ հետո տարբեր ձևերով փախչում Ամերիկա: Այս ֆիլմի օգտին է քվեարկել ընթերցողների 16%-ը:

Լավագույն եռյակը եզրափակում է Ջեք Նիկոլսոնի մասնակցությամբ «Թռիչք կկվի բնի վրայով» ֆիլմը, որը նկարահանվել է 1976թ.՝ Միլոշ Ֆորմանի կողմից: Ֆիլմը բանտից հոգեբուժարան տեղափոխված արկածախնդիր Ռենդլ ՄակՄյորֆիի մասին է, որն ընդվզում է հոգեբուժարանի գլխավոր բժշկուհու սահմանած կանոնների դեմ և ցանկանում է, այսպես ասած, «հեղափոխություն» մտցնել հիվանդների կյանքում։ Այս ֆիլմի օգտին է քվեարկել ընթերցողների 15%-ը:

Լավագույն 10-յակում տեղ գտած մյուս ֆիլմերն են՝ «Շինդլերի ցուցակը», «Սա ծերերի վայր չէ», «Լուսնի լույս», «Բնակարանը», «Նավահանգստում», «Ռեբեկա», «Էնի Հոլ»:

Պաբլո Պիկասո

 

Պաբլո Պիկասոյի (1881-1973 թթ.) երկու կտավներ վաճառքների առաջատարներն են դարձել Christie՚s-ի՝ երեկոյան աճուրդներում, որոնք փետրվարի 27-ին տեղի են ունեցել Լոնդոնում, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:

«Հրացանակիրը եւ նստած աղջիկը» (1967 թ.) կտավը, որը պատկանում Է իսպանացի եւ ֆրանսիացի մեծ գեղանկարչի ամենաուշ շրջանի ստեղծագործություններին, վաճառվել Է 13 մլն 733 հազար 750 ֆունտ ստեռլինգով (19 մլն 172 հազար 315 դոլար) եւ առավել հաջող վաճառված լոտն Է դարձել «Իմպրեսիոնիզմի եւ մոդեռնիզմի արվեստի» երեկոյան աճուրդներում:

Պիկասոյի մյուս կտավը՝ «Ֆիգուրա»-ն, որն ստեղծվել Է 1930 թվականին, ձեռք Է բերվել 8 մլն 333 հազար 750 ֆունտ ստեռլինգով (11 մլն 633 հազար 915 դոլար) եւ ամենաթանկը դարձել «Սյուռեալիզմի արվեստի» աճուրդում, որն ավելի ուշ Է անցկացվել:

Իմպրեսիոնիստների եւ մոդեռնիստների գործերի աճուրդներում վաճառվածների մեջ արժողությամբ երկրորդը դարձել Է Էդգար Դեգայի (1834-1917 թ.) «Կուլիսների հետեւում» կտավը, որն ստեղծվել Է մոտավորապես 1882-1885 թվականներին եւ այժմ աճորդով վաճառվել Է 8 մլն 993 հազար 750 ֆունտ ստեռլինգով:

Աբստրակցիոնիզմի հիմնադիրներից մեկի՝ Վասիլի Կանդինսկու (1866-1944 թթ.) «Բնանկարի Էսքիզ» գործը (1910 թ.) ձեռք Է բերվել 6 մլն 758 հազար 750 ֆունտ ստեռլինգով:

Կլոդ Մոնեի (1840-1926 թթ.) երկու գործերը՝ «Մարգագետին՝ Ժիվերնիում» (1885 թ.) եւ «Վարդակակաչներ» (1887 թ.) կտավները, միասին վաճառվել են 7 մլն 546 հազար 250 ֆունտ ստեռլինգով, հաղորդել Է ՏԱՍՍ-ը: