Գեղարվեստական հաղորդում (105)
Ողջույն ձեզ թանկագին բարեկամներ: Ինչպես միշտ մեր հաղորդման ընթացքում կանդրադառնանք մի շարք գեղարվեստական լուրերի: Իսկ եթերում մեզ կընկերակցի մեր թղթակիցը:
Սրտի կաթվածից մարտի 10-ին կյանքից հեռացավ իրանահայ դերասան Լևոն Հաֆթվանը, ով դերեր է կատարել «Քուփալ» եւ «Փարվիզ» ֆիլմերում: Նա 51 տարեկան էր:
Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը՝ վկայակոչելով «Թեհրան Թայմս»-ը՝ Հաֆթվանը ուրբաթ գիշերը սրտի կաթված է ստացել `«Մթության հարսնացու» հեռուստասերիալում նկարահանման ժամանակ և տեղափոխվել հիվանդանոց, որտեղ մահացել է հաջորդ օրը:
Հաֆթվանը մի քանի տարի ապրել է Կանադայում և 2010թ. վերադարձել Իրան՝ խաղալու համար Մաջիդ Բարզեգարի «Փարվիզ» սև կատակերգություն-դրամայում։
Նա 2014թ-ին լավագույն դերասան է ճանաչվել Դակկայի 13-րդ միջազգային կինոփառատոնում:
«Փարվիզ» ֆիլմին «Արծաթե ծիրան» է շնորհվել 2013թ-ին Երևանում կայացած «Ոսկե ծիրան» 10-րդ միջազգային կինոփառատոնում։
Հաֆթվանն լավագույն դերասանի կոչմանն է արժանացել 2017 թ-ին Համիլթոնի միջազգային կինոփառատոնում՝ Կազեմ Մոլլայի «Քուփալ» դրամայում մարմնավորած դերի համար:
Նա նաեւ կերպարներ է կերտել Ամիր-Հոսեյն Սաքաֆիի «Ձի դարձած մարդը», Ռեզա Աթարանի «Դրակուլա» և մի շարք այլ հայտնի կինոնկարներում:
Լևոն Հաֆթվանին կհուղարկավորեն Թեհրանի հայկական գերեզմանոցում:
Լուվրի թանգարանի տնօրենն ասել է.«Իրանի քաղաքակրթությունը մեծ դեր է ունեցել Եվրոպայի ներկա քաղաքակրթության ձևավորման գործում»:
«Լուվրը Թեհրանում» ցուցհանդեսի բացման առիթով կազմակերպված մամլո ասուլիսում, հիշեցնելով, որ Իրանի ազգային թանգարանի շենքը նախագծվել ու կառուցվել է ֆրանսիացի ճարտարագետ Անդրե Գոդարդի կողմից, Լուվրի թանգարանի տնօրեն Ժան Լյուկ Մարտինեսն ասել է.«19-րդ դարում Իրանի ու Ֆրանսիայի միջև հնեաբանական պեղումների մասին պայմանագրեր են կնքվել »:
Մարտինեսը հավաստիացրել է, որ Իրան-Ֆրանսիա համագործակցությունների շրջանակում, մարտի 28-ին, Ֆրանսիայում կայանալու է Իրանի ղաջարական շրջանի ստեղծագործությունների ցուցահանդեսը:
Թեհրանում կազմակերպված ցուցահանդեսում ներկայացվելու են Լուվրի թանգարանի 56 ցուցանմուշներ, այդ թվում՝ ավելի քան 50 արձաններ, քանդակագործություն, գեղանկարչություն, վիմագրություն և երկու իրեր, այդ թվում բրոնզե կացին՝ էլամի թագավորի արձանագրությամբ և բրոնզե իր Լոռեստանից:
«Ժխտման ճարտարապետները» փաստավավերագրական կինոնկարը հիմնված է պատմաբանների ուսումնասիրությունների և ցեղասպանությունից փրկվածների պատմությունների վրա: Այն դատապարտում է ինչպես Հայոց ցեղասպանությունը, այնպես էլ` մեր օրերում աշխարհի տարբեր ծայրերում իրականացվող էթնիկ զտումները: Ֆիլմի մասին մարտի 5-ին Երևանում լրագրողների հետ հանդիպմանը խոսեցին ժապավենի գործադիր արտադրողներ դերասան, հաղորդավար Դին Քեյնը և նախկին զինվորական, հաղորդավար, «Էմմի » մրցանակի դափնեկիր Մոնթել Վիլիամսը:
Մոնթել Վիլիամսի խոսքով` երբ Դին Քեյնն իրեն ներկայացրել է նախագիծը, ինքը հարցրել է, թե ի՞նչ Հայոց ցեղասպանության մասին է խոսքը: «Այդ ժամանակ մտածեցի, որ քսաներկու տարի եղել եմ զինվորական, ինձ համարում եմ ռազմական պատմաբան, իմ հաղորդման ընթացքում խոսում եմ բազմաթիվ խնդիրների շուրջ և տեղյակ չեմ Հայոց ցեղասպանությունից, ուրեմն շատերն են անտեղյակ: Հասկացա, որ անհրաժեշտ է մարդկանց պատմել, բացահայտել այդ եղելությունը, քանի որ ճանաչված չլինելով` հայերի ցեղասպանությունը կարող է հանգեցնել այլ ցեղասպանությունների: Բավական է, պետք է այս հարցը բարձրացվի և լուծում ստանա»,-շեշտեց Վիլիամսը:
Նրա համոզմամբ` աշխատանքը Հայոց ցեղասպանության ճանաչման շուրջ նաև կապված է ատելությունը դադարեցնելու հետ, քանի որ ցեղասպանությունն ի վերջո մի ազգի ատելության դրսևորում է մեկ այլ ազգի նկատմամբ:
Գործադիր արտադրողները հույս հայտնեցին, որ այն մարդիկ, որոնք կդիտեն ֆիլմը, կհասկանան` քանի դեռ ցեղասպանությունը չի ճանաչվել այն շարունակվելու է:
Ժապավենում ներառված են մի շարք փորձագետների վկայություններ, ովքեր ներկայացնում ենպատմության «ժխտողականության» կապն աշխարհի տարբեր անկյուններում ներկայումս տեղիունեցող էթնիկ զտումների և մարդկության դեմ հանցագործությունների հետ:
Ֆիլմի նկարահանման համար պահանջվել է ավելի քան չորս տարի: Այն ցուցադրվել է հարյուր հեռուստաընկերություններում, կինոթատրոններում և լայն արձագանքի է արժանացել ողջ աշխարհում: Այն Հայոց ցեղասպանությանն անդրադարձող միակ կինոժապավենն է, որտեղ ցեղասպանության թեման կապվում է Հայաստանի խորհրդային պատմության հետ, զուգահեռներ են անցկացվում այն ամենի միջև, ինչ կատարվել է անցյալում, Հայ ազգային ազատագրական շարժման ժամանակ և ներկայումս:
Հնարավոր է, որ այն առաջադրվի «Էմմի»-ի:
Ամերիկյան Starz կաբելային վճարովի հեռուստաալիքը, որն ունի ավելի քան 20 մլն բաժանորդ, Հայոց ցեղասպանության 103-րդ տարելիցի նախօրեին՝ ապրիլի 23-ին, կցուցադրի 20-րդ դարի ամենասարսափելի ոճրագործություններից մեկի մասին «Ոչնչացնելու մտադրություն» վավերագրական ֆիլմը:
Օսմանյան կայսրության կողմից իրականացված Հայոց ցեղասպանության մասին ֆիլմի ռեժիսորն ամերիկացի Ջո Բերլինգերն է:
Asbarez-ը հիշեցնում է, որ ավելի վաղ Հայոց ցեղասպանության մասին ֆիլմը լավագույնն էր ճանաչվել Լոս Անջելեսի 2016թ. կինոմրցանակաբաշխության փաստավավերագրական ֆիլմերի անվանակարգում:
Ֆիլմը, որի պրոդյուսերական կազմում ընդգրկված են Բերլինգերը, Էրիկ Էսրայիլյանը և Չիփ Ռոզենբլումը, պատկերում է Թուրքիայի կառավարության կողմից մեկ դար շարունակվող ժխտողականության արշավները:
Ֆիլմում նկարահանվել են Ատոմ Էգոյանը, Քրիստիան Բեյլը, Մայք Մեդավոյը, Էրիկ Պողոսյանը, Սերժ Թանկյանը, Անժելա Սառաֆյանը, Շորե Աղդաշլուն և ՀՀ-ում ԱՄՆ նախկին դեսպան Ջոն Էվանսը:

Հանճարեղ նկարիչ, ռուսական մոդեռնի նախահայր Միխայիլ Վրուբելի` գողացված «Դևն ու հրեշտակը Թամարի հոգու հետ» գլուխգործոցը Հայաստանում է, շուտով հատուկ ցուցադրությամբ այն կներկայացվի արվեստասերներին: 1995 թ. Ռուսական արվեստի թանգարանի պրոֆեսոր Ա. Աբրահամյանի հավաքածուից գողացվել էր նկարչի այս ստեղծագործությունը: 22 տարի միջազգային հետախուզման մեջ գտնվող նկարը հայտնաբերվեց 2017 թվականի մարտին: Այն բավական անմխիթար վիճակում էր, մասնատված էր բազմաթիվ կտորների, կորցրել էր գույնը: Անհրաժեշտություն կար ոչ միայն հավաքել նկարի մասերը, այլև վերականգնել դրա ամբողջականությունը: Ահա այս բավական բարդ և պատասխանատու աշխատանքը ստանձնեց Մոսկվայի Տրետյակովյան պատկերասրահը:
2017 թ. նոյեմբերի 15-ին Մոսկվայում, Ռուսաստանում Հայաստանի օրերի շրջանակում, Տրետյակովյան պատկերասրահի Վրուբելյան դահլիճում ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը գեղանկարն արդեն վերականգնված վիճակում հանձնեց ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանին:
Ստեղծագործությունը Հայաստան բերվելուց հետո վերադարձվել է հասցեատիրոջը` Ռուսական արվեստի թանգարանին:
Արդյունքում սպասվում է «Գողացված «Վրուբելի» վերադարձը» խորագրով միջոցառումների շարք:

Հայաստանցի ընթերցասերների համար տարին ուրախալի կլինի. այս տարի նրանց դատին կհանձնվեն Էրիխ Մարիա Ռեմարկի «Արևմտյան ռազմաճակատում անփոփոխ է», Անտուան դը Սենտ- Էքզյուպերիի «Ռազմական օդաչուն», Ջոն Գրինի «Անվերջ կրիաներ» և մի շարք այլ գրքեր:
Մարտի 10-ին Էրիխ Մարիա Ռեմարկի «Հաղթական կամար» գրքի շնորհանդեսին «Արմենպրես»-ի թղթակցի հետ զրույցում «Էդիթ Պրինտ» հրատարակչության հիմնադիր-տնօրեն Մկրտիչ Կարապետյանն ասաց, որ իրենք ձգտում են բնագրից թարգմանել և ընթերցասեր հանրությանը տրամադրել այն գրքերը, որոնք միշտ կհետաքրքրեն մարդկանց:
Անդրադառնալով Էրիխ Մարիա Ռեմարկին` նա շեշտեց, որ նրա գրքերը միշտ սիրված են եղել, իսկ «Հաղթական կամար»-ի նախկին թարգմանություններում բացթողումներ և թերություններ կան: Իրենք այն ամբողջությամբ և նոր շնչով են մատուցել:
Գերմանացի գրող, 20-րդ դարի ամենահանրահայտ և ընթերցվող հեղինակներից Էրիխ Մարիա Ռեմարկի «Հաղթական կամարը» Երկրորդ համաշխարհային պատերազմի ժամանակաշրջանի դասական գործերից է: Այն առաջին անգամ տպագրվել է Ամերիկայի Միացյալ Նահանգներում 1945 թվականին։ «Հաղթական կամարը» բնագրից թարգմանությամբ և նոր մոտեցմամբ ներկայացվեց ընթերցողներին:
Ջութակը, որը պատկանում էր ժամանակակից տեսական ֆիզիկայի հիմնադիրներից մեկին՝ Ալբերտ Էյնշտեյնին (1879-1955 թթ.), ուրբաթ օրը Bonhams-ի Նյու Յորքի աճուրդում աճուրդում վաճառքի կհանվի: Այս մասին հայտնում է ՏԱՍՍգործակալությունը՝ վկայակոչելով Daily Express-ին, որի տվյալներով՝ նախնական լոտը գնահատվում է 100-150 հազար դոլար:
Ֆիզիկոսը սկսել է ջութակ նվագել 6 տարեկան հասակում: Սակայն միայն 13 տարեկանում, երբ Էյնշտեյնն իր համար բացահայտել է Մոցարտի ջութակի սոնատները, երաժշտությունը դարձել է նրա կյանքի մի մասը:
Նրա երկրորդ կնոջ՝ Էլզայի վկայությամբ, երաժշտությունն օգնում էր նրան, երբ նա խորհում էր իր տեսությունների մասին: Նշվում է նաև, որ Էյնշտեյնը հազվադեպ էր ճանապարհորդում առանց ջութակի:

Մարտի 4-ին Լոս Անջելեսում կայացել է «Օսկար-2018» կինոմրցանակաբաշխությունը, որն այս տարի դիտել է 26.5 մլն մարդ:
Ինչպես նշում է deadline.com-ը, վերջին 10 տարվա ընթացքում սա մրցանակաբաշխության դիտելիության ամենացածր մակարդակն է եղել:
Այս ցուցանիշը 20%-ով ցածր է 2017թ. «Օսկար»-ը դիտած հեռուստադիտողների թվից: Հայտնի է, որ նախորդ տարի մրցանակաբաշխությունը դիտել էր 33 մլն մարդ:
Նշվում է, որ մրցանակաբաշխության հեռուստալսարանը տարեցտարի նվազում է այն պարզ պատճառով, որ Կինեմատոգրաֆիական արվեստների ու գիտությունների ակադեմիան սկսել է ավելի հաճախ պարգևատրել ոչ այդքան շահութաբեր ֆիլմերը:
Հիշեցնենք, որ տարվա ֆիլմ է ճանաչվել մեքսիկացի ռեժիսոր Գիլյերմո դել Տորոյի «Ջրի ձևը» ֆիլմը: