Գեղարվեստական հաղորդում (107)
Ողջույն ձեզ թանկագին բարեկամներ: Ինչպես միշտ մեր հաղորդման ընթացքում կանդրադառնանք մի շարք գեղարվեստական լուրերի: Իսկ եթերում մեզ կընկերակցի մեր թղթակիցը:
Մարտի 10-ին՝ 51 տարեկան հասակում կյանքին հրաժեշտ տվեց Իրանի ժամանակակից կինոյի թերևս միակ ակտիվ դերասան Լևոն Խանգալդյանը, ով իրանական շրջանակներում ճանաչված էր Լևոն Հաֆթվան անունով: Նախահեղափոխական շրջանում իրանական կինոարվեստում հանդես են եկել ու երբեմն աստղի վերածվելով փայլել են բազմաթիվ հայ դերասաններ, որոնցից ամենահայտնին Արման Հովսեփյանն էր: Այդ ներկայությունն առավել սահմանափակ ծավալներով շարունակվեց նաև հեղափոխությունից հետո հանձնինս Աննիկ Շեֆրազյանի, Լորիկ Մինասյանի, Սուրեն Մնացականյանի ու մի քանի ուրիշներ: Սակայն Լևոնը վերջին տարիներին իր ֆիզիկական յուրահատկությունների պատճառով հնարավորություն ստացավ ստանձնել տարբեր դերեր՝ արժանանալով ոչ միայն հանդիսատեսի, այլև կինոքննադատների գովեստին: «Արմենպրես» լրատվական գործակալությունն օրեր առաջ մի հոդվածով անդրադարձավ Լևոն Հաֆթվանին, որը ներկայացնում ենք ձեր ուշադրության, հարգելով վաղամեռիկ դերասանի հիշատակը:
Հայրենի հողն այն կենսատու «պարարտանյութն» է, որը սնում է յուրաքանչյուր մարդու, առավել եւս արվեստագետի: Ինչպես արմատախիլ եղած ծառը չի կարող ապրել եւ պտուղ տալ, այնպես էլ՝ ազգային արմատներից կտրված մարդը չի կարող հոգեւոր արժեքներ ստեղծել: Չնայած դրան լինում են դեպքեր, երբ մայր հողից կտրված լինելով, մարդը, արվեստագետը շարունակում է ապրել եւ ստեղծագործել ամուր կառչած արդեն իր հոգեւոր արմատներին: Այդպիսին էր արվեստագետ Լեւոն Հաֆթվանը, ում հետ «Արմենպրես»-ի թղթակիցն առիթ էր ունեցել զրուցելու նրա ստեղծագործական ուղու մասին, խորհելու ազգային եւ համամարդկային արժեքների շուրջ։
Առաջին անգամ Լեւոն Հաֆթվանը հայրենիք եկավ 1991 թվականին՝ մասնակցելու սփյուռքահայերի թատերական փառատոնին: Սակայն Հայաստանի հանդիսատեսը իրանահայ դերասանին ճանաչեց «Ոսկե ծիրան» երեւանյան 10-րդ միջազգային կինոփառատոնի շրջանակներում ցուցադրված իրանցի ռեժիսոր Մաջիդ Բարզեգարի «Փարվիզ» ֆիլմով, որտեղ Լեւոնը կերտել է գլխավոր հերոսի կերպարը: Ֆիլմն արժանացել էր «Արծաթե ծիրան» պատվավոր մրցանակին:
Հաֆթվանը պատմում էր, որ մինչ այդ կինոյի հետ սերտ կապեր չի ունեցել, միայն էպիզոդիկ դերեր է խաղացել ընկերների համար: 2012-ի սկզբներին, երբ թատերական փառատոնի շրջանակներում գտնվել է Թեհրանում, միանգամից երկու առաջարկություն է ստացել կինոյում որպես գլխավոր դերասան հանդես գալու համար: Առաջինը՝ երիտասարդ կինոռեժիսոր Մոհամադ Շիրվանիի Fat Shaker (Ճարպազատողը) ֆիլմն էր: Այն ցուցադրվել է մի շարք կինոփառատոններում, իսկ Ռոտերդամի կինոփառատոնում շահել է առաջին մրցանակը: Հաջորդը՝ Մաջիդ Բարզեգարի «Փարվիզ» ֆիլմն էր, որի նկարահանումները չնայած սկսվել էին առաջինից ավելի ուշ՝ մայիսին, սակայն ֆիլմն ավելի շուտ նկարահանվեց եւ արդեն նույն տարվա սեպտեմբերին ներկայացվեց Իսպանիայի Սան Սեբաստիանի ՄԿՓ-ում՝ շահելով ժյուրիի հատուկ մրցանակը:
Այն հարցին, թե ինչը ստիպեց դերասանին մուտք գործել կինոյի աշխարհ, ով ավելի քան երեք տասնամյակ աշխատում է թատրոնում, Հաֆթվանը նշել էր, որ ֆիլմերում նկարահանվելու հարցում որոշիչ է եղել, թե ում հետ է աշխատելու: «Թե թատրոնում, թե կինոյում ինձ համար գլխավորը ռեժիսորն է: Միայն դրանից հետո եմ կարեւորում սցենարը եւ դերը: Այդ իսկ պատճառով առաջին հերթին հանդիպել եւ զրուցել եմ այդ ֆիլմերի ռեժիսորների հետ, ովքեր գրավել են ինձ որպես մարդ եւ արվեստագետ: Առանձնակի նշանակություն չունի նաեւ գլխավոր, թե երկրորդական դեր է ինձ բաժին ընկել: Եթե ֆիլմը հաջողվում է, ապա երկրորդական դերն էլ է երեւում, իսկ եթե չի հաջողվում, ապա դա պարտություն է ստեղծագործական ամբողջ խմբի համար»,- անկեղծանում էր նա: Ի դեպ, Հաֆթվանը 12 տարեկանից աշխատել է սիրողական թատերական միության թատերախմբում, իսկ դպրոցն ավարտելուց հետո ստացել է մասնագիտական կրթություն:
Լեւոն Խանգալդյան Հաֆթվանը ծնվել եւ մեծացել է Թեհրանում: Ավարտելով Թեհրանի համալսարանի թատերական ֆակուլտետը՝ մագիստրատուրան շարունակել է Մոսկվայի Թատերական արվեստի ռուսական համալսարանում: Մի քանի տարի Եվրոպայում գտնվելուց հետո բնակություն է հաստատել Կանադայի Տորոնտո քաղաքում:
Տարբեր երկրներում ապրելը եւ տարբեր մշակույթներին հաղորդակից լինելը բնականաբար իր հետքն է թողել Հաֆթվանի՝ որպես մարդ եւ արվեստագետ ձեւավորվելու հարցում: Նման կենսափորձն ընդլայնել է նրա հոգեւոր տարածքը, բայց միեւնույն ժամանակ ազգային ինքնության հարցում էլ ավելի է ամրապնդել է հայ լինելու զգացողությունը: «Ծնողներս հայերեն են խոսել, մանկուց մայրենին է ինձ ուղեկցել, հայերեն եմ խոսել, գրել եւ մտածել: Երեսուն տարի առաջ այլ կերպ էի զգում ազգությունս, քան ներկայում: Հիմա ավելի լավ եմ հասկանում, թե ինչ է ինձ համար հայ լինելը: Խորհրդային Միության փլուզումից հետո հայ լինելը նոր իմաստ պետք է ստանա: Ես վերջնական պատասխան չունեմ, թե որն է հայ լինելու չափանիշը, բայց ճիշտ չէ ասել, թե հայերեն խոսելով է որոշվում ազգային պատկանելությունը, կամ էլ ազգանվան «յան» վերջավորությունն է հիմք հանդիսանում: Կարեւորը հայի ոգի ունենալն է»,- ասում էր դերասանը:
Լեւոն Հաֆթվանը ցավով նշում էր, որ ականատես է եղել, թե ինչպես շատ հայեր մեկնելով այլ երկրներ, այդ թվում նաեւ ուսման նպատակով, փորձում են «մոռանալ» եւ հրաժարվել իրենց ազգային ինքնությունից: Նրանք հայերի հետ չեն աշխատում, չեն շփվում, նոր ինքնություն են փնտրում, ինչը դերասանը մեծ սխալ էր համարում, քանի որ «առանց արմատների, առանց քեզ սնուցող ակունքի հնարավոր չէ ապագա ունենալ»: «19 տարի Իրանում չեմ ապրել: Այդ ընթացքում սովորել եմ, աշխատել, հաջողություններ եւ ձեռքբերումներ եմ ունեցել, բայց ինքս ինձ վերագտել եմ միայն այն ժամանակ, երբ վերադարձել եմ ծննդավայրս, արմատներիս»,- անկեղծանում էր Լեւոն Խանգալդյան-Հաֆթվանը:
Սրանից շուրջ մեկ ամիս առաջ մեջ շուքով նշվեց հայ ժամանակակից աշխարհահռչակ կինոռեժիսոր Արտավազդ Փելեշյանի ծննդյան 80-ամյակը:
Արտավազդ Փելեշյանն ասել է, որ կցանկանար ապրել Հայաստանում, սակայն իրեն խանգարում են հաշվապահները, գրել է «Սպուտնիկ Արմենիան»:
Բոլոր արվեստներից առաջ ծնվել է կինոն, մի հարցազրույցի ժամանակ ասել է հայտնի ռեժիսոր և սցենարիստ Արտավազդ Փելեշյանը։
Նրա խոսքով` քարանձավների վրա մարդիկ երբ նկարներ են արել, դա կինո է եղել, միայն տեխնիկապես է կինոն ծնվել 20-րդ դարում:
«Բոլոր ժամանակային և տարածական արվեստներն առանձին հիանալի բաներ են, բայց ո՞րն է տարբերությունը: Ժամանակային արվեստների օրենքն այն է, որ դրանք դետալ առ դետալ են առաջ շարժվում, իսկ ամբողջությունը տեսնում ենք վերջում: Տարածականի պարագայում հակառակն է: Այդ երկու տեսակի արվեստները երկու բջիջ ունեն՝ ժամանակ և տարածություն: Իսկ կինոն բաղկացած է երեք բջջից՝ ժամանակ, շարժում, տարածություն: Սա է կինոյի զենքը, սա բնության զենքն է: Կերպարվեստը երկու բջիջ ունի՝ ժամանակ և տարածություն, բայց շարժում չկա, այն ենթադրվում է: Երաժշտության մեջ էլ պատկերը չկա, էլի ենթադրվում է»,- արվեստների մասին իր տեսակետը հայտնեց Փելեշյանը:
Հարցին, թե որտեղ կցանկանար բնակվել, ռեժիսորը պատասխանեց. «Ես ի՞նչ իմանամ, երևի Հայաստանում, քո երկիրն է»։ Նա մանրամասնեց, որ հաճախ է ցանկացել գալ ու մնալ Հայաստանում, բայց կինոստուդիաների հաշվապահներն այնպես են արել, որ ինքը գնա։
«Գիտե՞ք՝ մի անգամ ստուդիայի հաշվապահն ինչ էր ասել՝ «ո՞ւմ են պետք այս ռեժիսորները»: Այսինքն` ստուդիայում է աշխատում, բայց համարում է, որ ռեժիսորը պետք չէ: Նրանք իրենց չիմանալն օրենքի տեղ են անցկացնում։ Պատճառը միշտ հաշվապահներն են եղել՝ հիմա էլ են նրանք»,- նշեց ռեժիսորը:
Ռեժիսոր և սցենարիստ, դերասան, ՀԽՍՀ արվեստի վաստակավոր գործիչ, ՌԴ արվեստի վաստակավոր գործիչ Արտավազդ (Արթուր) Փելեշյանը ծնվել է 1938 թ.-ի փետրվարի 22-ին Գյումրիում։ Մինչև 1963 թվականը Փելեշյանն ապրել է Վանաձորում։ 1963-1967 թթ.-ին սովորել է ՎԳԻԿ-ի ռեժիսորական ֆակուլտետում (Լեոնիդ Կրիստիի արվեստանոց)։ Ուսանողական տարիներին նրա նկարահանած ֆիլմերը բազմաթիվ մրցանակներ են ստացել։
Փելեշյանի ամենահայտնի ֆիլմը «Տարվա եղանակներն» է։ Փելեշյանի «Դիստանցիոն մոնտաժը» մոնտաժի զարգացման պատմության մեջ նոր քայլ էր։ Իր ֆիլմերում նա վերացրել է խաղարկայինի և վավերագրականի միջև սահմանը։ 1969 թ.-ին Փելեշյանը նկարահանել է «Մենք» ֆիլմը, որը ստացել է Օբերհաուզենի միջազգային կինոփառատոնի պատվավոր դիպլոմ։ Կինոռեժիսոր Սերգեյ Փարաջանովը Փելեշյանին անվանել է «բացառիկ կինոհանճար»։

2018-ին լրանում է հայկական անիմացիայի 80-ամյակը։ 1938 թվականին խորհրդային մուլտիպլիկացիոն կինոյի հիմնադիրներից մեկը՝ ռեժիսոր Լև Ատամանովը, Հովհաննես Թումանյանի «Շունն ու կատուն» ստեղծագործության հիման վրա «Երևան» կինոստուդիայում նկարեց համանուն 10-րոպեանոց մուլտֆիլմը, որով սկիզբ դրեց հայկական անիմացիայի պատմությանը։
Այս կարևոր առիթը նշանավորելու, իսկ հետագայում հայկական անիմացիան ներկայացնելու, տարածելու և զարգացնելու նպատակով ստեղծվել է Հայկական անիմացիայի 80-ամյակի խորհուրդ: Խորհրդի կազմում ընդգրկվել են հետևյալ անիմատորները, անիմացիոն նկարիչներն ու ռեժիսորները՝ Անդրանիկ Թորոսյան, Արթուր Ղուկասյան, Գայանե Մարտիրոսյան, Դավիթ Սահակյանց, Նաիրա Մուրադյան,Եվգենիա Պոդպոմոգովա, Միրտադ Գազազյան, Վահե Սարգսյան, Վրեժ Քասունի:
Խորհուրդն առաջին հերթին կզբաղվի 2018-ին հայկական անիմացիայի 80-ամյա հոբելյանը տոնելու և լավագույն հայկական անիմացիոն ֆիլմերը ներկայացնելու միջոցառումների նախաձեռնությամբ։ Միջոցառումների ծրագիրն ու մանրամասն տեղեկությունները կհրապարակվեն առաջիկայում, հայտնում է «ՌեԱնիմանիա» Երևանի Միջազգային անիմացիոն կինոյի և պատկերապատման արվեստի փառատոնի մամուլի ծառայությունը:
Առաջիկայում խորհրդի կազմում կընդգրկվեն նաև ներկայացուցիչներ ՀՀ մշակույթի նախարարությունից և Երևանի քաղաքապետարանից՝ աջակցելու և օժանդակելու խորհրդի աշխատանքներին։

Հայ մեծանուն պատմիչ Մովսես Խորենացու մասին հոդված է հրապարակել Ancient.eu առցանց հանրագիտարանը։
Հոդվածի հեղինակ Մարկ Քարթրայթը նշում է, որ V դարի պատմիչ Մովսես Խորենացուն «պատմահայր» են անվանում «Հայոց պատմություն» մեծածավալ աշխատության համար։
Հոդվածում հեղինակը պատմում է նրա կյանքի մասին և գրում, որ Խորենացու ուսուցիչը հայոց գրերի ստեղծող Մեսրոպ Մաշտոցն է եղել։
«Հայ պատմաբանն ասում է, որ իրեն սովորելու նպատակով ուղարկել են Եդեսիա, Ալեքսանդրիա, Կոստանդնուպոլիս և Աթենք», — ընդգծում է Քարթրայթը։
Նրա խոսքով` հայերի պատմությունը, որն առաջին անգամ տպվել է 1695թ-ին, ազդել է ավելի ուշ շրջանի պատմաբանների վրա, իսկ Հայաստանի պատմության բազմակողմանի լուսաբանումը նպաստել է հայերի ազգային ինքնության զգացմունքի զարգացմանը։
«Չնայած նրան, որ Մովսես Խորենացու աշխատությունում որոշ տվյալներ կարող են վիճելի լինել, նրա գիրքը Հայաստանի պատմության անքակտելի մասն է։ Հայ նահապետ Հայկի մասին լեգենդը հիմա էլ են դասավանդում ամբողջ աշխարհի հայկական դպրոցներում։ Անշուշտ, Խորենացու աշխատությունը նախկինի պես շարունակում է կարևոր դեր խաղալ հայերի ազգային ինքնության մեջ նաև XXI դարում», — նշում է հոդվածի հեղինակը։
«Հայոց պատմությունն» ընդգրկում է հայ ժողովրդի ձևավորումից մինչև V դարի պատմությունը և հանդիսանում է հին հայկական առասպելների, հեթանոսական սովորույթների և այլ ժողովուրդների հետ հայերի կապերի մասին նյութերի ամենահարուստ աղբյուրը։ Մովսես Խորենացու մասին ասում են «հայոց պատմահայր» կամ «քերթողահայր»։ Հայերը նրան այդ տիտղոսներն են տվել, քանի որ նա մեզ է հասցրել հայոց ամբողջական պատմությունը՝ հայոց մեծերի ծննդաբանությունից մինչև իր ապրած ժամանակները։