Գեղարվեստական հաղորդում (133)
Ողջույն ձեզ թանկագին բարեկամներ: Ինչպես միշտ մեր հաղորդման ընթացքում կանդրադառնանք մի շարք գեղարվեստական լուրերի: Իսկ եթերում մեզ կընկերակցի մեր թղթակիցը:
Իրանահայ անվանի գրող Վարանդն արժանացել է Մեծի Տանն Կիլիկիո կաթողիկոսության «Գ. Մելիտինեցի» գրական մրցանակին:
«Գ. Մելիտինեցի» 2018 թվականի գրական մրցանակը տրվել է Վարանդին, նրա «Զինադրոշ» դիցերգ-քերթողություն հատորի համար, որը նվիրված է Հայաստանի Հանրապետութեան հիմնադրության 100-ամյակին:
Գիրքը պարունակում է մոտ 60 պոեմա եւ բանաստեղծություններ, ինչպես նաև մեկ արձակ-հուշագրություն, որոնք գրվել են 2008-2018 թթ.՝ տաս տարվա ընթացքում: Հատորը տպագրվել է Մեծի Տանն Կիլիկիո կաթողիկոսության կողմից:
Հատկանշական է այն փաստը, որ Վարանդը երրորդ անգամն է, ինչ արժանանում է արժեքավոր այս մրցանակին, որի դափնեկիրներից են այնպիսի անվանի գրողներ, ինչպիսիք՝ Մուշեղ Իշխանը, Նշան Պեշիկթաշլյանը, Արամ Հայկազը, Բաբգեն Փափազյանը, Հակոբ Պալյանը եւ ուրիշներ:
Նշենք, որ «Գ. Մելիտինեցի» գրական մրցանակը հիմնադրվել է 1968 թվականին: Այն առաջին անգամ տրվել է Մուշեղ Իշխանին՝ «Տառապանք» ժողովածուի առիթով:
Նյու Յորքի «Մետրոպոլիտեն» թանգարանում սեպտեմբերի 22-ին բացվեց «Հայաստան» (Armenia!) ցուցահանդեսը։ Լրագրողների հետ հանդիպմանը մշակույթի նախարար Լիլիթ Մակունցն ասաց, որ ցուցահանդեսը նվիրված է հայ ժողովրդի գեղարվեստկան և մշակութային ձեռքբերումներին համաշխարհային համատեքստում՝ քրիստոնեության ընդունումից՝ 4-րդ դարից մինչև 17-րդ դար։
Նա տեղեկացրեց, որ ցուցահանդեսում ներկայացվելու է 140 նմուշ, որոնց մեծ մասը ներկայացվում է հենց Հայաստանի կողմից. Հայաստանի Պատմության թանգարանից ցուցադրվելու է 34 նմուշ, Էջմիածնի Մայր Աթոռի թանգարաններից 20 նմուշ, Մատենադարանից՝ 28 նմուշ։
Մայր Աթոռի թանգարանների և արխիվների տնօրեն տեր Ասողիկ քահանա Կարապետյանն ասաց, որ «Մետրոպոլիտենը» ամերիկյան մայրցամաքում կարևոր դերակատարում ունեցող թանգարան է, ներկայացված ցուցահանդեսը ոչ միայն մշակութային նշանակության ունի, նաև քաղաքական, հավասարազոր է 2007 թվականին Լուվրում տեղի ունեցած ցուցահանդեսին։
«Հատկանշական է, որ բանակցությունների ժամանակ հենց «Մետրոպոլիտենի» համակարգողներն են ուզել, որ իրենց թանգարանում ներկայանա քրիստոնյա Հայաստանը»,- նշեց Տեր Ասողիկը՝ հավելելով, որ մեծ ակնկալիք ունեն այս ցուցահանդեսից՝ նախ Հայաստանը պատշաճ ներկայացման առումով, նաև զբոսաշրջային։
Մայր Աթոռի թագարանների հավաքածուից ներկայացված ցուցանմուշներից է Աստվածամուխ Սուրբ Գեղարդի կրկնօրինակը և օրիգինալ արծաթյա պահարանը։ Տեր Ասողիկն ասաց, որ «Մետրոպոլիտենի» տնօրինության հատուկ խնդրանքին ընդառաջ է տրամադրվել այդ մասունքը։
Հայաստանի պատմության թանգարանի տնօրեն Գրիգոր Գրիգորյանն ասաց, որ իրենց թանգարանից ներկայացվելու է 34 նմուշ, որոնք քանդակագործության բարձրաժեք նմուշներ են։ Կան եկեղեցական, կրոնական պարագաներ, կիրառական արվեստի նմուշներ։
«Համոզված եմ՝ այդ նմուշների միջոցով յուրաքանչյուր այցելու իր համար մի բացահայտում կանի»,- ասաց Գ. Գրիգորյանը։
Նա տեղեկացրեց, որ ցուցադրության համադրողը բյուզանդագետ դոկոր Հելեն Էվանսն է։ Ցուցադրության ամբողջ ընթացքում կարմիր թելով գնում է Քրիստոնեությունը։
Մատենադարանի տնօրեն Վահան Տեր-Ղևոնդյանն ասաց, որ Մատենադարանը 28 ձեռագրով է մասնակցում ցուցահանդեսին։ Իրենք տրամադրել են հիմնականում ավետարաններ, նաև միջնադարյան մատենագրության կարևոր նմուշներ։ Նա կարևորեց նաև ցուցահանդեսի շրջանակում կատալոգի հրատարակումը, որի տեքստը համաձայնեցված է Հայաստանի հետ։
Գ. Գրիգորյանը հայտնեց, որ ցուցահանդեսի ֆինանսական բոլոր ծախսերը հյուրընկալող կողմն է արել, Հայաստանի բյուջեից ոչ մի կոպեկ չի ծախսվել, ինչպես նաև տեխնիկական ամեն ինչ իր վրա է վերցրել «Մետրոպոլիտեն» թանգարանը, նաև այն բարերաները, ֆոնդերը, որոնք աջակել են, ներդրում են արել ցուցահանդեսի կայացման համար։ Բացի «Մետրոպոլիտենից», գխավոր հովանավորն է նաև ԱՄՆ-ից «Հակոբ Գևորգյան» հիմնադրամը։
«Ես մի հավելում կուզեմ, եթե չասեմ, խիղճս ինձ չի ների։ Կուզեի անպայման նշվեր նաև նախաձեռնությունը ում կողմից է գնացել։ Վիգեն Սարգսյանի, ամբողջ բանակցությունները 4 տարի առաջ նա է արել, կուզեի իր անունն էլ հնչեր»,- ասաց Տեր Ասողիկը։
Ցուցահանդեսի պաշտոնական բացումը լինելու է սեպտեմբերի 24-ին, գործելու է մինչև 2019 թվականի հունվարի 13-ը։
Ֆրանկոֆոնիայի միջոցառումների շրջանակում Մարտիրոս Սարյանի տուն-թանգարանում բացվեց «Սարյանը և Ֆրանսիան» խորագրով ցուցահանդեսը:
Մ. Սարյանի Փարիզում եղած ժամանակաշրջանը (1926 թ. հուլիս – 1928 թ. հունվար) առանցքային, և մինչև օրս ոչ լրիվ բացահայտված, նշանակություն է ունեցել նկարչի ճակատագրում: Նա, ով միշտ նորի որոնողն էր, 1921-1926 թթ. անցել է ստեղծագործական մի շրջան, որը կապված էր հայրենիքի վերածննդի թեմայի հետ, որը, կարծես, Երևանից մեկնելուց առաջ արդեն լրիվ բացահայտվել էր, և նա զգոււմ էր գեղանկարչության իր դիտարկումներում նորի անհրաժեշտությունը: Ապրելով հայրենիքից հեռու՝ նա շարունակում էր գտնվել հարազատ բնության տպավորությունների ներքո:
ՀՀ մշակույթի նախարարության հաղորդմամբ, ցուցահանդեսում առաջին անգամ կցուցադրվի Վարպետի հայտնի «Գազելներ» կտավը` Մոսկվայի պետական Տրետյակովյան պատկերասրահի հավաքածուից, ինչպես նաև «Կովկասյան քաղաքի փողոց. Թիֆլիս» կտավը (1927 թ.)։ Վերջինի ցուցադրումը մեծ իրադարձություն է, քանի որ այն 90 տարի անց առաջին անգամ է ցուցադրվելու Հայաստանում:
Ցուցահանդեսը կգործի մինչև ս. թ. նոյեմբերի 14-ը: Այն ևս մի փորձ է՝ ներառելու Մարտիրոս Սարյանի անունը համաեվրոպական մշակութային համատեքստում:

Երևանի Մարտիրոս Սարյանի անվան պուրակում ՝ Սարյանի արձանի հարևանությամբ, տեղադրվել է դիզայներ-նկարիչների ձևավորած դաշնամուրը, որը միշտ բաց է լինելու հանրության առաջ և տրվելու է հնարավորություն ինչպես նվագելու, այնպես էլ տեսագրությունները բեռնելու սոցիալական ցանցերում՝ օգտագործելով #playwithus, #createwithus հեշթեգերը:
Միջոցառման բացմանը ներկա էին ՀՀ մշակույթի նախարար Լիլիթ Մակունցը և մաեստրո Տիգրան Մանսուրյանը:
Մշակույթի նախարարության հաղորդմամբ, նման դաշնամուրներ կտեղադրվեն նաև քաղաքի տարբեր հատվածներում: Դրանք հագեցած կլինեն հեռախոսները լիցքավորող և Wi-Fi տրամադրող սարքերով:
Նախագիծն իրականացնում է ՀՀ մշակույթի նախարարությունը և «ՓՈՒՇ» նախագիծը:
Հասանելի է դարձել «Սպիտակ» ֆիլմի առաջին թրեյլերը, որի երաժշտությունը գրել է Սերժ Թանկյանը։
Ֆիլմը պատմում է 30 տարի առաջ՝ 1988թ.-ի դեկտեմբերին, Հայաստանում տեղի ունեցած ավերիչ երկրաշարժի մասին։
Ալեքսանդր Քոթի ֆիլմը Հայստանի կինոթատրոնների էկրաններին կլինի սեպտեմբերի 20-ից։ Ռուսաստանում ֆիլմի պրեմիերան նախատեսված է դեկտեմբերին։ Այլ երկրներում պրեմիերաների օրերի մասին կհայտարարվի դրանց հաստատումներից հետո։

Չինաստանի «Գուգուն» պետական թանգարանի (Պեկինի Արգելված քաղաք) և Սիրիայի մշակույթի նախարարության միջև ստորագրվել է պատմական արժեքների պահպանման մասին համաձայնագիր, որի համաձայն Պեկինը Դամասկոսին կօգնի վերականգնել մշակութային ժառանգության օբյեկտները։ ՏԱՍՍ-ի հաղորդմամբ, այս մասին հայտնել է չինական Global Times-ը։
Համաձայնագիրը ստորագրվել է Չինաստանում կայացած ֆորումի ժամանակ, որը նվիրված է եղել համաշխարհային հնագույն քաղաքակրթության ժառանգության օբյեկտների պահպանությանը, մասնակցել է 13 երկիր, այդ թվում՝ Հունաստանը, Եգիպտոսը, Իրաքը, Սիրիան։
Պայմանավորվածության համաձայն, Չինաստանը սիրիական կողմին կտրամադրի նյութեր և տեխնիկա, ինչն անհրաժեշտ է պատերազմի ժամանակ վնասված մշակութային օբյեկտների վերականգնման համար։
Երկու պետությունների մասնագետները մշակութային հուշարձանների վերականգնման համար համատեղ աշխատելու են Հալեպում։

Կուրբե, Մոնե, Կոլվից, Ռոդեն, Դիկս... Բեռլինում առաջին անգամ ցուցադրվելու է Կորնելիուս Գուրլիտտի գաղտնի հավաքածուից հայտնի նկարչների շուրջ 200 գլուխգործոց։
Եվրանյուզը գրում է, որ 2012 թվականին ամբողջ աշխարհով տարածվել էր նորություն այն մասին, որ գերմանական ոստիկանությունը հայտնաբերել է իսկական գանձ՝ գրեթե 1500 կտավ, որոնց մասին երկար տարիներ որևէ բան հայտնի չէր։ Դրանք գտնվել են Հիլդեբրանդ Գուրլիտտի որդուն պատկանող տներում, ով այսպես կոչված «դեգեներատիվ արվեստի» հայտնի կոլեկցիոներ էր։ Միանգամից կասկածներ էին առաջացել, որ նկարները Երկրորդ համաշխարհային պատերազմի տարիներին նացիստները բռնագրավել էին թանգարաններից կամ գողացել հրեա կոլեկցիոներներից։ Որոշ ժամանակ անց այդ կասկածները հաստատվել էին։
«Մենք ձգտում ենք ավելի շատ ուշադրություն դարձնել մարդկանց, ովքեր կորցրել են իրենց արվեստի գործերը պատերազմի ժամանակ։ Դրանք հիմնականում հրեա կոլեկցիոներներն են։ Մենք նաև կենտրոնանում ենք այն գործերի վրա, որոնք կարող են վերադարձվել օրինական ժառանգներին»,- ասել է ցուցահանդեսի համադրողը։
Գերմանիայի կառավարության աջակցությամբ ստեղծված հատուկ հիմնադրամն ու թանգարանները պարզում են, թե որ ստեղծագործություններն են իրականում գողացվել, այնուհետև որոնում են օրինական սեփականատերերին։ Գուրլիտտի հավաքածուից արդեն չորս նկար վերադարձվել է նրանց։
Ցուցադրությունը կշարունակվի մինչև 2019 թվականի հունվարի 7-ը։

Սան-Սեբաստիանում մեկնարկել է 66-րդ միջազգային կինոփառատոնը, որը Իսպանիայի մշակութային ամենամեծ միջոցառումներից մեկն է։ Փառատոնը նաև Եվրոպայում ամենահեղինակավորներից մեկն է համարվում։ Եվրանյուզիհաղորդմամբ, հիմնական մրցույթում 22 ֆիլմ է ընդգրկված։ Լավագույն ֆիլմի համար տրվելու է «Ոսկե խեցին», լավագույն դերասանին, դերասանուհուն, ռեժիսորին տրվելու է «Արծաթե խեցի»։
Փառատոնի տնօրեն Խոսե Լուիս Ռեբորդինոսն ասել է, որ պաշտոնական ծրագիրը տարաբնույթ է և հավասարակշռված։
Փառատոնը բացել է Խուանա Վերայի «Անսպասելի սեր» դրաման։